Փաշինյանը պատասխանեց հարցերի: Այս անգամ ՝ ոչ լրատվանմիջոցների ու հանրային հատվածի ներկայացուցիչների, այլ՝ միայն Հանրային հեռուստաընկերության հարցերին: Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ հռչակած Փաշինյանն այլեւս չի կարող շփվել ժողովրդի եւ որեւէ խմբի հետ՝ անգամ առցանց ասուլիսի ձեւաչափով, անգամ զտված ու ընտրովի հարցերով:
2018-ի իշխանափոխությունից հետո երկրի առաջին դեմքի մասնակցությամբ ասուլիսները մի քանի ժամ էին տեւում: Նա, իհարկե, դժկամությամբ եւ բուռն էր արձագանքում քննադատական հարցերին, բայց, փաստն այն է, որ այդ ասուլիսնեը տեղի էին ունենում առկա ձեւաչափով: Լրագրողների հետ հանդիպումների համար ընտրվում էին հատուկ դահլիճներ, անգամ ՝ քաղաքներ:
Ե՞ րբ իրավիճակ փոխվեց: 2020-ի 44-օրյա պատերազմից, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելուց ու Արցախի մեծ մասը հանձնելուց հետո Փաշինյանի անմիջական շփումը մեդիայի հետ բացառվեց:
Ասուլիսների ձեւաչափը փոխվեց: Նա սկսեց պատասխանել նախապես ստացված, ընտրված ու զտված հարցերին, մինչեւ որ հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվեց նրան որեւէ հարց ուղղել:
Ու թեեւ սեպտեմբերի 30-ի հարցազրույցի ընթացքում սենյակում ու տեսախցիկների մոտ նա մենակ չէր, տպավորություն էր, թե հարցերի հեղինակն էլ է ինքը, պատասխաններինն էլ: Մի քանի րոպե անց (երեւի չդիմանալով քննադատություններին, որոնք քաղաքացիներն անում էին մեկնաբանությունների դաշտում ) հանրայինը փակեց նաեւ մեկաբանությունների բաժինը: Այստեղից թերեւս կարելի է մեկ հետեւություն անել՝ փաշինյանական «ժողովրդավարության» վերջը եկել է:
Նա այլեւս պատրաստ չէ լսել պարզ ճշմարտություններ, այլապես էլի քաղաք ու համապաստախան դահլիճ կընտրեին, կհրավիրեին լրագրողների: Ու թերեւս նրանց ներկայությամբ այս հարցազրույցի 90 կամ ավելի տոկոսը այլ կերպ կհնչեր. լրագրողների մեծ մասը տարիներ շարունակ լուսաբանել ու քաջ տեղյակ է հայաստանյան ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին: