Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Դաղստանի մուֆտիյատը Պուտինին խնդրել է հետաձգել  զորահավաքը

Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Դաղստանի Հանրապետության հոգևոր առաջնորդի կինը և միաժամանակ գլխավոր խորհրդական հանդիսացող Այնա Գամզատովան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչով է դիմել։

Գամզատովան խնդրել է դաղերի զորահավաքը կես տարով հետաձգել. գրում է «Լենտա․ռու»-ն։  Ըստ պարբերականի` Գամզատովայի խնդրանքը հրապարակվել է ՌԴ-ի մահմեդականների խորհրդի տեղական մուֆտիյատի կողմից։  Կոչում տիկինը նշում է, որ «երեք միլիոնանոց Դաղստանից Ուկրաինա արդեն երեք հազար դաղեր են ուղարկվել, և Հանրապետությունում մնացել են միայն անփորձ երիտասարդներ, որոնք չեն կարող առանց ռազմական պատրաստվածության, մեկնել կռվի դաշտ»։ Գամզատովան նաև խնդրում է Պուտինին Դաղստան գործուղել  ռազմական գործի բանիմաց հրահանգիչների։ Նա օրինակ է բերում չեչենների զորամիավորումները՝ Ռամզան Քադիրովի գլխավորությամբ, որոնք լավ զինվորական պատրաստավածություն են ստացել։  

Գամզատովայի կոչը հետևել է Դաղստանի մայրաքաղաքում մայրերի մարդաշատ բողոքների ակցիաներին և  Խասավյուրտ – Մախաչկալա ավտոմայրուղու փակելուն։ Մայրերը բողոքել են, որ զինկոմիսարիատները Ռուսաստանի ծավալով Դաղստանից ամենաշատն են հավաքագրել և ուղարկել կռվի դաշտ։ Նրանք նաև բողոքել են, որ զինկոմները տարել են ռազմական գործից ոչինչ չհասկացող, հատուկ տեխնիկային չտիրապետող, անփորձ տղաների։  

Նարինե Կիրակոսյան