ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր
Եղիկ Ճերեճյան. «Պանդուխտ» (Միքայել Սերեան)
Մարտի 21-23-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած Հայոց անկախության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում բացի բովանդակալից ու արժեքավոր նորություններ պարունակող զեկուցումներից եւ դրանց շուրջ ծավալված ակտիվ քննարկումներից, մասնակից եղա նաեւ մի շարք կարեւոր ու հետաքրքրական միջոցառումների: Հանդիպեցի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գործընկեր-բարեկամների, որոնց թվում էր նաեւ բեյրութաբնակ հասարակական-քաղաքական գործիչ, հետազոտող-պատմաբան Եղիկ Ճերեճյանը: Մի հեղինակ, որը հետեւողականորեն ընթերցողներին է ներկայացնում հայ ֆիդայի-«Հրասիրտների» ժամանակաշրջանն ու նրանց ապրած մաքառումներով լի կյանքն ու հերոսական գործունեությունը: Հեղինակ, որ արխիվներում ու մամուլում սփռված փաստերի հյուլեներից ամբողջական կտավներ է հյուսում, շնորհալի գրչով ընթերցողին պարգեւում Մեծն Մուրադ, Ս. Վահագն, հիմա էլ` Պանդուխտ: Ինչպես հաճախ է լինում, այս անգամ եւս, բարեկամս առանց խոսքի, առանց որեւէ գովասանքի ակնկալիքի նվիրեց իր հերթական «Պանդուխտ» (Միքայել Սերեան) պատմագիտական ուսումնասիրությունը (տե՛ս Ճերեճեան Ե., «Պանդուխտ» (Միքայել Սերեան), ՀՐԱՍԻՐՏՆԵՐԸ մատենաշար-թիւ 3, Պէյրութ, 2018, 238 էջ):
Ջերմ մակագրությամբ այդ աշխատությունը տեւական ժամանակ է սեղանիս է: Վաղուց մեկ շնչով ընթերցել եմ, սակայն դրանից հետո էլ գրեթե ամեն օր զրուցում եմ Պանդուխտի եւ նրան շրջապատող, նրան զինակից ու բարեկամ հերոսների հետ: Եվ շատ անգամ եմ ինքս ինձ հարց տվել` ովքե՞ր, ի՞նչ տեսակ մայրեր ծնեցին նրանց, այդ ի՞նչ կաթով նրանք սնվեցին, որ առյուծ դարձան…
Հաճախ դիպվածի կամ որեւէ անարդար իրադարձության հետեւանքով ոտքի ելած ֆիդայիների հատվածական պոռթկումները հետագայում աստիճանաբար սկսեցին միավորվել: Նրանք համախմբվում էին, քննարկում ու ծրագրում իրենց անելիքները: Արդյունքում անհատական կամ միմյանցից առանձին-առանձին գործող խմբերն սկսեցին համագործակցել, իսկ կուսակցությունների ասպարեզ իջնելուց հետո` նաեւ կենտրոններից ղեկավարվել: Սկզբնական շրջանում նրանց այնքան էլ չէին հետաքրքրում զանազան գաղափարախոսական ուղղություններն ու կուսակցությունների ծրագրերը: Նրանք զինվորագրվում էին այն քաղաքական ուժին, որն առաջինն էր առաջարկում իր դրոշի ներքո պայքարել թուրք բռնատիրության ու քուրդ հրոսակների դեմ: Իսկ հետագայում արդեն աստիճանաբար նրանք ընդունում կամ մերժում էին այս կամ այն կուսակցության գաղափարախոսությունը եւ հավատարմության երդում տալով մինչեւ վերջ կռվում այդ դրոշի ներքո:
