Անահիտ Հովսեփյան, Քյոլն, Գերմանիա
Ժամը 16-ն անց 5 էր, երբ Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ոստիկանական մեքենաների առաջնորդությամբ ուղեւորվեց Քյոլնի Ալլենշթայնե 5 հասցեում գտնվող սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցի։ Ես օրեր առաջ Քյոլնի հայ համայնքին հայտ էի ուղարկել, նամակիս մեջ նշելով, թե ուզում եմ մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը ու նաեւ լուսաբանել այն։ Հայտս ընդունել էինՙ իրազեկելով, թե եկեղեցում հանդիպումը սկսվում է 16.45-ին։ Քյոլնի տեխնիկական ԲՈՒՀ-ում հանդիպման ավարտից հետո, երբ հայոց եկեղեցի եկա, ինձ հարգալից բացատրեցին, թե վարչապետի անվտանգության աշխատակիցները չեն արտոնել որեւէ մեկի մուտքն այդ տարածք, մինչ նշված հանդիպման ժամը։ Մեր հայրենակիցներից այդ պահին ու դրանից հետո մի այսպիսի դժգոհություն լսեցիՙ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ շրջում էին օգոստոսին երեւանյան փողոցներում, մարդիկ մոտենում, խոսում էին, հիմա ինչու՞ են այսքան զգուշանում։ Ես մի կերպ փորձեցի «արդարացնել»ՙ միգուցե բնական էՙ մեր բոլորի անվտանգությունն են պահպանումՙ չմոռանալով անշուշտ Քյոլնում թուրքական համայնքի մեծաթիվ լինելը։ Բայց հետո, ավելի ուշ, պարզեցի, թե եկեղեցուն կից համայնքի սրահում, եկեղեցում նախատեսված հանդիպումից մոտ 40 րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը առանձնաշնորհյալ մի խմբի համար ելույթ է ունենում, ներկաների հարցերին պատասխանում։ Փորձեցի ներս մտնել։ «Ձեր անունն այստեղ արձանագրված չէ», ասացին նրանք, որ շատ լավ ճանաչում են, թե ես «Ազգ»- ի Գերմանիայի թղթակիցն եմ, մոտս ռումբ չկա, իսկ գրածս հոդվածներում համակրանքի նեղլիկ մի շերտ Հայաստանի թավշյա հեղափոխությանն ու մանավանդ մեր նախկին գործընկեր լրագրող Նիկոլ Փաշինյանին այդուհանդերձ աննկատ չի մնում իմ շարադրած հոդվածներում։ Թե քանի՞ հատուկ ցուցակ էր լրացվել այս հանդիպման համար, ի՞նչ չափանիշներ էին ընտրվել, անհայտ մնաց։ Իսկ եկեղեցու պարիսպների վրա մի պաստառ էր ամրացված, որի վրա Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կերպարն էր դեռ։ Ասել, թե դա սիրելի լինելու միակ պայմանն էր, սխալ կլինի, քանի որ քիչ անց համոզվեցի, որ եկեղեցու լեփ լեցուն սրահում ջերմորեն ու սիրով դիմավորեցին Հայաստանի վարչապետին ու նրա տիկնոջըՙ Աննա Հակոբյանին, ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին, Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությանը։ Մի կին փորձեց ծաղկեփունջ նվիրել Աննա Հակոբյանին, նրան սկզբում չարտոնեցին, բայց հանդիպման ավարտին կինը կարողացավ մոտենալ, ծաղիկների փունջը նվիրել ու բարձրաձայնելՙ Ձեզ այնքան շատ եմ սիրում։
Գերմանահայոց հոգեւոր դասից բարձրախոսին մոտեցավ ու հյուրերին ողջունեց Գերմանահայոց առաջնորդ Սերովբե Իսախանյանը։ Նա գնահատեց այն բացառիկ իրողությունը, որ շնորհիվ Փաշինյանի հայ ժողովուրդն առաջին անգամ է հավատ ընծայում ընտրության արդյունքներին, ինչը պարտավորեցնող է, բայց ժողովուրդը նաեւ հույս ունի, որ բազմաթիվ խոչընդոտները դիմագրավելու եք, չեք ընկրկելու։ «Որքան էլ չենք ապրում մեր հայրենիքում, բայց հայրենիքն ապրում է մեր մեջ», ասաց գերմանահայոց առաջնորդըՙ անդրադառնալով մտահոգություններին։ Ես պարսկահայ եմ, ծնողներիս հետ տարիներ առաջ Հայաստան եկանք, ես այնպիսի Հայաստան եմ ուզում, որին մեր հայացքն ուղղենք, բռնենք մեր երկրի ճամփան, արեւելահայերեն ձեւակերպեց գերմանահայոց առաջնորդը։ Իր սովորույթի համաձայն խոսքի մյուս հատվածը շարադրեց արեւմտահայերեն ու խնդրեց Հայաստանի վարչապետից մեր գրական լեզվի այս երկրորդ ճյուղի պաշտպան լինել։
Նիկոլ Փաշինյանն ամբիոնին մոտենալուն պես օդային համբույր հղեց հավաքված հանրության իր պատվին չընդհատվող ծափողջույնների։ Ապա իր ելույթում ընդգծեց, թե ակնկալելի տնտեսական հեղափոխությունն էլ չի կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների մասնակցության։ Ժամանակակից Հայաստանը հնարավորությունների երկիր է, 21- րդ դարը սեփական ուժերին հավատալու ժամանակն է, ասաց վարչապետը։ Անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի թեմային նա այսպես ձեւակերպեց. Երբ Հայաստանի արտգործնախարարը կամ վարչապետը գնում են բանակցությունների, դրան հետեւում է հոռետեսության մի մեծ ալիք։ Ինչու՞ է մեզ առաջնորդում այդ կանխավարկածը, մեր ժողովրդի հետ քայլել ենք, որ քայլենք դեպի անդու՞նդ։ Մենք լուռ դիտո՞րդ ենք, թե՞ ասում ենքՙ պատրաստ ենք կրել անհատական, մեր բաժին պատասխանատվությունը։ Ամենամեծ բաժինն իհարկե Հայաստանի պետության, կառավարության վրա է։ Այսօր պիտի հպարտ լինեք, քանի որ հայրենի երկիր եկող աշխարհի ղեկավարներն ասում ենՙ ձեզանից սովորելու բան ունենք, սա մեզ պիտի դարձնի առավել վստահ։ Ահա եկել է մեր երազանքն իրագործելու ժամանակը, Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանըՙ հիշեցնելով, թե հավաքական ուժի արգասիքն էր այն, ինչ անհնարին էին համարում, որ մեր երկրում փոխվի։
Վարչապետ Փաշինյանին հայ համայնքից բազմաթիվ հարցեր ուղղեցին, կարեւոր ու հետաքրքիրՙ նույնքան առանձնահատուկ շեշտադրված էին դրանց տրված պատասխանները, որոնք կշարադրենք առաջիկա մեր համարում։ Ստորեւ առանձնացնենք մեր հարցերն ու դրանց տրված պատասխանները, որոնցից մեկը, ցավոք, մեր լրատվամիջոցի անունը չհիշատակելով, էթիկայի կանոն խախտելով, կայծակնային արագությամբ մեկ տողանոց լուր դարձավ «Ազատության» լրահոսում, նրան հղում անելով էլ տարածվեց առցանց մյուս լրատվամիջոցներում։
«Վրաստան կատարած այցից հետո հունվարին սպասվում էր մեր մյուս հարեւան երկիրՙ Իրան Ձեր այցը։ Ե՞ րբ է նախատեսված Ռոհանի- Փաշինյան հանդիպումը» հարցին ի պատասխան վարչապետն ասաց, թե «այն իրականանալու է փետրվարի 27- ին »։
«Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը հունվարի 28- ին լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանեց, թե մեզ համար կարեւոր են ստատուսն ու անվտանգությունըՙ առանց հստակեցնելուՙ ինչպիսի՞ ստատուս» մեր երկրորդ հարցին ի պատասխան վարչապետը նախ նկատել տվեց, թեՙ «հայտնի ասացվածք կաՙ դիվանագետներին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար»։ «Իսկ վարչապետի՞ն», շարունակեցի ես։ «Վարչապետը հստակ կասեր մեր դիրքորոշումըՙ Ղարաբաղի կարգավիճակըՙ կամ անկախ, կամՙ Հայաստանի կազմում»։
Դահլիճում ծափեր լսվեցին։ Ապա քիչ անց ՀՀ վարչապետ Փաշինյանը շարունակեցՙ «ես Ղարաբաղի ժողովրդին չեմ ներկայացնում, Ղարաբաղն ունի իր ղեկավարները, իր ԱԺ- ն, ի՞նչ ստատուս»։
Իմ երրորդ հարցի պատասխանը ես որոնել եմ երկու տարի շարունակՙ 2016- ի ապրիլյան պատերազմից հետո, երբ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Գերմանիան
Ուկրաինայի հարցից հետո կարեւոր էր համարում Ղարաբաղյան հարցը, իսկ դիվանագիտական- քաղաքական բառապաշարում սկսեց շրջանառվել սահմանին վերահսկման մեխանիզմներ տեղադրելու անհրաժեշտությունը, որ պիտի սահմանափակեր կամ զսպեր ու կանխեր հնարավոր պատերազմական գործողությունները։ «Գերմանիան 2 տարի առաջ նախանձախնդիր էր, որ վերահսկման մեխանիզմներ տեղադրվեին սահմանին։ Կանցլեր Մերկելի հետ փետրվարի 1- ին նախատեսված հանդիպմանը արծարծվելու՞ է այս թեման», մեր հարցին ի պատասխան վարչապետը նախ ակնարկեց, թե ինչ որ բան շփոթում եմ, հարցրեցՙ ո՞ ր սահմանին, ապա դեսպան Սմբատյանին կարճ ունկնդրելուց հետո, հստակեցրեցՙ «մեր երկկողմ օրակարգի հետ դա կապ չունի, դա ուրիշ թեմա է»։
Երբ հանդիպումն ավարտվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց իրՙ հեղափոխության հրապարակից մեր ունկին հարազատ «ազատ եւ երջանիկ Հայաստանում ապրելու «կեցցե»- ն, ես հաստատ որոշեցի, որ ճեղքելու եմ Հայաստանի վարչապետի հետ լուսանկարվողների մեծ բանակը, աչք աչքի հանդիպեմ ու հիշեցնեմ նրան «Երկրի հակառակ կողմը» գրքի 143- րդ էջում իր գրածը։ «Իսկ ովքե՞ր են հիմա ղեկավարում Ֆրանսիան, ովքե՞ր են ղեկավարում Եվրոպան։ …Դե ի՞նչ ասես Անգելա Մերկելին, դժբախտ աղջիկ ա, էլի»։ Անվտանգության աշխատակիցն այնքան ուշադիր էր հաշվել իմ հարցերի քանակը, որ փորձում էր կանխել դրանք։ Երբ ակնարկեցի, թե հարցս իրեն չի ուղղված, ոչ էլ վարչապետին, այլ գրող Փաշինյանին, ընթերցողի իմ իրավունքը պաշտպանեց Հայաստանի վարչապետ դարձած փայլուն լրագրող, առաջին գրքով հանրության ուշադրությանն արժանացած, բեսթսելլերի հեղինակ գրողը։
Երբ գրվում էր այս գիրքը, լրագրող ու գրող, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դեռ չէր տեսել ԳԴՀ չորրորդ շրջանը ղեկավարած կանցլերի աչքերը, այսօր երրորդ անգամ դրանք ուշադիր զննելու առիթ կունենա։ Համոզված եմ դրանից հետո կպատասխանի իմ կիսատ մնացած հարցինՙ ո՞րն է գրող ու վարչապետ Փաշինյանի երջանկության եւ դժբախտության բանաձեւը։