ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քննչական կոմիտեում հունիսի 8-ին քննարկվեցին պատմամշակութային հուշարձանների եւ անտիկ գտածոների ոչնչացման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունքները: Քննարկման համար հիմք էր հանդիսացել պատմամշակութային արժեքները ոչնչացնելու վերաբերյալ այս տարվա մայիսին «Հետք»-ում հրապարակված հետաքննությունը*): Հոդվածներից մեկում այսպիսի եզրահանգում էինք արել. «Հուշարձաններն ավերելու վերաբերյալ հարուցված բոլոր քրեական գործերը կասեցվել ենՙ կատարողին չբացահայտելու պատճառաբանությամբ: Հայտնաբերված գանձագողերն անգամ պատասխանատվության չեն ենթարկվում, գողոնն առգրավելու դեպքերում կա՛մՙ քրեական գործի հարուցումը մերժվում է, կա՛մՙ քրեական գործը կարճվում է: Լավատեղյակները պնդում են, որ գանձագողությունը Հայաստանի վերնախավի կողմից կառավարվող բիզնես է:
Քննչական կոմիտեն եւս ամփոփել էր պատմության եւ մշակույթի հուշարձաններն ավերելու եւ պատմամշակութային արժեքները ոչնչացնելու վերաբերյալ 2014-2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում հարուցված քրեական գործերի քննության արդյունքները եւ իրավական առումով մի շարք խնդիրներ առանձնացրել:
Պատմամշակութային վայրերը հստակ տարանջատված չեն հարակից հողատարածքներից, տարբերանշաններ տեղադրված չեն, որով հանրությանը կիրազեկեն, որ այդտեղ հնավայր է:
Բավարար իմացությամբ փորձագետներ չկան, որպեսզի պատմամշակութային հուշարձանին կամ պատմամշակութային իրերին պատճառված վնասի դրամական գնահատում կատարեն, որի պատճառով փորձաքննությունները ձգձգվում են:
Պարզ չէ, թե փորձագետն ինչպես է որոշում` փորձաքննության ներկայացված հնությունն առանձնակի արժեք ունեցո՞ղ է, թե՞ ոչ, քանի որ փորձագետները չեն նշում, թե ինչ հատկանիշներից ելնելով են դրանք որակում առանձնակի արժեք ունեցող:
Քննիչները մասնագիտական պատրաստվածության կարիք ունեն նմանատիպ գործերը քննելու համար եւ այլն:
Ասվեց, որ իրավական առումով խնդիրները բազմաթիվ են, եւ դրանք խոչընդոտում են քննության արդյունավետությանը: Իրավական կարգավորումները կօգնեն, որպեսզի հստակեցվեն այդ հարցերը:
Քննչական կոմիտեի ներկայացրած բացթողումների եւ խնդիրների ցանկը լրացրին քննարկմանը մասնակցող մշակույթի եւ բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները, հնագիտության ինստիտուտի տնօրենը եւ հնագետները:
Նշվեց, որ անշարժ հուշարձանների դեպքում չունենք նաեւ մշակութաբանական փորձաքննություն, առանձնակի արժեքը հստակեցնելու, վնասի չափը որոշելու մեթոդաբանություն չկա: «Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք փոձաքննության սկզբունք չունենք: Կարգի բացակայությունն ազատ մեկնաբանելու իրավունք է տալիս մասնագետին, կառավարության որոշում պետք է լինի»,- իր խոսքում նշեց հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը : Նա հայտնեց, որ հանքավայրերի շահագործման, ճանապարհաշինարարական, հողային այլ աշխատանքների դեպքերում ավերվում կամ վտանգվում են հնավայրերը: «Կանխարգելիչ հնագիտություն» հասկացություն կա, եւ այն պետք է կիրառվի այս դեպքերում:
Տնօրենը նշեց նաեւ, որ պահպանվող տարածքներում տարբերանշաններ չկան, որոնք կհուշեն, որ այդտեղ հնավայր է, հուշարձանները պահպանական գոտի չունեն, հողերի կարգավիճակը հստակեցված չէՙ մի քարտեզով այն հնավայր է, մյուսովՙ հանքավայր: Հուշարձանների մեծամասնությունը չունի պահպանական գոտի, այս հարցի լուծումը պետք է արագացվի եւ սահմանները ճշտվեն:
Մասնակիցներին չէին գոհացնում նաեւ գանձագողերի նկատմամբ կիրառվող պատիժները, ուստի առաջարկեցին վերանայել պատժի համաչափության հարցը: Մայր աթոռի ներկայացուցիչն առաջարկեց խստացնել տույժերն ու տուգանքները:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրապետությունում 232 բնության հուշարձան է հաշվառված եւ 17 բնապատմական հուշարձան: Դրանց մեծ մասը պատմական հուշարձաններ են եւ անձնագիր չունեն: Ինչ վերաբերում է պահպանական գոտի ունենալուն, հիշեցրեց, որ Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող հուշարձաններն անգամ չեն կարողանում վերահսկել, ինչպես, օրինակ, Հավուց թառ վանական համալիրի պարագայում է:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի ասելովՙ ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատմական հուշարձանների պահպանության կոմիտեն վերածվեց գործակալության եւ զրկվեց բոլոր լծակներից, իսկ դրանով հնարավոր չէ բարելավել հուշարձանների պահպանման վիճակը: Նախկինում բոլոր հուշարձանները միավորված էին եւ անվանում էինՙ բնության-պատմության-մշակույթի հուշարձաններ, հետո բնությանն առանձնացվեց, եւ ստացվեց այս իրավիճակը: Ստեղծեցին բնության հուշարձանների ցանկ, որոնք օրենք չունեն, բնության հուշարձաններն անձնագիր չունեն:
Հարցերի հարցն այն է, թե ով պետք է զբաղվի հուշարձանների եւ պատմամշակութային արժեքների պահպանությամբ: Պավել Ավետիսյանը նշեց, որ հուշարձանների տարածքները քանդելը երկար եւ ժամանակատար աշխատանք է, դա կատարվում է բոլորի աչքի առաջ, եւ ոչ ոք չի խոչընդոտում: Նրա կարծիքովՙ դա պետք է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ներքո լինի:
Մշակույթի նախարարությունն ունի մի շարք կառույցներՙ Մշակութային արժեքների պահպանության գործակալություն, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ եւ այլն, որոնք հենց այդ նպատակով են ստեղծված: Սակայն, ինչպես նկատեց Գ. Գյուրջյանը, ոլորտի կառավարման համակարգ գոյություն չունի, դրանք առանձին-առանձին կան, բայց գործող համակարգ չկա: Թանգարանի տնօրենը շեշտեց նաեւ, որ «այս ոլորտում մասնագետներ չեն աշխատում, դրա համար էլ այս վիճակն է»:
Գանձագողությունը կանխելու համար մասնագետներն առաջարկում են ազատականացնել ոլորտը, մասնավոր անձանց թույլատրել հնագիտական իրեր ձեռք բերել, եթե նրանք պահպանում են այդ իրերի պահպանման, հանրահռչակման եւ այլ պայմաններ:
Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը քննարկման մասնակիցներին առաջարկվեց գրավոր ներկայացնել ոլորտը կարագավորելու վերաբերյալ առաջարկները:
*) Նշյալ հոդվածը hetq.am կայքէջից արտատպվել է «Ազգ»ի ընթացիկ տարվա մայիսի 2, 12 եւ 19-ի համարներում, ինչպես եւ այս հոդվածը: