Վարչապետը խոսքն արագ գործ դարձնելու առաջին գեղեցիկ օրինակը տվեց
Այսքան տարիների ընթացքում Հայաստանի փոփոխվող կառավարություններից ոչ մեկն այդպես էլ չփորձեց տալ այն հարցի պատասխանը, թե երկրաշարժից հետո լավ թե վատ վերականգնվող Գյումրին ի վերջո ի՞նչ քաղաք է լինելու, հատկապես ի՞նչ ուղղությամբ կամ ուղղություններով է զարգանալու եւ ի վերջո իր բնականոն կենսագործունեությունը ծավալելու: Իհարկե, տարբեր տարիների եղան զանազան ե՛ւ ծրագրեր, ե՛ւ որոշումներ, ե՛ւ անգամ ինչ-ինչ ձեռնարկումներ, բայց դրանց հիմնական մասը կա՛մ խոսակցություններից ու թղթի վրայից այն կողմ չանցան, կա՛մ մնացին կեսճանապարհին, կամ նույնիսկ իրականացվելու դեպքում չպատասխանեցին գլխավոր հարցին եւ էական համարյա ոչինչ չփոխեցին:
Արդյունաբերազրկված քաղաքի ապագայի մշուշոտ տեսլականը թերեւս փոքր-ինչ փոխելու կարող է ծառայել վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ կամ ղեկավարությամբ հղացվածՙ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, որի նպատակն այստեղ զբոսաշրջության խթանումն է: Ավերիչ երկրաշարժից հետո պատկերավոր ասում էինՙ Լենինականը գնաց, Գյումրին մնաց: Գյումրին քաղաքի պատմական միջուկն էՙ «Կումայրի» պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի ուրույն ճարտարապետությամբ շինություններով, որոնք հիմնականում դիմացան տարերքի հարվածներին: ժամանակին մեր սքանչելի մայրաքաղաք Երեւանի պատմական կենտրոնի վայրենաբարո ոչնչացումից հետո հիմա խոսվում է «Հին Երեւան» արհեստական թաղամաս ստեղծելու մասին, ինչը տխուր զավեշտի է նման: Ի տարբերություն մայրաքաղաքի, Գյումրիում այդ պատմական կենտրոնը կա, թեկուզ որոշ կորուստներով, եւ դա շատերը համարում են քաղաքիս հիմնական գրավչություններից մեկը, զբոսաշրջության զարգացման չօգտագործված հնարավորություն: Անցյալ տարվա դեկտեմբերին այստեղ եկած դեռ նոր վարչապետը շրջեց, նայեց եւ ասացՙ ֆանտաստիկ է… Ծրագիր մշակվեց, նախատեսվեց հիմնանորոգել Ռուսթավելու եւ Շիրազի փողոցներն իրենց ողջ պատմական կոլորիտով, ստեղծել զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: «Այս ծագիրը տրամադրություն փոխող ծրագիր է»,- կայացած շնորհանդեսի ժամանակ ասաց Կ. Կարապետյանը : Արդեն այս տարվա մարտ ամսին Ռուսթավելու փողոցում շինաշխատանքները սկսվեցին…
Ավելի ճիշտՙ նախ սկսվեցին քանդման աշխատանքները: Փողոցի նորոգումը հիմնավոր կատարելու համար հանվեց այն ծածկող սալահատակը, հողային հիմքը խոր փորվեց, փոխվեցին, նորացվեցին փողոցի տակով անցնող գազատար, ջրատար խողովակները, էլեկտրագծերը եւ այլն, անցկացվեց կոյուղատար եւ ջրահեռացման համակարգ, ու միայն այդքանը կրկին հողով ծածկելուց հետո սկսվեց ճանապարհի պաստառի ու մայթերի կառուցումը, ձեւավորումը:
Ռուսթավելու փողոցի օրեր առաջ հանդիսավոր բացված, իրոք հիմնավոր նորոգված հատվածըՙ Շիրակացու փողոցից մինչեւ Սայաթ-Նովայի փողոց, մոտ 9000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով, Գյումրու պատմական կոլորիտի ու փողոցաշինության ներկա պահանջների համադրության լավ օրինակ է թվում: Փողոցի հատուկ նեղացված երթեւեկելի մասը սալապատվել է գրանիտե նոր չորսվասալերով, մայթերըՙ բազալտե սալերով ու գրանիտե եզրաքարերով, անցկացվել է ճաշակով ձեւավորված լուսավորության համակարգ, տեղադրվել են նստարաններ, ծաղկամաններ: Առաջին հայացքիցՙ պակասում է ծառապատումը, որն էլ գուցե պայմանավորված է այս կարգի փողոցի բնույթով, չգիտենք: Բոլոր դեպքերում ստեղծված է հետաքրքրություն առաջացնող բավական հաճելի միջավայր: Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակում ստեղծվել է նաեւ եկող հյուրերի, զբոսաշրջիկների սպասարկման տեղեկատվական կենտրոն:
Պատասխանատուների հավաստմամբՙ գալիք գարնանը շինաշխատանքները կսկսվեն նաեւ Շիրազի փողոցում, կիրականացվեն այդ երկու փողոցների համար նախատեսված այլեւայլ ծրագրեր:
…Գյումրեցիների վերաբերմունքը, գնահատականները կարող են տարբեր լինել: Ֆեյսբուք սոցիալական ցանցի տեղացի օգտատերերից մեկն, օրինակ, հռետորական հարց էր տվել. «Այս փողոցը դեպի ո՞ր գործարան է տանում»: Բայց այդ բոլորով հանդերձ թերեւս համաձայնենք, որ կատարված թեկուզ մեկ իրական քայլը բոլոր տեսակի սին խոստումներից ու ծրագրերից լավ է:
Ու մի բան էլ տեսանք այս օրինակով: Եթե իշխանությունը մի բան իսկապես ցանկանում է, հաճախ նաեւ կարող է անել: Ու այդ ժամանակ փող էլ կգտնվի, կատարողներ էլ: