Հայաստանի Հանրապետությունում ամենատարեց մարդը 113 տարեկան եղեգնաձորցի տատիկ է: Նրան 2 եւ 3 տարով զիջողները նույնպես կանայք ենՙ Երեւանից: Ուղիղ 100 տարեկան 67 մարդ է ապրում մեր երկրում, 90-ը լրացածների թիվն անհամեմատ մեծ էՙ 7.210:
63-ից բարձր տարիք ունեցողները մեր երկրում 13 տոկոս են կազմում, մինչեւ 2040 թվականը 63-ից բարձր ՀՀ քաղաքացիների թիվը կհասնի 22 տոկոսի: Դա նշանակում է, որ 5-ից մեկը ծեր է լինելու. սա սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշ է, որի դեմ պայքարի միջոցներ առայժմ չունենք: Այս վիճակագրության հիման վրա կախյալության ոչ մխիթարական ցուցանիշ կունենանք, այսինքնՙ տարեցների եւ երիտասարդների թվի ոչ նորմալ, շեղված հարաբերակցություն: Սովետական տարիներին կախյալության գործակիցը բավականին ցածր է եղել. աշխատունակ տարիքի 11 անձ հոգ է տարել մեկ տարեցի համար, այսինքնՙ 11 աշխատող ապահովել է ընդամենը մեկ տարեցի կենսաթոշակ: Երբ տարեցների թիվը գերազանցում է երեխաների թվին, կախյալության գործակիցը բարձրանում է, հետեւաբար, երկրում աճում է աղքատության ցուցանիշը, սոցիալապես անապահով են դառնում ոչ միայն ծերերը, այլեւ երիտասարդները, որոնք աշխատող հատվածն են ու ապահովում են տարեցների կենսաթոշակը: Հիմա մեր երկրում աշխատունակ տարիքի 5 անձ ապահովում է մեկ տարեցի կենսաթոշակը, մինչեւ 2040 թվականը աշխատունակ տարիքի 2-3 անձ կապահովի մեկ տարեցի կենսաթոշակը: Հետեւություններն ու կանխատեումները հուսադրող չեն:
Հայաստանում 12 խնամքի կենտրոն կա, որոնցից 5-ըՙ պետական: Զարմանալի է, ծերանոցներում ընդհանուր առմամբ բնակվում է 700 տարեց: Նշանակում է, մյուսներն ապրում են սեփական ընտանիքում: Մտահոգիչ է հոգեկան շեղումներով ծերերի թիվը: Հոգեկան խնդիրներով 520 տարեց է ապրում խնամքի տարբեր կենտրոններում:
Մեր պետությունն ուզում է տարեցների նկատմամբ սոցիալական մոտեցումը փոխել ու խրախուսել այլընտրանքային ծառայությունները, օրինակՙ զարգացնել սոցիալական օգնականի, տնային դայակի, մասնավոր խնամողների, խնամատար ընտանիքների ինստիտուտը: Կան առարկայական տարբերակներՙ տարեցին խնամում է կա՛մ որեւէ ընկերություն, կա՛մ պետությունըՙ մահից հետո բնակարանը խնամողին նվիրելու պայմանով: Սակայն այս տարբերակին դիմողները շատ քիչ են: Մեծ խնդիր է նաեւ տարեցների զբաղվածությունը: Կենսունակ, առույգ, աշխատանքի պատրաստակամությամբ տարեցների թիվը քիչ չէ. ի վերջո, ծերությունը դատավճիռ կամ հաշվեհարդար չպետք է լինի, բայց մեր իրականությունում հենց այդպես է: Անգամ 35-ից հետո է աշխատանք գտնելը դժվար, էլ ուր մնացՙ 70-ում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելու փորձ պետությունն արել է: Գործատուն աշխատանք է տալիս հաշմադամություն ունեցող մարդուն, փոխարենը նրա նկատմամբ հարկային արտոնություններ են սահմանվում: Անգամ այս դեպքում գործատուները խուսափում են սահմանափակ հնարավորություններով մարդկանցից: Այնպես որ, հարկային արտոնությունների օրենքը կիրառել տարեցներին աշխատանքով ապահովելու գործում, անիմաստ ու անարդյունք է: Գաղտնիք չէ, որ հենց տարեցներն են ձեռքի աշխատանքիՙ հյուսքի, ասեղնագործության, հելյունագործության վարպետ, իսկ handmade-ը հատկապես դրսում մեծ պահանջարկ ունի: Սակայն հարցն այն է, որ այդ ներուժն արտադրանքի վերածելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, հետեւաբար տարեցներն իրենց կարգավիճակով հաշմանդամներից ոչնչով չեն տարբերվում: Անգամ սոցիալական վիճակն ու կյանքի պայմաններն են նույնը: Պետությունը մտադիր է զարգացնել տնային դայակի, մասնավոր խնամողի ինստիտուտը, հետաքրքրական էՙ ինչպե՞ս. 30-40 հազար կենսաթոշակով տնային դայակ պահելը հնարավո՞ր է: Տարեցների շրջանում անիմաստ հարցում է անցկացվելՙ կուզեիք ձեզ վճարո՞վի, թե՞ անվճար խնամեին: Բոլորի պատասխանը մեկն է եղելՙ անվճար:
Աշխարհում կա մի գիտություն, որը կոչվում է գերոնտոլոգիա. այն ուսումնասիրում է ծերությունը: Այս գիտությունը մեր երկրում պահանջարկ չունի, ինչպես պահանջարկ չունեն ծերաբույժները: Աշխարհում ընդունված է, որ տարեցների առողջությամբ զբաղվեն ծերաբույժները: Իսկ քանի որ մեր երկրում չկան գերոնտոլոգներ, հետեւաբար տարեցները դիմում են պոլիկլինիկաներին: Զարգացած երկրներում կան ծերաբուժության հատուկ կլինիկաներ. ինչպես դեռահասներին իրավունք չունի մեծահասակների բժիշկը բուժել, այնպես էլ ծերերին իրավունք չունի այլ բժիշկ բուժել, բացի ծերաբույժից: Քանի որ Հայաստանում ծերերը համարվում են սոցիալապես ամենախոցելի խումբը, հետեւաբարՙ անվճարունակ, այդ իսկ պատճառով ծերաբույժի մասնագիտություն ոչ ոք չի ուզում ստանալ: Բացի այդ, մեզանում խիստ սահմանված օրենքներ չկան, որոնց համաձայնՙ տարեցին պետք է միայն ու միայն ծերաբույժը բուժի:
Երկիր մոլորակը ծերանում է: Հիմա երկրագնդի վրա 700 միլիոն տարեց է ապրում. վիճակագիրները հավաստիացնում են, որ 2050 թվականին այս թիվը կհասնի 2 միլիարդի: Տարեցների 80 տոկոսը կապրի զարգացած եւ զարգացող երկրներում, այսինքնՙ այնտեղ, որտեղ ապահով ծերության համար համեմատաբար լավ պայմաններ կան, իսկ այդ լավ պայմաններն ապահովում են աշխատունակ երիտասարդները:
Մենք մտահոգվում ենք բնակչության ծերացման աճի տեմպերով, անհանգստանումՙ աշխատունակ տարիքի երիտասարդներն ինչպես են ապահովելու ծերերի կենսաթոշակը 20-30 տարի հետո: Հարցախույզը Երեւանի փողոցներում տարբեր տարիքի քաղաքացիների շրջանում ահա ինչ պատկեր է ցույց տալիս:
Էրիկ (աշխատավայրը չի նշում) – Իմ աշխատավարձից ամեն ամիս հարկվում է 250 հազար դրամ: Նորաստեղծ ընտանիքով վարձով եմ ապրում: Դե ասեք, արդա՞ր է, որ պետությանն այդքան հարկ տամ, այդ թվումՙ կենսաթոշակային հիմնադրամին, մինչդեռ սեփական տանիք չունեմ: Պետության համար ես շատ շահավետ քաղաքացի եմ, բայց երբ ծերանամ, արդյո՞ք այնքան թոշակ կստանամ, որ կարողանամ արժանավայել ապրել: Չեմ կարծում: Բացի այդ, հիմա հիվանդություններն այնքան են երիտասարդացել, որ մարդիկ հազիվ են 50-60-ի սահմանը հատում:
Ռոմիկ Աղաջանյան (թոշակառու, նախկին կռունկավար) 10 տարի է թոշակ եմ ստանում: Թոշակ էլ ասում եմ. մինչեւ տուն եմ հասնում, պրծնում է: Սովետի ժամանակ ոգեւորված աշխատում էինք, գիտեինք, որ կարգին թոշակ ենք ստանալու: Եկավ, մեր թոշակի տարիքը հասավ, տեսնենքՙ ի՞նչ. գրպանից ընկնի-կորչի, գտնողը չի էլ ուրախանա: 4 օր կարող ես ապրել էդ թոշակով: Բայց մենք դեռ ոչինչ, մեր թոռների ժամանակը որ գա, ի՞նչ են անելու:
Անյա Եղիազարյան (թոշակառու, նախկին գյուղատնտես)- Ես 50 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, հարեւանս կյանքում մի օր էլ չի աշխատել: Ես ու նա համարյա նույն թոշակն ենք ստանում: Երկուսինս էլ քիչ է, իհարկե: Բայց հարցը հիմա շատ ու քիչը չէ, այլ այն, որ ես 3 տեղ եմ աշխատել, մտածել եմ, որ ապահով ծերություն կունենաամ, դեռ մի բան էլ թոշակս հետ կգցեմ, թոռներիս անունով բանկում հաշիվ կբացեմ, փողը կհավաքվի, կհանեմ-իրենց կտամ: Իմ լուսահոգի պապն, օրինակ, այդպես է արել: Մտածում էի, որ ես ու ամուսինս էլ ենք այդպես անելու: Ամեն ինչ էնպես շուռ եկավ որ: Արդեն քանի՜ տարի է երեխաներս են ինձ պահում, մի ամիս տղայիս տանն եմ, մի ամիսՙ աղջկաս:
Գոհար Եպիսկոպոսյան (թոշակառու, նախկին ուսուցչուհի)- Հենց թոշակի տարիքը եկավ, դիրեկտորը կանչեց, թեՙ բարի ճանապարհ: Բան չունեմ ասելու, պետք է երիտասարդներին տեղ տալ, նրանց աշխատանքով ապահովել: Բայց դա չի նշանակում, որ ծերերն էլ բանի պետք չեն, պիտի ձեռքները խաչած նստեն, մեռնելուն սպասեն: Ես 40 տարի ուսուցչուհի եմ եղել: Ինձ հանեցին, նորավարտ մի աչոնիկի բերեցին: Իբր չուզեցին վիրավորել, ասացինՙ գնա, դասը մի քանի անգամ լսի, խորհուրդներ տուր: Հասկացա, որ ուզում են կուլտուրական կերպով հարցերս լուծել: Գնացի, նորավարտ աչոնիկի դասը լսեցի: Բազմապատկման աղյուսակը չգիտեր. չեմ չափազանցում, չգիտեր: Բայց դե ի՞նչ. եթե տնօրենին ասեի, պիտի մտածերՙ նախանձում եմ, վատություն եմ ուզում անել: Համ էլ հիմա ճիշտ խոսքը չի անցնում, բալա ջան: Բայց ոչինչ, ես էլ տանն եմ աշակերտ պարապում, հո պարապ չե՞մ մնա:
Մեր հարցախույզը ցույց տվեց, որ 60-75 տարեկանների կեսից ավելին ուզում է աշխատել ու գումար վաստակել: Հիմնականում ցանկանում են հին մասնագիտությամբ աշխատել, բայց պատրաստ են աշխատել նաեւ խոհարար, մաքրուհի, վարորդ, դայակ: Հարցված կանայք բոլորն էլ կարողանում են շյուղերով հյուսել: Պատրաստ են նաեւ տնայնագործական աշխատանք կատարել: Նրանց պատկերացրած առավելագույն աշխատավարձը 80 հազար դրամ է: