Շատ դժվար է գրել մի գրքի մասին (*), որը նվիրված է այնպիսի հանրաճանաչ եւ վաստակաշատ գիտնականի, որպիսին է արտասահմանյան բազմաթիվ գիտական ակադեմիաների անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը : Մարդ-գիտնական, ում համար «պատմագիտությունը աղոթատուն է, իսկ պատմաբանը`նրա մենավոր մի խցում ապաստանած միայնակ մաքառող, բոլորի կողմից լքված մի ծերունի աղոթասաց» (էջ 5), ով 1990-ական թթ. դժվարագույն օրերին կարողացավ պահպանել հայ արեւելագետների գենոֆոնդը եւ հայ արեւելագիտական ակադեմիական կենտրոնը վերածել միջազգային չափանիշներով բարձրակարգ գիտական հաստատության:
Դասական արեւելագետն ու ականավոր տեսաբան-վերլուծաբանը «Նոր գաղափարների գեներատորը», «Ստեղծագործ եւ կառուցողական գաղափարների աղբյուրը», «Իմաստուն պատմաբանը» համաշխարհային արեւելագիտությունը եւ իր նախասիրած արաբագիտությունը հարստացրել է նոր ուղղություններով, նոր հայեցակարգային եւ հիմնարար տեսադրույթներով` դառնալով հայկական արաբագիտության դպրոցի հիմնադիրը:
Ինձ` գիտության ասպարեզի համեստ մշակիս համար, անչափ գնահատելի, ինչ-որ տեղ նույնիսկ անիրական թվացող ու բացառիկ հաճելի երեւույթ է ապրել եւ ստեղծագործել կենդանի դասական Ն. Հովհաննիսյանի կողքին: Ունկնդիր լինել նրա քաջալերանքին ու շարունակական հորդորներին` երբեք ցած չդնել գրիչը, քանի որ ինչպես ինքն է սիրում ասել` չաշխատող գրիչն ավելի շուտ է փչանում, շարքից դուրս գալիս, քան որեւէ այլ աշխատող բան: Ինչպես նաեւ` իրավունք վերապահել խոսք ասելու նրան նվիրված գրքի մասին: Նրա խոսքերի հետեւում միշտ գործն է ու դրանք ասելու մեծագույն իրավունքը, որ նա վաստակել է գրելով 80 մենագրություն եւ 480-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք թարգմանվել եւ լույս են տեսել աշխարհի ժողովուրդների շուրջ 15 լեզուներով: Աշխատություններ, որոնց վերաբերյալ տարբեր երկրներում հրատարակվել են ավելի քան 220 գրախոսականներ, գիտական կարծիքներ եւ այլ բնույթի արձագանքներ, ինչն ինքնին հազվադեպ երեւույթ է:
Երկարատեւ ու բեղմնավոր գիտական կյանքը Ն. Հովհաննիսյանն սկսել է 1960 թվականին: Դառնալով ՀՀ ԳԱԱ բազմանդամ ընտանիքի անդամ, նպատակասլաց գիտնականը քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացավ արեւելագիտությունը դարձնել գիտական այն կարեւոր ուղղություններից մեկը, որը կոչված էր ծառայելու երկրի (ԽՍՀՄ-ի, որի բաղկացուցիչ մասն էր ՀԽՍՀ-ն) ռազմական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային շահերին: Նաեւ նրա ջանքերի շնորհիվ Երեւանը դարձել էր արեւելագետների կենտրոններից մեկը, որի անմիջական արգասիքը եղավ արեւելագիտության բաժնի հենքի վրա 1971 թ. արեւելագիտության ինստիտուտի հիմնադրումը: Դա կանխորոշեց Ն. Հովհաննիսյանի հետագա գիտական գործունեության ուղղվածությունը` արեւելագիտությունը եւ մասնավորապես` արաբագիտությունը, որին ականավոր գիտնականը նվիրել է ավելի քան կես դար եւ որը նրան բերեց միջազգային մեծ ճանաչում: Իսկ դրան նպաստել է նրա գիտելիքների վիթխարի պաշարը, «երկաթյա տրամաբանությունը, քննական-վերլուծական մեծ կարողությունները եւ ընդհանրացումներ կատարելու բարձր մակարդակը» (էջ 12):
Ն. Հովհաննիսյանի ամենաակտիվ մասնակցության, կազմակերպական լայն ընդունակությունների ու ժրաջան աշխատանքի շնորհիվ կանխագծվեցին ինստիտուտի ուսումնասիրությունների գիտական կարեւոր ուղղությունները, որոնք ունեն նաեւ ռազմավարական եւ գործնական նշանակություն: Մի առիթով ընդգծելով արեւելագիտության կարեւոր դերակատարությունն ու նշանակությունը Ն. Հովհաննիսյանը միանգամայն իրավացիորեն շեշտել է. «Հայ արեւելագիտությունը չի կարող լինել հայագիտության աղախինը: Արեւելագիտությունը համաշխարհային գիտություն է, որի բաղկացուցիչ մասերից մեկն էլ հենց հայագիտությունն է» (էջ 14): Ընդգծենք, որ այսօր պրոֆեսոր Ն. Հովհաննիսյանի այս տեսակետը եւ դրա վրա խարսխված դիրքորոշումը շատերի կողմից արժանացավ հավանության, ընդունվեց պաշտոնապես եւ այսօր էլ դրված է հայ արեւելագիտության` որպես գիտության առանձին ուղղության, հայեցակարգի հիմքում:
Գրքում թվարկված են այն բոլոր հայրենի ու օտար գիտական կազմակերպությունները, որոնց անդամ է եւ գիտական աստիճաններն ու կոչումները, որոնց արժանացել է արեւելագիտ-արաբագետ Ն. Հովհաննիսյանը վիթխարի եւ ծանրակշիռ վաստակի համար: Առանձնահատուկ հիշատակության է արժանի այն բացառիկ իրողությունը, որ 1968 թ. փայլուն պաշտպանելով «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում 1917-1958 թթ.» թեմայով ատենախոսությունը` Ն. Հովհաննիսյանը դառնում է արաբական երկրների նոր եւ նորագույն պատմության գծով առաջին դոկտորը ԽՍՀՄ-ում (էջ 15):
Գրքում ներկայացված են նաեւ Ն. Հովհաննիսյանի զբաղեցրած պաշտոնները, որոնց ընձեռած հնարավորությունները ազնիվ ու կազմակերպչական մեծ ընդունակությունների տեր գիտնականը կարողացել է խելացի ու նպատակասլաց օգտագործել ի փառս գիտության` դառնալով արաբագիտության հայկական դպրոցի հիմնադիրը: Դպրոց, որը ելակետ ունենալով մի կողմից` պատմագիտական ավանդույթները, իսկ մյուս կողմից` արդիական խնդիրները, ունեցավ իր արժանավոր հետեւորդները:
Իրադարձություններին քաջատեղյակ հեղինակային կոլեկտիվը գրքում կարեւոր դիտարկումներ է կատարել Ն. Հովհաննիսյանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ընտրվելու եւ հետագա գործունեության վերաբերյալ: Մասնավորապես արժանիորեն է գնահատված այն իրողությունը, որ դառնալով տնօրեն, Ն. Հովհաննիսյանը ստեղծված պայմաններում իր առաջին եւ ամենագլխավոր խնդիրը հռչակեց «հայ արեւելագետների գենոֆոնդի պահպանումը» (էջ 33)` այդ խնդրի լուծման գործում առանցքային տեղ հատկացնելով ինստիտուտը երիտասարդ կադրերով համալրմանը: Երկրոդ` անկախ պետություն դառնալու իրողությամբ պայմանավորված, նրա ղեկավարությամբ փոխվեցին հայ արեւելագիտության հայեցակարգը եւ գործառույթները: Երրորդ` շեշտվեց, որ արեւելագիտությունը ազգային գիտություն լինելով հանդերձ` ռազմավարական եւ պրակտիկ կիրառական նշանակություն ունեցող գիտական ուղղություն է:
Վկայակոչելով որոշ թվական տվյալներ, գրքի հեղինակներն ակներեւ կերպով ցույց են տվել Ն. Հովհաննիսյանի կատարած հիրավի անուրանալի ներդրումը նաեւ գրահրատարակչական գործի կազմակերպման կարեւոր գործում: Այսպես, Արեւելագիտության ինստիտուտը 1960 թվականից, երբ հրատարակվեց առաջին գիրքը, մինչեւ 1995 թ., այսինքն` 35 տարվա ընթացքում «հրատարակել է 190 աշխատություն» եւ դա ամբողջապես արվել է պետական ֆինանսավորումով: Իսկ 1995-2006 թթ., այսինքն` Ն. Հովհաննիսյանի տնօրենության 11 տարիների ընթացքում` եւս 160 աշխատություն, որոնք բոլորն էլ հրատարակվել են նրա ջանքերով ձեռք բերված արտասահմանյան դրամաշնորհների միջոցով, որը «ռեկորդային թռիչք էր» (էջ 36):
Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր փաստ էլ են շեշտում հեղինակները: Ն. Հովհաննիսյանի տնօրենության տարիներին ինստիտուտի ավելի քան 65 արեւելագետներ պաշտպանել են գիտական թեզեր, կազմակերպվել են զգալի թվով գիտաժողովներ, որոնց շնորհիվ էր նաեւ, որ «միջազգային հարաբերությունների կենտրոնը Արեւմուտքից աստիճանաբար տեղափոխվում է Արեւելյան Ասիա» (էջ 40):
Գրքի կարեւորագույն բաժինը նվիրված է Ն. Հովհաննիսյանի գիտական գործունեությանն ու գիտական վաստակին: Հեղինակները նշելով, որ մեծահարգ պրոֆեսորն ինքնատիպ, բազմակողմանիորեն զարգացած, իր էությամբ նորարարական բնույթի տաղանդավոր գիտնական է, պատմաբան, արեւելագետ-արաբագետ եւ միջազգայնագետ, շեշտում են, որ լայն եւ ընդգրկուն են նրա գիտական հետաքրքրությունների շրջանակները: Անկասկած, Ն. Հովաննիսյանը փնտրված հեղինակ է: Նրա բեղմնավոր գրչին պատկանող 550-ից ավելի աշխատությունների «զգալի մասը հրատարակվել են արտասահմանյան լեզուներով» (էջ 49): Նրա ինքնատիպ աշխատությունները, նվիրված Մերձավոր եւ Միջին Արեւելքում միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունների ուսումնասիրությանը, նոր էջ բացեցին ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի հանգուցային հարցերի խորքային հետազոտությունների բնագավառում` հիմք հանդիսանալով տեսական բնույթի նոր ընդհանրացումներ կատարելու համար: Հեղինակների կարծիքով, բոլորովին էլ պատահական չէ, որ մի շարք մասնագետներ Ն. Հովհաննիսյանի «Արաբական երկրների պատմությունը» կոթողային աշխատությունը դիտարկում են նաեւ «որպես քաղաքակրթությունների երկխոսություն» (էջ 83) եւ այդ շրջանակներում արժեւորում նրա կարեւորությունը, համարելով այն անգնահատելի ներդրում այդ բնագավառում:
Գրքում առանձին քննարկվում են Ն. Հովհաննիսյանի կողմից Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը եւ դրա հանդեպ արաբների դիրքորոշման լուսաբանմանը: Պարզաբանվում է, որ Հայոց ցեղասպանության հայեցակարգային հիմնախնդիրը մշտապես գտնվել է Ն. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում: Ուստի բոլորովին էլ պատահական չէ, որ դրանց լուսաբանությանը նա նվիրել է հետազոտությունների մի ամբողջ շարք` մոտ 20 մենագրություն եւ 100-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել տարբեր երկրներում տարբեր լեզուներով: Ասվածը հաստատելու նկատառումով հեղինակները դիտարկում են նրա մի քանի աշխատություններ եւ հղումներ կատարում այդ աշխատությունների վերաբերյալ հայ եւ օտար նշանավոր մտավորականների հայտնած կարծիքներին: Մեր կարծիքով էլ դրանցից յուրաքանչյուրը յուրատեսակ բողոք է տեղի ունեցած ցեղասպանության դեմ եւ «սեղմված բռունցք` ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության» (էջ 96): Դրանցում առանձնակի տեղ ունի «Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է» փոքրածավալ, սակայն ասելիքով շատ հարուստ աշխատությունը, որը ուսումնասիրողների կողմից անվանվել է. «Հանրագիտարան Հայոց գենոցիդի` Արմենոցիդի մասին» (էջ 102):
Հեղինակների կարծիքով առանձին հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Ն. Հովհաննիսյանի այն աշխատությունները, որոնք նվիրված են արաբական գաղափարախոսության ուսումնասիրությանը արաբների անկախության նվաճման եւ սուվերեն պետություններ ստեղծելու դարաշրջանում, որն ընդգրկում է 1918-2016 թվականները: Ինչպես նաեւ էթնոքաղաքական կոնֆլիկտների` գլխավորապես Լեռնային Ղարաբաղի` Արցախի հիմնախնդրի լուսաբանությունը, որոնք նա կատարել է «Ղարաբաղյան կոնֆլիկտ: Փուլերը, մոտեցումները, լուծման տարբերակները», «Ղարաբաղյան հիմնախնդիր» եւ այլ հայերեն եւ օտար մի քանի լեզուներով լույս տեսած ուսումնասիրություններում: Ն. Հովհաննիսյանն այն հեղինակներից է, ով հիմնավորել է այն տեսադրույթը, որ Լեռնային Ղարաբաղում 1988 թ. սկսված պայքարը հանուն ինքնորոշման, Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ մայր հայրենիքի` Հայաստանի հետ միավորվելու, առաջին էթնոքաղաքական կոնֆլիկտն էր նախկին ԽՍՀՄ-ում, որը շղթայական ռեակցիա առաջացրեց համանման շարժումների ծագման համար:
Ժամանակի ու սեփական ժողովրդի շնչով ապրող մեծանուն գիտնականը չէր կարող անտարբեր մնալ նաեւ մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին: Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ գրքում առանձին բաժին է հատկացված նրա ռազմավարական անվտանգային հետազոտություններին: 2007 թ. համատեղությամբ աշխատանքի անցնելով «հայ ազգային ռազմական գիտության ստեղծման ակունքներում կանգնած Հ. Քոթանջյանի» (էջ131) գլխավորած Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` Ն. Հովահաննիսյանը կարողանում է փայլուն կերպով իրականացնել իր վրա դրված պարտականությունները եւ հիմնանշել այն կարեւորագույն ուղղություններն ու խնդիրները, որոնք պետք է գտնվեն երիտասարդ ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում եւ բխեն երկրի ռազմավարական առաջնային խնդիրներից: Պատահական չէ, որ Ն. Հովհաննիսյանի աշխատություններն առաջացրել են մասնագետների եւ պետական գործիչների աննախադեպ հետաքրքրությունը: Նրանք ձգտում են դրանցում գտնել իրենց հուզող շատ հարցերի պատասխանները, փորձում հասկանալ Հայաստանում եւ հարակից երկրներում տեղի ունեցող նոր իրողությունները, զարգացման հեռանկարները, առաջացած բազմաթիվ եւ տարատեսակ խնդիրների բնույթն ու գտնել դրանց լուծման ուղիները:
Գրքում բարեխղճորեն ներկայացված է նաեւ Ն. Հովհաննիսյանի պատկառելի ներդրումը դասագրքերի ստեղծման կարեւոր բնագավառում: Նշվում է, որ տարիների ընթացքում կուտակված գիտական փորձը եւ ամբարված գիտելիքները անվանի գիտնականին հնարավորություն են տալիս 1980-ականների կեսերից մեծ ուշադրություն դարձնել դասագրքերի ստեղծման կարեւորագույն գործին:
Գրքի մի բաժնում էլ ծավալուն անդրադարձ է կատարվել բազմաշնորհ գիտնականի հասարակական-քաղաքական գործունեությանը: Այստեղ մասնավորապես ասված է, որ Ն. Հովհաննիսյանը ոչ միայն միջազգային մեծ ճանաչում ունեցող գիտնական է, այլեւ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ: Այդ բնագավառում նրա մեծածավալ, բազմակողմանի գործունեությունը կապված է արեւելագիտական քաղաքական, մշակութային եւ գիտական խնդիրների հետ, առնչվել միջազգային, տարածաշրջանային եւ սփյուռքահայության հիմնահարցերին ու հանրապետության ներքին իրադարձություններին` ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության տարիներին եւ վկայակոչվում են բազմաթիվ պատկառելի օրինակներ:
Ամբողջական էջեր են կազմել տաղանդաշատ գիտնականի պարգեւների, մրցանակների, հոբելյանների առիթներով շնորհավորական եւ գնահատանքի ուղերձների թվարկությունը: Դրանցում իրենց արժանավույն տեղն ունեն ՀՀ նախագահի, Ամենայն հայեց Վեհափառի եւ հայրենի ու օտար նշանավոր անձանց եւ կազմակերպությունների կողմից ուղարկված բազմաթիվ վկայագրերը: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում լուսանկարների բաժինը, որտեղ հստակ ներկայանում է անվանի գիտնականի եւ իր սերնդի «հասունացման ու ձեռքբերումների» գործընթացը: Անչափ շնորհակալ եմ եւ հպարտ, որ լուսանկարներից մեկում ինքս էլ եմ արժանացել հարգարժան պրոֆեսորի կողքին լինելու եւ հիշատակվելու իրողությանը:
Ասելիք շատ կա, ավելացնեմ միայն, որ Ն. Հովհաննիսյանն իրապես մեր ժամանակների մեծություններից է, կենդանի դասական, մեր օրերում շատ քիչ հանդիպող ազնվական գիտնական, մարդ` բառի ամենաընդգրկուն իմաստով, եւ նրան նվիրված սույն գիրքը յուրատեսակ հուշարձան է, գնահատանքի խոսք, ինչպես նաեւ` գալիք սերունդների համար ուսանելի դպրոց ու կրթարան: