Արցախյան շարժման տարիներին ժողովրդի շրջանում ստեղծված ու մեծ տարածում գտած մի խաղիկ կարՙ
«Ղարաբաղը մերն է,
Բայց դեռ թուրքի ձեռն է,
Ելնեմ սարի գագաթին
Թքեմ թուրքի ճակատին»:
Այս խաղիկը բարեբախտաբար ապաակտիվացավ: Իհարկե վատ է, երբ ժողովրդական ստեղծագործությունը կորցնում է իր մասսայականությունը, բայց երբ այդ կորուստը պայմանավորվում է հայրենիքի ազատագրմամբ, կարելի է համակերպվել: Եվ այսպեսՙ Ղարաբաղն (այսուհետՙ Արցախ) էլ «թուրքի ձեռին չէ»: Բայց, ցավալիորեն պետք է նշեմ, որ օրերս վերոգրյալ խաղիկը կենդանության նշույլներ ցույց տվեց, Արցախի մեր ձեռքին լինել-չլինելը մի տեսակ գաղափարական ճաք տվեց. Արցախում ինչ-որ մեկն ինչ-որ մեկին եկվոր անվանեց: Ցավոք սրտի, այդ ճաքը հղի է փլուզման վտանգով, որովհետեւ հազարավոր մարդկային կյանքերի շնորհիվ ազատագրված Արցախի խորհրդարանում ծնունդով արցախցի, պատգամավոր Ժաննա Գալստյանը նույն խորհրդարանի ծնունդով ոչ արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանին անվանեց գյալմա , որն ադրբեջաներեն բառ է եւ նշանակում է եկվոր : Այսպիսի արտահայտություն մեկ էլ լսել էին խորհրդային Ադրբեջանից գաղթած գարդմանցիները Վարդենիսի շրջանումՙ տեղաբնիկներից, 90-ականներին, որը բարեբախտաբար հաղթահարվեց:
Ժաննա Գալստյանը Արցախի խորհրդարանի պատգամավոր է, ժողովրդական արտիստ, դերասան. վերջինն ընդանրապես հոգեհարազատ է նրա էությանըՙ վատ առումով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ վերջին շրջանում Արցախի որոշ «հերոսների» կտրուկ անկում է նկատվում: Մեկն ինքն իրեն զորավար էր հռչակել ու սեփական տանը զինվորական բազա ստեղծել, այս մեկն էլ հիմք վերցնելով իր անունըՙ իրեն Ժաննա դ՛Արկի տեղն է դրել ու կարծելով, որ բակլան իրենն է, ցանկանում է խաշած ցանել: Իհարկե, այս չկայացած պատգամավորը, բացի գյալմա -ից, գործածեցՙ դարձյալ ադրբեջաներեն ու դարձյալ գ տառով սկսվող մի բառ եւս, որը, չնայած նրան, որ շատ ծանր վիրավորանք է, ուղղված էր միայն Հայկ Խանումյանինՙ անձնապես:
Հայհոյանքը հայհոյանք է, լինիՙ ադրբեջաներեն, պարսկերեն, հայերեն կամ խուռիերեն: Իսկ, այ, գյալմա բառի հարցը շատ լուրջ է, որովհետեւ այն զուտ անձնական վիրավորանք չէ, այլՙ ընդհանրական: Նախ ինձ հետաքրքրում էՙ Ժաննա Գալստյանը խոսո՞ւմ է եւ նո՞ր մտածում, թե՞ մտածումՙ նոր խոսում: Ամեն դեպքում հույս ունեմ, որ մեկ-մեկ մտածում է, գոնեՙ խոսելուց հետո, այսինքնՙ ուղեղ ունի: Երկրորդՙ չբացառելով նրա մոտ ուղեղի առկայությունը, ուզում եմ հասկանալՙ Արցախի խորհրդարանի պատգամավորը, արցախցու պետքերին ծառայողը, այդ առկա ուղեղով հասկացե՞լ է, որ այդ մի բառի արտաբերմամբ լեզու է դրել ադրբեջանական դիվանագիտության բերանում: Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հարթակներում հայկական կողմն անընդհատ խոսում է տեղում ժողովրդավարության ու համերաշխության մասին, դա զորավոր փաստարկ է եւ միշտ կշիռ է ունեցել բանակցային պրոցեսի ժամանակ:
Ինչո՞ւ եմ անցյալ ժամանակով խոսում, որովհետեւ գոնե մի փոքր քաղաքական հոտառություն ունեցող մարդուն էլ պարզ է, որ հետայսու Ադրբեջանն այս արտահայտությունը համադրելու է վերջին շաբաթներին Արցախում իշխանության դեմ ծավալվող ցույցերի հետ, որպեսզի մի զորավոր հաղաթուղթ ստանա, դրսում ցույց տալու համար, որ Արցախում, այնուամենայնիվ, ժողովրդավարական հասարակարգ գոյություն չունի: Դրանում կհամոզվենք շատ շուտով: Այսպիսով հարցը նյութական տեսանկյունից պարզ է:
Ավելի ցավալի վիճակում է գտնվում առանց այն էլ վատառողջ հոգեբանական կողմը: Այն ժամանակ, երբ գրեթե արմատախիլ էր լինում «հայաստանցի-ղարաբաղցի» անհեթեթ մտածելակերպը, այն պահին, երբ միլիոնաոր տեղացիների արտագաղթելու հետ անհեթեթ էր դարձել ախբար-տեղացի, իսկ էլ ավելի հինՙ գաղթական-եռլական հակադրությունը, խորհրդարանի հայ պատգամավորը եկվոր է անվանում մեկ այլ հայ պատգամավորի միայն այն բանի համար, որ նա Արցախում չի ծնվել: Բայց այդ բառը, ցավոք սրտի, միայն Հայկ Խանումյանին (ի դեպ նախկինում նա Արցախում նաեւ ծեծի է ենթարկվել) չէր ուղղված, այլեւ նրանց, ովքեր պաշտպանել ու պաշտպանում են Արցախը, որոնց կյանքը մշտապես դրված է եղել հայրենիքի զոհասեղանին, որոնցից շատ շատերը, փառք նրանց, այսօր կենդանի չեն, որովհետեւ մի բուռ հողի համար հող են դարձել… որ ազատ ապրենք, որ թուրքի լծի տակ չմտնենք, որ թուրքը մեզ գյալմա ու գյավուր չանվանի, զոհվել են իմ ու քո համար, ընթերցող, զոհվել են հայ ազգի համար, որի անվան տակ ապրում է նաեւ Ժաննա Գալստյան էթնիկ խոտանը, ով, այնուամենայնիվ, հային իր հայրենիքում եկվոր է անվանումՙ ջուր լցնելով մեր կենսաբանական թշնամուՙ ադրբեջանցի հորջորջված թուրքի ջրաղացին, ջրաղաց, որի քարերն ստեղծման օրից պտտվել են հայի արյունով:
Ինչպե՞ս նայել այս հարցին, ի՞նչ ակնկալել պատկան մարմիններից: Ժաննա Գալստյանը պատասխանատվություն չի՞ կրելու: Ներողություն խնդրել է Ազգային ժողովում իր գործընկերոջից, իսկ ներողություն չի՞ խնդրելու հայությունիցՙ ազգային արժանապատվությունը վիրավորելու համար, հայրենիքի պաշտպանի երախտիքն ուրանալու համար:
Եթե տխրահռչակ մի «գեներալ» միս ու վարտիք էր գողանում, անարխիա տարածում, ապա մեկ ուրիշը վատասերմամբ է զբաղված, որի մասին խոսեցինք վերը, որն օգտագործելու է թշնամին: Եվ որքան էլ Ժաննա Գալստյանն մեղայականով հանդես գա ու ներում հայցի, միեւնույնն է, կարմիր ձունՙ միայն Զատիկին: