Նախագահ Սահակյանը ԱՄՆ Կոնգրեսում. իսկ ե՞րբ Ռուսաստանում
Բաքուն հերթական քաղաքական ցնցումն է ապրում: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին մարտի 14-ին ընդունեցին ԱՄՆ Կոնգրեսում: Ի պատասխանՙ Բաքուն բողոքի նոտա հանձնեց ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտեին: Ինչպես հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւը , Վաշինգտոնը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրաՙ խոչընդոտելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին:
«Մյուս ոլորտներում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների առկայության պայմաններում զարմանք հարուցող այս քայլը մենք գնահատում ենք որպես ԱՄՆ-ի դիրքերի փոփոխություն հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության նկատմամբ եւ այն համարում ենք կանխակալ: Ադրբեջանի դեմ ուղղված նախահարձակման եւ արյունալի էթնիկական զտման արդյունքում ստեղծված անջատական վարչակարգի ներկայացուցչի ընդունումը այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում հետխորհրդային տարածքի մյուս ինքնահռչակ վաչակարգերի դեմ, երկակի չափանիշների դրսեւորում է: Նմանօրինակ քայլով Միացյալ Նահանգները իրեն հարված հասցրեց ադրբեջանական ժողովրդի եւ հանրային կարծիքի աչքում: Նման վարքագծին ի պատասխան, Ադրբեջանը կհիմնվի համարժեքության սկզբունքների վրա», հայտարարեց Հաջիեւը:
Հասկանալի է, որ բողոքի այդ նոտան հասցվել է ԱՄՆ պետդեպարտամենտ: Սակայն վերջինս կարծես թե որեւէ կապ չունի տվյալ անցուդարձի հետ: Անցյալում եւս նման բաներ եղել են, երբ Կոնգրեսի դիքորոշումը չի համընկել պետդեպարտամենտի հայտարարություններին: Այժմ, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ոչ թե պետդեպարտամենտը, այլ հենց Կոնգրեսն է վարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Ավելին, վերջին տարիներին հենց Կոնգրեսի որոշմամբ Ստեփանակերտին տարբեր ծավալներով հատկացվում է փոքր ֆինանսական օգնություն ի շրջանցումն Բաքվի, որի բողոքները անտեսվել եւ անտեսվում են: Օրենսդիրների պաշտոնական փաստարկը այն վնասի փոխհատուցումն է, որ Հայաստանն ու Արցախը կրում են իրենց հարեւաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռնարկած շրջափակման հետեւանքով:
Սակայն ռուս վերլուծաբաններ Ստանիսլավ Տարասովը եւ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին «Ռեգնում» գործակալության կայքում այն կարծիքն են հայտնում, որ խնդիրը շատ ավելի խորն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների մեջ միայն ԱՄՆ-ն է հետեւողականորեն աջակցում Արցախի Հանրապետությանը, ինչը խորհել է տալիս, որ միայն նա է, որ խնդիր չի համարում Արցախի պաշտոնական օրինականության հարցը:
Այլ կերպ ասած, Վաշինգտոնը հրաժարվում է իրավիճակին նայել Բաքվի աչքերով, ինչը վերջերս ակնբախորեն արտահայտեց ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը , որը ներկայացրեց «ԱՄՆ-Արցախ. այցելություններ եւ շփումներ» նախագիծը: Վերջինս միտված է Արցախի եւ ԱՄՆ-ի երկկողմ կապերի հաստատմանը եւ ամերիկացի պաշտոնական անձանցՙ Ստեփանակերտ այցելելու արհեստական խոչընդոտների վերացմանը: Փալոնի կարծիքովՙ ոչ թե բացառման, այլ հենց ներգրավման սկզբունքն է տարածաշրջանում լարվածության մեղմացման նախադրյալը:
Ի դեպ, գրեթե համանման դիրք է բռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրըՙ Ֆրանսիան, ուր հաճախ այցելում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները, եւ որտեղ արցախցիները մերթընդմերթ կազմակերպում են ԼՂ-ին նվիրված զանազան միջոցառումներ: Ըստ որում, պաշտոնական Փարիզը հայտարարում է, որ ինքը հետեւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, հանդես է գալիս ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին եւ ձեռնպահ է մնում Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից:
Իրեն ուրիշ կերպ է պահում Մոսկվան: Փաստորեն բոլոր մակարդակներում նա շրջափակում է Ստեփանակերտի հետ փոխհարաբերությունների կառուցումը առանց նրա կարգավիճակի ճանաչմանՙ ի հեճուկս Վաշինգտոնի եւ Փարիզի քայլերի: Մոսկվան չգիտես ինչու կանգնած է Բաքվի դիրքերումՙ «բացառում, այլ ոչ թե ներգրավում», ինչը հազիվ թե համապատասխանի Ռուսաստանի իրական շահերին: Պետք է խոստովանել, որ իր ռուսաստանցի լոբբիստների վրա հենվող ադրբեջանական դիվանագիտությունը այս ուղղությամբ նկատելի հաջողությունների է հասել եւ հմտորեն մանեւրում էՙ օգտվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տարաձայնություններից: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Մոսկվայի եւ Ստեփանակերտի ոչ պաշտոնական շփումները կարող էին նպաստել Բաքու-Երեւան հարաբերություններում լարվածության մեղմացմանը:
Եվ ահա առաջին պարադոքսը: Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամներ, միչդեռ Ադրբեջանը վարում է, փաստորեն, արեւմտամետ արտաքին քաղաքականություն, Թուրքիայի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, հայտարարում է ոչ թե ռուսական, այլ եվրոպամետ կողմնորոշման մասին:
Երկրորդ պարադոքսը. Երեւանն ու Բաքուն միասին, թեեւ տարբեր արահետներով, շարժվում են դեպի Եվրոպա, որտեղ, ի դեպ, Երեւանի եւ Ստեփանակերտի դիվանագիտությունը սկսել է հասնել նկատելի հաջողությունների: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա, գործելով Մինսկի խմբի պաշտոնական կանոններով, հայտնվում է մեկուսացման մեջՙ հրաժարվելով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված սեփական նախաձեռնությունների առաջադրումից:
Դա ռազմավարական լուրջ սխալ է, որի հետեւանքները կդառնան տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղումը եւ տարածաշրջանային անվտանգության համակարգի կառուցման գործում Արեւմուտքի կողմից նախաձեռնությանը տիրանալը: Միայն ՌԴ արտգործնախարարության մերօրյա միամիտ տրոցկիստները կարող են հավատալ այն բանին, թե Մոսկվա-Անկարա-Բաքու դաշիքը տարածաշրջանում կամրապնդի Ռուսաստանի դիրքերը: Ժամանակին այդ ուղղությամբ Աթաթուրքը Ստալինից ավելի խորամանկ գտնվեց: Այժմ նույն խաղը կարող են խաղալ Ալիեւն ու Էրդողանը Պուտինի դեմ:
Պարզենք ներկայիս աշխարհաքաղաքական դասավորվածությունը: Ռուսաստանին շրջանցելովՙ Բաքվի էներգետիկ նախագծերն իրականացնելու նպատակով նախ Ադրբեջանը, ապա նաեւ Վրաստանը առավելագույն ջանքեր գործադրեցին ԱՄՆ-ին եւ Թուրքիային տարածաշրջան բերելու համար: Ռուսաստանին հաջողվեց ամրապնդվել միայն Հայաստանում: Դատելով բոլոր նշաններից, ավելի ուշ ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները անաղմուկ սկսեցին հեռանալ ԼՂ հակամարտության նկատմամբ հավասար հեռավորության սկզբունքից, մինչդեռ Ռուսաստանը շարունակում էր խաղալ անկախ իրավարարի դերը: Ու թեեւ ուժերի հավասարակշռությունը փոխհատուցվում էր Հայաստանին զենքի մատակարարմամբ, դա Երեւանի կողմից խորացնում էր եւ խորացնում է Ռուսաստանի քաղաքական անվստահությունը: Մանավանդ որ Արցախի նկատմամբ Մոսկվան խաղը վարում է ադրբեջանական կանոններով, մինչդեռ Երեւանն ու Ստեփանակերտը սկսել են բազմակողմանի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունըՙ հույս չունենալով, թե Մոսկվան Բաքվին կառաջադրի շրջափակումը վերացնելու սեփական պայմանները:
Ռուսաստանի այդօրինակ քաղաքականությունը վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս Արցախի դեմ կայծակնային պատերազմի հույսեր փայփայել: Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայում հայտարարում են, թե Ռուսաստանի նպատակը եւս մեկ ռազմական բախում թույլ չտալն է: Սրանք լոկ խոսքեր են, իսկ որտե՞ղ են գործերը: Արժե հիշեցնել ռուսաստանցի գեներալների այն խոսքերը, թե Հայաստանի ղեկավարությունը չի ակնկալում, թե ՀԱՊԿ անդամ երկրները ամեն մի հակամարտության (առավել եւս ղարաբաղյան հակամարտության) դեպքում զենքը ձեռքներին կնետվեն Հայաստանը պաշտպանելու: Ըստ երեւույթին, ռուս գեներալներին պետք է արգելվի հանդես գալ քաղաքական հայտարարություններով: Պատահական չէ, որ Բաքվում դա գնահատեցին որպես պատերազմելու հնարավորության եւ Ռուսաստանի ադրբեջանամետ դառնալու ազդանշան:
Այս համատեքստում, Բակո Սահակյանի ԱՄՆ այցելելու կապակցությամբ տրամաբանական է թվում Ադրբեջանի ԱԳՄ մամլո քարտուղարի արած հայտարարությունը, թե «այս քայլը մենք գնահատում ենք որպես ԱՄՆ-ի դիրքերի փոփոխություն հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության նկատմամբ եւ այն համարում ենք կանխակալ»: Տարասովը եւ Ստրեմիդլովսկին կարծում են, որ տվյալ հակամարտության նկատմամբ Մոսկվայի կորպորատիվ վերաբերմունքի դրսեւորման լուրջ գործոնը այսպես կոչված անջատական ուժերի հետ հարաբերություններ կառուցելու անկարողությունն է կամ չկամությունը, ուժեր, որոնք, ամերիկացի մի շարք քաղաքագետների ու փորձագետների գնահատմամբ, արդեն կառուցել են ժողովրդավարական պետություն:
Այս ուղղությամբ Ռուսաստանը պետք է դուրս պրծնի ստեղծված հոռի շրջանից: Ըստ հոդվածագիրների, վաղուց ժամանակն է Մոսկվա հրավիրելու ԼՂ ղեկավարությանը եւ երկխոսություն սկսելու նրա հետ, ինչպես դա անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Ինչ վերաբերում է Ադրբեջանի բողոքներին, դրանցից չի վախենում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ֆրանսիան: Արդ, ինչո՞ւ պետք է դրանցից վախենա Մոսկվան, եթե իրոք ուզում է ձերբազատվել իր անդրկովկասյան քաղաքականության մեջ թույլ տված վրիպումներից: Ռուսաստանի համար Բաքվի ու Երեւանի միատեսակ կարեւորությունն անվիճելի է: Ժամանակն է այդ սխեմայի մեջ ներառելու նաեւ Ստեփանակերտը: Առայժմ Մոսկվան պահպանում է թե՛ Վաշինգտոնի, եւ թե՛ Անկարայի նկատմամբ հսկայական առավելությունները, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ խոր փոխզիջման հասնելու հնարավորությունները: