«Վերջին անգամ այսպիսի միջավայրում եմ գտնվել 33 տարի առաջ՝ Ազատության հրապարակում, երբ 18 տարեկան էի։
Դժբախտաբար, ես այդ ժամանակ մտածում էի, որ այդ օրերը մեզ համար բարի հիշողություններ են, մեր ինքնության վերականգնման խարիսխը, որի վրա կառուցվում է մեր կյանքը, բայց մենք այսօր նորից գոյամարտի առաջ ենք կանգնած»,- Միասնության հանրահավաքը տերունական աղոթքով սկսելով՝ այնուհետև իր ելույթում ասաց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նա իր խոսքն սկսեց՝ հիշելով Տավուշի Այգեպար գյուղում ապրող 10-ամյա Յուրային, որը իրենց դպրոցում 44-օրյա պատերազմի Հերոսներին նվիրված ցերեկույթի ժամանակ ասել է՝ ես ուզում եմ, որ մեր տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք։ Կիմանան, չէ՞ մեր տղերքը, որ մենք նրանց հետ նույնն նեք։
Տեր Բագրատը, 10-ամյա Յուրայի խոսքը կրկնելով, ասաց՝ մենք բոլորս նույնն ենք, որովհետև բոլորիս ցանկությունը հայրենիք ունենալն է։
«Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակերում, երբ ամենաորոշակին անորոշությունն է, երբ ներսից տագնապի, հուսահատության և վախի լեզվով են մեզ հետ խոսում, իսկ դրսից՝ ծաղրանքի ու նվաստացման լեզվով։
Մենք պետք է գործենք՝ ինչպես մոռացված ազգ, որը հույսն իր ուժերի վրա է դնում, իր բազկի վրա։ Պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամի վրա դնելուց։
Մեզ ասում են, որ մենք այսօր իրավունք չունենք իրավունք ունենալու, բայց Արցախը, ամբողջ հայությունը իրավունք ունի իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի՝ արյուն է հեղվել։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։ Ես հավատում եմ մեր սեփական հայկական համազգային օրակարգին՝ թելադրող, և ոչ պարտադրվող, ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պետք է Քարվաճառում Շուշիում, Հադրութում նորից ծածանվի՝ որպես հայոց արժանապատվության վերականգնման նոր արշալույս, ես հավատում եմ հայոց բանակի սխրանքին, ես հավատում եմ խաղաղությանը, որը արդարության ծնունդ է, հաղթանակող խաղաղությանն եմ հավատում։
Ինձանով խաղաղություն կունենաք, որովհետև ես հաղթեցի աշխարհին՝ ասաց մեր Տերը։
Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, հոգին հաղթելու է դուխին, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»,- շարունակեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Նա իր ելույթն ավարտեց՝ հիշելով 2 տարի առաջ այս օրը Շուշիում զոհված տավուշցի հերոս Վազգեն Գրիգորյանի։ Նրա դուստրը՝ 10-ամյա Նարեն, ասել է՝ մեծանամ, տանկիստ եմ դառնալու, որ հայրիկիս գործն ավարտեմ։
«Նարեին չի՛ մնալու իր հայրիկի գործն ավարտելը, նրա գործն ավարտելը մեզ է մնալու»,- հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ ասաց Տեր Բագրատը։