ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ, Բոստոն
Ֆրանսիայում հայկական հոծ բնակչություն ունեցող կենտրոններից է Դեսինը, որ Ռոն Ալպեր տնտեսական շրջանում գտնվող Լիոնի արվարձաններից է: Այստեղ, ուրիշ մի շարք հայկական հիմնարկությունների շարքում, որոնք բոլորն էլ գտնվում են 1965-ին անվանակոչված «Rue de 24 avril 1915» (1915 թ. ապրիլի 24) փողոցում, գործում է «Հայկական հիշողությանց ազգային կենտրոնը» (ՀՀԱԿ)ՙ Centre National de la Me’moire Arme’nienne-ը:
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմի ժրաջան աշխատակից Արամ Արքունը այցելելով այդ կենտրոնըՙ հետաքրքրական մանրամասներ է ներկայացնում թերթի էջերում, որտեղից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:
ՀՀԱԿ-ն իր դռներն է բացել հանրության առջեւ 2013 թվի հոկտեմբերի 20-ին: Ճարտարապետական եզակի լուծումների համար կառույցը նույն տարում արժանացել է Ռոնի շրջանային վարչության պատվո մրցանակին: Մտահղացումը պատկանել է Դեսինի 2006-ին գործող «Հայկական մշակույթի տան» աշխատողներին, որոնք ցանկացել են դրոշմել իրենց հայկական պատմությունը ֆրանսիացիների հիշողության մեջ, նաեւ օգնել ֆրանսահայերին ապրել խաղաղորեն երկու մշակույթների տիրույթում: Երկակի մոտեցման խնդիրը նկատելի է նաեւ կառույցի ֆինանսավորման ասպարեզում. Հայկական համայնքը հոգում է ծախսերի մոտ կեսը, իսկ մնացյալը տրամադրում են Ֆրանսիայի քաղաքային եւ շրջանային պետական մարմինները:
Չնայած հաստատությունը համեմատաբար նոր է, բայց սերտորեն կապված է 1932-ին գլխավորապես ՀՅԴ կուսակցության ջանքերով կառուցված «Հայ ժողովրդի տան» հետ, որը 1977-ին վերանվանվել է «Հայկական մշակույթի տուն»ՙ (ՀՄՏ) առավել աշխուժություն հաղորդելու համար Հայ դատի հետապնդման աշխատանքներին: ՀՄՏ-ներ գործում են նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում:
Դեսինի ՀՄՏ-ն, իր հերթին, 1980-ին բացել է «Հայկական ուսումնասիրությունների, փաստագրությունների եւ տեղեկությունների կենտրոնը» (ՀՈՒՓՏԿ), որտեղ գործել է 6000 գիրք, 30000 միկրոքարտ, հազարավոր լուսանկարներ եւ տեսաժապավեններ պարունակող գրադարան: 2006-ին ՀՄՏ-ն որոշել է ընդլայնել իր գործունեությունը եւ առավել լուրջ, գիտական, ակադեմիական մակարդակի բարձրացնել այն: Համապատասխան հողատարածք է գնվել եւ 2011-ին սկսվել է ՀՀԱԿենտրոնի շինարարությունը:
Այսօր այդ կենտրոնում աշխատում են Դանիել Մկրտիչյանն (մշակութային համակարգող) ու Մարի Պիկոն (փաստագրական նյութերի պատասխանատու):
Մկրտիչյանը ուսումնասիրել է մասնավորապես Հռոմեական Հայաստանիՙ ներառյալ Լուկուլլոսի եւ Հադրիանոսի ժամանակաշրջանը: Ավարտել է Լիոն III համալսարանի հնագույն պատմության բաժինը: Իսկ դրանից առաջ մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Փարիզ I համալսարանի քաղաքագիտության բաժնից: Բայց իր պաշտոնի բերումով մասնագիտացել է նաեւ 19-20-րդ դարերի հայոց պատմության մեջ: Ազատագրական պայքարի, կոտորածների, տեղահանությունների եւ Ֆրանսիայում ապաստան գտած գաղթականների ճակատագրերի վերաբերյալ լուրջ հետազոտություններ է կատարել եւ հաճախակի դասախոսություններ է կարդում: Իր պարտականությունների մեջ մտնում է նաեւ կառույցի վերաբերյալ սոցցանցերով տրվող տեղեկությունների մատակարարումը: Կենտրոնի հիմնադրման կազմակերպչական աշխատանքներին մաս է կազմել, իսկ դրանից առաջ որպես քարտուղար ընդգրկված է եղել Ռոն Ալպեր շրջանի «Հայկական կազմակերպությունների համագործակցության խորհրդի» աշխատանքներին եւ իր լուման է ներդրել Լիոնում 2006-ին Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրման գործում:
Հայկական հիշողությանց ազգային կենտրոնի գլխավոր նպատակն է վավերագրել եւ պահպանել հայկական հիշողությունը: Այդ նպատակին են ծառայում բազմալեզու փաստագրական գրքերը, լսատեսողական ապարատները, պատմական փաստաթղթերը եւ լուսանկարները: Գրադարանի շրջանառվող 6000 գրքերից բացի, կան նաեւ 220 գրքեր երեխաների համար եւ ամսագրեր ու պարբերականներ: Ֆոնդային մասում պահվում են 10 հազար փաստաթղթեր, քարտեզներ, գրքեր եւ լուսանկարներ: Աշխատանքներ են տարվում թվայնացնելու ամբողջ հավաքածուն, որը ցուցակագրված է «Ֆրանսիական փաստագրությունների համալսարանական համակարգում» (SUDOC): 2016-ից կենտրոնը գտնվում է Ֆրանսիայի բարձրագույն կրթության նախարարության եւ Կոլլեքսի (բարձրորակ հավաքածուների) պաշտպանության ներքո:
Կենտրոնի երկրորդ նպատակն է հիշողության փոխանցումը սերունդներին եւ օտարներին, ուսուցման եւ կապերի հաստատման միջոցներով: Մոտ մեկ տարի առաջ կենտրոնը սկսել է համագործակցել Լիոնի կաթոլիկական համալսարանի հետ, որպեսզի պատրաստի մարդու իրավունքների համար պայքարող մասնագետներ: Համալսարանի ուսանողները այցելում են կենտրոն եւ ծանոթանում հայոց պատմության եւ մարդու իրավունքների պաշտպանության միջեւ գոյություն ունեցող կապի հետ:
Համալսարանն ունի հայագիտական ամբիոն, որի վարիչն է Մաքսիմ Եվադյանը : Քայլեր են ձեռնարկվում համագործակցելու նաեւ Լիոնի համալսարանի հետ: Բացի այդ միջնակարգ կրթության ուսանողների համար, որոնք Հայոց ցեղասպանությանն են ծանոթանում, որպես կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս, կենտրոնը կազմակերպում է երկու տարբեր աշխատանքային սեմինարներ, որոնցից առաջինը կոչվում է «Ցեղասպանության արարքըՙ դիտարկված Հայոց ցեղասպանության փաստով» (համեմատական ուսումնասիրություն), իսկ երկրորդըՙ «Քաղաքացիական հետագիծ», որն իր մեջ ներառում է այցելություններ Դեսինի հայկական թաղամասերը, որպեսզի ուսանողները ծանոթանան, թե ինչպես են օտար ներգաղթողները (տվյալ դեպքումՙ հայերը) ինտեգրվում եւ դառնում ֆրանսիացի քաղաքացիներՙ 2013-ից սկսած ավելի քան 2000 ուսանողներ մասնակցել են այդ սեմինարներին:
Երրորդ նպատակը կենտրոնի ցուցահանդեսների եւ այլ հետաքրքրական միջոցառումների կազմակերպումն է, որպեսզի հավերժ գոյատեւի հիշողությունը: Այս բնագավառում սերտ համագործակցություն է ծավալվում ֆրանսիական ազգային հաստատությունների եւ կազմակերպությունների հետ: Օրինակ 2013-ին Մազարին գրադարանի հետ գործեց «Հայ գիրքը վերածննդից մինչեւ լուսավորության շրջան: Մշակույթը սփյուռքում» ցուցահանդեսը: Իսկ «Շոա մեմորյալի» համագործակցությամբ բացվեցին «Ցեղասպանությունների դարը» (2014-ին), եւ «Հայերի ցեղասպանությունը: Խարանել, ոնչնչացնել, օտարել» (2016-ին) ցուցահանդեսները:
Մկրտիչյանի համոզմամբ այս բոլորը լինելով գիտական, ակադեմիական աշխատանքներ, ունեն նաեւ անուղղակի քաղաքական ազդեցություններ եւ հետեւանքներ: Նա նաեւ գտնում է, որ հայերիս համար շահեկան կլինի դուրս գալ նեղազգային շրջանակներից եւ կենտրոնանալ եւ օտար շրջանակներին հասցնել մեր կարեւոր հարցերը: Մեր պատմությունը ինչպես եզակի, այնպես էլ համամարդկային տարրեր է պարունակում եւ դրանց ուսումնասիրությունն ու տարածումը այլոց շրջանում արդյունավետ կլինի ոչ միայն մեզ, այլեւ ամբողջ մարդկության համար:
Վերջում հոդվածի հեղինակ Արամ Արքունը հավելում է, որ բացի վերոնշյալից կենտրոնը 2014-ից սկսյալ համագործակցում է «Սաթեատր» թատերական ստեղծագործական ընկերության հետ, որը ներկայացումներ է տալիս ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ հայերեն լեզուներով: Կենտրոնին կից գործում են նաեւ շաբաթօրյա հայկական մի դպրոց, որտեղ ֆրանսերեն, հայերեն, երաժշտություն եւ պար է դասավանդվում եւ մի ռեստորան ԱՐԱ (Association Restauration Arme՛nien) անվամբ, որի եկամուտները օգտագործվում են միջոցառումներ կազմակերպելու համար:
Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