Առաջին աշխարհամարտի ավարտին Մ. Նահանգների նախագահ Վուդրո Ուիլսոնն առաջ էր քաշել խաղաղության մի ծրագիր, հայտարարելով, որ համաշխարհային առաջին պատերազմը վերջ էր դնելու բոլոր պատերազմներին: Դժբախտաբար, հետագա իրադարձությունները եկան ապացուցելու, որ նա սխալ էր: Ինչպես Փարիզում կայացած 1918-ի զինադադարի հարյուրամյակի տոնակատարությունների մասնակիցներից մեկը նշեց նոյեմբերի 11-ին, ներկայիս 222 հակամարտություններ են փոթորկում աշխարհումՙ վնասելով մեկ միլիարդ մարդկանց բնականոն ապրելակերպը: Այդ հակամարտությունների պատճառած դաժանությունները վստահաբար տանջում էին այնտեղ հավաքված 84 պետությունների ղեկավարների խիղճն ու միտքը: Զինադադարը ուժի մեջ էր մտել 1918-ի 11-րդ ամսվա, 11-րդ օրվա, առավոտյան ժամը 11-ին, իբր վերջնական համերաշխություն խոստանալով, բայց հարյուր տարի անց քաղաքական անհամերաշխության մթնոլորտն ավելի քան զգալի էր այնտեղՙ երկու խմբի բաժանելով հավաքված առաջնորդներին: Մի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայրենասիրությանն էին առաջնահերթությունը տալիս, մյուս կողմից Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանըՙ ազգայնամոլությանը: Կային նաեւ աջակողմյան ռեժիմի կողմնակիցներ, որոնք պաշտոններ են զբաղեցնում վերջերս Արեւելյան Եվրոպայում:
Արտասանված ելույթները հուզիչ էին, տոնակատարություններըՙ հիշարժան: Խաղաղության ուղերձներ հնչեցին բոլորի շրթներից:
Առաջին աշխարհամարտում մարդկային կորուստների թիվը, սակայն, տարբերվում էրՙ տատանվելով 17-ից 20 միլիոնի սահմաններում: Վստահ չենք, թե դրանք ընդգրկո՞ւմ էին նաեւ 1,5 միլիոն կոտորված հայերին, թե՞ ոչ:
Պատերազմի արդյունքում անկում ապրեցին օսմանյան, ռուսական, գերմանական եւ ավստրո-հունգարական կայսրությունները: Ճակատագրի բերումով օսմանյան եւ ռուսական կայսրություններում ապրող հայերը ծառայում էին հակամարտող բանակներում եւ հետեւաբար կրկնակի տուժեցին:
Պատճառը, թե ինչու սխալ էր Ուիլսոնի կանխագուշակումը նաեւ այն էր, որ զինադադարը կամ խաղաղության պայմանագիրը նվաստացուցիչ էր ինչպես Գերմանիայի կառավարության, այնպես էլ ժողովրդի համար: Այն հեղձուցիչ պատժամիջոցներ եւ ծանր տուրքեր էր սահմանումՙ նպատակ ունենալով մեծապես թուլացնել երկիրը: Ադոլֆ Հիտլերը հետագայում կապիտալի վերածեց այդ նվաստացումն ու ժողովրդի բարկությունն ու ընդվզումը եւ առաջ մղեց իր չարամետ ծրագիրը, որի արդյունքում երկիրը կանգնեց ավելի մեծ, գլոբալ աղետի առաջ: Նա իրագործեց Ողջակիզումը (Հոլոքոսթը), որը խլեց ութ միլիոն մարդկանց, այդ թվում 6 միլիոն հրեաների, հարյուր հազարավոր գնչուների, համասեռամոլների, ֆիզիկական եւ մտավոր հիվանդություններով տառապողների եւ քաղաքական այլ հակվածություններ ունեցողների կյանքը: Խորհրդային Միությունում մարդկային կորուստների թիվը հասավ 25 միլիոնի, որոնց 300 հազարը հայեր էին:
Առաջին աշխարհամարտում Գերմանիայի դաշնակից Թուրքիան մինչեւ օրս տառապում է Սեւրի համախտանիշով ամեն անգամ, որ հիշատակվում է համաշխարհային առաջին պատերազմի ավարտը: Չնայած Թուրքիայի նախագահը մասնակցեց Փարիզում հիշատակի հանդիսություններին, սակայն իր երկրի համար առիթը բավականին մռայլ էր, քանի որ զինադադարից հետո 1920-ին կնքված Սեւրի հաշտության պայմանագիրը քայքայեց ամբողջ Օսմանյան կայսրությունը եւ եթե գերտերությունների հետագա (1923, Լոզան) դավաճանությունն ու քեմալականների նենգամտությունը չլինեին, Հայաստանն այսօր շատ ավելի մեծ տարածք կզբաղեցներ համաշխարհային քարտեզի վրա:
Հարյուրամյակի հանդիսությունները ծառայեցին որպես միասնականության արտաքին փայլ, որի տակ չարտահայտված տրամադրությունները պարզորոշ երեւում էին: Նախագահ Մակրոնը մեղադրեց ազգայնամոլությանը, որպես հակամարտությունների գլխավոր պատճառը: Հանդիմանությունից ազդված նախագահ Թրամփը բաց թողեց միջոցառումների մեծ մասը պատճառաբանելով, թե պետք է հարգանքի տուրք մատուցի Սյուրենում (Փարիզի արեւմտյան արվարձաններից) թաղված պատերազմի ամերիկացի զոհերի հիշատակին, դրանով իր հերթին, հրապարակայնորեն կշտամբելով նախագահ Մակրոնին, որ հարենասիրությունը հակադրում էր ազգայնամոլությանը:
Մակրոնն ու Մերկելն իրենց ելույթներում զուր ջանքեր գործադրեցին առաջ տանելու բազմակարծության գաղափարը, մինչ Թրամփն ու նախկին խորհրդային բլոկի աջակողմյան հակվածության առաջնորդները աշխարհը մասնատում էին իրենց պոպուլիզմով ու սանձազերծ ազգայնամոլությամբ:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վոլտեր Շտայնմայերն էլ փորձեց մեղմել հրեաների դեմ կատարված վայրագությունները հիշատակելով Ողջակիզումն ու Կրիստալնախդի 1938 թվի կոտորածները: «Մեր գործողություններում մենք պետք է ապացուցենք, որ իրոք դասեր քաղել ենք անցյալից եւ մեր պատմության շնորհիվ դարձել ենք ավելի զգոն ու շրջահայաց», ասաց նա:
Իսկ կանցլեր Մերկելն իր հերթին երկու պատերազմների պատճառ դառնալու մեղքը բարդեց «գերմանացիների ամբարտավանության» վրա: Մինչ այս երկու առաջնորդները անցյալին անդրադառնալով նպատակ էին հետապնդում ներողություն հայցել իրենց երկրի պատմության մռայլ էջերի համար, նախագահ Մակրոնը գնաց հակառակ ուղղությամբ նշելով, որ «պատշաճ է, որ մենք հարգանքի տուրք մատուցենք ֆրանսիական զորքերի (այդ ժամանակվա) գլխավոր հրամանատար գեներալ Անրի Ֆիլիպ Պետենինՙ 1916 թվին Վերդենի հենակետի հաղթանակողին»: Պետենն, ի դեպ, հետագայում համագործակցել էր ֆաշիզմի առաջնորդների հետ եւ բազմաթիվ հրեաների ուղարկել համակենտրոնացման ճամբարներ:
Հայաստանը նույնպես մասնակցեց հարյուրամյակի հանդիսություններին, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Անշուշտ մենք չենք կարող փոխել պատմությունը եւ դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա»:
Առաջին աշխարհամարտի օրերին հայերս մեծ զոհողությունների գնով կարողացանք վերապրել: Փաշինյանը անդրադադարձավ ինչպես Հայոց ցեղասպանությանը, այնպես էլ ղարաբաղյան հակամարտությանը: 1914 թվականը հայոց պատմության ամենաբախտավոր տարեթվերից էր, երբ 1878-ի բեռլինյան պայմանագրով ամրագրված բարեփոխումներն Արեւմտյան Հայաստանի նահանգներում սկսել էին գործադրվել: Բայց իթթիհատական առաջնորդները նախատեսելով Հայաստանի հզորացման վտանգը, որոշեցին մահացու հարված հասցնել: Կարելի է միայն պատկերացնել մեր ժամանակների Թուրքիայի հնարավոր մասնատումը մի կողմից քուրդերի, մյուս կողմից հայերի անկախություն ձեռք բերելու պայքարի արդյունքում:
Բայց ի հեճուկս ցեղասպանության եւ մարդկային անասելի զոհերի, հայերս կարողացանք զորահավաքի ենթարկել մեր ուժերը եւ մղել երկու հաղթական պատերազմ: Մեկն արեւելքումՙ Սարդարապատում, որի արդյունքում ծնունդ առավ 1918 թ. մայիսին Հայաստանի անկախ հանրապետությունը, եւ երկրորդն Արարայի ճակատամարտում, Պաղեստինում, որտեղ հայկական լեգեոնը կռվում էր դաշնակից պետությունների դրոշի ներքո: Հինգ հազար հայ մարտիկներ, որոնց խոստացել էին իշխանություն Կիլիկիայում, փառավոր դիմադրությամբ ճեղքեցին օսմանա-գերմանական ռազմական ամրությունները եւ դրանով սկիզբը դրեցին օսմանյան եւ գերմանական կայսրությունների անկմանը: Դժբախտաբար Արարայի ճակատամարտի (սեպտեմբերի 19-ին) հարյուրամյակը պատշաճորեն չհիշատակվեց մեր զանգվածային լրատվամիջոցներում եւ քննարկումներում, նամանավանդ Հայաստանում, սակայն եթե դաշնակիցներն իրենց խոստումների տերը լինեին, այսօր մենք շատ ավելի կենսունակ Հայաստան կունենայինք Միջերկրականյան նավահանգստային քաղաքներով:
1918-ի զինադադարը ուսանելի դաս էր մարդկության համար, եւ բաց թողնված հնարավորությունՙ հայերիս համար:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, The Arm. Mirror-Spectator