Հայոց պատմության մեջ շրջադարձային ամիս է դառնալու 2018-ի մայիսը, որովհետեւ նշվելու է Հայոց պետականության վերականգնման հարյուրամյակը: Այդ հիշարժան տարեթվին ընդառաջ լրատվամիջոցներն ու քաղաքական խմբակցություններն ամեն ջանք գործադրում են ուշադրության կենտրոնում հայտնվելու կամ առնվազն դրանում մասնաբաժին ունենալու համար: Քննարկումներ են կատարվում 1918-ի Առաջին հանրապետության կազմավորմանը նախորդած իրադարձությունների շուրջ: Նաեւ քննարկվում են Առաջին հանրապետության կայացմանը նպաստած ղեկավարների կուսակցական կամ խմբակցական պատկանելիության հարցերը: Սակայն չի խոսվում կամ քիչ է արծարծվում այդ հանրապետության անկման պատճառների կամ դրան հաջորդած Խորհրդային Հայաստանի գոյառման պատմական նշանակության մասին: Չէ՞ որ, ի վերջո, դրանով էր պայմանավորված հայերիս դրական կամ բացասական դիրքորոշումը կամ վերաբերմունքը մեր Մայր հայրենիքի նկատմամբ:
Հայաստանի կառավարությունը, որ ներկայիս կոալիցիա է կազմել ՀՅԴաշնակցության հետ եւ ձգտում է իրականացնել իր սեփական քաղաքական օրակարգը, գործնական քաղաքականություն է վարում եւ այնքան էլ միտված չէ պաշտպանելու պատմական ճշմարտությունը: Թվում է, թե ամեն ինչ հասանելի է ու դյուրամատչելի բոլորին:
Վստահ չենք, թե Հայաստանն ու սփյուռքը միասնաբար տոնո՞ւմ են Սարդարապատի ու Բաշ Ապարանի պատմական հաղթանակները, թե՞ վեց դար պետականությունից զրկված լինելուց հետո պարզապես նշում ենք պետականության սկզբնավորման առաջին փուլը:
Քանի որ վերոնշյալ մարտերին մասնակցել էին հասարակության բոլոր խավերը եւ դրանց որպես հետեւանք հառնած հանրապետությունը ողջունելի էր ու նշանակալի ցեղասպանությունից մազապուրծ բոլոր վերապրողների համար, խելամիտ կլիներ տոնել մեր պետականությա՛ն հարյուրամյակն ընդհանրապես, անկախ մեր տեսակետներից, թե ո՞ւմ կամ ի՞նչ պատճառներով կորցրեցինք Առաջին հանրապետությունը, կամ թե որքանո՞վ էր ինքնիշխան դրան հաջորդած Խորհրդային Հայաստանը, եւ կամ նույնիսկ թե ինչպե՞ս է իրեն դրսեւորում ներկայիս հետխորհրդային շրջանի ազատ ու անկախ Հայաստանը:
Ինչպես նշեցինք, մարտերին մասնակցել էր ամբողջ հասարակությունը, ներառյալ հոգեւորականներ եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Սարդարապատում հրամանատարը գեներալ Մովսես Սիլիկյանն էր, Բաշ Ապարանումՙ Դրոն: Փիրումյանը, Ղասապբաշյանը, Անդրանիկը եւ այլ հերոսներ նպաստեցին հաղթանակին: Եթե Սիլիկյանն ու Փիրումյանը անտեսվեցին, որովհետեւ չունեցան քաղաքական հետնորդներ, ապա Դրոն եւ Գարեգին Նժդեհը փառաբանվեցին, հակառակ որ գնահատանքի արժանի հերոսներ լինելուց հետո, երկուսն էլ համագործակցեցին նացիստների հետ: Մետրոյի Հանրապետության կայարանին կից նախատեսված Արամ Մանուկյանի արձանը, ամբողջովին փաթաթված եռագույն դրոշով եւ կուսակցականի իր դրոշմով նսեմացնում է տոնակատարության համաժողովրդական բնույթը:
Ճիշտ է, առաջին կառավարության ղեկավար պաշտոններում հիմնականում ՀՅԴ կուսակցության անդամներն էին, որոնց արժանին պետք է մատուցել, սակայն կաբինետում ընդգրկված էին նաեւ Ժողովրդական կուսակցության անդամները, որոնք մտավորականության ներկայացուցիչներ լինելով Արեւմուտքին էին ուղղել իրենց հայացքները եւ էվոլյուցիոն գաղափարախոսությանն ավելի էին հակված, քան այդ ժամանակների մոդայիկ դարձած ռեւոլյուցիոն գաղափարախոսությանը:
Առաջին հանրապետությունը մարմնավորեց ցեղասպանությունից վիրավոր բոլոր հայերի երազանքը: Դեպի Ստամբուլ եւ Եգիպտոս Ալեքսանդր Խատիսյանի կատարած դրամահավաքի ճանապարհորդությունները ոգեւորությամբ ընդունվեցին այդ վայրերում: Ռամկավարներն ու վերակազմյալ հնչակյանները, որոնք հետագայում ժողովրդական կուսակցությանը միանալով կազմեցին Ռամկավար ազատական կուսակցությունը, առատաձեռնորեն մասնակցեցին դրամահավաքին: Եգիպտոսում պատվիրակությունը նաեւ բրիտանական բանակի հետ համաձայնություն կնքեց նորափթիթ հանրապետությանը ռազմաօդային ուժեր տրամադրելու վերաբերյալ:
Այս նշումները կատարում ենք ոչ թե կուսակցական գաղափարախոսություն առաջ տանելու նպատակով, այլ ցույց տալու եւ շեշտելու համար, որ առաջին հանրապետությունը պատկանում էր ամբողջ հայ ժողովրդին, անկախ կուսակցական պատկանելիությունից եւ այսօր հարյուրամյակի տոնակատարությունը նույնպես պետք է արտահայտի այդ համապարփակ պաշտպանության բնույթը:
Առաջին հանրապետության անկումից հետո Խորհրդային Հայաստանը ավելի շուտ դարձավ կռվախնձոր, քան պատմական հեռանկարով իսկական ձեռքբերում: Նրա ինքնավարությունը կոմպրոմիսի ենթարկվեց հօգուտ նրա անվտանգության: Խորհրդային իշխանության 70 տարիները բաժանեցին սփյուռքահայությանը: Անխնա արշավ ծավալվեց Երեւանի նախկին իշխանության դեմ, որն անշուշտ չազդվեց այդ արշավից: Բայց ազդվողն ու տուժողը եղավ սփյուռքի միասնությունը: Նաեւ սփյուռքի ու հայրենիքի մարդկանց հարաբերությունը:
Հակառակ խորհրդային կառավարության հետ ունեցած իր գաղափարական տարբերություններին ՌԱԿ-ը ամեն ջանք գործադրեց նորմալացնելու, սնուցանելու այդ հարաբերությունները, եւ երբ «երկաթյա վարագույրը» պատռվեցՙ հայոց աշխարհի այդ երկու (Հայաստան, Սփյուռք) հատվածներն առնվազն բավականին ծանոթ էին միմյանց:
Հակառակ ստալինյան բռնատիրական զտումներին եւ Երկրորդ աշխարհամարտում ընկած մարդկային անթիվ-անհամար զոհերին, Խորհրդային Հայաստանը, պետք է խոստովանել, դարձավ ապահով ապաստան մեր ազգի համար:
Խորհրդային Հայաստանի ղեկավարներից շատերը, կոմունիստական գաղափարախոսության դրոշի ներքո, թույլատրված չափով ծավալեցին ազգային քաղաքականությունՙ կանգնեցնելով Սարդարապատի եւ Ցեղասպանության հուշահամալիրները: Բայց նաեւ զարկ տալով հայկական մշակույթի ու գիտության բուռն զարգացմանը:
Խորհրդային շրջանին ստեղծված տնտեսական, արդյունաբերական եւ գիտական բազան, ափսոս, անողոքաբար թուլացավ վերջին 26 տարիների ընթացքում, բայց դեռեւս շարունակում է պահպանել իր գոյությունը: Այժմ երբ խորհրդային խրտվիլակը չքացել է, ժամանակն է անկողմնակալ գնահատական տալ այդ ժամանակաշրջանին:
Այն ինչ ընդհանուր ուղղություն էր Առաջին եւ Երկրորդ հանրապետությունների ժամանակ, այժմ Երրորդ հանրապետության օրոք ետին պլան է անցել: Ցեղասպանության սարսափները վերապրած ժողովուրդը մեծապես գնահատում էր ազգի, պետության ծնունդը, եւ հակառակ որոշակի անբարենպաստ պայմանների, ձգտում էր դեպի տուն, հայրենիք վերադառնալ: Հայերը հարուստ մշակութային կյանք էին վարում Թբիլիսիում: Նույնիսկ Ազգային խորհուրդը, որը հետագայում դարձավ Երեւանի առաջին կառավարության կորիզը, տեղակայված էր Թբիլիսիում: Երեւանը սոցիալ-տնտեսական ցածր մակարդակի վրա էր գտնվում, բայց մարդիկ եւ ղեկավար անձնավորություններ տեղափոխվեցին այդ հետամնաց շրջանը, որպեսզի կառուցեն մի նոր հայրենիք: Նույնիսկ խորհրդային ժամանակահատվածում Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը եւ շատ ուրիշ արվեստագետներ ու մտավորականներ հաստատվեցին Հայաստանում, իրենց հետ բերելով նաեւ վտարանդիներին: Հայաստան ներգաղթելու, հայրենադարձության մի ալիք սկիզբ առավ 1920 թվականներին եւ շարունակվեց մինչեւ 1960-ական թվականները:
Այժմ, երբ անկախություն ենք ձեռք բերել, մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացին, եւ ոչ ոք չի կարողանում կանգնեցնել այն: Այսօրվա արվեստագետները, գրողները, կատարողական արվեստի ներկայացուցիչները ռաբիզ մշակույթ են արտահանում Արեւմուտք եւ այնտեղից քաղելով վատթարագույն ուղղություններըՙ դարձյալ հայաստանցիներին մատուցում խառնուրդըՙ ֆիլմերի եւ այլ սոցտեղեկատվության միջոցներով:
Նախաձեռնողական ոգին, որ առաջ էր մղում Առաջին եւ Երկրորդ հանրապետությունների սերունդներին, անհետացել է: Հայաստանի նկատմամբ մի անսկզբունք ստորացուցիչ վերաբերմունք է ձեւավորվել սփյուռքում, որը քայքայում է ինքնարժեւորումը հայաստանցիների շրջանում:
Անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք մեր ակունքներին, մեր արժեքներին եւ մեր նախկին, գուցե հնացած, հայրենասիրությանը:
Մինչեւ բոլորս իրադրության բարձրության վրա չլինենք, հարյուրամյակի տոնակատարությունը կարող է սոսկ հանդիսավոր առիթի վերածվել, ինչպես շատ ուրիշ միջոցառումներ:
Մայիսը սարերի ետեւում չէ: Պատրա՞ստ ենք, արդյոք, հարյուրամյակի ոգին ըստ արժանվույն դիմավորելու:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)