Եթե մեր դիտարկած ժամկետի սկզբումՙ 2006-2007-ին Հայաստանի տնտեսությունը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի շրջանում, որի մասին «տպավորիչ» եւ նմանատիպ այլ բնութագրումներ էին տալիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ հակառակըՙ իրենց սովորության համաձայն, հեգնում էին մարդիկ, որոնք միայն դա կարող են անել, ապա 2008-2009-ից սկսած իրավիճակը փոխվեց: Հայաստանի տնտեսությունը վայրիվերումներ ունեցավՙ մեծապես բացասական ազդեցություններ կրելով համաշխարհային ֆիաննսատնտեսական ճգնաժամից:
Ճգնաժամը հարվածեց տնտեսական աճ ապահովող հիմնական երկու ճյուղերինՙ շինարարությանը եւ հանքարդյունաբերությանը: Արդյունքումՙ 2008-ի վերջերից սկսվեց տնտեսական անկումը, որի հետեւանքով տարեկան կտրվածքով տնտեսական աճի տեմպը նվազեցՙ կազմելով 6,9 տոկոս, իսկ 2009-ին արդեն տնտեսական անկում գրանցվեցՙ 14,1 տոկոս: 90-ականներից հետո, սա մեր տնտեսության համար ամենածանր հարվածն էր: Հետագայում թեեւ տնտեսական աճի տարիներ ունեցանք, բայց աճի տեմպն ավելի ցածր էրՙ 2010-2015 թվականների միջին տարեկան տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոս էր, իսկ անցյալ տարի Հայստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ավելացավ միայն 0,2 տոկոսով:
Այդուհանդերձ, եթե համեմատենք 2016-ի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները 2006-ի հետ, ապա դրամային արտահայտությամբ այն աճել է գրեթե կրկնակի անգամ, իսկ արտարժութային (դոլարային) արտահայտությամբՙ մոտ 60 տոկոսով: Հայաստանի տնտեսության ծավալըՙ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016-ին կազմել է 5 տրլն 67 մլրդ 868 մլն դրամ: 2006-ին այն կազմել է 2 տրլն 656 մլրդ դրամ: Դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով փոխարժեքի տարեկան միջին ցուցանիշը 2016-ին (486 դրամ 1 դոլարի դիմաց) եւ 2006-ին (486 դրամ 1 դոլարի դիմաց), կստացվի, որ 10 տարվա ընթացքում մեր տնտեսության ծավալը ավելացել է մոտ 60 տոկոսով :
Համապատասխանաբար փոխվել է նաեւ կենսամակարդակի հիմնական ցուցանիշըՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-նՙ ավելանալով մոտ 60 տոկոսով: Հաշվի առնելով այս տարվա հունվարի 1-ին ազգային վիճակագրական ծառայության կողմից նշված Հայաստանի բնակչության 2 մլն 986 հազար մշտական բնակչության թիվը, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն անցյալ տարի մեր երկրում կազմել է 3 հազար 491 դոլար : 2006-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, հաշվի առնելով այդ տարվա ազգային վիճակագրական ծառայության կողմից նշված 3 մլն 116 հազար մշտական բնակչության թիվը, կազմում էր 2 հազար 48 դոլար :
Արդյունաբերության ծավալներն ավելի քան կրկնակի աճել են
Ըստ տնտեսության ճյուղերի ինչ է տեղի ունեցել անցած 10 տարում: Ներկայացնենք ցուցանիշները: Արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը այդ ժամանակահատվածում ավելի քան կրկնակի է եղելՙ 2006-ի 644 մլրդ դրամի դիմաց 2016-ինՙ 1 տրլն 429 մլրդ դրամ, գյուղատնտեսության արտադրանքինը ավելի քիչ աճ է ունեցելՙ 2006-ի 555 մլրդ դրամի փոխարեն 2016-ինՙ 907 մլրդ դրամ, շինարարության ծավալը նվազել էՙ 2006-ին 643 մլրդ դրամ 2016-ինՙ 397 մլրդ դրամ, ծառայությունների ծավալի աճը գրեթե եռակի է եղելՙ 2006-ին 475 մլրդ դրամի դիմաց 2016-ին 1 տրլն 265 մլրդ դրամ, առեւտրի շրջանառությունն էլ աճել է ավելի քան կրկնակիՙ 2006-ին 1 տրլն 85 մլրդ դրամի փոխարենՙ 2016-ինՙ 2 տրլն 233 մլրդ դրամ:
Այսինքն, այս տարիներին ամենամեծ աճ արձանագրվել է ծառայությունների ոլորտում, ապաՙ առեւտրի շրջանառությունում, հետոՙ արդյունաբերությունում եւ ամենաքիչըՙ գյուղատնտեսությունում, իսկ ահա շինարարությունում շարունակվում է 2008-ի վերջերից սկսված ծավալներին անկումը :
Միջին աշխատավարձն ու կենսաթոշակները ավելացել են անգամներով, բայց…
Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այն անցած 10 տարվա ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ: 2016-ին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 62 հազար դրամ, 2016-ինՙ 188 հազար դրամ: Միաժամանակ, նշենք, որ վերջին ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը բացառելու դեպքում, այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ 25 տոկոսով ավելի ցածր է լինում: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ պետական համակարգի աշխատողների համար աշխատավարձի նշանակալի բարձրացում եղավ 2014-ի հուլիսին: Մինչ այդ, շուրջ 10 տարվա ընթացքում պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը չէին բարձրացել:
Այսպիսով, միջին աշխատավարձն ավելի արագ է աճել, քան տնտեսության ծավալը, բայց ընդհանուր առմամբ, միջին աշխատավարձը Հայաստանում դեռեւս բավարար չէ մարդկանց սոցիալական բազմաթիվ առաջնահերթությունների բավարարման համար:
Միջին կենսաթոշակն անցած 10 տարվա ընթացքում անհամեմատ ավելի կտրուկ բարձրացում է ունեցել: 2006-ին այն բավականին ցածր էրՙ 10 հազար 912 դրամ եւ առաջին կտրուկ բարձրացումը տեղի է ունեցել 2008-ին, երբ միջին կենսաթոշակը դարձել է 21 հազար 370 դրամ: Անցած տարիների ընթացքում միջին կենսաթոշակը պարբերաբար բարձրացվել է եւ 2016-ին հասել 40 հազար 379 դրամիՙ ի դեպ փոքր ինչ ցածր լինելով 2015-ի միջին կենսաթոշակից: Այդուհանդերձ, 10 տարվա ընթացքում միջին կենսաթոշակը բարձրացել է մոտ 4 անգամ:
Միաժամանակ, միջին կենսաթոշակի ներկայիս չափը դեռեւս շարունակում է անբավարար լինել մեր տարեց քաղաքացիներիՙ քիչ թե շատ արժանավայել կեցության ապահովման համար, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման ներկա մակարդակի ուղղակի արտացոլումն է: Այս հանգամանքը նկատի ունենալով, պետք է հասկանալ, որ հատկապես այս օրերին պոպուլիստական խոստումները թոշակները անգամներով բարձրացնելու մասին ոչ այլ ինչ են, քան սովորական խաբեություն : Կենսաթոշակային խնդրի կարգավորման առավել արդյունավետ տարբերակը կուտակային համակարգի ստեղծումն է, որը, սակայն, չի առնչվում ներկայիս եւ մոտ ապագայի կեսնաթոշակառուներին: Վերջիններիս բարձր կենսաթոշակների համար միակ անհրաժեշտ պայմանը երկրի տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպն ու ստվերային տնտեսության ծավալների նվազեցումն էՙ հեծանիվ հայտնագործելու կարիք այստեղ չկա:
Գնաճն անցած 10 տարում
Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման առնչությամբ տեղեկատվության առաջին հակադարձումը լինում էՙ իսկ որքա՞ն են բարձրացել այդ նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գները: Միանշանակ է, որ 2006-ից մինչեւ 2016-ը ապրանքների եւ ծառայությունների գներն աճել են: Դա նաեւ բնական է, քանի որ առանց չափավոր գնաճի տնտեսական զարգացում չի լինի: Անցած 10 տարիների ընթացքում եղել են եւ բարձր գնաճի տարիներՙ 2008-ինՙ 9 տոկոս, 2010-ինՙ 8,2 տոկոս, 2011-ինՙ 7,7 տոկոս, եղել է նաեւ գնանակման տարիՙ 2016-ինՙ 1,4 տոկոսով: Արդյունքում, 10 տարվա ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 49,3 տոկոս: Ինչը նշանակում է, որ այդուհանդերձ, եկամուտների աճն շատ ավելի մեծ է եղել, քան գների աճը: Այլ բան է, թե բարեկեցությամբ ի՞նչ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Վերադառնանք վերեւում նշված 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին:
Հայաստանում մոտ 3500 դոլար կազմող այս ցուցանիշով աշխարհի մոտ 186 երկրների մեջ (Համաշխարհային բանկի 2015-ի տվյալներով) միջինից ցածր տեղ ենք զբաղեցնումՙ 117-րդ տեղը: Հետեւաբար, դեռ զարգանալու եւ բարեկեցություն բարձրացնելու շատ տեղ ունենք: