Հոկտեմբերի 14-ին Աստանայում կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:
Տեղի է ունեցել առարկայական քննարկում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով։
Կողմերը խոսել են նաև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։