Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Գրավի դիմաց ազատ արձակված Հարություն Մանուչարյանը հրաժարվում է համայնքի ավագանու մանդատից

Որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այս մասին հայտարարություն է տարածել «Զորավոր համայնք» դաշինքի առաջին համարի թեկնածու Հարություն Մանուչարյանը:

«Սիրելի’ հայրենակիցներ,

Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:

Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող:

Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք,որ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր 6 մլն դրամ գրավի դիմաց փոխել է  Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանավորումը: 11 ամսվա կալանավորումից հետո Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի։