Թատերական գործիչների, կոմպոզիտորների, նկարիչների միությունների համագումարներն անցան անաղմուկ ու անցնցում։ Երեքի նախագահներն էլ վերընտրվեցին։
Հայաստանի թատերական գործիչների միությունն ունի 620 անդամ։ Կառույցի նախագահ Հակոբ Ղազանչյանն այսօր բաց քվեարկությամբ վերընտրվեց․ նախագահի միակ թեկնածուն ինքն էր։
Հակոբ Ղազանչյանը շատ է ուզում, որ երիտասարդներն իր հետևից շարք կանգնեն, որ ոլորտում բնական սերնդափոխություն լինի, որ երիտասարդական ներուժը համախմբվի, առաջին շարք բերի լիդերների։ Միությունը երիտասարդ ուժի, թարմ գաղափարների կարիք ունի։
Պատերազմից ու քովիդից հետո հայաստանյան թատերական կյանքը բնական հունի մեջ է մտել։ Զարմացնում, հիացնում են մարզային թատրոնները, որոնք սուղ միջոցներով արժեքավոր բեմադրություններ են ստեղծում։ Աբովյանի, Կապանի, Արտաշատի թատրոնները կարողանում են դահլիճներ լցնել, տոմսեր վաճառել։
«Շուտով ձայնը կլսեք, մարզային թատրոններից մեկում մեծ աղմուկ է բարձրանալու, որովհետև գեղարվեստական ղեկավար պետք է ընտրվի»,-ԹԳՄ համագումարից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց Հակոբ Ղազանչյանը։
Տասնամյակներ շարունակ այդպես էլ չունեցանք Թատրոնի մասին օրենք։ Ղազանչյանի կարծիքով, եթե օրենքը լիներ, իր կանխատեսած աղմուկը կկանխեր։ Իսկ աղմուկ սպասվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում։ Գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը մահացավ, նրան փոխարինող է պետք, իսկ թե ով կլինի գեղարվեստական նոր ղեկավարն, ու ինչ ջրեր կհոսեն մինչև նրա նշանակումը, հենց այս հարցում էլ մեծ աղմուկ է կանխատեսում Հակոբ Ղազանչյանը։
ԹԳՄ նախագահի կարծիքով՝ հենց պետական այրերը չեն ուզում, որ մշակույթի ոլորտները կարգավորվեն օրենքով, որովհետև նրանց թվում է՝ ավելորդ պարտավորություններ են դրվելու իրենց վրա։
Հրազդանի թատրոնը վերջապես ՀՈԱԿ-ի կարգավիճակ ստացավ, Աբովյանի թատրոնին կարգավիճակ տալու պայքարը շարունակվում է։ Չգիտես ինչու՝ նամակներն ու դիմումները քաղաքապետ-մարզպետերի սենյակներից դուրս են գալիս ու փակուղի մտնում ավելի ներքևի օղակների աշխատասենյակներում։
«Բյուրոկրատական ապարատը մի օր մարդկության վերջը տալու է»,-Աբովյանի թատրոնին կարգավիճակ տալու դեգերումների մասին պատմությունն ավարտեց Հակոբ Ղազանչյանը։
Ի դեպ, կարգավիճակ չունի նաև Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, որը շուրջ 40 տարի գործում է Կինոգործիչների միության շենքում ու ներկայացումներ բեմադրում նույն կառույցի փոքր դահլիճում։ Թատրոնն ընդգրկված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմում, չունի կարգավիճակ ու նոր կադրեր, նոր դերասաններ ընդունելու հաստիքներ։ Այս խնդիրները «Մալյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը ներկայացրել է բոլոր նախարարներին, բայց շարունակում է աշխատել չբարելավված պայմաններում, չբարեփոխված կարգավիճակում։