ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության գծով փորձագետ
(Strategik Derinlik)
Դավութօղլիի հեղինակած գրքի հիմնական թեման կայանում է հետեւյալում. հենվելով թուրք ժողովրդի պատմության վրա` սկսած 15-րդ դարից, հրաժարվել Քեմալ Աթաթուրքի քաղաքականությունից` քեմալիզմից: Հեղինակի կարծիքով, յուրաքանչյուր պետություն առաջին հերթին պետք է առաջնորդվի աշխարհաքաղաքական ռազմավարությամբ եւ հետո միայն պատմական ժառանգությամբ: Դա է «Ռազմավարական խորության» հիմնական թեորիան: Դավութօղլուի կարծիքով, մինչ իր իշխանության գալը, Թուրքիայի ղեկավարները չափից դուրս շատ ուժ ու եռանդ էին վատնում կարճատեւ քաղաքական նպատակներին հասնելու համար: Իսկ նա սկսում է անցումը դեպի ռազմավարական (ստրատեգիական) խնդիրների լուծում:
Եվ այդ ռազմավարական խնդիրը ակնհայտ է` Մեծ Թուրանի վերականգնումը:
Ուշագրավ են հեղինակի ընդգծած 4 տիպի պետությունները`
– Գերտերություն (Super power)
– Մեծ պետություն (Great power)
– Տարածաշրջանային պետություն (Regional state)
– Փոքր պետություն (Small state):
Քեմալիզմի սխալ քաղաքականությունը Դավութօղլուի կարծիքով, կայանում է նրանում, որ Մեծ կայսրությունը անցում կատարեց փոքր պետության տարակարգ, իսկ հիմա անհրաժեշտ է վերադառնալ առաջին սանդղակին: Դրա համար Թուրքիան ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները` հարմարավետ աշխարհագրական դիրք, Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, մեծաթիվ բնակչություն ( 80 միլիոնից ավելի), հզոր բանակ, ուժեղ հետախուզություն, հզոր տնտեսություն (այդ թվում նաեւ ռազմա-արդյունաբերական համալիր), ՆԱՏՕ-ի հետ ռազմա-քաղաքական համագործակցություն, ճկուն եւ խորամանկ դիվանագիտություն, գերտերությունների եւ հզոր պետությունների միջեւ խուսավարելու հմտությունՙ իրենց հետաքրքրություններից ելնելով…
Թուրքիայի հետախուզության ղեկավար Էմրե Թաների պաշտոնաթողությունից հետո, Թուրքիայի ղեկավարությունը (Աբդուլլահ Գյուլ, Ռեջեփ Թայիբ Էրդողան եւ Ահմեդ Դավութօղլու) հետախուզության (MIT) պետ միաձայն նշանակեցին Հաքան Ֆիդանին: Նշանակման պահին (2010 թվականին) վերջինս 42 տարեկան էր:
Հաքան Ֆիդանը կրթություն էր ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ԱՄՆ-ում ավարտել էր Մերիլենդի համալսարանը (Maryland College Park), այնուհետեւ Բիլքենթի համալսարանը (Bilkent University):
Մինչ հետախուզության պետ նշանակվելը, ծառայել էր Զինված ուժերում, ՄԱԳԱՏԷ-ում (Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման միջազգային գործակալություն, հիմնադրվել է 1957 թ., կենտրոնըՙ Վիեննայում), 2008-2010 թթ. զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Մագիստրոսի աստիճանը ստանալիս, Ֆիդանը հետաքրքրական թեզ էր պաշտպանում. «Հետախուզությունը եւ արտաքին քաղաքականությունը» թեմայով: Դոկտորական թեզը պաշտպանելիս նա հանդես եկավ ավելի հետաքրքրական թեմայով. «Տեղեկատվությունների դարաշրջանում միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»: Ֆիդանը շատ մտերմիկ հարաբերություններ ուներ ե՛ւ Դավութօղլուի, ե՛ւ Էրդողանի հետ: Վերջին երկուսի միջեւ նույնիսկ անտեսանելի պայքար էր ընթանում Ֆիդանին իրենց ուղեծրում պահելու համար:
Հետախուզության պետ (պաշտոնը կոչվում է խորհրդական) դառնալուց անմիջապես հետո, Հաքան Ֆիդանը, որը Թուրքիայի հետախուզության պատմության մեջ երկրորդ ոչ զինվորականն էր, անմիջապես սկսեց հետախուզության կառուցվածքային փոփոխությունները` ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների դրույթների: Ըստ Ֆիդանի` «Ռազմավարական խորություն» դասագրքի հայեցակարգերը իրացնելու համար հարկավոր էր նոր հետախուզություն եւ հակահետախուզություն: Ընդ-որում MIT-ը նախկինում հիմնականում հետախուզական աշխատանքներ էր իրականացնում, քանի որ անվտանգության հարցերով զբաղվում էին առանձին կառույցներ, սակայն Ֆիդանը ներկայացրեց նոր նախագիծ եւ որոշակի հակահետախուզական դրույթներ վերցրեց MIT-ի հսկողության տակ: Այսինքն, ստեղծվում էր նոր MIT, որը միաժամանակ գործելու էր ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տեսլականներով: Ֆիդանը իր առաջարկությունների նախագծերում ընդգծել էր, որ Թուրքիան այլեւս հույսը չպետք է դնի որեւէ գործընկերոջից կամ դաշնակցից ստացված տեղեկատվության վրա, այլ պետք է ստեղծվի հզոր գործակալական ցանց աշխարհի այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ Թուրքիան ունի կենսական հետաքրքրություններ: Իր եզրահանգումներում Ֆիդանը նշում էր, որ իրենց հետախուզությունը ձախողվել եւ լուրջ վրիպումներ է թույլ տվել 2008 թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմը սկսվելուց առաջ եւ ընթացքում (այսինքն բակականաչափ տեղեկատվություն չի ապահովել` Սաակաշվիլիի իշխանությանը սատարելու համար), բավականաչափ տեղեկատվություն չի ապահովել Ադրբեջանի նախագահ Ալիեւին հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում, չի ապահովել համապատասխան տեղեկատվություն «Բալյոզ» եւ «Էրգենեկոն» քրեական գործերի հետաքննության համար (այս գործերի շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի Գլխավոր շտաբի եւ Զինված ուժերի տասնյակ գեներալներ), լրիվ թափով աշխատանքներ չեն տարվել քուրդ սեպարատիստների դեմ եւ այլն եւ այլն:
«Ավարտել, վերջ տալ անցյալին եւ բացել նոր էջ հետախուզության պատմության մեջ» – ահա՛ հիմնական միտքը, որն անմիջապես դուր եկավ ե՛ւ նախագահ Գյուլին, ե՛ւ վարչապետ Էրդողանին, ե՛ւ կուսակցապետ, գլխավոր ստրատեգ Ահմեդ Դավուդօղլուին:
Հաջորդ կարեւոր քայլը, որ կատարեց Հաքան Ֆիդանը, այն էր, որ հետախուզությունը սկսեց աշխատանքի հավաքագրել անգլերենի, արաբերենի, ֆարսիի, բուլղարերենի, ռուսերենի, հունարենի, վրացերենի, հայերենի, միջինասիական երկրների ժողովուրդների լեզուների իմացությամբ:
Իհարկե հետախուզությունը առանց օտար լեզուների մասնագետների, նման է նվագախմբի` առանց երաժշտական գործիքների: Սակայն ուշադրություն դարձրեք լեզուների ընտրությանը. այն լիովին համապատասխանում է «Strategik Derinlik»-ի «ճաշակին»:
***
Շուտով Թուրքիայում արդեն ոչ-ոք չէր կասկածում ինչ տեղ է զբաղեցնում լրտեսների ղեկավարը պետության իսթեբլիշմենթում: Նա դառնում է պետության երկրորդ դեմքը, շատ ավելի զորեղ, քան որեւէ այլ նախարար: Չնայած դրան, նա իրեն համեստ է պահում, մեղմ է եւ առանց նկրտումների (չէր խանգարի նրանից օրինակ վերցնել այդ առումով – հեղինակ): Ամերիկյան հետախույզները նրա մասին խոսելիս ասում էին` նորաձեւ թանկ կոստյումներ չի հագնում, ոչ մի սեւ ակնոց, սիգար չի ծխում, ամբարտավան չէ (համեմատվում էր Սաուդյան Արաբիայի հետախուզության պետ արքայազն Բանդարի հետ – հեղինակ):
Սակայն զարմանալի կլիներ, եթե դրական բնութագրի հետ միասին ի հայտ չգային նաեւ բացասական մութ կողմերը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության, արտասահմանում գործող դեսպանատների եւ հետախուզության միջեւ ստեղծվեցին կոնֆլիկտային իրավիճակներ, որը բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր պետությունների համար: Ներքին անվտանգության հարցերում MIT-ը սկսեց խիստ կաղալ, հետախուզության գիտա-տեխնիկական վերազինումը խիստ ձգձգվում էր, չնայած բյուջեից մեծ հատկացումներին:
Երբ որեւէ պետության հետախուզական ծառայությունը հաջողություն է ունենում իր գործունեության դաշտում, ապա այդ մասին խոսվում է շատ քիչ, ցածրաձայն, առանց ցուցադրական պերճության, երբեմն նույնիսկ, ելնելով օպերատիվ իրավիճակից, այդ հաջողության մասին կարող է բարձրաձայնվել 10-15 տարի հետո, բայց վայն է եկել տարել հետախուզությանը կամ կոնկրետ հետախույզին, եթե նա ձախողել է որեւէ օպերացիա, եթե արդյունքում չի ստացվել այն ինչ սպասվում էր, կամ օպերացիայի որեւէ հատվածում տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք:
Հաքան Ֆիդանը նշանակվեց պաշտոնին 2010 թ. մայիսին: Այդ ընթացքում տեղի ունեցան` «Արաբական գարուն», պատերազմ Սիրիայում, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացում, փոխադարձ մեղադրանքներ միջազգային հարթակներում, Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում եղան մի շարք «վերելքներ» եւ «վայրէջքներ» (այժմ այդ հարաբերությունները «վերելքի» շրջանում են), ԱՄՆ-ը եւ նրա ՆԱՏՕ-ի գործընկերները Թուրքիային սկսեցին համարել ոչ կանխատեսելի դաշնակից, Թուրքիան մեղադրվեց որպես «Իսլամական պետությանը» սատարող պետություն, մեղադրվեց Եգիպտոսում ռազմական հեղաշրջում պատրաստելու մեջ, Թուրքիայի հետախուզության գործունեությունը առաջացրեց տագնապ եւ կասկածներ Վաշինգտոնում, կասկածներ կային, որ Թուրքիան փոխանցել է որոշ խորհրդապահական տեղեկություններ Իրանի հատուկ ծառայություններին, MIT-ի եւ քրդական անջատողականների հետ համագործակցության գաղտնի ծրագրեր, սկանդալային գաղտնալսումներ բարձրաստիճան հետախույզների առանձնասենյակներում, Էրդողանի եւ նրա որդու` Բիլյալի հեռախոսային խոսակցության գաղտնալսում, MIT-ի բեռնատարների միջոցով զենքի տեղափոխում ահաբեկիչների ճամբարներ (այս գոծողությունը բացահայտվեց Թուրքիայի ոստիկանության կողմից), տապալվեցին նոր սկիզբ ստացած հայ-թուրքական հարաբերությունները (2009 թ. հոկեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ստորագրվել էին երկու արձանագրություններ` դիվանագիտական կապեր հաստատելու եւ երկկողմանի հարաբերություններ ստեղծելու վերաբերյալ: Արձանագրությունները կյանքի չկոչվեցին երկու հիմնական պատճառով. Թուրքիային եւ Արեւմուտքին չհաջողվեց Հայաստանին դուրս հանել Ռուսաստանի ազդեցության ոլորտից եւ, իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիեւի ուժգին դժգոհությունները եւ դիմադրությունը) եւ այլն, եւ այլն:
Իսկ հիմաՙ ամենակարեւորի մասին. պարոն Ֆիդանը, դառնալով Մերձավոր Արեւելքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, մարդ որ հանդիսանում է ջիհադականների թեւ ու թիկունքը (երբեմն նույնիսկ հակաարեւմտամետ), Սիրիայի ապստամբների հիմնական մատակարարը, Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության ռազմավարության գլխավոր ստրատեգը, հետախուզական տեսլականներ մշակողը… եւ հանկարծ աչքաթող է արվում պետության ներսում պատրաստվող (2016 թ. հուլիսի 15-ին) զինվորական հերթական խռովությունը:
Խռովությունը սկսվեց այն պահին, երբ Թուրքիան արդեն խորը ճգնաժամի մեջ էր` ռազմական գործողություններ Իրաքի եւ Սիրիայի հետ սահմանային շփման հատվածներում, բախումներ «Իսլամական պետության» որոշ թեւերի հետ, լիիրավ քաղաքացիական պատերազմ քրդերի հետ, ռուս-թուրքական հարաբերությունների լուրջ ճգնաժամ եւ այլն:
Խռովության ծրագրի առաջին կետերից մեկը նախագահ Էրդողանի ֆիզիկական ոչնչացումն էր, որը չստացվեց: Նրա ոչնչացման դեպքում, Զինված ուժերի գեներալների մեծ մասը կկանգներ խռովարարների կողքին (խռովության հիմնական «կորիզը» ռազմա-օդային ուժերն էին): Խռովությունը տապալվեց:
Ըստ որոշ չճշտված տվյալների, խռովության սկզբում Էրդողանն ավելի շուտ տեղեկատվություն ստացավ ռուսական ռազմական հետախուզությունից (Ռուսաստանի ռազմական հետախուզության ռադիոկալանման կայանը տեղակայված էր Սիրիայի Հմեյմիմ քաղաքում), քան իր հետախուզությունից:
Բայց սա արդեն ուրիշ պատմություն է: Ինչպես ասում են «Քամի մի ցանեք, այլապես փոթորիկ կհնձեք»:
(4-րդ եւ վերջին մաս)