Հայաստանի գրողների միությունը կոչով դիմել է աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին՝ ներկայացնելով ադրբեջանցիների գործողությունների հետևանքով Արցախում առաջացած իրավիճակը.
«Արդեն չորրորդ օրն է, ինչ ադրբեջանցի չակերտավոր բնապահպանները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բնապահպանական հորինովի խնդիրներով, որոնք հետո վերաճեցին քաղաքական պահանջների։ Զարմանալի է, ո՞ւր էին այդ բնապահպանները, երբ Ադրբեջանը ֆոսֆորի ռումբեր էր նետում Լեռնային Ղարաբաղի անտառների, բեկորային ռումբեր էին նետում քաղաքացիական շենքերի, մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների վրա։ Երևի այդ ժամանակ սելֆի էին անում Ռամիլ Սաֆարովի հետ։
Բարեբախտաբար աշխարհի բարեսիրտ մարդիկ, օրինասեր միջազգային կազմակերպությունները և երկրները իրենց ձայնն են բարձրացնում այս անմարդկային, ցեղասպան, դարերով մշակված գործողությունների դեմ։ Լեռնային Ղարաբաղում գրողների միության անդամները գտնվում են ծանր սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակում։ Նրանցից ոմանք ծեր են, հիվանդ և կարիք ունեն բուժօգնության և աջակցության։
Հայաստանի գրողների միության վարչությունն ու նախագահությունը դիմում են աշխարհի գրական-մշակութային կազմակերպություններին, գործիչներին և ակնկալում նրանց ձայնի ուժգին ալիքը։ Այլապես այսպիսի «բնապահպաններ» մի օր հայտնվելու են իրենց երկրների ճանապարհներին. Աստված հեռու պահի նման «բնապահպաններից»»։