Սոչիից և Մոսկվայից ավիատոմսերի գները դեպի Հայաստանի, Վրաստանի և Ղազախստանի մայրաքաղաքներ տասնապատիկ թանկանալով՝ աստղաբաշխական թվերի են հասել։
«Կուբանի Կոմերսանտ» թերթը գրում է, որ սեպտեմբերի 21-ից, երբ Ռուսաստանում հայտարարվեց մասնակի զորահավաք, շատ քաղաքացիներ որոշում ընդունեցին լքել Ռուսաստանը։ Ըստ թերթի, մոտ 300 հազար մարդ պետք է ռուսական տիրապետության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներ մեկնի զինվորական ծառայության։
Թերթը, հղում կատարելով ավիատոմսերի վաճառքով զբաղվով «Ավիասելս» ծառայությանը, գրում է, որ Ադլերից Երևան սեպտեմբերի 25-ին ինքնաթիռի տոմսն արժեցել է 533 200 ռուբլի (մոտ $9 200), սեպտեմբերի 26-27-ը գներն իջել են մինչև 23,7 հազ ռուբլի (մոտ $408), իսկ 28-29-ին նորից բարձացել և կազմել 143,6 հազարից 280,1 հազար ռուբլի (մոտ $2 465 – $4 827)։
Ավիատոմսերի գների նվազումը, ըստ վաճառող սերվիսի, միայն մեկ ամիս հետո է սպասվում։ Գրեթե նույն գներն են՝ չնչին տարբերությամբ, Մոսկվայից Երևան թռիչքների դեպքում։ Հոկտեմբերի կեսերից Սոչի – Երևան, կամ Մոսկվա – Երևան ուղղություններով ավիատոմսերի գները սահմանվել են համապատասխանաբար 5-7 հազ և 8-10 հազար ռուբլի։
Մի փոքր ավելի թանկ են Սոչիից և Մոսկվայից Թբիլիսի տոմսերի գները՝ սեպտեմբերի վերջերից մինչև հոկտեմբերի վերջ կազմելով $10 000 – $500։ Ղազախստանի ուղղությամբ ևս նկատվել է թանկացում: Սոչիից և Մոսկվայից սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի վերջ դեպի Աստանա ավիատոմսն արժե մոտ $1200 – $207։ Բոլոր դեպքերում գները նվազում են միայն մյուս ամսվա վերջերին, սակայն արդեն իսկ տոմսերի սղություն է նկատվում, իսկ հավելյալ թռիչքների մասին ավիաընկերությունների կողմից չի հայտարարվել։
Թերթը նաև գրում է, որ լուրեր են շրջում, թե վերգետնյա սահմանային անցակետերում սկսել են կաշառքի դիմաց անցկացնել զինապարտի տարիքում գտնվողներին։ Տարբեր տվյալներով այդ կաշառքի չափը տատանվում է 5 հազ – 90 հազ ռուբլու միջակայքում։
Զորահավաքից խուսափող անձանց Կրասնոդարի փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Վալյավսկին զգուշացրել է, որ քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնելու սահմանափակումներ թեպետ դեռ չկան, սակայն զինապարտներին երկրից դուրս գալու փորձի համար կարող են վարչական տուգանքի ենթարկել։
«Նրանք, ովքեր մտադիր են Ռուսաստանից բացակայել ավելի քան կես տարով, պարտավոր են այդ մասին տեղեկացնել իշխանություններին։ Իսկ եթե դա չեն անի, ապա կվճարեն 500 ից 3000 ռուբլի տուգանք։ Զորահավաքի ժամանակ նրանք պարտավոր են ներկայանալ զինկոմիսարիատ։ Զինկոմի կոչին և պահանջներին չենթարկվելու դեպքում կկիրառվի համապատասխան վարչական պատժամիջոց», – ասել է Վալյավսկին։
Նարինե Կիրակոսյան