ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Իրենց գործին նվիրված, հասարակության շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող բժիշկների մասին շատ է գրվել, եւ առավել քան համոզված եմ, որ հիվանդ եւ օրհասական վիճակում հայտնված մարդկանց կյանք ու առողջություն պարգեւող բժիշկների մասին դեռ էլի ու էլի կգրվիՙ քանի դեռ ապրում է մարդը, քանի գոյություն ունի մարդկությունը:
Բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, դեղորայք ու տարաբնույթ սարքավորումներ կիրառելուց բացիՙ նաեւ ջերմ, բարի եւ հուսադրող խոսքով սատարելը: Մասնագիտությանս բերումովՙ ռուսաստանաբնակ եւ Հայաստանից ժամանած իմ հայրենակիցների հետ հանդիպումներում հաճախ եմ գովեստի խոսքեր լսում ինչպես Ռուսաստանում ապրող եւ աշխատող հայազգի, այնպես էլ ռուս բժիշկների մասին: Այս անգամ իմ հայրենակիցներից ստացված շնորհակալական խոսքերի, այսպես ասած, «թեժ յոթնյակը» գլխավորում է Մոսկվայի Ն. Պրիորովի անվան մարզական եւ բալետային վնասվածքների վերականգնողական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Օրլեցկին : Կլինիկայում նա սիրելի է բոլորի համար: Մարդկային բարձր առաքինությունների եւ պրոֆեսիոնալիզմի համար Օրլեցկուն սիրում են թե՛ հիվանդներն ու նրանց հարազատները, եւ թե գործընկերները:
– Նա մեծատառով մարդ է,- շեշտում են հիվանդներն ու հավելում,- քիչ է պատահում, երբ լավ մասնագետը նաեւ հոյակապ մարդ է եւ չափազանց հոգատար անձնավորություն…
58-ամյա բժիշկն ու ղեկավարը, որ չափազանց երիտասարդ է երեւում եւ ատլետիկ կազմվածք ունի, արժանացել է ՌԴ պատվավոր բժշկի կոչման, նա ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր է, ՌԴ նախագահի աշխատակազմի բուժհարցերով խորհրդատու…
Հիրավի, բժշկի համար վստահության արժանանալը ոչ միայն կարեւորագույն ձեռքբերում է, այլեւ` կոչում: Անատոլի Օրլեցկին գտնում է, որ գնահատված լինելը բժշկի համար կարեւոր գործոն է, առանց որիՙ բժիշկն իր կատարած աշխատանքով երբեք չի բավարարվի: Եվ ըստ բժշկիՙ «Իրենց աշխատանքի գնահատականը առաջին հերթին տալիս են հիվանդները, եւ եթե սրան ավելանում է նաեւ հանրության գնահատականը, ապա բժիշկը մեծ պատվի է արժանանում: Բժշկի կոչումները, իհարկե, կարեւոր են եւ մեծ նշանակություն ունեն, սակայն եթե հիվանդի կողմից գնահատականը բացակայում է, ապա ամեն բան կորցնում է իմաստը»:
Ահա հենց այս հավատամքով է իր յուրաքանչյուր օրն անցկացնում մեծ ճանաչման արժանացած բժիշկը եւ աշխատում է մասնագիտության հանդեպ տածած սերը ներարկել նաեւ իր գործընկերներին, որոնցից առավել աչքի ընկնողը, դարձյալ ըստ հիվանդների շնորհակալական խոսքերի, նույն կլինիկայում աշխատող վնասվածքաբան-բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Դմիտրի Տիմչենկոն է: Նրա մասին կլինիկայում ասում ենՙ հրաշագործ մասնագետ, բարձր կարգի բժիշկ, եւ շատերը զարմանում են, թե ո՞րն է այն շարժիչ ուժը, որը բժշկին մղում է օրվա 24 ժամի գերակշիռ մասը նվիրել մարդուն: Դմիտրի Տիմչենկոն նույնպես կարծում է, որ ամենակարեւորը հիվանդների ու նրանց հարազատների գնահատականներն են, որոնք բժշկի համար ամենահզոր շարժիչ ուժն են եւ նոր լիցքեր են հաղորդում…
Ահա եւ եկավ ռուսաստանաբնակ հայ բժիշկներին հիշատակելու հերթը: Ես միշտ հպարտացել եւ այսօր էլ հպարտանում եմ իմ բժիշկ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք բնակվելով հայրենիքից հեռու, օտար եւ բազմազգ երկրում, ամենեւին խտրականություն չեն դնում ազգությունների միջեւ եւ Հիպոկրատի երդմանը հավատարիմՙ զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք ու առողջություն պարգեւելով:
Վերջերս ես պատիվ ունեցա կրկին հանդիպելու Մոսկվայի Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Քոսյանին , ով միաժամանակ դասախոսում է Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանում: Այս բազմաշնորհ մասնագետի համբավն այսօր դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից, եւ պատահական չէ, որ տարիների իր վաստակն ու գործունեությունը աչքի առաջ ունենալովՙ ռուսաստանյան տասնյակ հարյուրավոր ընտանիքներ նրան մեծարում են «Ոսկե ձեռքերով բժիշկ» եւ «Աստվածատուր» ժողովրդական պատվանուններովՙ շեշտելով հատկապես Գուրգեն Քոսյան բժշկի կարեւորագույն հատկանիշըՙ մարդկային վերաբերմունքը: Արդեն 40 տարուց ավելի Գուրգեն Քոսյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է ճերմակ խալաթը հագին: Նրա մոտ են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից, այդ թվում նաեւ` իր հայրենակիցները, որոնց մի առանձնակի ջերմությամբ է վերաբերվում:
Այո, բժշկի համար շատ կարեւոր է նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը: Այսօր բժշկությունը մեծ արագությամբ զարգանում է, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, բայց այդ ամենից զատՙ կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը պետք է ամուր եւ վստահ կանգնած լինի մարդու կողքին, եւ որ ամենակարեւորն էՙ մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում: Ուզում եմ հավաստիացնել, որ հայ բժիշկները Ռուսաստանում, Մայր հայրենիքի կարոտը հոգում անթեղած, զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ…
Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների եւ անուրանալի սխրանքների մասին վկայում են հենց իրենք` հիվանդներն ու նրանց հարազատները: Իսկ բժշկի համար ամենամեծ գնահատականը հիվանդների եւ նրանց հարազատների երախտիքի խոսքերն են, նրանց օրհնանքներն առ Աստված…
Այդօրինակ բարձրակարգ բժիշկներից են Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգորի Կարապետյանը , առաջին քաղաքային հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Գրիգորյանը , պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ղազարյանը եւ վերջապես երիտասարդ, բայց խոստումնալից բժիշկ, Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի հոսպիտալային թերապիայի կաֆեդրայի ասիստենտ Արգիշտի Վարդանյանը , ով առաջիկայում կպաշտպանի թեկնածուական ավարտաճառը:
Կրկին առնչվելով չափազանց մարդասիրական մասնագիտության տեր այս մարդկանց հետ, մեկ անգամ եւս համոզվեցի, որ նրանք ընտրելով բժշկի աշխատանքըՙ երդում են տվել եւ այդ երդմանը հավատարիմՙ ազնիվ ծառայում են մարդկանց…
Վերջերս նրանց մասնագիտական տոնն էրՙ Բուժաշխատողի օրը: Շնորհավոր ձեր տոնը, սիրելի բժիշկներ: Առողջություն ձեզ եւ երկարակեցություն, որպեսզի նույնն էլ դուք մաղթեք մարդկությանը եւ մաղթեք նաեւՙ գործնականում…