Արցախի հարցը շարունակում է մնալ Հարավային Կովկասի ամենաբարդ հիմնախնդիրը, ինչը ազդում է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, այլ ընդհանրապես տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա: Այս խնդրի կարգավորման շուրջ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբ կոչվող միջնորդական կառույցը հիմնական հարթակն է, որի շրջանակներում են տեղի ունենում բանակցային գործընթացները:
Ինչպես հայտնի է, միջնորդ պետություններիՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ներկայացուցիչները մի քանի օր առաջ հանդես եկան հայտարարությամբ, ինչը շատ մասնագետներ գնահատեցին աննախադեպ եւ հետնահանջ մինչ այդՙ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում, դեռ Սերժ Սարգսյանի օրոք, հայտնի ապրիլյան պատերազմից հետո կողմերի միջեւ կայացած պայմանավորվածություններից:
Իսկ այդ պայմանավորվածության հիմքում հայկական կողմի պահանջն էրՙ շարունակել բանակցությունները միայն անվտանգության հստակ երաշխիքների եւ հարձակողական նախաձեռնության զսպման դեպքում: Հասկանալի էր, որ այդ երաշխիքների պատասխանատուն պետք է լինեին միջնորդ կողմերը, որոնք պետք է զսպեին ադրբեջաական կողմին ագրեսիվ քայլերից եւ հռետորաբանությունից:
2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո հայկական կողմի այս պահանջները ընկալվում էին որպես բանակցությունների շարունակականության ապահովման կարեւորագույն նախապայման: Հայկական կողմը, այս պայմաններում, ուներ նախաձեռնություն եւ, կարելի է ասել, ինքն էր թելադրում բանակցությունների օրակարգը:
Այս իրավիճակը հնարավորություն էր տալիս լինել ոչ միայն նախաձեռնող եւ ակտիվ, այլեւ խորքային համագործակցություն կազմակերպել Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ: Այս պայմաններում միջնորդների առաջ քաշած ծրագրերը եւ բանակցությունների տարբեր ֆորմատները, որքան էլ այն ձեռնտու չլիներ հայկական կողմին, այնուամենայնիվ ընդունվում էին որպես բանակցությունների շարունակման տարբերակներ: Ի հակառակ սրան Ադրբեջանը ամեն անգամ ստիպված էր մերժել դրանք, այսպիսով հայտնվելով մեկուսացման մեջ:
Հայկական կողմի այս քաղաքականությունը հնարավորություն էր տալիս լինել նախաձեռնող եւ ակտիվ, աշխատել միջնորդների հետ ու իր շուրջ ստեղծել դրական իմիջՙ պետության, որը ցանկանում է խաղաղություն եւ պատրաստ է հարցը կարգավորել միմիայն բանակցությունների միջոցով: Սա հնարավորություն էր տալիս, Ադրբեջանի մերժողականության պայմաններում, պահպանել ստատուս-քվոն, այսինքն ուժերի հավասարակշռությունը եւ դիրքային այն առավելությունը, որոնք ձեռք էին բերվել պատերազմի ընթնացքում:
Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ցույց տվեց, որ, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ ցավոք սրտիՙ ոչ հօգուտ Հայաստանի: Հիշեցնենք, որ միջնորդների հայտարարության մեջ մասնավորապես ասվում էՙ «…..արդար եւ տեւական կարգավորումը պետք է ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակըՙ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումըՙ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»:
Ադրբեջանը, որը նախկինում մերժում էր Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, առաջին անգամ ողջունեց այն, իսկ հայկական կողմը ընդհակառակը ստիպված էր մերժել դրանք: Հիշեցնենք, որ վերջին անգամ նմանատիպ իրավիճակ ստեղծվել է 1996թ. Լիսաբոնի ԵԱՀԿ հայտնի գագաթաժողովում, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր օգտագործել հայկական կողմի վետոյի իրավունքը:
Պետք է արձանագրենք, որ լիսաբոնյան անհաջողությունից 23 տարի անց Հայաստանը նորից կորցնում է իր նախաձեռնողականությունը Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններում: Ադրբեջանը` հասկանալով իրավիճակի փոփոխությունը, այն փորձում է օգտագործել իր օգտինՙ Հայաստանի վրա ճնշում գործադրելով ու երկկողմՙ վարչապետ-նախագահ հանդիպումից առաջ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնելով Արցախի սահմաններից ոչ շատ հեռու:
Կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներիՙ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարության հիմքում հստակ հաղորդագրություն է այն մասին, որ կողմերը Արցախյան հարցում չեն կարող գալ ընդհանուր հայտարարի շրջանցելով միջնորդներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերելակային դիվանագիտությունը հանգեցրել էր կարծիքի, որ վերջինս ամեն պատեհ առիթով հանդիպում է Ալիեւի հետ, փորձելով ինչ-որ հարցերում գալ համաձայնության, շրջանցելով միջնորդ երկրներին:
Վերջիններիս կողմից իրավիճակի այս փոփոխությունը ընկալվում էր որպես տարածաշրջանի անվտանգության տեսակետից գերկարեւոր հարցումՙ Արցախյան հիմնախնդրում, իրենց դիրքերի թուլացման փորձ: Հասկանալի էր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան չէին հանդուրժի այս իրավիճակը եւ սեփական շահերի անտեսումը եւ հանդես եկան, փաստորեն, կոշտ հայտարարությամբ, որը, կարծում եմ, հիմնականում ուղղված էր հայկական կողմին:
Փաստորեն լիսաբոնյան տխրահռչակ գագաթաժողովից 23 տարի անց հայկական կողմը նորից է հայտնվում մեկուսացման մեջ եւ ստիպված է օգտագործել «վետոյի» իր իրավունքը: Ստեփանակերտում ազգային անվտանգության խորհուրդների համատեղ ժողովը փորձ է ցույց տալու թե՛ Ադրբեջանին եւ թե՛ միջնորդներին, որ հայկական կողմը միասնական է եւ նույնիսկ պատրաստ է հանդես գալու ուժի դիրքերից:
Հիշեցնեք, որ նմանատիպ համատեղ հավաք կողմերը վերջին անգամ իրականացրել էին 1998թ.-ին, երբ փորձում էին ընդհանուր ուժերով ելքեր գտնել ստեղծված պատային իրավիճակից դուրս գալու համար: Հիշեցնեմ նաեւ, որ դրանից մի քանի ամիս անց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: