Հայաստանի վարչապետի աշնանային այցը Պրահա եւ Եվրոպական Միության ոչ պաշտնական գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող 44 երկրների Եվրոպայի քաղաքական համայնքի ժողովին մասնակցությունը վերադարձրեց ինձ դեպի 1994 թվական՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի գլխավորած պատվիրակության այցը Բիշքեկ, ուր եւ 1994 թվականին ձեռք բերվեց հրադադարի մասին պատմական պայմանավորվածությունը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ, որը հետո վավերացրեցին նաեւ պաշտպանության նախարարներն առանձին փաստաթղթով։ Դա անցած երեսուն տարիներին Հայաստանի որեւէ բարձրաստիճան պետական պաշտոնյայի Ղարաբաղյան բանակցությունների շուրջ քառակողմ հանդիպման եզակի մասնակցությունն էր, որին Հայաստանից ներկայացված էին գրեթե բոլոր միջազգային հայտնի լրատվական գործակալությունների երեւանյան թղթակիցները՝ ԲԻ ԲԻ ՍԻ, Ռոյթերս, ՅՈՒ ՊԻ ԱՅ, Ֆրանսպրես, ԷՖԷ, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայություն եւ իհարկե, Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն՝ հանձինս երջանկահիշատակ Ռոբերտ Մավիսակալյանի։ Ընդ որում բոլոր թղթակիցներս մեկնել էինք Բիշքեկ մեր իսկ ֆինանսավորմամբ, պետությունը միայն կառավարական օդանավում անվճար տեղ էր հատկացրել։
Թե ինչեր կատարվեցին այդ օրերին Բիշքեկում կուլիսներում եւ բանակցությունների սեղանի շուրջ, դա մի այլ հոդվածի թեմա է, որին ժամանակին անդրադարձել եմ ԱԶԳ թերթում, սակայն այժմ ուզում եմ հիշատակել հայ լրագրողների կատարած գերազանց աշխատանքը։ Բիշքեկից համաշխարհային հայտնի լրատվականներին մենք ներկայացրեցինք հայկական կողմի տեսակետներն ու Արցախի խնդրի միջազգային ճանաչման կարեւորությունը, որն ունեցավ իր աննախադեպ ազդեցությունը միջազգային լրահոսի վրա։ Նույնիսկ Հայաստանում պետական շրջանակներում էին զարմացել, ինչի արդյունքում, Բաբկեն Արարքցյանը Երեւան վերադարձին, երբ մտավ ինքնաթիռ, անմիջապես եկավ լրագրողների մոտ եւ իր հիացմունքը հայտնելով՝ անկեղծորեն շնորհակալություն հայտնեց մեր կատարած աշխատանքի համար։
Ինչու՞ հիշեցի այս պատմությունը։ Ձեզ կթվա, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահա էր եկել նման մի խմբո՞վ, եւ գրավեց եվրոպական մեդիադաշտի ուշադրությո՞ւնը։ Ամենեւին ոչ։ Ընդհակառակը։ Ոչ մի լրագրող չէր եկել։ Գագաթնաժողովին հավատարմագրված 1200 լրագրողների շրջանում երկու հայազգի լրագրող կար՝ ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիրը՝ տողերիս հեղինակը եւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը, Պրահայից։
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն այս հարցում ավելի հեռատես են, ունեն մասնագիտական թիմեր, որոնք իրենց հետ ժամանել էին Պրահա, Էրդողանն իր հետ բերել էր գրեթե մեկ ավտոբուս լրագրող, դրանից ավելի քիչ՝ Ալիեւը։ Էրդողանի արարողակարգը նախքան գագաթնաժողովն արդեն իսկ ընտրել էր, թե որ դահլիճում է մամուլի ասուլիս տալու Թուրքիայի նախագահը, ընդ որում ազգային ասուլիսների շարքում դա ամենամեծ դահլիճն էր։ Ալիեւն այլ ձեւաչափ էր ընտրել, եւ որոշել էր միայն իր լրագրողներին պատասխանել, այն էլ դրսում կանգնած՝ Պրահայի ամրոցի դիմաց։
Հայկական պատվիրակությունը ոչ միայն չարձագանքեց մեր հարցումներին (Էլեկտրոնային նամակներ էինք ուղարկել ե՛ւ կառավարության մամուլի ծառայություն, ե՛ւ ԱԳՆ մամուլի խոսնակին), այլեւ անգամ չցանկացավ կապի մեջ մտնել գոնե հայ լրագրողների հետ հենց գագաթնաժողովի ընթաքում։ Միայն Հայաստանի կառավարության աշխատակազմի բարեհամբույր աշխատակցից իմացանք, որ հանդիպումներին ներկա չենք կարող լինել, եւ ավարտին էլ որեւէ հարցազրույց կամ ճեպազրույց չի նախատեսվում։ Ինչու՞։ Ու՞մից է վախենում նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների՞ց։ Ժամանակին ես շատ գագաթնաժողովներ եմ լուսաբանել, բայց նման տեղեկատվական վակուում երբեւէ չեմ զգացել։ Առնվազն մամուլի քարտուղարները կամ արտգործնախարարները անմիջապես մեկնաբանություն են տվել լրագրողներին։ Այս դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հենց ինքն է, բնականաբար զրկվել էինք նաեւ այդ հնարավորությունից։ Որեւէ արդյունք չտվեցին նաեւ «Ազատության» լրագրողի փորձերը կապ հաստատել Միրզոյանի կամ Ռուբինյանի հետ։ Այդ պատճառով էլ միջազգային լրատվական ծառայությունները տարածեցին միայն թուրքական եւ ադրբեջանական տեսակետները, իսկ Փաշինյանի Թվիթերում գրած պատասխանն արդեն ուշացած էր, քանի որ Էրդողանն ու Ալիեւն առաջ էին անցել։
Երբեք սովորելը ուշ չէ, հատկապես երբ նորելուկ ես պետական կառավարման համակարգում եւ հեռու ես պետությունը խելամտորեն կառավարելու ընդունակություններից։ Բայց առնվազն մամուլի հարցերում թվում էր, թե լրագրողական ոչ հեռու անցյալ ունեցող վարչապետը պետք է ավելի ազատ ու դինամիկ լիներ։ Սակայն իրականությունը ցույց է տալիս դրա հակապատկերը։ Այդ պատճառով էլ հատկապես 44 օրյա պատերազմից հետո նկատվում է միջազգային լրատվական ցանցում Հայաստանի պարտվողականությունը՝ թե՛ պետական քաղաքականության առումով, թե՛ լրատվական հոսքերի մեջ մտնելու ձգտումով։ Ավելին, երբ տարվում է հայ-ադրբեջանական բարի հարաբերություններ հաստատելու իմիտացիա, այն ամբողջությամբ արգելափակում է առնվազն հայկական սփյուռքի կատարած հակաադրբեջանական քարոզչությունը։
Դրա վկայությունն էր նաեւ Չեխիայի արտգործնախարարության շենքի մոտ (որն ի դեպ հեռու չէր Պրահայի ամրոցից եւ պատվիրակություներն անցնում էին այդ շենքի մոտով), չեխահայ համայնքի կազմակերպած ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող ցույցը եւ պահանջագրի հանձնումը ԵՄ նախագահող երկրի կառավարությանն ու խորհրդարանին՝ պահանջելով նաեւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Ըստ երեույթին Ալիեւն այս ցույցի մասին նախապես տեղյակ լինելով, իր հետ Պրահա էր բերել 57 թիկնապահի, որոնք նրան պետք է պաշտպանեին իր ողջ կեցության ընթացքում։ Քիչ չէին նաեւ Էրդողանին ուղեկցող թիկնապահները։ Ամեն դեպքում, նրանք կարողացան մամուլի հետ շփվելու իրենց ընտրած ձեւաչափերով հետին պլան մղել Փաշինյանին՝ կրկին առաջ տանելով իրենց տեսակետները։
Լուսանկարներում՝ Եռյակի զրույցին ներկա է նաեւ Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Հետաքրքիր է խոսել են իր հետ, հարցրե՞լ են, թե ինչո՞ւ Սաֆարովին հանձնեց Ալիեւին։
Հետեւելով Ալիեւեին նկարահանած հեռուստակադրերին՝ նա ողջ գագաթնաժողովի ընթացքում բարձր տրամադրություն ուներ, կատակում էր իր լրագրողների հետ, այդ թվում նաեւ բարձր տրամադրությամբ զրուցում էր Հայաստանի վարչապետի հետ։ Էրդողանը նույնպես հոգնած, բայց լավատեսական տրամադրություն ուներ, երեւում էր, որ գոհ է մնացել Փաշինյանի հետ հանդիպումից, դրա համար հաստատակամորեն պնդում էր, որ ամեն ինչ լավ է լինելու տարածաշրջանում եւ հարեւանների հետ խաղաղ ապրելու ենք՝ միայն թե Ադրբեջանի հետ պայմանագիրը ստորագրեն։ Հետաքրքիր է, որ Ալիեւն էլ շատ գոհ էր Միշելի միջնորդական ծառայություններից։ Ըստ երեույթին ներքին պայմանավորվածության կա ԵՄ հետ գազի կամ նավթի մատակարարման ցածր գների շուրջ, իսկ փոխարենը Միշելը խոստացել է համոզել Փաշինյանին։ Մնում է ենթադրել, որ միակ մարդը, որ այս բանակցություններում քիչ թե շատ հայկական կողմին աջակցել է, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էր։
Քաղաքական առումով, ընդունված հայտարարության բովանդակային մասը չքննարկելով, միայն կարող ենք նշել, որ այն հնարավորություն է տալիս հայկական կողմին ժամանակ շահելու եւ եղած ռեսուրսները համախմբելու եւ վերադասավորելու։ Ծայրաստիճան վտանգավոր այս շրջանում պետք է ձեռք մեկնել բոլորին, եւ ստեղծել համահայկական ուղեղային կենտրոն, այլապես միայն իշխանական ուժերով այս ճգնաժամից անչափ դժվար է լինելու դուրս գալը։
Հաջորդ խնդիրը Եվրոպական թեմաներն են։ Մենք ոչինչ չիմացանք, թե Հայաստանն ի՞նչ կարծիք ունի Եվրոպական քաղաքական համայնքի մասին, ի՞նչ է մտածում այդ ձեւաչափով հանդիպումների մասին։ Պաշտոնական տեղեկությունն այն էր, որ վարչապետը մասնակցել է անվտանգության թեմայով կլոր սեղանի, ի՞նչ է ասել, ո՞ր թեմաների շուրջ է խոսել, ոչինչ հայտնի չէ։ Ընդհանրապես, նման համաժողովներում պետք է լինել առավել ակտիվ նաեւ համաեվրոպական հարցերում։ Այնինչ Հայաստանը սահմանափակվում է միայն իր խնդիրներով, չհասկանալով, որ այդպիսով ինքն իրեն դուրս է մղում այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու հնարավորությունից։ Եվրոպան հարգում է ուժեղ ու համարձակ առաջնորդներին, ինքնավստահ ու իր երկրի շահերը պաշտպանող ղեկավարների։ Թույլերին ու վախկոտներին միայն կարող են ցավակցել ու շրջանցել։
Ժամանակին Հայաստանը Վիեննայում մի փորձառու դեսպան ուներ՝ երջանկահիշատակ Ջիվան Թաբիբյանը, որը միջազգային քաղաքականության հրաշալի գիտակ էր։ Որեւէ հարց չկար ԵԱՀԿ-ում, որ քննարկեին եւ նա իր հեղինակավոր կարծիքը չհայտներ։ Երբ նա խոսում էր ԵԱՀԿ նիստերի ժամանակ, բոլորը լռում էին։ Նաեւ այդպիսով էին հարգում մեր երկիրը։ Այժմ, ցավոք, թաբիբյաններ չունենք, բայց նաեւ ձգտում չկա ունենալու, նախկին պրոֆեսիոնալ դիվանագետների ուժերը օգտագործելու։ Հայաստանում ստեղծվել է վախի ու քծնանքի մթնոլորտ, բոլորը մտածում են իրենց զբաղեցրած աթոռների մասին, որեւէ համարձակ միտք ու առաջարկ առաջ չի մղվում, ընտրական մոտեցում է ցուցաբերվում փորձագիտական դաշտի կարծիքներին։ Մինչդեռ, այս ճակատագրական օրերին ճիշտ հակառակը պետք է լիներ։
Հաջորդ խնդիրը քարոզչական աշխատանքն է։ Ժամանակին մենք առաջարկում էինք Եվրոպայում բացել նման մի կենտրոն, որը աշխատանք կտաներ տարբեր հաստատությունների ու ԶԼՄ-երի հետ, սակայն այդպես էլ այդ գաղափարը իրականություն չդարձավ հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի պատճառով։ (Իհարկե, Բրյուսելում բացվեց Հայաստանի բարեկամների գրասենյակը, սակայն այդպես էլ չհասկացանք միլիոնավոր դոլարներ արժեցած այդ նախագիծն ինչ արդյունք տվեց եւ վերջում էլ փակվեց)։ Փոխարենը բացվեց նման մի կենտրոն Երեւանում, որը նոր իշխանությունների օրոք կարծես թե փակվել է կամ վերափոխվել այլ կառույցի։
Ի դեպ, այն ժամանակ մեր առաջարկին չարձագանքեցին նաեւ այսօր խորհրդարանում տեղ զբաղեցնող մի շարք իշխանական եւ ընդդիմադիր գործիչներ, որոնց անձնապես դիմել էինք։ Ինչո՞ւ, որովհետեւ երբեք Հայաստանի քաղաքական դաշտում իրապես Հայաստանին նվիրված գործիչներ չեն եղել, չեն տարբերել կարեւորն ու երկրորդականը։ Բոլորը եղել են տվյալ պահի իշխանությունների կամակատարը։ Բոլորը մտածել են միայն իրենց գրպանի ու շահի մասին։ Իսկ հատուկենտ ազնիվ անհատներն ուղղակի ինտեգրվել են այդ միջավայրին։ Մինչդեռ, քարոզչական պատերազմն ի տարբերություն իրական պատերազմի, չի սկսվում պատերազմի հետ ու ավարտվում պատերազմից հետո։ Քարոզչական պատերազմը մշտական, անկանգ աշխատանք է, որին լծված են հիմնականում սփյուռքյան տարբեր կառույցներ։ Իսկ Հայաստանից տարբեր մեդիա խմբերով կատարվող աշխատանքը՝ սոցիալական ցանցերում կամ դրանցից դուրս, ընդամենը մի կաթիլ է այդ ծովում։ Սփյուռքյան կառույցների կատարած աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, պետք է համագործակցություն լինի նաեւ Հայաստանի կողմից։ Մինչդեռ անվստահության հաստատումը սփյուռքի ու Հայաստանի միջեւ, որ կատարվում է պաշտոնական Երեւանի կողմից տարբեր ճանապարհներով, միայն օգնում է մեր թշնամիներին։
Թուրքիայի նախագահը, չնայած լինելով փորձառու քաղաքական գործիչ, իր հետ բերել էր խորհրդականների ու օգնականների մի մեծ խումբ, որոնք ասուլիսից առաջ զրուցում էին եւ տեղեկացնում էին թուրք լրագրողներին տարբեր թեմաների շուրջ, պատմում էին իրենց բանակցությունների արդյունքներից եւ թե ինչ հարցեր պետք է շոշափել ասուլիսի ժամանակ։ Այսինքն, նույնիսկ Թուրքիայի նման խոշոր պետությունը, հանգամանալից պատրաստվում է նման միջոցառումներին, ինչը, համոզված եմ, անում է նաեւ Ալիեւը։ Իսկ մեր պետությունը չկա։ Եթե առաջին դեմքը խնդիր ունի միջազգային որեւէ լեզվով ազատ շփվելու եւ հարցերին պատասխանելու, դրա համար ընտրվում է թիմի մի այնպիսի անդամ, որը կարող է ազատ խոսել անգլերեն եւ շփվել միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ։ Բաց թողնել նման հարթակը, որտեղ կարող էինք ներկայացնել եւ 1200 լրագրողի միջոցով տարածել մեր կարծիքը, առնվազն անհեռատեսություն էր եւ մեծ սխալ։ Նույնիսկ եթե 50 լրագրող էլ գար հայկական պատվիրակության ասուլիսին, դա արդեն իսկ մեծ հաջողություն կլիներ։ Օտար պետություններում հայ համայնքներն ու կազմակերպություններն ամեն ինչ անում են, որ մի հոդված կամ մի լուր տարածեն տեղական մեդիա հարթակներում, իսկ մենք չենք օգտվում Պրահա ժամանած եվրոպական լրատվամիջոցների հետ կապ հաստատելու եւ մեր կարծիքը տարածելու հնարավորությունից։ Օրինակ, իմ հարեւանությամբ աշխատող հոլանդացի լրագրողը, որը մի շաբաթ առաջ հոդված էր տպագրել Հայաստանի մասին, հետաքրքրված էր Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի քննարկումներով, բայց ինքն էլ չգիտեր ինչպես անդրադառնա այդ խնդրին՝ առանց հայկական կողմի հետ հանդիպման։
Ցավալի է, որ Հայաստանի անկախությունից երեսուն տարի անց, կրկին պարտավոր ենք այս տարրական իրողությունների մասին գրել, անդրադառնալ, հիշատակելով, որ առնվազն վերջին քսան տարիներին բոլոր մասնագիտական եւ սփյուռք-հայրենիք ժողովներում այս թեմայով լուրջ քննարկումներ են եղել, գրվել ու ասվել է։ Այնպիսի տպավորություն է, որ ամեն մի իշխանության գնալուց հետո, ողջ աշխատող համակարգը մեկնում է, եւ ստիպված ես զրոյից կրկնել ամեն ինչ նորելուկների համար, որոնք ընդհանրապես գաղափար չունեն այդ ոլորտների մասին։ Եվ հետաքրքիրն ինչ է, որ սա միայն քարոզչության ոլորտում չէ։ Վերջերս սփյուռքահայ շատ հայտնի գործիչներից մեկի հետ էի զրուցում, որն ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Հայաստանում, նույն դժգոհությունները նա արտահայտեց իր շփումների ոլորտի մասին։ Այդ համակարգում մի քանի նախարար է փոխվել վերջին տարիներին, եւ ամեն մեկի աշխատակազմի հետ, կրկին սկսել են զրոյից աշխատել։
Ի վերջո, Պոզներն է ասում, որ լրագրության մեջ հայրենասիրությունն այն է, երբ ցույց ես տալիս, թե ինչն է վատը։ Հայաստանը բոլոր ոլորտներում համակարգային փոփոխության կարիք ունի, բայց ոչ թե հրաժարվելով փորձառու մասնագետներից, ոչ թե մարդկանց ընտրելով ըստ կուսակցական անդամության կամ նախասիրությունների, ոչ թե ով ում ցույցին է մասնակցել, այլ շեշտը դնելով մասնագիտական որակների ու աշխատանքի արդյունավետության վրա։
Չգիտեմ, կգա՞ արդյոք մի օր, երբ Հայաստանը կունենա իսկապես արժանի կրթված ղեկավար, բարեկիրթ ու նվիրյալ կառավարություն, որին այլեւս չենք հուշի տարրական բաներ, այլ կզբաղվենք միայն առաջընթացի ծրագրերով։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Աղբյուր` orer.eu