Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ հայ գեղարվեստական լուսանկարչության ակնառու դեմքերից մեկի՝ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի եւ հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում:
1965 թվականից լուսանկարչությամբ զբաղվող Գագիկ Հարությունյանը (1946-2021) տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի գլխավոր վավերագրող լուսանկարիչներից մեկը: Համագործակցել է մի շարք պարբերականների հետ, բայց առանձնակի ճանաչում է ստացել 1981 թվականից սկսած «Գարուն» ամսագրի շապիկներին զետեղվող հեղինակային գեղարվեստական լուսանկարներով՝ դրանցում հանդես գալով ոչ որպես սոսկ փաստագրող, այլեւ միտք, այլաբանություն եւ զուգորդումներ արտահայտող լուսանկարչական անկախ արվեստի հետեւորդ: Դեպի արտապատկերվողը նրա մոտեցումը միշտ յուրահատուկ է, առեղծվածային, դիտողի համար անսպասելի. առաջին հերթին հենց դրանով են առանձնանում Հարությունյանի աշխատանքները:
Որպես ստեղծագործական ներշնչման հիմնական աղբյուր Հարությունյանը նախընտրել է հայրենիքով մեկ շրջելը, մարդկանց հետ շփումը: 1970-80-ական թվականներին աշխատելով Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում՝ նա բազմիցս եղել է նաեւ արտասահմանում, Եվրոպայում եւ Աֆրիկայում ստեղծել մեծածավալ լուսանկարչական շարքեր: Ցուցահանդեսում ներկայացված են բնապատկերներ, գյուղական բնակավայրերում արված՝ հովվերգական ռոմանտիկայով, երբեմն էլ վիպական խորությամբ աչքի ընկնող շարքեր: Հեղինակային ուրույն մոտեցման դրոշմն են կրում ամենատարբեր ժանրերի աշխատանքերը՝ բնապատկերներ («Արարատ սարը», «Պորտաքար»), դիմանկարներ («Ինքնադիմանկար», «Մետաֆիզիկ (Էդմոնդ Ավետյան)»), վավերագրական եւ կոնցեպտուալ աշխատանքներ:
Որոշ աշխատանքներին («Լենինի արձանը», «Բակ», «Ճաղեր») յուրահատուկ հնչեղություն է հաղորդում ընտրված ռակուրսը: Հանրային համերաշխության մթնոլորտի վառ արտապատկերումներ են «Օպերայի հրապարակը» (1984), «Անվերնագիր» (1991) աշխատանքները: Այսօր առանձնակի հետաքրքրությամբ է դիտվում Արցախյան առաջին պատերազմի տարիներին արված «Ղարաբաղ» պատկերաշարը:
Հատկանշական է նաեւ Կոնդում արված դիպտիխը («Դվին» հյուրանոցը. Կոնդ», «Հին քաղաք» շարքից, 1985), որտեղ հնամենի շինությունն է նորի՝ «Դվին» հյուրանոցի կողքին: Կադրում հայտնված մեքենայի եւ մարդու տեղաշարժմամբ լուսանկարիչն ասես ընդգծում է ժամանակի ներկայությունը: Լուսանկարչի դիտանկյունը նույնն է մնում՝ մինչ ժամանակը սահում է, անզսպելիորեն այլակերպվում: Ընդհանրապես, նախորդ դարի Հայաստանում արված շատ լուսանկարներ արտահայտված կերպով կրում են ժամանակի շունչը, դիտողի մոտ առաջ բերում կարոտախտ. ակամա սկսում ես դրանցում փնտրել ինքդ քեզ:
Հինգ իմացաբանական բաժիններով ներկայացված ցուցահանդեսի համադրողն է գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի «Kurfurstliches Gartnerhaus» ցուցասրահի տնօրեն, «Atelier Middelmann» արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ դեկտեմբերի 25-ը:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