Այդպիսի քաջակորով մարտիկներից էր հայ ազգային-ազատագրական պայքարի աննկուն գործիչ Պանդուխտը, որի ազգային-կուսակցական գործունեության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության համար մարտական երթի ամբողջական պատմությունն է վեր հանել հեղինակը: Պանդուխտին հայ հանրությունը ծանոթ է Ե. Չարենցի («Երկիր Նաիրի»), Խ. Դաշտենցի, Վ. Թոթովենցի, Ս. Խանզադյանի, Բ. Ուլուբաբյանի եւ այլոց գեղարվեստական ստեղծագործություններից: Պանդուխտի մասին որոշ տեղեկություններ կան պատմական գիտությունների թեկնածուներ Հ. Թուրշյանի (տե՛ս Թուրշյան Հ., Սարդարապատի հերոսամարտը, Ե., 1969), Մ. Ստեփանյանի (տե՛ս Ստեփանյան Մ., «Կամավորական շարժումը եւ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը», ԼՀԳ, թիվ 1(158), 2004, էջ 158-166) եւ այլ պատմաբանների, ինչպես նաեւ ՍԴ Հնչակյան կուսակցության պատմությանը նվիրված այլ երկերում: Սակայն ամփոփ ու ամբողջական ուսումնասիրություն չկար, եւ Ե. Ճերեճյանի այս երկը եկավ լրացնելու այդ բացը: Բացի դրանից, Ե. Ճերեճյանի այս աշխատության նշանակալի առանձնահատկությունը Պանդուխտի կյանքի ու գործունեության նորահայտ էջերի ներկայացումն է:
Բուռն ու հարուստ է եղել Պանդուխտի կյանքը: Այդ մասին են վկայում նրա հաճախակի տեղափոխությունները Այսրկովկասից Բալկանյան երկրներ, Թուրքիայից հեռավոր ԱՄՆ ու Կանադա, ինչպես նաեւ նրա անցած մարտական ուղին, որը ձգվում է Կարսից Սարիղամիշ, Էրզրում ու Երզնկա, Ալեքսանդրապոլից Սարդարապատ ու Զանգեզուր:
Ամենայն բարեխղճությամբ եւ նյութի հրաշալի իմացությամբ հեղինակը քայլ առ քայլ ներկայացնում է իր հերոսի անցած փառավոր ուղին: Պանդուխտը (Միքայել Սերյան, Սեֆերյան) ծնվել է «Մշոյ դաշտի 109 հայկական գիւղերէն 83 տուն հաշուող Յունան գիւղը 1884-ին (տե՛ս Ճերեճեան Ե., նշվ. աշխ., էջ 21): 1904 թ. թուրքական իշխանությունները ֆիդայիներին պատսպարելու հնարովի մեղադրանքով հարձակվում ու ամբողջովին ավերում են Յունան գյուղը, կոտորում մեծ թվով բոլորովին անմեղ մարդկանց: Այդ իրողությունը տակնուվրա է անում քսանամյա Պանդուխտի հոգին եւ «չի բացառուիր, գրում է հեղինակը, որ այդ ալ ըլլայ շարժառիթը, որ Պանդուխտ իր քայլերն ուղղէ դէպի Սասնոյ ֆետայական շարժումը` դէպի Անդրանիկ» (տե՛ս նույն տեղում, էջ 23): Հեղինակի ներկայացմամբ իր ողջ կյանքում Պանդուխտը հավատարիմ մնաց իր ուխտին ու մեծ զորավարին: Իսկ վերջինս դրան փոխադարձում էր մեծ վստահությամբ:
1905 թ. Այսրկովկասում գտնվող «Դաշնակցութեան ամենագործունեայ եւ նշանաւոր ու անձնազոհ գործիչներից մեկը» (տե՛ս «Երիտասարդ Հայաստան», 29.07.1910)` Պանդուխտը, մեկնում է Բաքու եւ մասնակցում հայ-թաթարական կռիվներին: 1906 թ. էլ անցնում է Բուլղարիա` զինվորական կրթություն ստանալու: 1907 թ. նա հեռանում է ՀՅԴ-ից ու անդամագրվում ՍԴՀ կուսակցությանը եւ մինչեւ կյանքի վերջ հավատարիմ մնում նրան: Մանրամասն քննարկելով ՀՅԴ-ից հեռանալու խնդիրը` հեղինակը եզրակացնում է, որ դրա պատճառ կարող էր լինել այդ կուսակցության երիտթուրքերի հետ սկսած սիրախաղը մերժելու հանգամանքը:
Հնչակյանները բարձր են գնահատում Պարտիզակում, Ադաբազարում եւ այլուր Պանդուխտի ծավալած գործունեությունը եւ 1909 թ. Նյու Յորքում նրան նշանակում ՍԴՀԿ «շրջիկ գործիչ»: Դասախոսություններով եւ զինվորական դասընթացներով իրեն փայլուն դրսեւորած Պանդուխտը մասնակցում է 1913 թ. Ռումինիայի Կոստանցա քաղաքում տեղի ունեցած ՍԴՀԿ 7-րդ համագումարին, որտեղ ընդունվել էր «Ինքնավար Հայաստան Եվրոպայի վերահսկողությամբ» բանաձեւ: 1914 թ. հուլիսին Օսմանյան կայսրությունում սկսվում են հնչակյանների զանգվածային ձերբակալությունները: Այդ հետապնդումներից խուսափելով Պանդուխտը հեռանում է երկրից:
Պանդուխտի կյանքի իմաստահարուստ հաջորդ շրջանը վերաբերում է Առաջին աշխարհամարտի տարիներին սկսված Կամավորական շարժմանը նրա ակտիվ մասնակցությամբ: Հեղինակն ամենայն բծախնդրությամբ շարադրելով հայտնի եւ նորահայտ փաստերը նշում է, որ ՍԴՀԿ Գործադիր հանձնախմբի կողմից նշանակվելով կամավորական աշխատանքների կազմակերպման պատասխանատու: Պանդուխտը 1915 թ. հունվարի 30-ին 6-րդ հնչակյան կամավորական ջոկատի կազմում մեկնում է ռազմաճակատ եւ քիչ անց, լեգենդար Հայկ Բժշկյանի (Գայ) Աստրախան մեկնելուց հետո, գլխավորում է այն:
Կռիվներում թրծված Պանդուխտը, 1917 թ. բոլշեւիկյան հեղաշրջումից հետո, նշանակվում է Անդրանիկի գլխավորած նորաստեղծ Արեւմտահայ Երկրապահ զորամասի հարյուրապետ: Պանդուխտն ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես 1918 թ. սկզբին Էրզրում-Սարիղամիշ հատվածում: Ուստի պատահական չէր, որ Էրզրումի պաշտպանության շրջանակներում Անդրանիկը հենց Պանդուխտին է վստահում Սարիղամիշի զինապահեստների պահպանության եւ թիկունք տեղափոխելու կարեւորագույն առաքելությունը: Այնուհետեւ հանձնարարությունները փայլուն կատարած Պանդուխտը մտնում է Անդրանիկի Առանձին Հարվածող զորամաս եւ մինչեւ ապրիլի կեսերը մասնակցում ռազմական գործողություններին:
Պանդուխտի զինվորական տաղանդը դրսեւորվում է հատկապես Սարդարապատի ճակատամարտի ժամանակ: Միանալով Սառնաղբյուրի գոյամարտի կազմակերպիչներին, 1918 թ. մայիսի 16-ից սկսած, Պանդուխտն իր հեծյալ ջոկատով, փաստորեն, գլխավորում է այդ հերոսական ինքնապաշտպանությունը: Նույնիսկ ժլատ տեղեկությունները խոսում են այն մասին, որ նա իր անձնազոհ հմտությամբ մշտապես եղել է Երեւանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանի ուշադրության կենտրոնում եւ հենց նրա գիտությամբ է գլխավորել Շիրակի գոյապայքարի այդ հերոսական ու հաղթական արարը:
Ե. Ճերեճյանն անթաքույց հպարտությամբ է ներկայացնում այն իրողությունը, որ իր կուսակից Պանդուխտի հեծելագունդն է միացել Խզնաուզի ջոկատին եւ մասնակցել թշնամուն թիկունքից հարվածելու վճռական գործողությանը: Ինչպես նաեւ այն, որ նրա գլխավորած հեծյալներն առաջինը թրամարտի մեջ մտան Չիմնի Ղռում ամրացած թշնամու հետ եւ վճռական ու շեշտակի հարվածով փախուստի մատնեցին նրան եւ քշեցին Արաքսից այն կողմ:
Հեղինակը մեծ ջանքեր գործադրելով եւ տարբեր աղբյուրներ պեղելով կարողացել է ընթերցողին ներկայացրել նաեւ պայքարի բովում հերոսացած Պանդուխտի կյանքի վերջին հատվածը: Ե. Ճերեճյանը նշում է, որ 1918 թ. վերջին Պանդուխտը կրկին միանում է իր պաշտելի զորավարինՙ Անդրանիկին եւ Գորիսում մասնակցում է Զանգեզուրի թուրք-թաթարական խռովությունների ճնշմանը: Նա հատկապես աչքի է ընկնում Գնդեվազում, ապա Մեղրիում: Ազատագրելով շուրջ տասը գյուղՙ փորձում է մտնել Օրդուբադ եւ Ագուլիսը միացնել Մեղրիին:
