Ամերիկյան զանգվածային լրատվության միջոցներում շարունակվում են հիացական խոսքերը Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Armenia!» ցուցահանդեսի առթիվ: «Ակնածալից գեղեցկություն: ՄԵՏ-ի Հայաստանին նվիրված ցուցահանդեսը դարերի համար է» խորագրի ներքո Ջեյսոն Ֆարագոն գրում է, որ Հայաստանը այնպիսի հարուստ պատմությամբ մի երկիր է, որ ամբողջովին կարող է համակել, ցնցել յուրաքանչյուրին: «Այս գարնանը մենք նաեւ իմացանք, որ նրա ապագան էլ կարող է նույնքան հարուստ լինել իրադարձություններով, որքան իր անցյալն է, որն էլ խոսում է այն մասին, թե ինչքանով է ճիշտ ժամանակին կազմակերպված այս բացահայտիչ ցուցահանդեսը Մետրոոպլիտենում, որտեղ ցուցադրված նմուշները նորանոր զարմանահրաշ էջեր են ավելացնում նրա դրամատիկական պատմությանը:
Նախկին լրագրող, այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա էր ցուցահանդեսի բացմանը: Ափսոս, ամենահայտնի ամերիկահայունՙ Քիմ Քարդաշյանին չնկատեցինք, բայց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-նՙ Ամենայն հայոց կաթողիկոսը ցուցասրահում էր: Երկիրը (Հայաստանը) առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ ծանրակշիռ խաչքարերով ու պատկերազարդ ձեռագիր ավետարաններով հագեցած այս ցուցահանդեսը լավագույն վկայությունն է հայկական մշակույթում եկեղեցու դերի մասին: Ոչ մի թանգարան այսքան ծավալուն ցուցահանդեսով չի ներկայացրել հայկական մշակույթը*: Ցուցադրված 140 նմուշների մեծ մասը այստեղ են բերվել Հայաստանի թանգարաններից եւ եկեղեցիներից: Դրանք հազվադեպ են դուրս եկել երկրից: Դրանցից մեկը 16-րդ դարում Հռոմում հայ հոգեւորականի կողմից պատրաստված «Ալեքսանդրի վարք» կոչված ձեռագիր կաֆան է, որը պատմում է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի դրվագներից մեկի մասին:
«Armenia!» ցուցահանդեսը կազմակեպվել է Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ճանաչված եւ նվիրված կուրատոր Հելեն Էվանսի կողմից: Սա առավելաբար գրքային, ձեռագրային «բլոկբաստեր»ՙ զգլխիչ ցուցահանդես է, որտեղ լուսավորությունը հատուկ թույլ է, պաշտպանելու համար ցուցանմուշները»:
*) Լրագրողը սխալվում է, երեւի նա նկատի ունի Մ. Նահանգները: Անցյալ դարի 70-ականների վերջերին շատ ավելի մեծ ցուցահանդես է կազմակերպվել Փարիզի Լուվր թանգարանում: Ծ.Խ.: