ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Տուրիստական գործակալ
Շրջայց հին Երեւանով
Մինչ երեւանցիների ուշադրությունը վերջերս սեւեռված էր դեպի Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը եւ հատկապես նրա հարեւանությամբ տեղակայված սրճարանները, փորձեցի մի պահ սուզվել անցյալում եւ պատկերացնել, թե պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքը նախկինում:
1926 թվականին որոշում է կայացվում Երեւանում կառուցել ժողտունՙ (խոսքը հենց ներկայիս Օպերայի շենքի մասին է) ՙ համապատասխան Երեւան քաղաքի չափերին եւ պահանջմունքներին: Ճարտարապետ է ընտրվում Ալեքսանդր Թամանյանը: Տեղանքի ընտրությունը կատարվում է Երեւանի հատակագծով. Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասերը կարծես դուրս էին Երեւանի բանուկ հատվածից: Իսկ ահա երեւանցիների համար դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ այս հատվածը ժամանակին կդառնա քաղաքի հասարակական կենտրոնի մի մասը:
Այս հատվածում էր նախկինում գտնվում Երեւանի ամենահին եկեղեցիներից մեկըՙ Գեթսեմանի մատուռը: Նա ստացել էր անվանումը իրեն շրջապատող այգիների պատճառով: Գեթսեմանին դա աստվածաշնչյան այգու անունն է, որտեղ Հուդան համբույրով մատնեց Հիսուսին:
Այգիներից քիչ վեր անցնող փողոցը ՙ Սայաթ-Նովան, ժամանակին կոչվել է Եկեղեցական, քանի որ աստեղ էին տեղակայված քաղաքի ամենահին եւ անվանի եկեղեցիներից մի քանիսը: Գեթսեմանիի մատուռի մասին արդեն գիտենք, իսկ ահա ներկայիս Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների հատման կետում գտնվող Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին ամենահինն է, որը պահպանվել է Երեւանում 13-րդ դարից: Այս փոքրիկ եկեղեցին իր մեջ կարծես պատմության արդարությունն է արտացոլում: Բանն այն է, որ կառույցը վերափոխել է իր չափսերը 17-րդ դարում եւ դարձել է մեծ բազիլիկ ոճի մի եկեղեցի: Խորհրդային միության տարիներին այն պետք է քանդվեր, որպեսզի տեղում այլ շինություն կառուցվեր: Քանդվեց ընդարձակ սրահը, իսկ տեղում մնաց պատմական աղոթարանըՙ 13-րդ դարում կառուցված գմբեթավոր ոճի Կաթողիկեն: Իսկ շինությունը, որը քանդվեց 2004 թ.ին, լեզվի ինստիտուտն էր, որը սովետական շրջանում փաստորեն «թաքցնում» էր Կաթողիկե մատուռը:
Այն որ այստեղով անցնող մյուս փողոցը ՙ Աբովյանը, ժամանակին կոչվել է Աստաֆյան, կարծում եմ շատերին է հայտնի: Մինչդեռ քչերը գիտեն նրա սկզբնական անվանման մասինՙ Ամրոցային կամ Կրեպոստնայա, քանի որ ձգվել է դեպի Երեւանի բերդ: Իր հերթին բերդը սկիզբ է առել մոտավորապես ներկայիս Երեւանի քաղաքապետարանի տարածքից եւ ձգվել մինչեւ Զանգվի ձոր, որտեղ տեղակայված է հիմա «Նոյ» գործարանը: Նշեմ նաեւ, որ Աբովյանը առաջին գծագրված փողոցն է: 1856 թվականի Երեւան քաղաքի պլանով համատարած կառուցապատման առանցք դարձավ հենց այս փողոցը, որտեղ վեր էին խոյանում էլիտայի ներկայացուցիչների տներըՙ կառուցված դասական, ռուսական, եվրոպական ճարտարապետական լուծումների համադրությամբ:
Օրինակ Աբովյան 3 հասցեում տեղակայված այս շենք-գլուխգործոցը պատկանել է նահանգում վիրաբուժության հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանին, որի 2-րդ հարկը հենց ծառայել է Երեւանին որպես վիրաբուժարան:
Այս ժամանակահատվածը բեկումնային էր Երեւան քաղաքի կերպարանափոխման եւ կառուցապատման համար: Ժամանակահատված, երբ արեւելյան ոճի քաղաքը վերափոխվեց ռուսական, արեւմտյան, դասական եւ հայկական ճարտարապետության միքս հանդիսացող գեղեցիկ մի հատվածի: Եվ չնայած այն փաստին, որ այս շրջանի շենքերը քիչ են պահպանվել Երեւանում եւ պաշտոնապես չունենք մշակութային հին քաղաք, այնուամենայնտիվ պետք է աշխատել դրանց ներկայացման ուղղությամբ: Այս փաստը կարելի է օգտագործել եւ տուրիզմի որոլտում` Երեւանի հանդեպ հետաքրքրության մեծացման համար:
Նկար 1. Գեթսեմանի մատուռը
Նկար 2. Օպերայի շենքը կառուցման ընթացքում:
Նկար 3. Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին
Նկար 4. Բժիշկ Հ. Հովհաննիսյանի վիրահատարանը, հետագայում` ԱՕՔՍ-ի շենք: