Ամերիկյան տպագիր լրատվամիջոցներից «Ուաշինգտոն Թայմս»-ը միակն էր, որ անմիջապես արձագանքեց հուլիսի 4-ին արցախյան սահմանագծում գրանցված միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմի բարձրացրած կոծանքին: Ալխանլի բնակավայրում տեղադրված ռազմական հենակետերի լռեցման հայկական կողմի հարկադրական քայլը, ինչը երկու քաղաքացիական անձանց մահվան պատճառ հանդիսացավ, փնտրված առիթ էր ամերիկյան մեդիա տարածքում դարանակալած ազերի քարոզչության սպասավոր Ալեքսանդր Մուրինսոնի համար, որպեսզի վարպետորեն սարքած ապատեղեկատվության իր հերթական չափաբաժինը հրամցնի «Ուաշինգտոն Թայմս»-ի անտեղյակ ընթերցողներին:
Մուրինսոնի հոդվածի առաջին իսկ նախադասությունը պատկերավոր համեմատություն է ամերիկյան անկախության օրվաՙ հուլիսի 4-ի հրավառության եւ նույն օրը հայ-ադրբեջանական շփման գծում «խեղճ» ադրբեջանցիներին գնդակոծող հայկական բանակի կրակահերթերի միջեւ: Եվ անմիջապես, որպեսզի հարցեր չառաջանան, տեղեկացնում է, որ հայկական բանակն արդեն որդեգրել է նոր դոկտրինա, այն էՙ շրջանցելով ադրբեջանական ռազմական հենակետերը, թիրախավորել հենց խաղաղ բնակչությանը, որպեսզի հրահրի ադրբեջանական բանակի ռազմական ագրեսիան: Այս վերջին միջադեպը տեղի է ունեցել շփման գծից երեք մղոն խորության վրա, ուր ազերի ռազմական հենակետ չկա, արդյունքում զոհվել է երկամյա աղջիկ, ով հայկական բանակի հերթական սպանած երեխաներից մեկն է, եւ նրա 50 ամյա տատը: Ալխանլի գյուղի բազմաթիվ բնակիչներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, գրում է թուրք-ազերի ամերիկացի գործակալ Մուրինսոնը:
Անմեղ բնակչությանը ռմբահարելը հայկական զինված ուժերի գրեթե ամենօրյա գործելաոճն է, մոլորեցնում է իր ընթերցողին ստահոդ հոդվածի հեղինակը: Հայկական զինված ուժերի այս մարտավարությունը սկսվել է դեռ անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, երբ հայերը ձեռնարկեցին աննախադեպ ագրեսիա Ադրբեջանի դեմ եւ ջախջախիչ պարտություն կրեցին, զիջելով օկուպացված տարածքներ: Զեղծարարի գերխնդիրն, ինչպես միշտ, ամերիկյան հարկավոր կառույցներին հուշելն է, որ Ադրբեջանը, ըստ նրա մտազեղման, ԱՄՆ կարեւոր դաշնակիցն է եւ արեւմտյան արժեքների կրողը, ուստիՙ Հայաստանի նկատմանբ Մ. Նահանգները պետք է պատժամիջոցներ կիրառի, ինչպես դա անում է Ռուսաստանի նկատմամբ:
Նշենք, որ «Ուաշինգտոն Թայմս»-ը վաղուց վերածվել է հակահայկական քարոզչության կայացած ամբիոնի: Մուրինսոնի հերթագայող տասնյակ հակահայկական հոդվածներ են տեղ գտնում այս պարբերականի էջերում: Վաղուց ժամանակն է լռեցնելու ամերիկյան մեդիա դաշտում հարմար տեղակայված այս վնասակար «կրակակետը», բողոքելով այս տպագիր օրգանի խմբագրության որդեգրած մեթոդաբար միակողմանի, ապակողմնորոշող հակահայկական տեղեկատվություն տարածելու քաղաքակականության դեմ: Ըստ շրջանառվող կարծիքների, որ այս երեւույթը բացատրվում է նաեւ պրոհայկական «Ուաշինգտոն Փոստի» հետ այս պարբերականի ունեցած տարամետ, մրցակցային հայեցակարգի պարագայով:
Գրեթե նույն արագությամբ եւ նույն ոճով հուլիսի 4-ի միջադեպին անդրադարձավ նաեւ իսրայելական անգլալեզու «Ջերուսալեմ Փոստը», որը մեծ տարածում ունի նաեւ ամերիկյան հրեաների շրջանում: Բերեմ հեղինակ Նուրիթ Գրինջերի «Հայերը սպանել են երկու ադրբեջանցի բնակչի. հարեւանի Նեմեսիսը» վերնագրակիր հոդվածից աշակերտի շարադրություն հիշեցնող մեկ մեջբերում միայն, որպեսզի մեկնաբանությունները ավելորդ լինեն. «Հակամարտությունը Հայաստանիՙ պատերազմ սանձազերծողի եւ Ադրբեջանիՙ խաղաղություն փնտրողի միջեւ ունի երկար եւ գարշելի նախապատմություն»:
Վերոհիշյալ երկու պատվիրված հոդվածների խնդիրն է եղել հրահրել միջազգային հասարակության ուշադրությունը սպանված երեխայի փաստի շուրջը, «Իսլամական պետության» գործելաոճով շահարկելով «մանկասպանության» աղաղակի հաջողված խաղաքարտը: Այս անգամ, կարծես, մեր արտաքին քաղաքականության եւ քարոզչամիջոցների հարձակողական մարտավարության շնորհիվ հնարավոր եղավ հիմնականում չեզոքացնել հակահայկական բռնկումը: Կարծիքս հավաստող օրինակ կարող եմ բերել ամերիկահայ շնորհալի լրագրող Մովսես Տեր-Հովհաննիսյանի ճիշտ ժամանակին լույս տեսած հոդվածը «Ֆորբս» պարբերականումՙ «Ադրբեջանի տնտեսության հետպտույտը. հավանակա՞ն է արդյոք մեկ այլ պատերազմ Կովկասում» վերնագրով:
Տեղեկացնեմ նաեւ, որ այս օրերին amazon.com կայքում վաճառքի է հանվել մեկ այլ հակահայ հեղինակիՙ Ռաուլ Կոնտրերասի երկու հարյուր էջանոցՙ «Հայկական լոբբիինգը եւ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը» առերեւույթ չեզոք տիտղոսագիր գիրքը, ինչը ազերի ստահոդ բովանդակության մի դարանակալ գրքույկ է ուղղված ամերիկահայ լոբբիինգի կառույցների նպատակային հեղինակազերծմանը: Տպագրվել է Կալիֆոռնիայի «Բըրքլի Պրես» հրատարակչությունում, արժեՙ $24. 99. Այս հակահայ քարոզչական «կրակակետն»-ը ամերիկահայ հետամուտ խմբի ուժերով հնարավոր եղավ ժամանակին հավաստանշել եւ վնասազերծել, այն պարուրելով ցածր վարկանիշային մեկնաբանություններով, ինչը լուրջ վնաս հասցրեց գրքի վաճառքի գործին ու դրա ստեղծողի հեղինակությանը: