Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը ազատ կարձակվեն

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ազատ  կարձակվեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն ու ՀՅԴ ՀԵՄ ղեկավար Գոռ Սարգսյանը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը  բավարարել է  Տարոնի ու Գոռի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 3.000.000 ՀՀ դրամը։

Նշենք, որ ակտիվիստ երիտասարդները անազատություն մեջ էին 2022 թվականի մայիսից։ 

Ի դեպ, կալանավայրում գտնվելու ընթացքում խախտվել է Տարոն Մանուկյանի՝ կրթություն ստանալու իրավունքը։ ՔԿՀ-ում գտնվելիս Մանուկյանը հնարավորություն չի ունեցել հանձնելու քննությունները և փոխադրվելու չորրորդ կուրս, թեև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը և դասախոսները պատրաստակամություն են հայտնել ՔԿՀ-ում անցկացնել Մանուկյանի քննությունը։ Օրերս ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ Տարոն Մանուկյանը ԵՊՀ-ից հեռացվել է, իսկ հեռացման հրամանը Մելքոնյանը՝ որպես դեկան, հրաժարվել է ստորագրել։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։ Քրեական գործով մեղադրյալները յոթն են՝ Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։ Վերջիններս մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Այս գործով անցնող մյուս հինգ դաշնակցական երիտասարդներն ազատ էին  արձակվել ավելի վաղ։