ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ, լրագրող
Արժանինՙ արժանավորին, կամ Ամիրյանըՙ Շառլ Ազնավուր փողոց
Մեկ տարի առաջ «ԱԶԳ»-ում (թիվ 35(5483) հրապարակվեց իմ սույն առաջարկը, ուր մասնավորաբար ասված էրՙ արդարացի կլինի մայրաքաղաքի Ամիրյան փողոցը վերանվանել արդի աշխարհում ամենաճանաչված հայորդու, հողագնդում համընդհանուր սիրո արժանացած արտիստ եւ երգաստեղծ, մեծն Շառլ Ազնավուրի անունով: Նշված էր, որ Գյումրիում նրա համար երախտագետ գյումրեցիները վեհաշուք արձան են դրել, մայրաքաղաքում հոյաշեն կեցավայր-տուն կառուցել, հրապարակ անվանակոչել…
Այնուհետեւՙ «Հանրահռչակ շանսոնյեին աշխարհն է պատվում ու մեծարում: 2017-ի օգոստոսի 24-ին Հոլիվուդիՙ հանրահայտ արվեստագետների փառքի ծառուղում, «Կենդանի կատարում» անվանակարգում, բացվեց Շառլ Ազնավուրի Պատվո աստղըՙ 93-ամյա կենսալի երգչի մասնակցութամբ»:
Սակայն, ցավոք, առաջարկին գործնականորեն չարձագանքեց պատկան մարմինըՙ Երեւանի քաղաքապետարանը, ասել է թեՙ մնաց «ձայն բարբառոյ յանապատի»:
Հարկ է վերստին անդրադառնալ դեպի Հանրապետության հրապարակ տանող հիշյալ լայնահուն փողոցը մեծահռչակ հայորդու անունով կոչելու առաջարկին մանավանդ հիմա, երբ հայության 2800-ամյա հոբելյար մայրաքաղաքը պատրաստվում է ընդունել ֆրանսախոս երկրների գագաթաժողովի բազմահազար հյուրերին, Ֆրանսիայի նախագահին եւ պետական հասարակական ու մշակութային անվանի գործիչների:
Փողոցի վերանվանումը, անտարակույս, կունենա աննախադեպ մեծ հնչողություն եւ միջազգային արձագանքներ աշխարհում, ներառյալ հայկական Սփյուռքում:
Կյանքը, ամենակարող ժամանակը սրբագրում, նորովի է արժեւորում երբեմնի անվանիներին, այս պարագայում, մասնավորապես, այժմյան սերնդին գրեթե անհայտ Ամիրյանի անձն ու վաղանցուկ գործը… Մինչդեռ դժվար է գնահատել մեծահամբավ Շառլ Ազնավուրի կյանքի բացառիկ գործը, լեգենդար, մեծանուն արվեստագետ, որը գրեթե 70 տարի բարձր է պահում իրեն ծնած ժողովրդի անունն ու պատիվը:
Ուրեմն հուսանք, որ Երեւանի նորակազմ քաղաքապետարանը այս անգամ խնդրո առաջարկին ըստ պատշաճի կանդրադառնա գործնականորեն, եւ արժանին կմատուցվի արժանավորին…