ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, Գերմանիա
Հռենոսի մեծ հունն ասես կրկնապատկում է Դյուսսելդորֆի հյուրընկալ տարածքը, որ տարվա բոլոր ամիսներին աշխարհի տարբեր անկյուններից իր հյուսիսում գտնվող տոնավաճառային «կղզի»ՙ Messe Dusseldorf է կանչում տարբեր մասնագիտությունների մարդկանցՙ մի քանի օրվա հանդիպման հարթակ տրամադրելով: Այստեղ են գաղափարակիրներն ու արտադրողները, հետազոտողներն ու իրականացնողները, կամՙ ինչպես Դյուսսելդորֆի տոնավաճառի հյուրընկալ թիմն է ձեւակերպումՙ սա մի վայր է, ուր բիզնեսը սրտին է հանդիպում: Մարտի 17-ին Դյուսսելդորֆի սրտի տրոփյունը երեք օրով պոեզիայով ու երգով ռիթմավորած գինու տոնավաճառըՙ ProWein- ը մարտի 19- ին ավարտվեց, մարտի վերջինՙ 29- 31- ին կգան գեղեցկության մասնագետներըՙ դիմահարդարներն ու վարսահարդարները, հետոՙ ապրիլի 7- ին բիո ապրանքները կհայտնվեն տաղավարներում, մայիսին նախատեսված է երկու տոնավաճառ, որիցՙ մայիսի 7- 8- ը նախատեսված տպագրության եւ թվային հաղորդակցությանը համախմբող տոնավաճառն արդեն քաղաքում ու շրջակայքում հյուրանոցային ազատ համար չի թողել: Դյուսսելդորֆն իհարկե ԳԴՀ- ում միակը չէՙ Հայաստանի ամենամյա մասնակցությամբ մեզ ծանոթ է նաեւ հոկտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը, ուրախալի է, որ մարտի 20- ին մեկնարկած Լայպցիգի տոնավաճառում էլ Հայաստանը նախորդ տարվա նման իր տաղավարն ունի: Գերմանիան սեփական պատմության ծանր բեռից նաեւ այսպես է ազատագրվումՙ աշխարհի առջեւ այսպես բացված, այսքան հյուրընկալ, աշխարհն իրենից «կախյալ» դարձնելովՙ խթանելով որակ, նոր գաղափարներ, իսկ մասնակիցներին վարակում նորից Գերմանիա վերադառնալու վճռականությամբ:
Հայաստանն էլ գինու որակը բարենորոգելու, ավանդույթը վերականգնելու մարտահրավերն ընդունել, արդեն իր տարեցույց է ներառել աշխարհում ամենամեծ գինեգործական եւ ալկոհոլային խմիչքների ProWein տոնավաճառին իր շարունակական մասնակցությունը: Այս տարի ներկա էին հայկական գինեգործական 15 ընկերություն, որ եռօրյա այս հարթակում շուրջ 130 տեսակի գինի ներկայացրեցին:
Աշխարհի քարտեզն այստեղ ասես բացակա երկրներ չունի, բայց կան հզորներ ու նրանց ստվերում մի ոտնաչափ նվաճողներ: Ամենամեծաթիվՙ 1654 արտադրողի հետ ծանոթացրեց իհարկե Իտալիան, այնուհետ Ֆրանսիանՙ 1576, Գերմանիանՙ 978, Ավստրիայից ներկա էին 335- ը, Իսպանիայիցՙ 661- ը, Պորտուգալիայիցՙ 387 արտադրող: Տոնավաճառի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներից մեկը, որ համաձայնեց բանավոր մի քանի հարցի արագ պատասխանել, ուրախությամբ արձանագրեց, որ գինու արտադրության այնպիսի խոշոր երկիր, ինչպիսին ԱՄՆ է, չունի Դյուսսելդորֆի տոնավաճառի նման մեծ եւ կարեւոր հարթակ, այդ է պատճառը, որ միշտ մասնակցում է: Իսկ աշխարհը վերադառնում է գինու մշակույթին, վերահայտնագործում է Աստվածաշնչյան խմիչքը: Նրա ասելովՙ քչերը գիտեն, որ Մեծ Բրիտանիայում գինեգործության աճ կա, Չինաստանում այն ավելի ու ավելի սիրելի է դառնում, իսկ Դյուսսելդորֆում ներկայանում է մեծ տաղավարով, Ճապոնիան անտարբեր չէ , իսկ տոնավաճառի աշխատակազմն ուրախ է, որ Հայաստանը չի բացակայում այս հարթակիցՙ Վրաստանի եւ Ադրբեջանի հարեւանությամբ գտնվող տաղավարների հետ հյուրընկալելով գինու սիրահարներին: Երեք օր առաջՙ մարտի 19- ին ավարտված 25- ամյա ProWein – ը երեք օրերի ընթացքում 142 երկրից 61 500 առեւտրի եւ գաստոնոմիական ոլորտի այցելու ունեցավ, իսկ սովորական այցելուների թիվը դեռ ճշգրտում են:
Մասնագիտացված այցելուն չէր վարանում վստահեցնել, թե հայ գինեգործի շշալցված հպարտության շարժիչը սնապարծությունը չէ: Նրա ջերմ խոսքերը վկայում էին, թե 6100 տարվա ավանդույթը, իր բնականությունը վերագտնելու վճռականությունն ու հայրենի հողի, քարի, որթի, արեւի, ջրի հետ խմորված այս հեղուկ բանաստեղծությունը, այն տիկերից ու տակառներից շշի մեջ խցանելու, իսկ դրանից դուրսՙ առանց թարգմանչի, բոլորին հասկանալի սիրո մթնոլորտ ստեղծելու ապացույցն ունի հայ գինեգործը:
Գերմանիայի տաղավարում լինելուց հետո, նկատեցի սակայն մեր «վրիպումը»: Եթե հեռանանք հայաստանյան ներքաղաքական նոր գունաբաժանումից, մեր տաղավարի ներկայացրած երկգույն դիզայնըՙ սեւ- սպիտակ հակադրությունը կարելի է բացատրել դասականին մեր հավատարմությամբ, այդ գույների հետ գինիների տարագույն շշերն ու պիտակները ներդաշնակ էին այնքան, որքան տաղավարում ներկա հայկական պատվիրակության անդամների հագուկապը: Համազգեստով, բնական է, չէին ներկայացել, բայց հագուստի իրենց ազատ ընտրությունն էլ չափավոր տոնական էր, իսկ գույների հրավառություն չկար: Ուրեմն այս ֆոնին արդարացված կլիներ հայոց հողը, թեկուզ ոչ մեծ սրվակներով ներկայացնելը, ինչպես դա արել էին գերմանացիները: Մեր գինու շշերն էլ այս փակ տարածքում իրենց բնական միջավայրի կարոտը կհագեցնեին: Միգուցե: Բայց ամեն «չկա» փոքրիկ խայծ էՙ Հայաստան գնալու, այդ հողը տեսնելու, արեւն ու ջուրը վայելելու առիթ, մանավանդ այսպես մտածելու հիմք է տալիս մեր հետեւյալ դիտարկումը. Երբ հարցիս ի պատասխան գինին համտեսողն ասում էր, թե սա բոլորովին ուրիշ, նոր նրբահամ ունի, եւ բնավ նման չէ իր ճանաչած համերին ու բույրերին, շտապում էի հարցնելՙ եղե՞լ եք Հայաստանում: «Ոչ, բայց այս գինին ինձ հրավիրում է», ասում էին նրանք: Մի այդպիսի հրավեր է նաեւ մեծաթիվ տպաքանակ ունեցող, ինչպես դյուսսելդորֆցիներն են բնութագրում, տաքսու վարորդների ամենօրյա ընթերցանության ցանկում գերակա օրաթերթիՙ «Էքսպրեսի» արձագանքը: Թերթի հոդվածագիրն իր մարտի 17-ի լուսանկարներով հարուստ հրապարակման մեջ դրական գնահատականի է արժանացրել նաեւ Հայաստանի տաղավարում ըմպած գինինՙ զրույցի հրավիրելով դրա հեղինակներինՙ ԱՄՆ- ից հայրենիք վերադարձած ու գինեգործությամբ զբաղվող Վարուժան Մուրադյանին եւ նրա տիկնոջըՙ Անահիտին : Հոդվածագիրը ակնհայտ սիրով է ներկայացնում նաեւ Լիբանանի տաղավարը, որ քաղաքացիական պատերազմից հետո զարկ է տվել գինեգործությանը: «Մեզ համար որակն է կարեւոր», լիբանանյան արտադրողի խոսքն է ներկայացնում «Էքսպրեսի» հոդվածագիրն ու ամփոփումՙ դա զգում եսՙ նրանց ֆանտաստիկ գինին ըմպելով:
Թերթը չէր անդրադարձել մեր երկու դրացիներինՙ Վրաստանին եւ Ադրբեջանին: Ես լրացնեմ «բացը», մանավանդ, որ գինու համտեսին մասամբ էի մասնակցում ու կարելի է ասել, հպանցիկ իմ նկարագրությունը մատուցում եմ սթափ հայացքով. սոմելիեներն այնքան էին ողողել իրենց քիմքը գինով, այնուհետ այն կուտակել թքամանների մեջ, որ առանց համտեսի, միայն մի քանի ժամվա շունչ- արտաշունչը գինով արբեցրել էր բոլոր ներկաներին: Վառ ազգային գույներով սպիտակ- կարմիր Վրաստանի տաղավարը հայաստանյանի նման մարդաշատ էր: Գինու ամենահին, բնօրրան երկիր ներկայանալու իրենց տեղեկատվությունը ոչ միայն զարդարել էր տաղավարի պատը, այլ գինեգործների բանավոր զրույցն էլ չէր մոռանում դրա շեշտադրումը: Հենց դաՙ իրենց համար անբեկանելի այդ փաստն էր երեւի, որ նրանց մի տեսակ հանդարտություն էր հաղորդելՙ իրենց տեղը գիտեն, կգան, կմոտենան…Իսկ Ադրբեջանի տաղավարը, որ իր տեսականու մեջ ընդգրկել էր «Ղարաբաղ» գինին, մի քիչ դանդաղ քայլող այցելուին համոզում էրՙ ո՞ր գինին լցնեմՙ սա՞, թե՞ այս մեկը: Կարծես այս պարագայում նրանց ձգողականությունը թույլ էրՙ ոչ ձկնկիթ տեսա, ոչ էլ այլ մագնիս: Իսկ զրուցակից գերմանացիներից մեկը, որն ի դեպ հայկական գինու մասին շռայլ արտահայտվեց ու խոստացավ ադրբեջանականը համտեսելու դեպքում կարծիք հայտնել, այդպես էլ չկատարեց խնդրանքս: «Հաջորդ տարի», ասաց:
Մի պատմություն եւսՙ մարտի 20- ին տոնավաճառի ավարտից հետո ինձ է զանգարում դյուսսելդորֆցի թարգմչանական գրասենյակի ղեկավար ինձ ծանոթ մի թուրք: «Հայաստանն իսկապե՞ս այդքան լավ գինի ունի: Կոնյակն իհարկե ծանոթ է: Մեր թարգմանիչներից մեկն այնքան տպավորված էր, որ ուզում եմ անպայման համոզվել: Ո՞ր խանութում, ինչպե՞ս գտնեմ Ձեր գինին», ասաց, իսկ ես խոստացա անպայման օգնել:
Թե ինչ նոր պայմանագրեր կնքվեցին հայ գինեգործների հետ, գերմանացի սոմելիեներն ինչպիսի ածականներով բնութագրեցին մեր գոյը հազարամյակներով պայմանավորած այս գոյականը, մեր խաղողագործներն ու գինեգործական ոլորտի ներկայացուցիչներն ինչ մտահոգություն եւ ակնկալիք ունեն Հայաստանի կառավարությունից, առաջիկայում դեռ առիթ կունենանք ծանուցել մեր ընթերցողներինՙ հետագա համարներում հրապարակելով նրանց հետ մեր բացառիկ հարցազրույցները: