«Ազգ»-ի հյուրն է հայկական առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը: Մեր զրույցի թեման է Ազգ-բանակ կոնցեպտը եւ դրա կարեւորությունը Հայաստանի համար: «Ազգ»-ը պատրաստվում է այդ խնդրի շուրջ մի շարք հարցազրույցներ ներկայացնել իր ընթերցողներին եւ այս շարքում սա առաջին փորձն է:
– Պարոն Վարդանով, կցանկանայի խոսեինք հայկական բանակի արդիականացման ծրագրի մասին, որի գաղափարիՙ ազգ-բանակ կոնցեպտի մասին դեռ մեկ տարի առաջ հայտարարեց նախարար Վիգեն Սարգսյանը: Որքանո՞վ է դա արդիական, արդյոք դա ուշացած չէ, ու արդյոք կա դրա անհրաժեշտությունը, եւ արդյոք դա կապված է ապրիլյան պատերազմի հետ ու կա անհրաժեշտություն անընդհատ արդիականացնելու բանակը:
– Յուրաքանչյուր սոցիում կենդանի օրգանիզմ է եւ եթե այն չի զարգանում, կեսունակ չէ. նույնը եւ բանակը, որը անընդհատ պիտի զարգանա: Մեր բանակի խնդիրներից մեկն այն էր, որ մենք ավելի շատ տեղ էինք տալիս քանակին:
Որակի վրա աշխատելը շատ քիչ էր տեղի ունենում: Հասկանալի պատճառներ կային, որ սկզբից հրամանատարական կազմն էր պատերազմի մասնակից, որ փորձ ուներ, բայց մեթոդներին չէր տիրապետում, չէր տիրապետում նաեւ սովորեցնելու մեթոդաբանությանը: Հետո ամեն ինչը քիչ-քիչ սկսեց կարգավորվել, բայց զարգացման տեմպերը շատ դադաղ էին, կարելի է ասելՙ մենք ճահճի էինք վերածվել: Ազգ-բանակ կոնցեպտն էլ կարող է նույն ձեւի ճահճացում լինի, բայց դա այն է, ինչով ես ապրում եմ 88-89 թվականներից ու ինձ համար դա արդեն իսկ շատ կարեւոր է: Այն ինչն սկսեց Վիգեն Սարգսյանը անելՙ ցույց տվեց, որ այդ ճահճացած վիճակից դուրս է հանում բանակը. դրանք լուրջ փորձեր են, ու ոնց որ թե մի-երկու բան արդեն հաջողվել է:
Կարող ենք տարբեր բաների անդրադառնալ, օրինակՙ զինվորի սոցիալական ապահովության հարցը: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ երբ մարդ է զոհվում պատերազմի դաշտում, դա սարսափելի կորուստ է ընտանիքի, նրա հարազատների համար, իսկ եթե զինվորը վիրավորվում էր, ապա դա հսկայական սոցիալական բեռ էր նրա ընտանիքի համար ու այդ ընտանիքը սոցիալական այդ համակարգում մի քանի աստիճան ներքեւ էր իջնում, որովհետեւ հաշմանդամ պահելը շատ ծանր բեռ էր եւ շատերը այն չէն կարող կրել: Հիմաՙ կա այսպես կոչված հազար դրամանոց ծրագիրը, որը ես կարծում եմ, որ հենց սկզբից պետք է շեշտվեր, որ ապահովագրական հիմնադրամ է: Ազգ-բանակի գաղափարը ճիշտ է, քանի որ եթե դա է քո գաղափարը, ապա բանակում եղած յուրաքանչյուր դեպքի պետք է տեր կանգնես, հետեւանքների ազդեցությունը պիտի ողջ հասարակությունը իր վրա զգա: Ներկայացվեցին նաեւ ծրագրեր, որտեղ առաջին անգամ զինվորը ընտրության հնարավորություն ունի, թե ինչ ծրագրով ծառայի: Երբ մարդ միայն պարտականություններ է ունենում զինվորական ծառայության մեջ, նրա մոտ համապատասխան վերաբերմունք է ձեւավորվում, բայց երբ դու ընտրություն ես ունենում, արդեն սկսում ես հասկանալ նաեւ քո իրավունքները ու կիրառել դրանք:
Ահա այդ ծրագրերի ներմուծումով ՙ «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ», կգա նաեւ իրավունքի գիտակցությունը: Օրինակ, իմ մի որդին հիմա օգտվում է այդ իրավունքիցՙ մագիստրոսականը ավարտելուց հետո, երկրորդ որդիս ավարտում է բակալավրիատը եւ նույնպես պատրաստվում է այդՙ «Ես եմ» ծրագրով ծառայել: Մարտական ծառայությունը դա եղբայրություն է, իսկ այդ ծրագրերը հենց այդ եղբայրության կայացմանն են նպաստում, որովհետեւ առանց այդ եղբայրության, դժվար է: Այս ծրագրերը նաեւ որոշակի սոցիալական հարցեր են լուծում: Սա նաեւ այն խնդիրն է լուծում, որ զինվոր պահել հասկացությունը վերանում է եւ նա այլեւս բեռ չի ընտանիքի համար, այլ հակառակըՙ մի բան էլ օգնում է: Ճիշտ է, դրա հաշվին մի տարի ավել է ծառայում, բայց դե վերջում 5 միլիոն դրամ գումար է ստանում, գումարած ամսական վճարները: Կարճ ասած, դրանք լավ ծրագրեր են:
– Արցախյան հերոսամարտից հետո մեր ռազմական ղեկավարության կողմից ստեղծված հայկական բանակը սովետական բանակի փոքր տարբերակն էր. արդյոք ժամանակը չէ՞, որ դա փոխվի, եւ արդյո՞ք ազգ-բանակը կբերի կառուցվածքային փոփոխության:
– Պիտի որ փոխվի: 90-ականների սկզբին, երբ ձեւավորվեց բանակըՙ 1992-ից, սովետի կրկնությունն էր, բայց դե այլ կերպ անհնար էր, որովհետեւ բնակչության մեծ մասը ծառայել էր սովետական բանակում, դա նրանց համար հասկանալի սխեմա էր, որի մէջ ավելի հեշտ էր ընդգրկվել, քան օտար սխեմաների մեջ: Բայց պետք չի մոռանալ, որ 92-93թթ հաջողությունները գրեթե միշտ եղել են զորակոչային բանակային կազմավորումների եւ կամավորական զորաջոկատների համատեղ գործողությունների արդյունքում: Կարճ ասած, երբ ռուսական զորքերը դադարեցին թուրքերին անմիջական օգնություն հասցնել, այդ ժամանակ մեզ հաջողություն բերեցին ջոկատների եւ բանակային ստորաբաժանումների համատեղ գործողությունները: Ի դեպՙ ջոկատներ կային, որ մինչեւ վերջ էլ չընդգրկվեցին բանակային համակարգում եւ զինադադարից հետո ինքնալուծարվեցին: Սակայն այդ մոդելիցՙ կամավորական ջոկատների եւ բանակային ստորաբաժանումերի միջեւ աշխատանքի սկզբունքից հեշտությամբ հրաժարվեցին, ու նմանակումներ արեցին սովետական տարբեր ստորաբաժանումներից, եւ այդ պահից էլ սկսվեց ճահճացումը: Իսկ այն, ինչը հաջողություն էր բերել, այդ ջոկատները, որոնք հարձակումների կիզակետում էին, այդ փոքր ջոկատների շարժունակությունը, մանեւրելը, մեկ այստեղ, մեկ այնտեղ խփելը շատ դժվար էր անել բավականին մեծ ստորաբաժանումներով. այդ մանեւրելու արդյունքում էր մեր հաջողությունը, ու եթե այդ մոդելից մենք հրաժարվել էինք, դա մեր բանակաշինության զարգացման դանդաղեցման պատճառը եղավ:
– Կամավորականության մասին խոսեցիք եւ նշեցիք, որ պատերազմից հետո դրանից հրաժարվեցինք: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, չարժե այս ազգ-բանակ կոնցեպտի մեջ ներառել դրա վերականգնման խնդիրը: Որովհետեւ այդ ջոկատներըՙ Մեծն Տիգրանը, Արաբոն կամ մյուսները նաեւ որոշակի ավանդույթներ էին ձեւավորել: Երբ ազգ-բանակ կոնցեպտը համեմատում ենք այլ երկրների բանակի ձեւավորման հետ, օրինակՙ պահեստազորի տարբեր մոդելների հետՙ ֆիննական, շվեյցարական, իսրայելական եւայլն, ապա Հայաստանում հանձին կամավորականության մի մոդել էր ձեւավորվել, որոշակի սկզբունք, որից, ինչպես դուք նշեցիք, շատ հեշտությամբ հրաժարվեցինք: Հիմա հնարավո՞ր է դա ինչ-որ ձեւով վերականգնել:
– Չեմ կարող ասել, կգնա՞ն դրան, թե չէ, կվերականգնե՞ն այն, թե չէ: Կազմակերպված ռեզերվի սխեման, որը առաջարկվում է, շատ կարեւոր է: Ինչպես նշեցիք, Ֆինլանդիայում կա, Իսրայելում կա: Կազմակերպված ռեզերվը դրանք այն ստորաբաժանումներն են, քիչ թե շատ մասնագետներից հավաքագրված, որոնք շատ արագ հավաքվող ու առաջնագիծ դուրս եկող ստորաբաժանումներ են: Դա շատ կարեւոր է, բայց մի պահ հասկանանք, որ հասարակությունը երբ դժվարությունների է հանդիպում, առաջին հերթին իր միջից առաջ են մղվում կամավորականները, որոնք առաջինն են գնում, որոնք շատ հաճախ, նույնիսկ մասնագիտական փորձ չունենալով, գիտելիքներ չունենալով, բայց առաջինն են արձագանքում, դա հասարակության սերուցքն է: Ինչքան մեծ տոկոս է կազմում կամավորականությունը, այնքան էլ մեծ է վտանգը: Օրինակ, ապրիլյան օրերին կամավորականության մեծ շարժումը պայմանավորված էր այն վտանգով, որը հասարակությունը զգում էր, հետեւաբար հասարակության պաշտպանվելու այդ մոդելը մենք չպիտի դեն նետենք: Դարերով պետություն չենք ունեցել, ու մենք այդ վտանգներին արձագանքել ենք` այդ սերուցքը նետելով առաջ` ֆիդայականության տեսքով եւ այլն: Ու այդ ձեւավորված ավանդույթներից հրաժարվելը իհարկե սխալ է: Մենք միջուկային երկիր չենք, որի վրա ոչ ոք ռիսկ չի անի հարձակվել, պարզվում է, լավ էլ ռիսկ կանեն: Մեր միջուկային զենքը մեր մեջ եղած մարդկային ռեսուրսն է, հանձին կամավորականության:
– Ազգ-բանակ կոնցեպտում առաջին անգամ սկսել է օգտագործվել «ակտիվ-պահեստազոր» տերմինը: Եթե անկեղծ լինենք, ապա պահեստազորը թղթի վրա կա, սակայն իրական կյանքում մենք դրա ակտիվությունը չենք տեսնում: Մեր պահեստազորային այն տղաները, որոնք ասենք 10-15 տարի առաջ ծառայել են բանակում, այսօր արդեն կորցրել են այդ հմտությունները, ու եթե վաղը պետք լինի գնալ մարտի դաշտ, նրանք կնմանվեն այն նորակոչիկներին, որոնք ոչինչ չգիտեն: Ըստ ձեզ, ակտիվ պահեստազորը ի՞նչ բան է:
– Ակտիվ պահեստազորը, այն ծրագրով, որը ներկայացրել է ՊՆ-ը, նշանակում է ամսվա մեջ մի քանի պարապմունք եւ տարվա մեջ մեկ ամիս ակտիվ վարժանքներ: Շատ հոյակապ մոդել է, բայց նաեւ ստացվում է, որ կամավորականության սկզբունքից դու հրաժարվում ես: Կամավորականությունը իմ կարծիքով շատ դրական երեւույթ է, ազգի առաջատարներն են միշտ եղել ավանգարդում, առջեւից գնացողները, եւ կազմակերպված պահեստազորը ինչ-որ տեղ փորձ է փակելու կամավորականության պակասը, կազմակերպված, ռազմական գործի ծանոթ, սակայն մշտական ծառայության մեջ չգտնվող փոքրիկ ռազմական կոլեկտիվներով: Ռազմական գործը բարդ գործ է, միայն զենքին տիրապետել շատ քիչ է, պետք է իմանալ ով է քո աջից ու ձախից կանգնողը, ով է ձեզ մեքենայով հասցնում, որ զրահատեխնիկան է լավ կրակում, կամ լավ չի կրակում, այս մի հրետանավորը քեզ կկարողանա՞ նորմալ պաշտպանել տանկային հարձակումից, թե՞ ոչ, զինախաղերին դու տեսե՞լ ես, թե ո՞վ ինչ արժե: Այսինքն, ռազմական կոլեկտիվ իրենք կարող են դառնալ նույնիսկ մշտապես չծառայելով բանակում. այդ պայմաններում այն կարող է շատ արագ հավաքվել եւ դուրս գալ ռազմի դաշտ: Ես քննարկումների ժամանակ փորձեցի կամավորականության հարցը բարձրացնել, բայց ինձ պատասխանեցին այն դրույթների շրջանակում, որ գրված է, այսինքնՙ պատասխան չստացա: Բայց մենք վաղ թե ուշ կվերադառնանք դրան, որովհետեւ դրա կարիքը կա, եւ հասարակությունն ինքն է այդ հարցը առաջ քաշում, որովհետեւ հասարակությունը շատ ավելի խելացի է, քան ամենահանճարեղ ռազմական շտաբը:
– Մանավանդ ճգնաժամերի պայմաններում հասարակության արձագանքը շատ ավելի առողջ է ու ճիշտ, ու դրա հետեւից պետք է գնալ:
– Ես իմ փորձից մի օրինակ բերեմ: 88-ի շարժումը երբ սկսվեց, յուրաքանչյուր մարդ իրեն հանճարի տեղ էր դնում, ես էլ էի իմ մասին այդ կարծիքին, դե ես Սովետի ռազմական հետախուզության (թՀձ) հատուկ ուժերում էի ծառայել, մարտական փորձ ունեի եւ ինձ թվում էր, որ ամեն ինչ հասկանում եմ, ու համոզված էի, որ Սումգայիթից հետո վտանգված է հայությունը դրսում: Եվ մեկ տարի զբաղված էի իմ ցեղակիցների դուրս բերմամբ մերձկասպյան թուրքերի տարածքից: Բայց ես համոզված էի, որ ջոկատներ ստեղծելու կարիք չկա եւ այն սահմանային խնդիրները, որ կան, սովետական բանակը կլուծի: Միայն մեկ տարի անց, 1989թ. սեպտեմբերին, իմ սխալը հասկացա: Հասարակության արձագանքը ավելի ճիշտ էր, ջոկատները արդեն ստեղծվում էին ու սահմաններ էին դուրս գալիս պաշտպանելու: Երբ ինձ, որպես պարտիզանական մեթոդների մասնագետի, ուղարկեցին ջոկատներ, արդեն այնտեղ տեսա, որ այդ խնդիրները, որ կան, իրենք լուծել են, ջոկատները կազմավորվել են ու գործ են անում: Ինձ հետո ուղարկեցին Իջեւանՙ պարտիզանական գործողությունները կոորդինացնող Բաղդասարյան Գեւորգին որպես օգնական, որպես մասնագետ: Կարճ ասած, հասարակությունը ինձանից խելոք էր 100 տոկոսով, եւ 2016 թ. ապրիլը ցույց տվեց, որ հասարակությունը ավելի խելացի դուրս եկավ, քան մեր ռազմական ղեկավարությունը:
– Ազգ-բանակ կոնցեպտում նաեւ խոսվում է առաջնորդության մասին եւ, որ այստեղից պետք է դուրս գան ապագա Հայաստանի առաջնորդները: Սա իմ կարծիքով նոր երեւույթ է, որովհետեւ եթե նայենք մեր այսօրվա կառավարությանը, ապա նրա անդամների մեծ մասը թեկուզ մեկ օր չեն ծառայել բանակում: Ըստ ձեզ դա դրական արդյունք կտա՞:
– Եթե վերցնենք տարբեր մարդկանց, խավերի, նրանց երեխաների պետական կարիերա կառուցելու խնդիրները, ապա մենք 90-ականներին ունեինք դեպքեր, երբ մարդիկ զորամասում ընդհանրապես չէին երեւում, բայց իրենց թղթերը գալիս էին, որ իբր թե նրանք ծառայել են: Այդ հարցերը երեւի այլ կերպ է պետք լուծել: Բայց մտցնել սկզբունք, որ մարդը եթե չի ծառայել հայկական բանակում կամ ռազմական պատրաստություն չի տեսել, այդ թվում եւ կինը, նա այդ դեպքում քաղաքացիության իրավունք չունի, դա ճիշտ կլինի: Քաղաքացիությունը չի կարող ի վերուստ տրվել, եթե նույնիսկ դու այդ ազգի ներկայացուցիչ ես, բայց ՀՀ քաղաքացի լինելու համար պիտի ինչ-որ բան արած լինես: Ու պետությունը նաեւ պետք է առաջին հերթին իր քաղաքացիների համար պատասխանատվություն կրի: Իմ կարծիքով, նույնիսկ կանայք պետք է ռազմական գործ ուսումնասիրեն, պարտադիր չէ երկու տարի, թեկուզ 2-3 ամիս, առանց աշխատանքից ու տնից կտրվելու ստանան համապատասխան պատրաստություն, որ նաեւ ընտրվելու իրավունք ունենան, պետական կառույցների մեջ ընդգրկվելու եւ այլն: Օրինակ, իմ ծանոթն էր պատմել, որ Իսրայելում, երբ մի հայ երիտասարդ մի աղջկա ձեռք էր խնդրել, ապա առաջին հարցը, որ նրան տվել էին, թե դու որտեղ ես ծառայել, ու երբ նա պատասխանել էր, որ ոչ մի, ապա նրան հրաժարվել էին աղջիկ տալ, ու դա եղել է հայկական ընտանիք: Այ դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք. բանակում չես ծառայել, պետք է շատ բաներից զրկվես, այդ թվումՙ կնոջ ձեռք խնդրելու իրավունքից: