Մոտ 70 տարի առաջ տեղի ունեցած Մեծ հայրենադարձությունը մասնագիտական մակարդակով դեռեւս լայնորեն ուսումնասիրված եւ գնահատված չէ: Կան, իհարկե, այս նեղ թեման լավագույնս ուսումնասիրած մասնագետներ,կան նաեւ գնահատականներ եւ մի շարք ուսումնասիրություններ այդ թեմայով, սակայն թեման սպասում է ավելի համակողմանի ուսումնասիրողների, բաց մնացած խնդիրների լուսավորման: Թեման բացելու ու միգուցե ներկա արտագաղթի ֆոնին` խորհրդանշորեն Մեծ հայրենադարձության 70-ամյակը նշելու փորձ էր ՌԱԿ գրադարան-ընթերցասրահում այս շաբաթ կազմակերպված քննարկումը: Հրավերը մեծ արձագանք ունեցավ` քննարկմանը ներկա էին պատմաբաններ, սոցիոլոգներ, ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանը, ներկայացված էր Հայ եկեղեցին` ի դեմս Փառեն արք. Ավետիքյանի, Կոմիտաս վրդ. Հովնանյանի: Բանախոսը Երեւանի պետական համալսարանի սփյուռքի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանն էր, որի զեկուցումից եւ դրանից հետո մասնակիցների քննարկման նյութից օգտվելով` կփոխանցենք հայրենադարձություն հույժ կարեւոր իրողության գոնե ընդհանուր պատկերը: Չենք շրջանցել նաեւ Արմենուհի Ստեփանյանի` հայկական հայրենադարձության փորձի մասին հրապարակման տեղեկատվությունը:
Ընդհանրապես` Խորհրդային Հայաստան հայրենադարձության լուսավոր ու ստվերոտ կողմերի ուսումնասիրությունը, դրա մասին խոսելն ու այն արժեւորելը այսօր մեզ շատ հարկավոր է, երբ ահռելի արտագաղթ ունենք, երբ սիրիահայերի միկրոհայրենադարձություն է առկա, երբ երկրի նախագահը խոսում է 2040-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին, սակայն դա ներկա խնդիրների, անցյալի հայրենադարձության դասերը չսերտելու ու միաժամանակ` առանց երկրում առկա բարոյահոգեբանական ու սոցիալական բեւեռացման պատկերը փոխելու անհնար է թվում: Երբ քննարկման բանախոս Ա. Եղիազարյանից «Ազգը» հետաքրքվեց, թե հնարավոր համարո՞ւմ է նախագահի` բնակչությունը 4 միլիոնի հասցնելու գաղափարի իրականացումը, նա նկատեց, որ տասներեք տարում, նորմալ բնական վերարտադրության դեպքում դա լիովին հնարավոր է թվում: Իսկ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մենք ունենանք այդ նորմալ բնական աճը, քանի որ անզեն աչքերով էլ երեւում են աննորմալ մեծ արտագաղթն ու ընտանիք կազմելուց, երեխա ունենալուց տանելի վաստակ չունեցող երիտասարդների ձեռնպահ մնալը, մասնագետը պատասխանեց. «Պետք է տեղի ունենա բեկում, ես երկրի ղեկավարությունից սպասում եմ այդ բեկումը` ծնելիության խթանում պետք է լինի» :
Ասենք որ, քննարկումը բացեցին նախ «Ազգի» խմբագիր եւ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ապա ՌԱԿ ատենադպիր, պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը: Առաջինը հիշատակեց Հայ եկեղեցու, Հայկական բարեգործական ընդհանուր միության, ՌԱԿ, ՍԴՀԿ եւ այլ ավանդական կազմակերպությունների ջանքերը` Մեծ հայրենադարձության կազմակերպման մեջ, այնու` խնդրելով չքաղաքականացնել քննարկումը: Ս. Սարգսյանը, որպես պատմաբան գնահատելով 1946-47 թվականների հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան` առանձնացրեց այն որպես մի երեւույթ, որը հայության պատմության կտավի վրա իր երկրորդը չունի, եւ ներկա արտագաղթի ֆոնին` այդ երեւույթի գնահատումը խորն իմաստ եւ ուղերձ ունի :
Իսկ արդեն Արման Եղիազարյանի` թեմայի ներկայացումը լսվեց բուռն հետաքրքրությամբ, երբեմն միջակա դիտարկումներով եւ էմոցիաներով` քննարկման մասնակիցներ կողմից:
1946-1948 թվականների հայրենադարձությունը, որը քսաներորդ դարում համարվում է Ցեղասպանության պատճառով աշխարհում սփռված հայերի հայրենիք ներգաղթելու երրորդ կամ երկրորդ (նայած գնահատողների, որոնցից ոմանք Առաջին հանրապետության ժամանակի եւ 1930-ականների սկզբի ներգաղթի երկու հոսքերը իրարից անջատում կամ միասնական հարթույթում են դիտարկում) ու առավել ստվար հոսքն էր, արդյունքի գնահատման տեսակետից հակասական գնահատականների է արժանանում` դրական ու բացասական կշռույթների հավասար տատանումով համարյա: Դրական առումով մոտ 90 հազար հայերի վերադարձը Խորհրդային Հայաստան, իհարկե, մեզ համար նախ դեմոգրաֆիական երեւույթ էր` մոտ 7 տոկոսով աճեց Հայաստանի բնակչության թիվը, որն այդ ժամանակ երկրորդ աշխարհամարտի պատճառով զգալի նվազել էր եւ 1,2-1,5 մլն-ի կարգի էր: Բացի բնակչության աճի դեմոգրաֆիական նշանակությունից, ըստ Ա. Եղիազարյանի, անառարկելի է, որ նաեւ ավանդութային-մշակութային կորուստից խուսափեցինք հայրենադարձությամբ: Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկիայից գաղթածների բեկորների կենտրոնացում տեղի ունեցավ Հայաստանում` խտացնելով հայ ժողովրդի անբողջական կերպարն այս տարածքում: Հայաստան վերադարձան գաղթական կիլիկեցիներ, մշեցիներ, սասունցիներ, իրանահայեր` իրենց հետ բերելով կորսվող ավանդույթներ, բառ ու բան, մշակութային ժառանգություն: Սփյուռքում էլ հայրենադարձության գաղափարը էապես նպաստեց հայապահպանությանը, քանի որ ցուցիչ էր, որ հայապահպանության գրավականը հայրենիք տեղափոխվելն է:
Ի սկզբանե նախատեսված էր, որ 1946 թվին պետք է Խորհրդային Հայաստան գա 30-35 հազար մարդ, սփյուռքահայերի շրջանում հայրենիք վերադառնալու ոգեւորությունը քանի որ մեծ էր, ներգաղթի ցուցակներում ցուցակագրվել էր 360 հազար մարդ ` 50 հազարը եկավ: Հաջորդ տարի արդեն ոգեւորությունը, հայրենիքից եկող լուրերի հանգույն, նվազել էր, 35 հազարը եկավ, իսկ 1948-ին սեպտեմբերին, երբ ծրագիրն ընդհատվեց, նախատեսված 10 հազարից եկել էր 3500-ը:
Ինչպես հնարավոր եղավ ներգաղթը
Այդ տարիներին Խորհրդային Միության ղեկավարության շրջանում Արեւմտյան Հայաստանը Թուրքիայից պոկելու պլաններ կային. օգտագործելով ներգաղթել ցանկացող հայերի գործոնը` ԽՍՀՄ ղեկավարությունը Թուրքիայից մտադիր էր պահանջել ժամանակին նրան զիջված Արեւմտահայաստանի տարածքները: Իսկ երբ 1948-ին Ստալինը հասկացավ, որ իր տարածքային պահանջները չեն բավարարվելու` նրան այլեւս հայերի հայրենադարձություն պետք չէր: Այնպես որ` 1948 թվականի սեպտեմբերին 1946-ին սկսված ներգաղթն ընդհատվեց:
Մի փոքր մանրամասնենք: Խորհրդային Միությունը հաղթեց երկրորդ աշխարհամարտում, նրա պլաններն այդ պահին առավել ծավալողական էին եւ առնչվում էին նաեւ հայկական խնդրին:
Պատերազմի տարիներին Սփյուռքի մեր հայրենակիցները նորից համախմբվել էին Հայաստանի, հայրենիքի գաղափարի շուրջ….. Նրանք աշխատեցին մոռանալ 1931-33 եւ 1936 թվականի ներգաղթի վերքերը, երբ ներգաղթյալներից շատերը ենթարկվեցին 1937 թվականի բռնաճնշումներին:
1945-ի նոյեմբերին Խորհրդային Հայաստանի կառավարությունը, Խորհրդային Միության պլանների պատեհ առիթի մեջ տեղավորվելով, հրավեր ուղղեց սփյուռքահայերին` հայրենիք վերադառնալու: Ե՛ւ Հայաստանի բնակչությունն էր պատերազմի ժամանակ նվազել, ե՛ւ այն պլաններն էին սնուցվում, որ Արեւմտահայաստանից տարբեր երկրներ Եղեռնի ժամանակ ապաստանած հայերը, Հայաստան գալով, Թուքիայից Հայաստանի հողերը պահանջել-ստանալուց հետո կարող էին վերադառնալ այդ տարածքներ արդեն Հայաստանից: Այսինքն` ներգաղթով ժողովրդագրական ու միաժամանակ տարածքների պահանջի հիմնավորման խնդիր էր լուծվելու: Մանավանդ` սովետաթուրքական պայմանագրի ժամկետը լրացել էր1925 թվականին, նոր պայամանագիր չեղավ` պատերազմ էր, Թուրքիան աջակցում էր Խորհրդային Միության հակառակորդներին, վերջինս էլ տարածքային պահանջներ էր ներկայացրել Թուրքիային` այդ պահանջների կատարումը համարելով նոր հաշտության պայմանագրի նախապայման: Ու հենց այդ ծրագիրը պետք է իրականություն դառնար հայկական սփյուռքի միջոցով: Ընդ որում` Հայաստանի խորհրդային կառավարությունը եւս իր պլաններն ուներ` Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն ու մյուսներ մտմտում էին այդ պլանների ներքո պահանջել Արցախը, անգամ Նախիջեւանը, պատճառաբանելով, որ ազատ տարածքներ չկան բնակության:
1940-ականների սկզբին սփյուռքի հայության մի զգալի հատված բռնել էր չսփյուռքայնանալու ուղին: Նրանք պահպանելով գաղթականի կարգավիճակը` սկզբունքորեն մնում էին հայրենիք վերադարձողի ջատագովի դերում: Այնպես որ 1940-ականներին ԽՍՀՄ-ի քաղաքական եւ տարածքային հավակնությունների զուգորդումը հայերիս համար հնարավորություն էին` իրականացնելու մեծ ներգաղթ, իսկ Խորհրդային Հայաստանի իշխանությունները լավագույնս օգտվեցին այդ պատեհ առիթից:
Նախադրյալները
1937 թվականին Հայրենիք-Սփյուռք կապերում մեծ անդունդ ստեղծվեց, Հայաստանի վերջին գործընկերը` ՀԲԸՄ-ն դադարեց գործել 1937-ին, եւ փաստացի դրանով այդ կապերը դադարեցին մինչեւ 1941 թվականը: 1941-ին, պատերազմի իրողության հետ կապված` սկզբում Հայոց կաթողիկոսի ազգընտիր տեղապահը` Գեւորգ Չորեքչյանը, հաջորդ տարի արդեն հայ մտավորականությունը կոչով դիմեցին սփյուռքին` սատար կանգնելու Խորհրդային Հայաստանին (ի դեպ` դա նաեւ պարտադրվում էր Խորհրդային ղեկավարության կողմից` քաղաքական հեռուն գնացող պլանների համատեքստոււմ), ու այդպես սկիզբ առավ հայրենիք-սփյուռք կապերի նոր փուլ: Սփյուռքահայությունը զորաշարժի ենթարկվեց եւ համախմբվեց հայրենիքի շուրջ, որը բերեց երեք իրողության. պատերազմի ժամանակ եղավ սփյուռքահայության խոշոր աջակցությունը Հայաստանին, Հայաստանում ստեղծվեց Սփյուռքի հետ աշխատանքի կառույցը` հայտնի ԱՕԿՍ-ը, եւ ի վերջո ծավալվեց հայրենադարձությունը:
Այս փուլն առնչվում է նաեւ Ստալինի աշխարհաքաղաքական նկրտումներին` նաեւ Թուրքիայից հետ պահանջելով այն հողերը, որոնք զիջվել էին քսանական թվականների սկզբին, սա վերեւում նշել ենք: Այդ մասին խոսք էր գնում սփյուռքում նաեւ, որ հայկական հողերը պետք է վերադարձվեին, անգամ Կարսի ու Վանի նահանգապետներ էին նախանշված` կային այդպիսի մարդիկ, այնպես որ սփյուռքում փայփայում էին Խորհրդային Հայաստանի միջոցով իրենց ծննդավայրեր վերադառնալու գաղափարը: Հատկապես Կարսի ու Արդահանի մասով:Կար նաեւ հումանիտար հիմնավորումը` հայերի ներգաղթի թույլտվության համար, որը տեղի ունեցավ Կոմկուսի գլխավոր քարտուղար Գրիգոր Հարությունյանի զեկուցագրերի հիման վրա: Ի վերջո Ստալինը ստորագրեց ներգաղթ կազմակերպելու մասին փաստաթուղթը եւ 1941-ից սկսեցին նախապատրաստվել սփյուռքից հայերի ներգաղթին:
Սփյուռքի ներգաղթյալ հայերի մոտ 200 հազարանոց հատված սկզբունքորեն չգնաց ինտեգրվելու ճանապարհով, այլ մնացել էր գաղթականի կարգավիճակով, հայրենիք վերադարձողի ջատագով լինելով: Ցուցակագրվեց 360 հազար մարդ, ի վերջո հայրենիք վերադառնալու բախտ վիճակվեց 90 հազարին: Երբ ներգաղթն ավարտվել էր, դեպի Հայաստան բերող նավահանգիստներում կուտակվել էին ամեն ինչ վաճառած, Հայաստան վերդարձի սպասող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք հետո այդպես էլ ամեն ինչ կորցրին, ու որոնց որոշ չափով հետագայում օգնում էր ՀԲԸՄ-ն:
Ինչու ներգաղթ եւ ոչ թե հայրենադարձություն. այս տերմիններից առաջինի ընտրության բացատրությունը այդ պահի քաղաքական նպատակահարմարությանն է վերաբերում: ԽՍՀՄ ղեկավարության մեջ նշմարվում էր մի հետաքրքրական միտում` հենց նրանք գաղթականության տեղափոխումը Խորհրդային Հայաստան չէին դիտարկում վերջնականի կարգավիճակում, երկրորդ փուլը հենց նրանք էին նախատեսում` տեղափոխումը արեւմտահայկական տարածքներ: Բուն հայրենադարձությունն այդ վերջին փուլը պետք է լիներ: Այնպես որ` Խորհրդային Հայաստան հայերի գալը պարզ «ներգաղթ» բառով էր կոչվում:
Խորհրդային Հայաստանի իշխանությունները կարողացան ներգաղթն օգտագործել` Ղարաբաղի հարցը նորից բարձրացնելու համար: Գրիգոր Հարությունյանը դիմեց Մոսկվա, թե Ղարաբաղը դատարկ է, իսկ Հայաստանում բնակելի տարածքների խնդիր կա` Ղարաբաղը կարելի էր վերադարձնել Հայաստանին ու այդ խնդիրը լուծել: Այդ ծրագիրը վիժեցրեց Ադրբեջանը` Հայաստանում ապրող ադրբեջանցիներին տարբնակեցնելով Մուղանում, որից հետո տարհանվածները բողոքում էին::
Հայրենադարձության ստվերոտ կողմերը
Հայրենադարձության քարոզչությունը լայնորեն հասցվում էր սփյուռքահայերին` ԱՕԿՍ-ի եւ սովետական գործակալների, անգամ պաշտոնական մամուլի գովերգների միջոցով:
Սփյուռքահայերը պատկերացում անգամ չունեին, թե ինչ է կատարվում Հայաստանում, տեղեկատվությունը նրանք ստանում էին քարոզչական ու գործակալական խողովակներոով, ու պատկերացնում էին, որ գալու են ծաղկուն երկիր, որտեղ ամեն ինչ եւ աշխատանք կար, ու նրանք գալու են ե՛ւ իրենց հոգսերը հոգալու, ե՛ւ երկրի կառուցմանը մասնակցելու: Փաստորեն, կարելի է ասել, որ նրանց խաբելով բերեցին: Նրանց մի մասն իրենց հետ բերում էր աշխատանքի գործիքներ, հաստոցներ, մշակութային արժեքներ, անգամ ազնվացեղ ձիեր, որոնք նրանցից անմիջապես խլում ու պետականացնում էին:
Նրանք բախվեցին Հայաստանում առկա աղքատությանը, ցածր աշխատավարձերին, տեղացիների անբարյացակամությանը, «նորեկող-տեղացի» հակադրությանը: Նրանց անվանեցին «ախպարներ»: Տողերիս հեղինակը մեծացել է Նոր Արեշում, որտեղ, ինչպե եւ Երեւանի` հայրենադարձներով բնակեցված այլ թաղամասերում, ժողովրդի կպցրած Ախպարաշեն անունով ենթաթաղեր կային: «Ախպար-տեղացի» հակադրությունը մանկությունից եմ տեսել եւ նկարագրել եմ «Արեշ» վիպակում, սակայն աստիճանաբար այդ հակադրության սուր եզրերը հարթվում էին, ու «ախպար» բառը կամաց- կամաց ձեռք էր բերում արհեստներ իմացող, ապրելու ձեւը մշտապես գտնող, նորաձեւության առաջին թարմ ալիքներն ընկալող մարդ, որն, ի դեպ, նույն կերպ նկարագրեց քննարկմանը մասնակցող եւ հայրենադարձի զավակ Քնարիկ Ավագյանը (ԳԱԱ գիտաշխատող): Բայց «տեղացի- նորեկող» բաժանման սուր եզրերի հարթումն, այնուամենայնիվ, չչեզոքացրեց առանց նախապատրաստության ներգաղթի բոլոր ստվերները` բնակարանով, աշխատանքով լիարժեք չապահովելու, բնակավայրերում ըստ ներգաղթյալների ծագման եւ նախընտրությունների չտեղաբաշխելու, ֆինանսական հնարավորություններ չառաջարկելու, քաղաքական հետապնդումների ենթարկելու ողջ ներկապնակը, որ հայրենադարձներին մատուցեցին խորհրդային բարքերը: Էլ չասած, որ ներգաղթյալները հոգեբանորեն պատրաստ չէին երկաթյա վարագույրին, կոմունիզմի` ձեւախեղված գործադրմանը, անհատական նախաձեռնությունը խեղդելու դրսեւորումներին: Այսինքն` ինտեգրմանը չնպաստող չհամակարգված եւ ոչ ծրագրային քայլերը, այս ուղղությամբ հստակ քաղաքականության բացակայությունը, սովետական գաղափարախոսությամբ բոլոր մարդկանց վերաձեւելու, կոմունիստական գաղափարներով վերադաստիարակելու մարմաջը շատ հայրենադարձների կյանքը տառապալից դարձրեց հայրենիքում, մինչդեռ նրանցից շատերը եկել էին ազատ բարքեր ունեցող, անձնական նախաձեռնությունն ու բիզնես կարողությունը խթանող երկրներից, իսկ հայրենիքում նրանց մասնավոր գործունեության ամեն ձգտում կանխվում, անգամ` քրեական հետապնդման էր ենթարկվում: Եկեղեցական ծեսերով իրենց համար կարեւոր իրադարձությունները նշելու սովոր հայրենադարձներին ապշեցնում էր եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը: Հաջորդեցին քաղաքական հալածանքն ու աքսորները Սիբիր 1949 թվականին` ներգաղթածներին քիչ է, որ անվստահությամբ էին վերաբերվում ու աշխատում էին ամեն կերպ խանգարել նրանց պաշտոնեական առաջխաղացմանը, հետո էլ որոշեցին նրանց տարբեր ամբաստանություններով աքսորել: Իմ դասարանցիներից շատերը հայրենադարձների զավակներ էին, որոնց մեծ մասը, հետագայում, ութսունականների երկրորդ կեսին, նորից արտագաղթեցին Հայաստանիցՙ հենց դրա հնարավորությունը եղավ, քանի որ նրանց ընտանիքներում ոսկրացել էր ատելությունն ու հակակրանքը սովետական բարքերի պատճառած անհարմարությունների նկատմամբ:«Երթալը կփրկե», «Ճիշտը երթալն է» արտահայտությունները այն ժամանակից կենսունակ մնացին մինչեւ այսօր:
Այս եւ այլ ստվերոտ կողմերը հուշում են այն մասին, որ ներգաղթի կազմակերպումը, եթե այդպիսի միտք ունենանք երբեւէ, պետք է հստակ-ծրագրային քաղաքականությամբ անել, եթե ուզում ենք սերունդների կյանքը չփչացնել: Է, ինչ եմ ասում, Հայասատանում ապրող սերնդի մի ողջ կյանք փչացավ` անկախությունից հետո սպասելով երկրի զարգացմանն ու կայացմանը: Բայց բոլոր դեպքերում դասեր քաղել Մեծ հայրենադարձության ստվերներից արժե եւ անհրաժեշտ է:
Իսկ մեծ հայրենադարձությունն, այո, չնայած բազմաթիվ բացասական հիշողություններին, պատմության ընթացքի տեսակետից իր դրական անդրադարձն է ունեցել Հայաստանում, որի մասին վերեւոմ խոսեցինք: