Որպեսզի ընթերցողներին ավելի հասկանալի ներկայացնեմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին չորեքշաբթի օրը նախագահ Թրամփի որոշման վտանգավորությունը, այստեղ բերում եմ ընդամենը մեկ տվյալ. 1948-ից ի վեր, երբ որպես Պաղեստին ճանաչված տարածքների վրա ստեղծվեց Իսրայել պետությունը, ՄԱԿ-ը 690 որոշում է ընդունել պաղեստինեւիսրայելական հակամարտության վերաբերյալ, որոնցից 429-ըՙ հրեական պետության անօրինական գործողությունների դեմ: Այդ ընթացքում եւ մինչեւ օրս, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշմամբ ու նախաձեռնությամբ հարյուրավոր հանձնաժողովներ եւ առաքելություններ են գործել այդ հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով, որոնցում կարեւորագույն դեր է ունեցել Մ. Նահանգները որպես «պարկեշտ միջնորդ»: Մինչդեռ այժմ, երբ պաշտոնապես հնչել է նախագահ Թրամփի նախընտրական խոստումը իբրեւ որոշում, փաստորեն հօդս է ցնդում Մ. Նահանգների «միջնորդ», այն էլ «պարկեշտ միջնորդ» լինելու ինքնահռչակումը: Դրանով իսկ անիմաստ է դառնում, կամ, առնվազն, կասկածի տակ է դրվում միջազգային միջնորդական առաքելությունների հաջողությունը ոչ միայն այսՙ պաղեստինեւիսրայելական հակամարտության, այլեւ նմանօրինակ բոլոր խնդիրներում:
Ավելինՙ հարցականի տակ է դրվում միջազգային կառույցների, ընդհուպ Միացյալ ազգերի կազմակերպության գոյության իմաստը: Քանզի Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջուկն է կազմում Պաղեստինյան ինքնավարության եւ Իսրայելի պետության միջեւ շարունակվող արյունալի հակամարտության, որի կողմերից մեկը այդ Սուրբ Քաղաքը համարում է իր ապագա պետության մայրաքաղաք, իսկ մյուսըՙ 69-ամյա իր պետության «հավիտենական մայրաքաղաք»: Այժմ նժարը ոչ թե փոխվում, այլ չքանում է, գլխավոր գերտերության կամքով, որի նախագահը գործում է «Ես այդպես եմ ուզում» կարգախոսով, առանց կարեւորություն տալու իր երկրի բարեկամ, դաշնակից եւ նույնիսկ սերտագույն գործընկեր պետություններին, որոնցից ոչ մեկը, կրկնում եմՙ ոչ մեկը դեսպանատուն չի հաստատել Երուսաղեմում եւ չի ճանաչել նրա մայրաքաղաք լինելու հանգամանքը:
Այժմ կարելի է պատերացնել, թե տարածաշրջանում եւ ողջ աշխարհում այսուհետեւ ինչե՜ր են տեղի ունենալու: Նկատի չունեմ արյունալի ընդվզումները, բողոքի տարբեր արտահայտությունները, ահաբեկչությունները միայն: Այսուհետեւ միջազգային կառույցների եւ ատյանների նկատմամբ լինելու են անվստահությունից բխած անհնազանդություններ, ընդհուպՙ հարցերը, բոլո՛ր հարցերը զենքի ուժով լուծելու փորձեր: Թրամփի կարգախոսը վարակիչ է լինելու շատերի համար:
Իրերի այս կացության մեջ մտահոգիչ է դառնալու նաեւ մերՙ Հայկական Երուսաղեմի ճակատագիրը, որի շուրջ երեկ արտահայտվեցին ՀՀ արտգործնախարարը, Մայր աթոռը, Երուսաղեմի հայոց պատրիարքը: Մտահոգիչՙ քանի որ.
– Փոխվելու է Հայոց պատրիարքության կարգավիճակը, որը Մուհամադ մարգարեի օրերից մինչեւ Սալահեդդին սուլթանի եւ այնուհետեւ Օսմանյան սուլթանների եւ, ի վերջո, Հորդանանի հաշեմական թագավորության (վերջինս հանդիսանում է Երուսաղեմի Սուրբ տեղյաց պահակ, custodian) ֆերմաններով եւ հրամանագրերով հաստատվել ու վերահաստատվել է իրարահաջորդ դարերի ընթացքում, վայելելով անձեռնմխելի իրավունքներ եւ իրավասություններ:
– Նկատի ունենալով Հին Երուսաղեմի տարածքի 1-5-րդ կազմող Հայկական թաղամասի կարեւորությունը, այնտեղ գործող հոգեւորականության եւ բնակվող հայ ազգաբնակչության առանձնահատուկ պայմանները, Իսրայելի պետական ու Երուսաղեմի քաղաքային իշխանությունները անխուսափելիորեն հետամուտ են լինելու Հայոց պատրիարքության կարգավիճակը զանազան օրենքներով եւ օրենսդրական ակտերով սեղմելու, ոչնչացնելու քաղաքականությանը, Պատրիարքությանը պարտադրելով նորՙ սիոնական կարգուսարք:
– Ու տակավին նկատի ունենալով Հայոց վանքի դիրքը, որը գտնվում է հրեաների սրբություն սրբոց Սիոն լեռան բարձունքին, իսրայելցիները նոր թափ են հաղորդելու կաշառքի, ֆինանսական ու տնտեսական այլեւայլ մեքենայությունների եւ, գլխավորը, ստիպողության տակ հայոց պատրիարքության կալվածներին տիրանալու իրենց քաղաքականությանը:
Ստեղծվելիք այդ պայմանների տակ դիմադրողական ինչպիսի կամք, կազմակերպվածություն եւ ճկունություն պետք է ունենա Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, կերեւա հետո: Մինչ այդՙ անհրաժեշտ է քայլերը համակարգել Վատիկանի, Հույն ուղղափառ եկեղեցու եւ, անշո՛ւշտ, Մայր աթոռի, Հայաստանի Հանրապետության ու տարբեր երկրներում գտնվող հայկական ազդեցիկ համայնքների հետՙ թույլ չտալով անսանձ ոտնձգություններ իր պատմական իրավունքների դեմ:
Պահը վտանգավոր է ոչ միայն մեզ համար: Ուրեմն ունենք համախոհներ: