ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Առջեւում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Թավշյա հեղափոխությունն իրականացրած Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի կորցնում հույսը, որ նոր իշխանությունները երկիրը կտանեն արդարության հաստատման, տնտեսական բարգավաճման, ժողովրդավարության եւ ազատությունների խորացման ճանապարհով: Քաղաքական եւ տնտեսական համակարգերի առողջացման եւ կայունացման ճանապարհին կարեւոր են նկատվել նախկին ձեռքբերումների պահպանումը, նոր նվաճումների հետ դրանք օրգանապես միահյուսելը, լավագույնի փնտրտուքում ունեցած լավը չկորցնելը: Եվ ահա այս ընդհանուր դատողությունների շրջանակում հնչեղություն եւ արդիականություն են ստանում հայ-ռուսական ավանդական դաշնակցային կապերի ամրապնդման, զարգացման ու խորացման հարցերը: Սա կարեւոր է մի շարք պատճառներով, որոնց մասին կխոսենք ստորեւ:
Վստահության եւ քաղաքական հասունության դասեր
Հայաստանում եւ Ռուսաստանում կան քաղաքական բավական ազդեցիկ շրջանակներ, որոնք լրջորեն անհանգստացած են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության ներկա վիճակով: Ռուսաստանում կան քաղաքագետներ, որոնք պնդում են, որ Հայաստանը հեռացել է այդ դաշինքի բովանդակությունից, իսկ ընտրություններից հետո երկրի նոր ղեկավարությունը կարող է անշեղորեն շարժվել դեպի Արեւմուտք տանող ուղղությամբ: Նրանք կարծում են, որ հայ հասարակության մեջ լրջորեն հասունացել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության բովանդակության, հեռանկարների եւ ռազմավարական նպատակների շուրջ լուրջ ներքաղաքական քննարկումների ժամանակը, ինչը կնպաստի մեր երկրի որդեգրած հեռահար նպատակների պարզաբանմանը եւ մեր նկատմամբ ռազմավարական գործընկերոջ վստահության մեծացմանը:
Հայաստանի իշխանությունները, նախ եւ առաջՙ ամենաբարձրաստիճան պաշտոնյանՙ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բոլոր առիթներով կրկնում են, որ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակում են եւ մտահոգության կամ անհանգստության պատճառներ չկան: Հայաստանը չի հեռացել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ուղեգծից եւ ընդհակառակըՙ հասունանում են նոր ծրագրեր, որոնք թարմ լիցք կհաղորդեն դրանց: Նոր իշխանությունը, հակադարձելով նախորդ իշխանությանը, ասում է, որ այժմյան հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի պարզ ու թափանցիկ են, եւ պատճառ չեն տեսնում Ռուսաստանի տարբեր մակարդակների քաղաքական գործիչների կամ փորձագետների անհանգստության համար:
Մեր գործընկեր փորձագետները մի հետազոտությամբ այս ամառ ցույց տվեցին, որ վերջին կես տարում հայակական մամուլում զետեղված հակառուսական հրապարակումների թիվը համեմատած նախորդ տարիների հետ էապես նվազել է: Մյուս կողմից մենք արձանագրում ենք, որ հայկական քաղաքական դաշտում սկսել են թափ հավաքել ուժեր, որոնք հմտանում են հակառուսական քարոզչության մեջ, դրանով մի ուրույն մասնակցություն բերելով աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ ծայրաստիճան սրված առճակատման թեժացման մեջ, տեղափոխելով այդ առճակատումը Հայաստանի քաղաքական դաշտ: Նրանք ըստ երեւույթին լրջորեն մտածում են, որ Արեւմուտքը բարձր կգնահատի իրենց կեցվածքը եւ դա ինչ-ինչ դիվիդենտնտեր կբերի Հայաստանի անկախացման ամրապնդմանը:
Պետք է ընդունել, որ Հայաստանի նախորդ իշխանության մեջ եղել են եւ կան ազնիվ, սկզբունքային, երեւույթների խորքը տեսնող քաղաքական գործիչներ, ովքեր հասկանում են հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ամբողջ նշանակությունը մեր երկրի ինքնիշխանության պահպանման եւ ամրապնդման, մեր տարածքային ամբողջության ու տնտեսական բարգավաճման հնարավորությունների համար: Բայց ո՞վ չգիտե, որ այդ մարդկանց թիվը այն ժամանակ էլ շատ չի եղել: Մի բուռ: Հայաստանի քաղաքական դաշտը իր մեծամասնությամբ նախորդ իշխանության օրոք էլ լավագույն դեպքում բազմավեկտոր արտաքին քաղաքականության անհրաժեշտության համոզմունքի կրող էր եւ իր մեծամասնությամբ կա՛մ արեւմտամետ, կա՛մ ինքնամեկուսացման կողմնակից: Հիմա նոր քաղաքական իրողությունները ուղղակի թելադրում են անհրաժեշտություն այսօրվա ակտիվ սերունդներինՙ պատանիներին, երիտասարդներին եւ արմատական փոփոխությունների բեռը իրենց ուսերին կրելու պատրաստ հասարակական խմբերին հայ-ռուսական հարաբերությունների արդիական օրակարգերին ծանոթացնելու, այդ օրակարգերը յուրացնելու, սերունդների միջեւ խզում թույլ չտալու, վերջին երկու հարյուր տարիների պատմությունը խորությամբ ուսումնասիրելու եւ մեր պատմական զինանոցը մեր զարգացմանը եւ նոր հաղթանակներին ծառայեցնելու գործին: Հայ-ռուսական հարաբերությունների թեման անպայման ներառնվելու է հիմնական քաղաքական ուժերի ծրագրերում: Սա շատ կարեւոր է թեկուզ այն պարզ պատճառով, որ հասարակական կարծիքի բոլոր լուրջ հետազոտությունները հաստատում են, որ մեր հասարակության մեծ մասը շարունակում է կանգնած մնալ Ռուսաստանի հանդեպ վստահության եւ հավանության դիրքերում, համարելով դա մեր երկրի անվտանգության կարեւոր երաշխիքը: Այս պարագայում կարեւոր է, որ մեր ընտրողները ուշադիր եւ խստապահանջ վերաբերվեն քաղաքական ուժերի նախընտրական հռոտորաբանությանը, թույլ չտան, որ մեր փոքրիկ, զարգաման ճանապարհ նոր-նոր ոտք դրած երկիրը ներքաշվի աշխարհաքաղաքական նախապատվությունների պատերազմի դաշտ, չփոխի մեր երկրի ու հասարակության դիմագիծը, այն կանխատեսելի, հասկանալի ու վստահելի դարձնի բոլոր բարեկամների ու գործընկերների, տվյալ պարագայում Ռուսաստանի համար:
Ռազմավարական դաշնության, բարեկամության եւ գործընկերության խորացման նպատակները
Գուցե հարց առաջանա, թե ի՞նչն է իրավունք տալիս տողերիս հեղինակին այս դիրքերից քննել մեր քաղաքական դաշտի իրողությունները: Եվրասիական փորձագիտական ակումբը վերջին հինգ տարիներին փորձագիտական միակ հարթակն է Հայաստանում, որտեղ ուսումնասիրվել, քննարկվել եւ լուսաբանվել են հայ-ռուսական տնտեսական, մշակութային եւ հումանիտար համագործակցության հարցերը: Մենք արգասաբեր եւ բարձրորակ համագործակցություն ենք ունեցալ մեր գործընկերների եւ, հատակպես, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ, որի շուրջը նույնպես համախմբված են եղել արտաքին քաղաքականության այս վեկտորի ամրապնդման եւ ուժեղացման շատ կողմնակիցներ: Մենք արել ենք հրապարակումներ, հրավիրվել ենք մի քանի տասնյակ համաժողովներ ու կլոր սեղաններ, կազմակերպել ենք լրագրողական փոխայցելություններ: Մեր փորձագետները հարգված տնտեսագետներ, սոցիոլոգներ, միջազգայնագետներ, քաղաքագետներ, պատմաբաններ, արեւելագետներ, պաշտպանության եւ անվտանգության ոլորտների փորձագետներ են, ովքեր համոզված պնդում են, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությունը իր մեջ շարունակում է մեծ ներուժ պարունակել եւ դա պետք է կարողանալ հմտորեն ծառայեցնել մեր երկրի հզորացման գործին: Այս ուղղությամբ որոշ քայլեր արվել են եւ էլ ավելի շատ անելիք դեռ կա: Ճիշտ կլիներ, որ քարոզարշավի կարճատեւ ընթացքում, մեր նոր քաղաքական իրողությունների պայմաններում, իշխանություն-ընդդիմություն նոր-նոր ձեւավորվել սկսող փոխհարաբերություններում բյուրեղանար Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը խորացնելու եւ ամրապնդելու անհրաժեշտությունը:
Լինենք անկեղծ. մեր քաղաքական եւ տնտեսական վերնախավի մեծ մասը արեւմտամետ է եւ կենցաղային մտածողության շրջանակներում Ռուսաստանի հետ հարաբերությունները պահելն ու զարգացնելը մի տեսակ պարտադիր բեռնվածության պես մի բան է համարում: Սա նկատում են ռուս դիվանագետներն ու զինվորականները, ովքեր շատ մեղմորեն հարցնում են իրենց հայ զրուցակիցներին. հիմա մենք բարեկամություն անո՞ւմ ենք, թե՞ չենք անում: Այս մտայնությունները սաղմի մեջ չեզոքացնելու համար անհրաժեշտ է գործադրել ջանքեր: Պատճառներ չկան կասկածելու Նիկոլ Փաշինյանի եւ նրա ձեւավորած իշխանության անկեղծությանըՙ զարգացնելու եւ խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց դա նախ պետք է կարողանալ անել: Երկրորդՙ դրա իրականացման համար ուղղակի անհրաժեշտ է, որ իշխանական թիմը փոխառնի այն գործիքակազմը, որով ավանդաբար վարվել է Ռուսաստանի հետ հարաբերություններ ստեղծելու, կապերը խորացնելու գործում: Պակաս կարեւոր չէ, որ մեր չիմացությունը, պասիվությունը, երբեմն անկարողությունը, երբեմն ցանկության պակասը ամրապնդել եւ խորացնել կապերը Ռուսաստանի հետՙ անմիջապես օգտագործվել են Ադրբեջանի եւ նրա իրական հովանավորիՙ Թուրքիայի կողմից մեզ մեղադրելու համար, թե տեսե՛ք հայերը ժամանակին դավաճանեցին թուրքերին, հետո ադրբեջանցիներին, հիմա էլ դավաճանելու են ձեզՙ ռուսներիդ: Սա կարեւոր է նաեւ հասկանալու համար, որ վերջին քսան տարիների ընթացքում ադրբեջանական համայնքը Ռուսաստանում այնքան է ուժեղացել ու ճյուղավորվել, որ նրա ձայնը ազդեցիկ, լսելի, երբեմն նույնիսկ ցանկալի է Ռուսաստանի իշխանությունների համար: Սովորեցնելով մեր պատանիների ու երիտասարդությանը պատմության դասերը, մենք ամրապնդում ենք մեր անվտանգությունն ու իշխանությունը, կարողանալով ժամանակին չեզոքացնել տարբեր կողմերից եկող այն վտանգները, որոնք հանգիստ չեն տալիս եւ հաճախ կարող են շփոթեցնել քաղաքական խաղերի, զորաշարժերի պղտոր մթնոլորտում:
Քայլեր հանուն անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման
Լավ կլիներ, որ պատմության դասերը նոր սերունդները յուրացնեին լրջորեն եւ առանց տարիքից բխող ըմբոստության: Քաղաքական զսպանակը ձգվել է այնպես, որ այսօր անկախ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ (90-ական թվականներից հետո) նորից քննարկվում է բարեկամների ու թշնամիների, դաշնակիցների ու հակառակորդների հավանական թեկնածուների թեման: Կարծես թե աշխարհում այս 25-27 տարիների ընթացքում բան է փոխվել: Հանուն իրականության, եկեք համաձայնվենք, որ եթե միջազգային հարաբերություններում ինչ-որ բան փոխվել էլ է, ապա միայն թշնամանքի ու մրցակցության մեծացման, անվտանգության երաշխիքների նվազեցման, գլոբալ առճակատման ուժեղացման տեսանկյունից: Մենք հասարակական-քաղաքական քննարկումների երկու տասնամյակից ավել գերբարդ ժամանակահատված անցած քննարկումների ու բանավեճերի արդյունքում որդեգրել ենք բազմավեկտոր քաղաքականություն, որի անհրաժեշտությունը կարողացել ենք բացատրել բոլորին: Հիմա եկել է ժամանակը, երբ նոր պայմաններում, նոր քաղաքական իրողությունների համատեքստում կարողանանք ձեռք բերել նոր բարեկամներ ու գործընկերներ, առանց հներին դավաճանելու եւ առանց նրանց կողմից վստահությունը կորցնելու: Նոր քաղաքական վերնախավերը պետք է ուժ եւ իմաստություն գտնեն իրենց մեջ խոսելու մեր բոլոր վստահելի գործընկերների, այդ թվում Ռուսաստանի հետ նրանց համար հասկանալի լեզվով, ընդհանուր դիսկուրսում եւ վստահություն ներշնչող կեցվածքով: