Հրեական պետության քաղաքական ու հատկապես զինվորական ներկայացուցիչների ամենասիրած արտահայտություններից մեկն է «կանխարգելիչ հարվածը» (preemptive strike), որը նրանք սովորաբար օգտագործում են պաղեստինցի արաբների դեմՙ որպես պատճառաբանում-արդարացում նրանց իրական կամ ենթադրյալ ահաբեկչական, ըմբոստական գործողությունները կանխելու, նրանց դիրքերը ռմբակոծելու, նրանց տները պայթեցնելու համար: «Կանգարխելիչ հարված» արտահայտությունը ես այստեղ ուզում եմ օգտագործել զուտ քաղաքական եւ միայն քաղաքական իմաստովՙ նկատի ունենալով այն վտանգները, որոնք սպառնում են Հայկական Երուսաղեմին նախագահ Թրամփի հայտնի որոշմանը հետեւելիք կարգավիճակի փոփոխության դեպքում, որի մասին գրել էի նախորդ շաբաթվա իմ սյունակում:
Արդարեւ, Երուսաղեմիՙ «Իսրայելի անբաժանելի եւ հավերժական մայրաքաղաք» հռչակմանՙ հայկական շահերի տեսակետից պոտենցիալ ամենամեծ վտանգը Սուրբ քաղաքի կարգավիճակի փոփոխությունն է, ինչը ենթադրում է առանձնաշնորհյալ դարավոր մեր իրավունքներից եթե ոչ զրկում, ապաՙ զիջում, հղիՙ բազմաթիվ վտանգներով, ենթակաՙ տարբեր սեղմումների, ընդհուպՙ ոտնձգությունների:
Անշուշտ, նման վտանգները չեն սպառնում միայն մեզՙ Հայկական Երուսաղեմին: Միեւնույն վիճակում են հայտնվելու նաեւ քրիստոնեական մյուս երկուՙ Կաթոլիկ (լատին) եւ Հույն-ուղղափառ եկեղեցիներըՙ ի դեմս իրենց պատրիարքությունների: Եվս առավելՙ նման սպառնալիքներ կախված են նաեւ Հին Երուսաղեմում գործող մյուսՙ ավելի մանր եկեղեցիների կամ եկեղեցական միաբանությունների գլխին, որոնք օրինավորապես հովանավորությունն են վայելում վերոհիշյալ երեք մեծ եկեղեցիների, ինչպես ղպտիների, ասորիների կամ եթովպացիների պարագայումՙ Հայ առաքելական եկեղեցու:
Սակայն եթե մյուս երկու եկեղեցիները միջազգային ասպարեզում ունեն հզոր պաշտպաններ, ինչպես լատիններըՙ ի դիմաց 1,5 միլիարդ հետեւորդ ունեցող Վատիկան պետությանը եւ անձամբ Հռոմի պապի, իսկ Հույն-ուղղափառ եկեղեցինՙ Հունաստանի եւ Ռուսաստանի, ապա Հայոց պատրիարքությունը զուրկ է նման պաշտպանությունից: Հետեւաբար, նախագահ Թրամփի հայտնի որոշմանը հետեւած հայկական արձագանքները ստեղծված վտանգավոր կացությանը բոլորովին անհամաչափ եւ անհամարժեք են թվում, թույլ եւ անկամ: Առաջին հերթին նկատի ունեմ ՀՀ արտգործնախարարության եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հայտարարությունները հատկապես. «Դեպքերի զարգացմանը հետեւում ենք» ասելը եւ որեւէ կեցվածք չընդունելը ոչինչ չի նշանակում մանավանդ ներկա պայմաններում, երբ այդ «զարգացումներին» հետեւում է ողջ աշխարհը: Բարեբախտաբար շատ ավելի որոշակի ու հստակ էին Նուրհան պատրիարքի եւ Արամ Ա. կաթողիկոսի արձագանքները, առաջինը քրիստոնյա քույր եկեղեցիներիՙ Թրամփին ուղղված միացյալ նախազգուշացման նամակի տակ դրված իր ստորագրությամբ, իսկ երկրորդըՙ Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունի հետ եկեղեցական առաջնորդների հանդիպման ընթացքում արտահայտված:
Սակայն, իհարկե, հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, եթե դրանց չի հետեւում գործն ու գործունեությունը: Եվ հենց այս մտահոգությամբ էր, որ օրերս Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը հանդես եկավ առանձին հայտարարությամբ, որտեղ առաջարկում է ստեղծել ժամանակավոր (ad hoc) մի շտաբ Երեւանում, մասնակցությամբ պետական ու եկեղեցական մարմինների ներկայացուցիչների, որտեղ պետք է վերլուծվեն Հայկական Երուսաղեմի հետ կապված բոլոր տվյալներն ու զարգացումները, մշակվեն ու համակարգվեն բոլոր շփումները միջազգային եկեղեցական եւ աշխարհիկ կառույցների, տարբեր երկրների մայրաքաղաքների հետ:
Նպատակըՙ ցույց տալ իսրայելական իշխանություններին, որ հայկական Երուսաղեմը անպաշտպան չէ, ողջ հայությունըՙ պետություն, ժողովուրդ, եկեղեցիներ եւ ազգային կառույցներ զգոն եւ զգայուն են Հայոց պատրիարքության շահերն ու իրավունքները հետեւողականորեն պաշտպանելու գործում: Քաղաքական ու քարոզչական այդ հակազդեցությունը կլինի իսկական կանխարգելիչ հարված ոչ թե հրեական ձեւով, այլ հայկական ու մարդկային:
Իսկապե՛ս պետք է ձեռնարկենք նման կառույցի ստեղծումը, այլապես Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը սպառնում է այն նույն ճակատագիրը, որում գտնվում է Կոստանդնուպոլսո Հայոց պատրիարքությունը, որին զրկել են ոչ միայն իր կալվածներին եւ ունեցվածքին տիրապետելու ու դրանք տնօրինելու իրավունքից, այլեւ սեփական պատրիարքին ըստ իր հոտի նախընտրությանը ազատորեն ընտրելու իրավունքից: