«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը թերթի էջերում անդրադարձել է «HALO տրաստի» ջանքերին, որ պարտավորվել է մինչեւ 2020 թվականը ամբողջովին ականազերծել Արցախը:
Քսան տարի առաջ Անգոլայում «HALO տրաստի» ականազերծած դաշտի վրայով վաղամեռիկ իշխանուհի Դայանայի անցնելը ցնցեց մարդկանց համայն աշխարհում եւ ականապատված դաշտավայրերի հարցը դրեց քաղաքական առաջնահերթությունների շարքում: Մինչ այդ երկիրը ականազերծված է արդեն, Արցախն ու շրջակա տարածքները դեռեւս գտնվում են ականապատված վիճակում: «Անվտանգ քայլեր Ղարաբաղի ժողովրդի համար» ծրագրի շրջանակներում ականազերծման աշխատանքները շարունակվում են:
Օգնության ձեռք մեկնողը անգլիական կազմակերպության հովանավոր իշխան Հարրին է, Դայանայի որդին, որ շարունակելով իր մոր առաքելությունը` պարտավորվել է մինչեւ 2025 թվականը աշխարհում ականապատված վայր չթողնել: «Ականների խորհրդակցական խմբի» (MAG) եւ «Հալո (HALO) տրաստի» անունից, խոսելով վերջերս Քենսինտոն պալատում «Ականների իրազեկման միջազգային օրվա» առթիվ կազմակերպված հավաքում, նա նշել է, որ 20 տարի առաջ, կյանքի վերջին օրերին, մայրը հանձն է առել աշխարհի ուշադրությանը հանձնել ականապատված դաշտավայրերիՙ այդ սարսափելի գործընթացի խտրականություն չճանաչող հետեւանքները:
Մեր հայրենակիցներից «Հալո տրաստի» ծրագրերին աջակցում են Րաֆֆի եւ Նինա Ֆստըքջյանները, որոնք Լոնդոն են հրավիրվել հանդիպելու արքայազն Հարրիին: «Նա շատ համեստ, անկեղծ եւ հմայիչ անձնավորություն է: Մոր մասին խոսելիս դառնում է խիստ զգացմունքային, նրա ելույթը ցնցող էր, տպավորիչ», նշել են նրանք հարցազրույցի ժամանակ, ավելացնելով, որ «Հալո տրաստը» ոչ միայն ականազերծման առաքելությունն է առաջ տանում, այլեւ նպաստում Արցախի տնտեսության զարգացմանը նորանոր աշխատատեղեր բացելով: «Ներկայիս 210 հոգի են աշխատում «Հալոյի» համար, մեծ մասը կանայք, բայց այդ թիվը կավելանա, եթե հավելյալ նվիրատվություններ կարողանանք ձեռք բերել: Բարեբախտաբար մի հովանավոր ենք գտել, որ պատրաստ է կրկնապատկել դրամական ամեն մի օգնություն, որ մենք ձեռք ենք բերում», նշել է Րաֆֆին:
Կազմակերպությանը մեծապես օգնում է USAID միջազգային զարգացման ամերիկյան կառավարական գործակալությունը:
Րաֆֆի Ֆստըքջյանը բանկերի ռիսկայնության աստիճանը ուսումնասիրող Empyrean ֆիրմայի եւ «NuArca» ինտերնետային վերլուծական ընկերության գործադիր նախագահն է: Ամերիկա է ներգաղթել 1985-ին Բեյրութից եւ Բոստոնում հաստատվել 1987-ին: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Նորթուեստերն համալսարանի կառավարման Քելոգ ֆակուլտետից: Բեյրութի ամերիկյան համալսարանի նախկին շրջանավարտներից է: Համագործակցում է դոկտ. Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ IDeA հիմնադրամի մասնաճյուղերից մեկիՙ FAST-ի (հայկական գիտության եւ տեխնոլոգիաների հաստատության) աշխատանքներին:
Հունիսի 10-ին Ֆստըքջյանների տանը կազմակերպված ճաշկերույթ-աճուրդի ընթացքում, որին մասնակցել են հայ եւ օտար հեղինակավոր անձնավորություններ, հնարավոր է եղել հանգանակել 110,000 դոլար, որը կրկնապատկվել է մի նվիրատուի կողմից, ով ցանկացել է անհայտ մնալ: Դա ակնկալված գումարից ավելի է եղել, որը գումարվել է նախկինում հավաքված 2 միլիոն դոլարին: Մնում է մոտ 3 միլիոն դոլար եւս հավաքել:
Նկար 1. Արքայազն Հարրին Անգոլայում: