Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
«Արմենպրեսի» հետ զրույցում Նարինե Գրիգորյանն ասել է՝ փառատոնը հագեցած և բազմաբովանդակ է եղել. ցուցադրվել են ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների համար ներկայացումներ: Հանդիսատեսը բեմադրությունները վայելելու հնարավորություն է ունեցել ոչ միայն թատրոններում, այլև բացօթյա հարթակներում:
«Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» խաղացել եմ հայերեն: Քննարկումների ընթացքում մասնագետները նշում էին, որ թատերական տարածքում այն ուղղակի հայտնություն է, ասում էին՝ ասես անտիկ թատրոն լինի իր ամենամաքուր դրսևորումներով, ասես հող ու ջրից դուրս եկած լինի: Շատ էին խոսում հայոց լեզվի մասին: Թատերասերները զգացել էին տեքստի գեղեցկությունն առանց այն հասկանալու, սակայն ծանոթ էին սյուժեին: Այն, որ գոմեշն ուզում էր ամեն կերպ պահպանել իր տեսակն այս երկրի վրա, նրանց շատ էր հուզել: Այդ քննարկումից հետո շատ ոգևորված եմ և ուրախ»,-խոստովանել է Գրիգորյանը:
Առաջիկայում Նարինե Գրիգորյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա՝ մասնակցելու Հաննովեր քաղաքում կայանալիք թատերական փառատոնին: Բեմ է բարձրացնելու «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում Արցախյան ազատամարտի տարիներին:
«Այդ փառատոնի հանդիսատեսը տիրապետում է ռուսերենին, ուստի խաղալու եմ ռուսերեն, որպեսզի նյութը մատչելի ու հասանելի լինի նրան: Ուզում եմ՝ ներկայացման միջոցով նրանք ևս իմանան մեր պատմությունը, Արցախյան պատերազմը տեսնեն մեր տեսանկյունից»,-շեշտել է Նարինե Գրիգորյանը:
Իսկ Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնին Համազգային թատրոնի «Փափլիկը» ներկայացման հաջողությունից հետո Գրիգորյանին առաջակել են բեմադրություն անել Մոսկվայում՝ Տագանկայի թատրոնում: Ռեժիսորը Մոսկվա է մեկնելու հոկտեմբերին՝ նախապատրաստական աշխատանքների համար: Որոշել է բեմադրել Իվան Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը: Առաջնախաղը կլինի մարտին: