ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան հակահրթիռային համակարգերի վաճառքը Սաուդյան Արաբիային և փոխարենը դրանք մատակարարել Ուկրաինային, Լեհաստանին կամ այլ երկրների, «որոնք այժմ ավելի կարևոր են Միացյալ Նահանգների համար, քան Սաուդյան Արաբիան»:
«Իմ պնդումն այն է, որ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ անվստահելի դաշնակից է եղել, և մենք նրանց տալիս ենք շատ ավելին, քան նրանք տալիս են մեզ», – Yahoo News-ին ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մերֆին:
«Ուստի ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք լրջորեն վերանայենք մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում», – հավելել է նա: «Կան երկու իսկապես կարևոր հակահրթիռային համակարգեր, որոնք մենք մատակարարում ենք Սաուդյան Արաբիային», – ասել է նա՝ նկատի ունենալով RAM և Patriot համակարգերը:
Այս համակարգերը «շատ ավելի լավ կլիներ օգտագործել Ուկրաինայի ներսում կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին», – ասել է Մերֆին:
Մերֆին ԱՄՆ այն առաջատար սենատորներից է, որոնք կոչ են արել կրճատել սաուդցիներին ռազմական և այլ օգնությունը նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումից հետո:
Նախագահ Բայդենն այս շաբաթ հայտարարել է, որ սաուդցիներին սպասում են «հետևանքներ», բայց դեռեւս հրաժարվել է ներկայացնել մանրամասները: