«Ազգ»-ը մեր տունն էր կամ մեր մեծ ընտանիքը, ջերմ օջախ էրՙ լույս կար ի հակադրություն երեւանյան մութ օրերի, ու մեր լրագրությունն էլ լուսավոր էր, ընթերցողին հույսից չկտրող: Խմբագրության սենյակները ցրտերին ջեռուցվում էինՙ երկրի համատարած սառնամանիքի մեջ, ու մենքՙ լրագրության օրենքներին հավատարիմ, փորձում էինք մեր տաք մատներով գրածը ընթերցողի սիրտ հասցնելՙ էներգիայի պահպանման օրենքը հիշելով, հոգի ջերմացնելով: Առավոտ- կեսօր-երեկոՙ սուրճ ու թեյՙ ինչքան ուզեինք կար, մեր ստացած հոնորարը իրար վրա էր դրվում միշտ, ու կարծեմ հաշվող չկարՙ ով քանի բաժակ խմեց: Միակ պակասությունն այն էր, որ բաժակ չկար: Ավելի ճիշտՙ կար, բայց Ռուզան Խաչատրյանն ու ես, որ սովորաբար առավոտ կանուխ նախ բոլորի համար սուրճ եփելու կամավորությունն էինք ստանձնել, նկատել էինք, որ մեր սիրուն կենցաղի թերեւս կարեւոր պակասը գեղեցիկ, նույնանման ամանեղեն չունենալն է: Գնեցինքՙ թեյի մեծ, սուրճի փոքրՙ կավե կարմիր ջնարակված գավաթներՙ իրենց ափսեներով, եւ երջանիկ էինքՙ դույզն անգամ չկասկածելով, թե նույն տաք հնոցում կարծրացած գավաթներով սուրճ ու թեյ խմելը վտանգավոր է մեր մտավոր, ստեղծագործական ունակությունները նույնացնելու առումով: Նույնը չէր կարող լինել, անգամ մենքՙ «Շավիղի» հնոցում թրծվածներսՙ Աննա Ստեփանյան- Իսրայելյանը, Ռուզան Խաչատրյանը, ես, կարծում եմ, մեր գիծն ու գույնը պահպանեցինք «Ազգ»-ում, թեեւ Համլետ Գասպարյանը մի երկու անգամ նույն բացատրությամբՙ «սա «Ազգ»-ն է, «Պիոներ կանչ»-ը չի» պատճառաբանությամբ է խուզել Ռուզանի եւ իմՙ լուրջ տեքստի նախաբան թրթռուն շարադրանքը:
Մենք այս թերթում այնքան կարեւոր չենք, որքան Հակոբ Ասատրյանը, ասաց Ռուզանը մի առիթով, ու ես նրա հետ այն ժամանակ լիովին համաձայն էի: Մեր խմբագրությունում Ասատրյանի 3 անվանակիցներըՙ Հակոբ Ավետիքյանը, Հակոբ Ծուլիկյանը, Հակոբ Չաքրյանն էլ անշուշտ ավելի կարեւոր էին, քան մենք, սա գիտեինք, բայց Ռուզանին հիմա, հանուն այսօրվա արդարության «հակաճառեմ»ՙ Արզումանյան Կարինեն 25 տարի ի վեր բոլոր-բոլորիցս առավել է: Ու Արմեն Դուլյանի եզրափակիչ նախադասությամբ հարցնեմՙ հո դեմ չե՞ս: Առանց Կարինեի պրոֆեսիոնալ ու մանավանդ անձնվեր ջանքի, «Ազգ»-ը հաստատ չէր տպվի:
«Մեզանից կարեւոր» Հակոբ Ասատրյանը առաջին էջի համար «տանող» նյութ գրելուց բացի օրվա մեջ մի քանի տեղ վազում էր: Դեղին, կարմիր քարտ չեմ հիշում, որ ստացած լինի. գրածը վստահելի էր, գրագետ, առանց վարկաբեկելու համարձակ քննադատում էր: Քաղաքական, սեփական շահը բացակայում էին նրա գրածներում, աշխատակցում էր «Նուվել դ՛Արմենի»-ին,«ԷՅՄ»-ին, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը… ամեն ինչ հասցնում էր, բայց մեծամիտ չէր, եւ ամենակարեւորըՙ ինքնիրեն շատ լուրջ չէր ընդունում, մերՙ երբեմն խիստ դաժան հումորը գնահատում էր, ինքն էլ իր վանաձորյան բաժինն էր ավելացնում մեր ուրախ կյանքին:
Սեփական անձի հանդեպ լուրջ հավակնություններ ունեցող կամՙ հումորից զուրկ աշխատակիցների հետ մեր խմբագրությունը դաժան էր վարվումՙ չէ, «Ազգ»-ը նրանց իր սիրուց չէր զրկում, բայց եթե հումորաթերապիայի կուրսն անցնելուց հետո էլ չէին ուղղվում ու չէին ըմբռնում, որ արեւազուրկ մեր բունկերում ամեն մեկն իր վիտամին Դ հենց ծիծաղով է վերականգնում, թողնում- հեռանում էին: Սեփական անձին գեր կարեւորություն չտալու լավագույն դաստիարակիչ օրինակը մեր գլխավոր խմբագիրն էր: Հակոբ Ավետիքյանի բազում առավելությունների մեջ շատ նկատելի մի տարբերություն կար, որ դրոշմված էր նրա արտաքին ու մանավանդ ներքին գոյության վրա: Խորհրդային շապիկը պատռածՙ մենք դուրս էինք եկել լրագրության բանուկ մայրուղի, ու մեզ նրա ազատ հորիզոններին հառած հայացքն էր թեւութիկունք: Ավելի՛ համարձակ քննադատության մեջ, ասում էր մեր գլխավոր խմբագիրը, բայց անհանդուրժող էր, երբ քննադատություն բառի կեղեւի տակ հայհոյանքի պատվաստ էր գտնում: Իր հայհոյանքը մի անգամ եմ լսել, երբ երկու խիստ ամբարտավան տղամարդիկ իր սենյակում պահանջում էին, որ «ախպար Ավետիքյանը Հայաստանՙ մե՛ր երկիրը թողնի ու հեռանա», որ հենց նա ու իր նմաններն են խանգարում հայրենաշեն իրենց բիզնես ծրագրերին… Իր դռնից երկու դուռ էր մեզՙ լրագրողներիս բաժանում, իսկ միջանցքի վերջում պարոն Սարգսիՙ տնօրենի սենյակում տեղադրված էր մեր ձայնագրիչների մարտկոցները վերալիցքավորող սարքը: Ով ներկա էր, կհաստատիՙ գլխավոր խմբագիրը մեր սենյակից նոր դուրս եկել, միջանցքի ծայրն էր հասել, երբ մեր նրբիրան լրագրողուհիներից մեկը նստած տեղից նրա անունը տվեց: Մեր սենյակի դուռը բաց էր, տեսանքՙ խմբագիրը շրջվեց, քայլերն ուղղեց ձայնի կողմը: «Պարո՛ն Ավետիքյան, էս մարտկոցները չե՞ք դնի լիցքավորման», ասաց անուշիկ ձայնով մեր գործընկերուհին, իսկ խմբագիրը լուռ վերցրեց դրանք ու գնացՙ «հանձնարարությունը» կատարելու:
Ինչ կատարվեց նստածների՞ս հետ. ամոթին խառնված զարմանքն իհարկե միակ դիմակը չէր մեր երեսի վրա, մեր գործընկերուհին հասկացա՞վ, թե՞ ոչ, դժվար հաստատեմ, բայց գլխավոր խմբագիր մեր «վերադասին» նաեւ այդպե՛ս ճանաչեցինք: Ինքնիրեն հաստատած մարդ է, որոշումներ կայացնում է, բայց բռունցքը սեղանին չի խփում, չի գոռում, բարձրաձայն խոսում է հազվադեպ, փորձում է համոզել, որ մեզանից մեկն է, հավասար ենք, գոնեՙ այդ տարածքում:
Նա ազատ երկրից էրՙ մենք ազատագրվող: Սա մեր ամենամեծ տարբերությունն էր:
Միակ մխիթարությունն այն էր, որ 90- ականների սկզբին «Ազգ»-ում արարող լրագրողներս համոզված էինք, թե ազատագրվելն անշուշտ ավելի մեծ բան էՙ շարունակական ընթացք, որ մեր վարգը անկախ սերնդի լրագրությանն է փոխանցելու բոլորովին ուրիշ կամային հատկանիշներ: Առաջին հերթինՙ արժանապատվությունը չկորցնելու, դավանափոխ չլինելու, պատվերը մերժելու, գայթակղություններին դիմանալու հաստատակամությունը: Մի լուսանկար կա, որ փաստում է մերՙ արժեքներին չդավաճանելու, ավելինՙ հաղթանակի բերկրանք- երջանկությունը, երբ 1996- ին տեւական դադարից հետո «Ազգ» օրաթերթը արտոնություն ստացավ տպագրվել «Տիգրան Մեծ» տպարանում, 30 հազար օրինակով: Մինչ այդ 99 օրինակով խմբագրության հնոցից դուրս եկածՙ իսկական «Ազգը» բաժանում էինք առձեռն, առաջին հերթինՙ այն շփոթված ու հավատարիմ ընթերցողին, որ չէր ընկալում, թե կրպակներում տարածվող նույնանունՙ կամ ժամանակի բանահյուսության մեջ պիտակ գտած կեղծ «Ազգը» ընտրությունների քարոզարշավին ինչպե՞ս է փոխել բարձրախոսի իր ձայնը…մեր ձայնը չկար այնտեղ, քաղաքական խռպոտ կոկորդներ տարածք էին զավթել, բերան էին ողողում ու թրջում թերթի էջերում, երբ լրագրողներս մերժեցինք համագործակցել:
Պատմեմ սկզբից: Հայաստանում առաջին անգամ գեղեցկության մրցույթ էր անցկացվում: Օպերայի լեփ- լեցուն դահլիճում տարբեր լրատվամիջոցների մի քանի լրագրողներով մեզ համար նախատեսված նստատեղերը զբաղված տեսնելովՙ խնդրեցինք ազատել: Պարտերը գրաված շքեղ հագուկապով կանանց խմբի հետ լրագրողներիս ցածրաձայն երկխոսությունը երգչախմբային հնչողություն էր ստանում, երբ հայտնվեց կանանց դիրիժորը, ավելի ճիշտՙ առաջնորդը, որի վերբալ մակարդակը չէր հուշում, թե «օրենքից» վեր դասող այդ մարդն այնուամենայնիվ կիրթ խոսք կառուցող ՀՀ առաջին նախագահի նախընտրած պաշտոնյան կարող էր լինել: Ես ներկայացա, ինքըՙ ոչ: Վստահ էրՙ իրեն բոլորն են ճանաչում: Իրավունք ուներ: Գործընկերներս գիտեին, թեւս էին քաշումՙ «գործ չունես, գեներալ Բուդոն է, չե՞ս ճանաչում»: Անունը լսել էի, բայցՙ ինձ ի՞նչ, թե ով է, ես ոստիկան էի փնտրում, կարգադրիչ կամ հսկիչ: «Եթե իմ իրավունքները չեմ կարողանալու պաշտպանել, այլոց ինչպե՞ս եմ պաշտպանելու» միտքը ինձՙ մենակ կանգնածիս ուժ տվեց ու… երկար դիմադրեցի: Մի տեղ ազատեցին: Մրցույթն ավարտվեց, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը համառեց, որ շենքից միասին դուրս գնանք: «Ազգի» հեղինակներից էր, լուրը հասել էր իրեն, թե Բուդոյին համարձակվել եմ հակաճառել, վախենում էր ինձ համար: Իսկ ես երջանիկ էի, որ նրա նման հենարան ու ասպետ կար կողքիս: Խմբագրություն հասա, մրցույթի մասին նյութս համեմեցի Բուդոյի հետ հանդիպման դրվագով ու …ով բախտ, ասում ենՙ թերթը տպարան չի գնալու: Վրեժ Մարկոսյանը հրաժարվում է տպագրել: «Չեմ սիրում իրենՙ Ձեր գոված Մարկոսյանին, ընդվզեցի եսՙ մեր տնօրեն պարոն Սարգսի հետ զրույցում, երբ վերջինս փորձում էր համոզել, որ Տիգրան Մեծ տպարանի տնօրենը փայլուն մարդ է, նրան այդպես հրահանգել են վերեւից: Ես իմ նյութի ճակատագրի մասին էի մտածումՙ առանց դույզն-ինչ կռահելու, թե դեռ ինչ կծու- թթու համեմունքներ են հասնելու խմբագրություն դրսիցՙ ներսիՙ աղից զրկված ժամանակներում: Անալին այն բառը չէ, քանզի հայոց բառուբանում դրա համար դիպուկՙ անաղուհաց բառաբարդումը կա, որ տիպական էր սփյուռքահայ այն ուսանողներին, որ տարիներ շարունակ, Ավետիքյանի թողտվությամբ, իրեն աշակերտած լինելու արտոնյալությունը վայելելով, գիշերը ներքնակ էին փռում «Ազգ»-ում, հենց լրագրողներիս սրահում, իսկ առավոտյան երեւի համոզված պատմում, թե իրենք են «Ազգին» շնչառություն տվողը, եւ հետեւաբարՙ շունչ առնողն էլ իրենք են լինելու: Երբ օրերս «Շանթ»-ի եթերից լսեցի սփյուռքահայ մի ռամկավարի հայտարարությունը, հիշեցի «Արար» թերթում 90-ականներին ականջով լսածսՙ «Ազգ»-ը Ավետիքյանը չի ստեղծել, այլՙ սփյուռքահայ ուսանողների մի խումբ:
Նրանցից մեկին տեւական ժամանակ չէի բարեւում: Պատճա՞ռը: Համալսարանական տարիներից էի ծանոթ, Հակոբ Ասատրյանին ինքն էր «Ազգի» տեղը հուշել, մենք այնտեղ էինք, բայց ինքը ստեղծագործական մեր խմբում, շատերի նման չկար, շենքում լինում էր իհարկե, ի՞նչ էր անում, չգիտեմ: Գիտեի, որ Ավետիքյանի շնորհիվ է հայոց լեզվին այդքան լավ տիրապետել սովորելՙ «Զարթօնք» թերթում նրան ուսուցիչ ունենալով: Առաջինը նրանից լսեցիՙ եթե համաձայնեմ «Ազգ» անունով թերթում ուրիշ խմբագրի, ուրիշ տերերի համար աշխատել, մի քանի զրոյով աշխատավարձ- հոնորարս կբարձրանա: Վիրավորվել էի, նշանակում է իմ լրագրությամբ չեմ համոզել, որ կաշառելն ու կաշառվելն ինձանից հեռու են: Հետո, երբ «Ազգի» մյուս գործընկերներիցս լսեցի, թե նույն առաջարկն իրենց էլ է արվել, հասկացա, որ սա իմ լրագրության խոտանի հետեւանք չէր: Թերթին մոտ կանգնած շրջանակներ, իշխանական ճամբարի մի թեւի դրդմամբ մի քանի զրոներով որոգայթ էին լարել, որի մեջ ի պատիվ «Ազգի» աշխատակիցների որեւէ մեկը չէր գայթել: Նոր տերերի մենք չենք ծառայում, ասել էինք թեպետ, բայց մի օր էլ լրագրողներիս սենյակի դուռը ճռռոցով երգեց, այնպես, ինչպես լինում էր երկյուղով բացելու ժամանակ, ու շեմքին կանգնած անծանոթը հայտարարեցՙ «Բարեւ ձեզի, ահավասիկ ձեր նորանշանակ գլխավոր խմբագիր Մայք Խարապյանս»:
Պատմել եմ արդենՙ արտոնված նվազագույնՙ 99 օրինակով օրաթերթ էինք ստեղծում, ու այդ պահին գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ մեր սենյակում թռուցքաժողով էր անցկացնում: Դռանը մեջքով նստած Ավետիքյանը, առանց աթոռից կտրվելու, դանդաղ կիսաշրջվեց ու ներս հրավիրեց անկոչ հյուրին: Խարապյանն իհարկե դժվար վիճակի մեջ էր, որտեղի՞ց իմանարՙ Ավետիքյանը ներսում է, իսկ որ ավելի կարեւոր էՙ ինքն այդ սրահում հենարան չունի: «Ո՞վ եք», հարցրեց Ավետիքյանը Խարապյանին: Եթե ես չեմ հիշում, դժվար որեւէ մեկը հիշի, թե ինչ կարեւոր միտք արտահայտեց «Ազգի» ինքնանշանակ կուսակցական պաշտոնյան, բայց համոզվեցինք, որ Ավետիքյանը նույնՙ ՌԱԿ կուսակցության հավատավոր անդամ լինելով, շատ հեռու էր այդ օրերին մեր խմբագրությունը պաշարած այլ գործիչներից: Նա անկախ Հայաստանի կենսագրություն-վավերագրությունը սղագրողներիս խմբագիրն էր ու խորհրդատուն, մեր ավագ ընկերը, որ իր թիմակիցների հետ դասական թերթ էր ստեղծում: Մենք Ռամկավար Ազատական կուսակցության անդամ չէինք, ստեղծագործական կազմում մի քանիսն անդամակցում էին, գիտեմ, եւ համոզված պնդում եմ, թե այլ կուսակցությունների համակիրներ էլ խաղաղ փոխանցում էին իրենց տեսակետը «Ազգի» տարածքում: Թերթը կուսակցական օրգան դարձնելու հույս փայփայում էին ոմանք, բայց այն բարեբախտաբար իրականություն չէր դառնում: Ավետիքյանի պրոֆեսիոնալիզմը չէր խանգարում նրա կուսակցական պատկանելիությանը, ոչ էլ երկրորդն էր կրունկի տակ պահում հացն այդ հանապազօրյա: Իսկ նոր տերերի աքիլեսյան գարշապարը փնտրելու առիթ չեղավՙ գլխավոր խմբագիր նշանակված Մայք Խարապյանի կերպարանքից, ներող եղեք, միայն կուսակցական կրծքանշանն է տպավորվել:
(շարունակելի)
Նկար 1. 1996թ.: «Ազգ»-ը փակելու ՀՀ արդարադատության նախարարության որոշման դեմ դատարանի վճռից հետո աշխատակիցները տոնում են իրենց հաղթանակը: