Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարարները, Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում՝ շարունակվել են վարչատարածքային բարեփոխումները. համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում 915 համայնքի փոխարեն ձևավորվել է 71 համայնք, ներկայում ընթանում են լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի շուրջ քննարկումներ: Շարունակվել է համայնքներում քաղաքացների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) տեսքով էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը. ընթացիկ տարում ՔՍԳ ստեղծվել է 7 համայնքում, ընդհանուր առմամբ այս պահին ՔՍԳ ներդրվել է 56 համայնքի 75 բնակավայրում: Պատասխանատուները վստահեցրել են, որ շուրջ 40 պետական ծառայություն տեխնիկապես հնարավոր է իրականացնել նշված համակարգի միջոցով: Նշվել է, որ արդեն 2 տարի գործում է համայնքներին ամրացված անշարժ գույքի հարկի հավաքման էլեկտրոնային համակարգ, և արձանագրվել են բարձր ցուցանիշներ. 2022թ. 800.000 բաժանորդ համայնքային հարկերը վճարել է առցանց տարբերակով: Կառավարության և միջազգային գործընկերների օժանդակությամբ՝ շուրջ 21.9 մլն ԱՄՆ դոլարի շրջանակում, շարունակվել է համայնքների ենթակառուցվածքային զարգացման և նյութատեխնիկական ապահովման գործընթացը:
Աղբահանության ոլորտում՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի շրջանակում ավարտական փուլում են Հրազդանի սանիտարական աղբավայրի և Մարտունու ու Ակունքի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքները, հայտարարվել է հաջորդ տարի աղբամանների ձեռքբերման մրցույթը: Մշակվել է մյուս 8 մարզում կոշտ թափոնների ինտեգրված համակարգի ներդրման ծրագրային առաջարկ, որը քննարկվում է միջազգային փորձագետների հետ, ակնկալվում է տարեսկզբին հայտարարել նախագծման մրցույթը:
2018-2022թթ. համայնքներում իրականացվել է 1897 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 90 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Առաջատար ոլորտներն են՝ ասֆալտապատումը, լուսավորությունը, հասարակական շենքերի նորոգումը, ջրային ենթակառուցվածքների բարելավումը, մանկապարտեզները և այլն: Արդեն ստացվել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերը. ներկայացվել է 459 ծրագիր՝ ավելի քան 112 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: ՏԿԵՆ կողմից իրականացվել է 2022թ. ավարտված և երաշխիքային ժամկետում գտնվող 481 ծրագրի մշտադիտարկում, վերացվել է հայտնաբերված թերությունների 80 տոկոսը, գործընթացը շարունակվում է:
Շարունակվել են ճանապարհային ցանցի վերականգնման և զարգացման ծրագրերը՝ արդիականացման, որակի և անվտանգության բարելավման միջոցով: Նշվել է, որ 2022թ. համար նախանշված՝ 500 կմ ճանապարհաշինության թիրախը գերակատարված է. ներկա դրությամբ իրականացվել է 530 կմ ասֆալտապատում: Մեծ մասը կազմել է հիմնանորոգումը, կատարվել են նաև միջին նորոգման աշխատանքներ: Նշվել են հատկապես Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում կառուցվում են նոր ճանապարհներ: Զեկուցվել է Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի, Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ընթացքի մասին, նշվել է, որ ավարտվել են ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր: Ներկայացվել են ընթացիկ բարեփոխումներն ու նախաձեռնությունները, ճանապարհների կառավարման և սպասարկման ուղղությամբ քայլերը:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի մասին. նշվել է, որ այս տարվա նոյեմբերի դրությամբ տրամադրվել է 66 լիցենզիա, ստուգաչափված է 152.000 գազաբալոն, վկայագրման ժամանակ խոտանվել է մոտ 5000 գազաբալոն, որից 4600-ը ժամկետանց է եղել և պոտենցիալ պայթյունավտանգ: Շարունակվել է նաև մյուս ոլորտներում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման գործընթացը, այդ թվում՝ 19 լիցենզիա տեխզննման կայանների մասով: Միասնական երթուղային ցանցի ներդրման համար կազմակերպվել են մարզերի օպերատորների ընտրության մրցույթներ, որոշ մարզերում համակարգն արդեն իսկ արդիականացվում է, մյուսներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկայացվել են ճանապարհային վճարների գանձման էլեկտրոնային համակարգը և դրա ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքը, երկաթուղային տրանսպորտի ոլորտում իրականացված ծրագրերը:
Էներգետիկայի բնագավառում՝ շարունակվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և անվտանգության ապահովման գործընթացը, ինչի արդյունքում լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է մինչև 2031թ.: Իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների վերազինման, ինչպես նաև նոր ենթակայանների կառուցման աշխատանքներ, ընթացքի մեջ են Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը: Մեկնարկել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որի շահառուների թիվը գերազանցում է 400-ը: Մշակվել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030թթ. ազգային ծրագիրը:
Ընդերքի ոլորտում՝ 2022թ. շարունակվել է օրենսդրական դաշտի բարելավումը: Տրամադրվել է 50-ից ավելի ընդերքօգտագործման իրավունք, իսկ զուգահեռ իրականացված վարչական վերահսկողության շրջանակում արձանագրվել է կազմակերպությունների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման դրական դինամիկա: Մշակվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Միգրացիայի բնագավառում՝ իրականացվել են մատուցվող ծառայությունների թվայնացման աշխատանքներ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ներդրվել են օտարերկրացի աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը՝ workpermit.am-ը, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և ապաստան հայցողների հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգերը: Ավարտին է հասցվում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը առաջին անգամ 2019 թ.-ից իրականացվել է նաև Երևանում։
Վարչապետն ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքային բարեփոխումների առաջնահերթությունը և հետաքրքրվել մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել այդ առնչությամբ: Մտքերի փոխանակություն է ծավալվել ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:
Վարչապետի կողմից կարևորվել է սուբվենցիոն ծրագրերի որակի ապահովումը, համայնքների խոշորացման նպատակային իրականացումը, էլեկտրոնային կառավարման համակարգերի հասցեականությունը, աղբահանության գործընթացի ճիշտ կազմակերպումը, գյուղական ճանապարհների ասֆալտապատումը, ճանապարհների սպասարկման և կշռման ժամանակակից համակարգերի ներդրումը, գազալցակայանների նկատմամբ վերահսկողության խստացումը: Պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը նշել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման և ակտիվ հանրային հաղորդակցության անհրաժեշտությունը: