Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում տիմ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից՝ սեպտեմբերի 26-ից, հետընտրական բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Երեկ՝ սեպտեմբերի 29–ին, ձերբակալվել է ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Նրա կինը պատմել է, որ տանն ամուսնուն է սպասել։ Ամուսինը մինչ այդ զանգել է, թե՝ գալիս եմ տուն։ Սակայն հետո պարզվել է, որ Քննչական կոմիտեի ցուցումով Սամվել Հովսեփյանը սեպտեմբերի 29-ին կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է եւ փոխանցվել Իջեւան ՔԿ վարչություն։
«Զորավոր համայնք» դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, երբ ձերբակալվել, ապա կալանավորվել էին Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավարը՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով։
Մոտ մեկ տարի կալանավորված է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, մի քանի օր առաջ կալանավորվեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։ Նա միակ մարդն է, որը համակարգում էր համայնքապետարանի աշխատանքը, սակայն նրան ևս ձերբակալել են։ Դատարանը քննելու է Սամվել Հովսեփյանին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք, որ Բերդ խոշորացված համայնքի տիմ ընտրություններում պարտված ՔՊ-ն պահանջել է ձայների վերահաշվարկ, սական արդյունքը նույնն է՝ հաղթել է մեկ տարի կալանքի տակ գտնվող Հարություն Մանուչարյանը։ Նա է Բերդ համայնքի ղեկավարը։ Եվ սկսվել է հաղթող «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու անդամների նկատմամբ հետապնդումների շարքը։