Ազատագրական պայքարի աննկուն մարտիկն Անդրանիկի Հայաստանից հեռանալուց հետո փոքրաթիվ զորախմբով մեկնում է Սարիղամիշ, որի նվիրյալ պաշտպաններից մեկն էր եղել կարճ ժամանակ առաջ: Նրա նպատակն էր առաջին իսկ հարմար առիթի դեպքում մեկնել հայրենի Մուշ ու Սասուն: Այստեղ էլ նա վախճանվում է… «Աչքը Մուշի ճանապարհին» (տե՛ս նույն տեղում, էջ 217):
Աշխատության վերջին մասում հեղինակը վկայակոչելով տարբեր փաստեր ու վկայություններՙ փորձում է լույս սփռել Պանդուխտի մահվան հանգամանքների վրա: Նշելով տիֆի, թունավորման եւ այլ պատճառներ եւ ակնհայտորեն ձեռնպահ մնալով դրանցից որեւէ մեկը լիովին ապացուցված համարելուց, հեղինակը` պատճառաբանելով փաստերի անբավարար լինելու հանգամանքը, խուսափում է վերջնական տեսակետ հայտնելուց, դա թողնելով գալիք սերնդի ուսումնասիրողներին: Սակայն ցավ ու ափսոսանք է զգացվում հեղինակի տողարանքներում, որ իր ողջ կյանքը հայրենիքին նվիրված հերոսն իր մահկանացուն կնքել է անհայտության մեջ, չարժանանալով որեւէ մեծարման ու գնահատանքի: Իսկ մահից հետո նույնիսկ անհայտ է մնում նրա աճյունի գտնվելու վայրը: Իսկապես ցավալի իրողություն:
Հեղինակի խոսքը համոզիչ է եւ փաստարկված: Թուրքական իշխանությունների կողմից մշտապես հետապնդվող, ազատագրական պայքարի մարտիկ, օտար ափերում թափառող, թե կուսակցական գործիչ-քարոզիչ, խորունկ հավատով եւ անմնացորդ նվիրումով, հպարտ եւ «վեհերոտ կարծուելու չափ համեստ» Պանդուխտն իր ողջ կյանքը նվիրաբերեց սեփական ժողովրդի փրկության սրբազան գործին` դառնալով հայ իրականության մեջ այն ոչ փոքրաթիվ հերոսներից, որոնք ոչ կենդանության ժամանակ գնահատվեցին ու մեծարվեցին, ոչ էլ մահից հետո: Սակայն նրան սիրեցին ազատագրական պայքարի հավատավորներից շատերը: Պանդուխտի ապրած կյանքը նաեւ ուսանելի շատ կողմեր ունի, դրանով սերունդներ են դաստիարակվել: Իսկ մեր օրերում, երբ մատաղ սերնդին իրական հերոսներ են անհրաժեշտ, երբ ազգիս նետված են շատ մարտահրավերներ, դրանց դիմակայելու եւ հաղթանակած դուրս գալու համար այսպիսի աշխատությունները թե՛ գիտական, թե՛ կիրառական տեսակետից խիստ անհրաժեշտ են: Այնպես որ, այսօր օրերին, երբ մեծ ու փոքր միջոցառումներով նշվում են մայիսյան հերոսամարտերի եւ հայոց պետականության վերակերտման 100-ամյա հիրավի փառահեղ հոբելյանները, Ե. Ճերեճյանի այս աշխատությունը իսկական հուշարձան է հայրենիքին ու իր ժողովրդին ողջ կյանքը նվիրաբերած հերոսին: Այն հերոսին, որն իր սերնդակից շատերի նման զենք վերցրեց ու անհավասար մարտի նետվեցՙ «ապահովելու համար յետագայ սերունդներուն խաղաղ գոյերթը» (տե՛ս նույն տեղում, էջ 224): Վստահ կարող ենք ասել. ճիշտ տեղին ու ժամանակին է կատարված այս շնորհակալ աշխատանքը, որն անկասկած կլրացնի ֆիդայական պայքարի մասին հաջողված ուսումնասիրությունների շարքը: Ավարտելով`ցանկանում եմ հեղինակին մաղթել, որ հետագայում եւս այսպես արգասաբեր աշխատի եւ նոր ուսումնասիրություններով հարստացնի հայ ընթերցողի գրադարանը: