Քաղաքական ուժերի ներկայացրածից ի՞նչն ընդունեցինք եւ ի՞նչը մերժեցինք
Այս տարվա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններին երեւի թե ավելորդ անգամ կարիք չկա անդրադառնալ, բացառությամբ մեկիՙ այս անգամ հետընտրական ցնցումներ չեղան: Ինչ մնում է ընտրությունների արդյունքներին, ապա այստեղ ուշագրավ եզրակացություններ կարելի է անել:
Առաջին եզրակացությունըՙ ընտրություն կատարելիս ավելի իրատես ենք, քան ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում դատողություններ անելիս: Այսինքն, չենք խաբվում ճոխ եւ անիրական խոստումներին, չփաստարկված քննադատություններին, հայհոյախառն արտահայտություններին:
Միգուցե առարկեն, որ ավելի պրագմատիկ ենք եւ ընտրում ենք 10 հազար դրամ գումարը, քան թե անիրական խոստումները: Անշուշտ, այս գործոնն էլ կա, շատերը նախընտրում են «նաղդ»ՙ 10 հազար դրամ կազմող ընտրակաշառքը, «նիսյա»ՙ 100 հազար դրամ թոշակի կամ 200 հազար դրամ աշխատավարձի խոստում-ընտրակաշառքից: Ընտրում ենք այդպես, որովհետեւ մեր հոգեբանությունն ու մտածելակերպը ասում են, որ «նիսյա»-ն կա՛մ չի դառնում, կա՛մ հազվադեպ է դառնում «նաղդ»:
Այդուհանդերձ, չնայած այն բանին, որ նյութական ռեսուրսները չափազանց կարեւոր նշանակություն ունեն ընտրությունների ժամանակ, զուտ գումարային ընտրակաշառքի նշանակությունը ընտրությունների արդյունքների վրաՙ գերագնահատվում է: Եթե խոսենք հաղթանակած իշխանական կուսակցության մասին, ապա ՀՀԿ-ն ավելի արդյունավետ է աշխատում ընտրողների հետ բոլոր առումներով, քան մնացած բոլոր քաղաքական ուժերը միասին վերցրած: Սա պետք է, որ եզրակացություններ առաջացնի մյուս քաղաքական ուժերի մոտ: Դրանցից հիմնականըՙ քննադատելը բավական չէ, պետք է իրատեսական մոտեցումներ որդեգրել եւ ներկայացնել, զերծ մնալ ամենաընդդիմադիրի կոչման համար պայքարից եւ մրցել ամենաիրագործելի ծրագիր եւ օբյեկտիվ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժի կոչման համար:
Ամենաընդդիմադիրի կոչման համար պայքարը վաղուց վարկաբեկել է իրեն նաեւ այլ պատճառովՙ ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարներում տեղ են զբաղեցրել տարբեր ժամանակներում իշխանության մեջ եղած անձինքՙ երկրի նախագահից եւ վարչապետերից մինչեւ նախարարներ, չխոսելով արդեն այս կամ այն քաղաքական ուժիՙ նախկինում կոալիցիոն կառավարության մաս կազմելու մասին: Այսինքն, երբ մարդը իշխանությունից հետո դառնում է ընդդիմություն եւ սկսում «արդար բաներ խոսալ», կամ ավելի ճիշտՙ ամբոխահաճո հայտարարություններ անել, դա ավելի շատ հարվածում է նրա վարկանիշին, քան թե ավելացնում նրա ժողովրդականությունը: Հետեւաբար, այս ընտրությունները ցույց տվեցին, որ կարճ հիշողության վրա հույս դնելը նույնպես հաղթաթուղթ չէ եւ այս «կուտը» կուլ տվողները շատ չեն:
Վերջին տարիներին Երեւանի փողոցները հաճախ էին դառնում քաոսի գոտիՙ ով երբ ցանկանար փակում էր դրանք, իր «բողոքն» արտահայտելով ինչ որ բանի դեմ, հեռահար նպատակ ունենալով փողոցային պայքարով անցնել իշխանության գլուխ: Ինչը չէր էլ թաքցվումՙ «իշխանափոխության» հայտնի թեզը մշտապես շրջանառության մեջ էր դրված: Փողոցային ցույցերի մասնակից մի քան հարյուր, կամ մի քանի հազար մարդկանց առկայությունը ոմանց մոտ սխալ պատկերացում էր ձեւավորել այն մասին, որ իրենք պատգամավոր կդառնան: Եթե տեսնենք, որ մի քանի տասնյակ կամ հարյուր, այսպես ասած, ակտիվիստներից, որոնք փողոցից խորհրդարան մտնելու հույսեր են փայփայել այս ողջ ընթացքում, ընտրվել են ընդամենը երեքը («Լուսավոր Հայաստանից»ՙ «Ելք» դաշինք), ապա հարկ է փաստել, որ պատգամավոր դառնալու այս ճանապարհը, մեծ հաշվով, հեռանկարային չէ: Սա անցած ընտրությունների առնչությամբ եւս մեկ կարեւոր եզրահանգումն էՙ ասֆալտապատ փողոցների «հերոսներ», քաղաքական պայքարի այլ ճանապարհ ընտրեք , որի մասին, ի դեպ, արդեն նշեցինք վերեւում:
Ընդունված է ասել, որ հաղթողներին չեն դատում: Տվյալ դեպքում ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները այս կամ այն կերպ հաղթող են: Ինչ վերաբերում է պարտվողներին, ապա այստեղ նույնպես հետաքրքրական եզրահանգումներ են առաջ գալիս:
Արթուր Բաղդասարյանը եւ նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որն ամենամոտն էր անցողիկ շեմի հաղաթահարմանը, այնուամենայնիվ, դա չկարողացավ անել: Տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանն անգերազանցելի էր պոպուլիզմով եւ ամբոխահաճո ելույթներով: Այսօր արդեն շատերն են որդեգրել այդ գործելաոճը, իսկ դրան տուրք տվողները, ինչպես արդեն նշեցիենք, այդքան էլ շատ չեն: Մրցակցությունը ժողովրդի ամբոխային տրամադրություններ ունեցվող հատվածի ձայների համար շատ սուր է, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Հայկական վերածնունդը» չհայտնվի խորհրդարանում: Չնայած խորհրդարան չհայտնված եւ քաղաքական դեմագոգիան հիմնական գործելաոճ ընդունած մյուս կուսակցությունների եւ դաշինքների (ՕՐՕ, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական կուսակցություն) համեմատ, նա ամենաշատ ձայները հավաքեց, բայց դա թույլ մխիթարություն է: ՀԱԿ-ի չհայտնվելու պատճառների մասին շատ է խոսվելՙ գլխավոր պատճառը նրա ղեկավարի անփոփոխ ոչ իրատեսական դիրքորոշումն էր արցախյան հարցի վերաբերյալ:
Սպասելի էր, որ այս ընտրությունների հետնապահները կլինեն երկու քաղաքական ուժերՙ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ «Ազատ դեմոկրատները»: Առաջինը վերածնվելու փորձ կատարեց, բայց առանց հաշվի առնելու ժամանակների եւ մտածելակերպի փոփոխությունները, հույսը դնելով խորհրդային կարոտախտի վրա: Սակայն, խորհրդային ժամանակները, իրենց լավ եւ վատ կողմերով, մնացել են անցյալում, իսկ սոցիալիստական տնտեսությունը ցույց է տվել իր ոչ կենսունակ լինելը: Գուցե՞ լավ կլիներ հարուստ կենսափորձ ունեցող այս ավանդական կուսակցության ներկայացուցիչները լինեին խորհրդարանում որպես ընդդիմություն, բայց որպես գաղափարախոսությունՙ կոմունիստական գաղափարախոսությունը, հետեւաբար նաեւՙ կուսակցությունը, այժմ մարգինալ (լուսանցքային) է դարձել: Այսինքն, մարգինալ ուժերը պահանջված չեն, անգամ եթե դրանք ցնցումներ եւ բախումներ չեն հրահրում իրենց վարկանիշը բարձրացնելու համար:
Լուսանցքային մյուս քաղաքական ուժըՙ «Ազատ դեմոկրատները», նույն վիճակում էին հայտվել կոմունիստներին տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունենալու համար: Նրանց հիմնական կարգախոսը կրկնում էր «մեծ կոմբինատորի»ՙ Օստապ Բենդերի հանրահայտ «Արեւմուտքը մեզ կօգնի» արտահայտությունը, որ նա օգտագործում էր խարդախություններ կատարելիս: «Ազատ դեմոկրատների» խարդախությունները ոչնչով պակաս չէին, բավական է հիշել միայն Եվրոմիությունից (ԵՄ) Հայաստանին իբր թե 4 մլրդ եվրոյի աջակցության մասին այդ քաղաքական ուժի «տնտեսագիտական» ներկայացուցչի հայտարարած ապատեղակատվությունը: «Ազատ դեմոկրատների» ագրեսիվ քարոզչությունը հօգուտ արեւմտյանՙ (դեպի ԵՄ) կողմնորոշման, մեր ազգային պետական շահերի վտանգմանՙ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից հրաժարվելու հաշվին, համարժեք կերպով արձագանք ստացավ բնակչության կողմիցՙ ստացված ձայներն անգամ 1 տոկոս չկազմեցին: Այդ արդյունքը փաստում է, որ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը դեմ է արկածախնդրություններին, որոնք կարող են վտանգել մեր պետության եւ բոլորիս անվտանգությունը:
Իհարկե, արեւմտյան կողմնորոշումն ուներ նաեւ խորհրդարան անցած «Ելք» դաշինքը, բայց նախՙ դա նրա հիմնական կարգախոսը չէր, հետեւաբար եւ այդ ուժին ընտրողները ձայն են տվել նրանց որպես հիմնական ընդդիմադիր ուժի կամ, համենայնդեպս, այդպես ներկայացողի, առաջնայինը չհամարելով նրա արտաքին քաղաքական ուղղվածությունը: Վերադառնալով «Ազատ դեմոկրատներին», հավանական է թվում, որ նա կունենա «Ժառանագության» ճակատագիրը, իսկ նրա ղեկավերները կընգրկվեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ֆինանսավորվորմամբ ստեղծվելիք հերթական քաղաքական նախագծիՙ ժամանակային որոշակի կյանքի համար նախատեսված նոր կուսակցության մեջ:
Այսպես թե այնպես, ընտրությունները մնացին անցյալում, իսկ եզրակացությունները կարող են պետք գալ ապագայի համար: