Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թարգմանչական ֆորում Հայաստանում

2022թ. հոկտեմբերի 8-ին Մատենադարանում  տեղի կունենա թարգմանչական ֆորում: Ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանում թարգմանչական ոլորտի զարգացմանը եւ ծառայել որպես հարթակ թարգմանիչների հաղորդակցման, հիմնախնդիրների բարձրաձայնման, միտումների քննարկման, փորձի փոխանակման համար:

«Թարգմանչական ֆորում Հայաստանը» ստեղծվել է թարգմանիչներին եւ թարգմանությամբ հետաքրքրված անհատներին ու կազմակերպություններին մեկ վայրում համախմբելու եւ ոլորտին առնչվող հարցերի ու խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով:

Ֆորումի գլխավոր խոսնակներն ու բանախոսներն են ճանաչված թարգմանիչներ, անվանի գիտնականներ, բուհերի դասախոսներ եւ մասնագետներ այլ ոլորտներից: Ֆորումի ընթացքում կծավալվեն դեմ առ դեմ քննարկումներ հետեւյալ թեմաներով՝ համընթաց թարգմանություն, արդի մարտահրավերներ, միջազգային փորձ եւ հիմնախնդիրներ:Կարեւոր տեղ է հատկացվելու  գեղարվեստական թարգմանությանը` արեւելյան, եվրոպական եւ հայ թարգմանական գրականության հիմնահարցերին, առկա խնդիրներին ու զարգացման միտումներին: Կքննարկվեն նաեւ առանձին ոլորտներին առնչվող թարգմանության բարդություններ, խնդիրների լուծման հնարավոր ուղիներ եւ  միջազգային փորձ:

Ֆորումը մեկ վայրում կհամախմբի գործող եւ սկսնակ թարգմանիչներին, բանասերներին, լեզվաբաններին, լրագրողներին, ուսանողներին, ինչպես նաեւ թարգմանչական կազմակերպություններին, թարգմանությամբ հետաքրքրվող այլ անձանց ու կազմակերպություններին:

Հարկ է նշել, որ հայ թարգմանական արվեստը ավելի քան 1600 տարվա պատմություն ունի: Վաղ ժամանակաշրջանում Հայաստանում ձեւավորված էր թարգմանական արվեստի կայուն ավանդույթ : Հայ գրականության ողջ գոյության ընթացքում այն ուղեկցվել է այլ լեզուների` հունարեն, լատիներեն, արաբերեն թարգմանություններով: Այդ թարգմանությունները եղել են հայերեն բանահյուսության հարստացման կարեւորագույն աղբյուրներից մեկը: Շատ հայերեն թարգմանություններ եզակի են, քանի որ այդ գործերի բնօրինակները կորել են:

Միջնադարյան Հայաստանում հայ թարգմանիչները հարգված մարդիկ էին: Հին հայերեն թարգմանական գրականությունը ընդգրկում է մշակույթի եւ գիտության տարբեր բնագավառներ` գեղարվեստական գրականություն, աստվածաբանություն, բժշկություն եւ այլն:

Ստեփան  ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր