Մորուս Հասրաթյանի ծննդյան 120-ամյակի առթիվ
Մորուս Հասրաթյանը (1902-1979) իր ծանրակշիռ ներդրումն է կատարել հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության եւ հնագիտության բնագավառում: Սակայն անգնահատելի է նրա դերը հատկապես սայաթնովագիտության ասպարեզում, ուստիեւ ավելի քան արդարացի է նրա սայաթնովագիտության մեծ երախտավոր որակումը:
Դեռեւս 1930 թվականին Հասրաթյանն, իր իսկ վկայությամբ, որպես «թուրքերեն մի քիչ իմացող», փորձել է Սայաթ-Նովայի ինքնագիր երգարանից՝ Դավթարից վերծանել ու թարգմանել թուրքերեն երգերը, սակայն այդ ժամանակ կարողացել է կատարել միայն երգերից մեկի թարգմանությունը: Հետագայում նա Պետհրատում աշխատելիս (1932-1933 թթ.) այդ մասին տեղեկացրել է Եղիշե Չարենցին եւ նրա համար կարդացել իր թարգմանած երգը. դա «այնքան ոգեւորեց պոետին, որ նա հրամայական տոնով ասաց. – Ա՜յ տղա, ամեն ինչ թո՛ղ եւ թուրքերեն, պարսկերեն լավ սովորի՛ր, որ Սայաթ-Նովայի թուրքերեն 100-ից ավելի ոտանավորները վերծանես: Դա միայն բավական է, որ անմահանաս եւ դառնաս երկրորդ Գեւորգ Ախվերդյան». գրում է Հասրաթյանն իր հուշերում:
Կատարելով մեծ բանաստեղծի պատգամը` Հասրաթյանը մինչեւ 1940-ական թվականների սկզբները սովորել է ոչ միայն պարսկերեն ու թուրքերեն, այլեւ վրացերեն, թափանցել թիֆլիսահայ բարբառի, Սայաթ-Նովայի լեզվի ու ստեղծագործության խորքերը:
Հատկապես Գրականության եւ լեզվի ինստիտուտում աշխատելու տարիներին Հասրաթյանը զբաղվել է մեծ աշուղ-բանաստեղծի հայերեն խաղերի ուսումնասիրությամբ: Ռուբեն Զարյանի վկայությամբ, նա ճշտում ու բացատրում էր սայաթնովյան բազում մութ ու անհասկանալի բառեր եւ արտահայտություններ: «Երբեմն-երբեմն հաղորդակից էր դարձնում մեզ իր նոր հայտնություններին: Ըստ երեւույթին, պատմելով՝ միաժամանակ ստուգում էր, թե որքան ճիշտ է գտած բացատրությունը»: Գործընկերների պնդմամբ, նա, ամփոփելով կատարած աշխատանքը, 1942 թվականին, Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ, հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Սայաթ-Նովայի հայերեն խաղերի տեքստի քննությունը եւ մեկնությունը» խորագրով:
1943 թվականին տպագրվել է Հասրաթյանի ատենախոսության մի հատվածը: Այստեղ նա մանրակրկիտ քննել է երգչի որդի Օհանի արտագրած սայաթնովյան ութ հայերեն խաղերի չափազանց բարդ վրացատառ ձեռագիրը՝ կատարելով շատ կարեւոր եւ հիմնականում համոզիչ շտկումներ ու պարզաբանումներ: Սայաթնովագետն այդպիսով բոլոր այդ խաղերը թե՛ հնարավորինս մոտեցրել է սայաթնովյան նախագրերին, թե՛ պարզաբանել դրանցում արտահայտված իմաստները:
«Այիբ-Աստուաձ սիրիս» (Հ-54) խաղի հանգամանալի քննությունը Հասրաթյանին բերել է այն հաստատ համոզման, որ Սայաթ-Նովան եղել է ոչ թե հայերենից անգրագետ կամ կիսագրագետ, ինչպես կարծել են ոմանք, այլ՝ «իր դարին համապատասխան, բավականին գրագետ մի անձնավորություն»:
Սայաթնովագիտության մեջ ըստ ամենայնի խորացած Հասրաթյանը մի բավական արժեքավոր գրախոսություն է գրել 1943 թվականին Թեհրանում լույս տեսած Սայաթ-Նովայի հայերեն խաղերի սփյուռքահայ առաջին գիտական հրատարակության մասին: Նա տեղեկացրել է, որ ինքը 1940-1941 թվականներին մանրազնին ուսումնասիրության է ենթարկել Սայաթ-Նովայի ողջ գրական ժառանգությունը, երգչի եւ նրա որդու ձեռագիր մատյանները՝ վերջնականապես համոզվելով, որ «մեր տաղանդավոր բանաստեղծն իմացել է նաեւ պարսկերեն լեզուն, եւ ոչ միայն իմացել է, այլեւ կարդացել ու գրել է այդ լեզվով»:
Հայերեն խաղերի ուսումնասիրությանը զուգահեռ Հասրաթյանը զբաղվել է նաեւ թուրքերեն եւ վրացերեն խաղերի վերծանությամբ ու թարգմանությամբ: Դեռեւս 1920-ական թվականներին բազմիցս արծարծվել էր Սայաթ-Նովայի թուրքերեն եւ վրացերեն խաղերի թարգմանության հարցը: Այնուհետեւ, երգչի մահվան 140-ամյակի (1936) կապացությամբ, անգամ նախապատրաստվել էր նրա եռալեզու խաղերի լիակատար ժողովածուի ակադեմիական հրատարակությունը (թուրքերեն երգերը պիտի թարգմաներ Հ. Աճառյանը, վրացերենը՝ Գ. Ասատուրը): Սակայն այդ գործն իրականացնելու համար դժվարություններն անհաղթահարելի են եղել: Մ. Հասրաթյանին էր վիճակված ըստ ամենայնի հաղթահարելու այդ դժվարությունները՝ շնորհիվ իր համապատասխան ունակությունների:
1941 թվականին արդեն Հասրաթյանը (Մորուս ստորագրությամբ) մամուլում տպագրել է որոշ նմուշներ թուրքերեն խաղերի իր թարգմանություններից՝ արեւելահայ աշխարհաբարով: Այնուհետեւ նա նախընտրել է թե՛ թուրքերեն եւ թե՛ վրացերեն խաղերը թարգմանել թիֆլիսահայ բարբառով, ավելի ստույգ՝ սայաթնովյան հայերեն երգերի լեզվով:
1945 թվականին նշվել է Սայաթ-Նովայի մահվան 150-ամյակը, եւ այդ առթիվ լույս են տեսել սայաթնովյան նոր ժողովածուներ, երգչի մասին ուսումնասիրություններ ու հոդվածներ: Ամենանշանակալիցը Մ. Հասրաթյանի կազմած հայերեն, վրացերեն եւ թուրքերեն խաղերի ժողովածուն էր՝ ծանոթագրություններով եւ ընդարձակ բառարանով: Հատորում հայերեն խաղերից հետո ներկայացված են 25 վրացերեն խաղերի թարգմանությունները: Դրանց հետեւում են Դավթարում առկա թուրքերեն երգերից 52-ի թարգմանությունները:
Անհրաժեշտ է նշել Մ. Հասրաթյանի կատարած թարգմանությունների որակի եւ առանձնահատկության մասին: Դրանք սովորական թարգմանություններ չեն, այլ բնագրերին հիմնականում գերազանցող փոխադրումներ մի լեզվից մյուսը: Անկարելի է չհիշել վրացերեն մի սիրերգի թարգմանությունը, որի առաջին տունը բերենք ստորեւ.
Հենց իմացար սո՛ված էի, լի սեղանի համա էկա.
Քիզիդ խոսիլ էի ուզում՝ մոդըտ դամի համա էկա.
Ասի, քիզիդ լուսացընիմ, ուրախ ժամի համա էկա.
Մոռացիլ իմ… լավ միտըս չէ, թե ինչ բանի համա էկա:
Ահա եւ նրա թարգմանությամբ մի տուն թուրքերեն մի խաղից, որտեղ երգիչը փոխաբերաբար պատկերում է իր հոգեւոր անբավ հարստության բեռները.
Ժեռ քարիրըն ալմաս դառնան, աչկըս վըրեն չի մընա,
Թե մարդիկ իմ տիսըն չըգան՝ ուրիշի մոդ չի՛մ գընա.
Հե՛ստի էշխի կըրակ ունիմ. ինձ մոդենալ չին կանա.
Սայաթ-Նովուն, չըհավատաք, չուն իսկըն էս մեկըն ա.
Չըլի թե արիվուն դընիք, կու հալվե՝ ձուն է բիռըս:
Սայաթ-Նովայի հայերեն խաղերի լեզվով կատարված նման հմուտ թարգմանություններով Հասրաթյանը երգչի օտարալեզու երգերը փոխադրել է նրան շատ ավելի հարազատ ազգային լեզվաոճական ոլորտ եւ դրանք լիովին դարձրել է հայ քնարերգության փաստ: Ռ. Զարյանի գնահատմամբ, Հասրաթյանի թարգմանություններով «մեր առջեւ կանգնում էր նոր բանաստեղծ, որ մեր ծանոթն է, որին գիտենք, բայց մի այլ հոգեկան կազմով»:
Հասրաթյանն, իր իսկ վկայությամբ, նույն՝ 1945 թվականին գրել է մի ռուսերեն «հատուկ ուսումնասիրություն» (դեռեւս անտիպ), որտեղ անդրադարձել է Սայաթ-Նովայի սիրո վարկածին:
1948 թվականին Հասրաթյանը զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի եւ Վրաստանի Գիտությունների ակադեմիաների կազմակերպած համատեղ գիտաժողովին՝ Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունը մատուցելով նոր լուսաբանմամբ: Սայաթնովագետը շարունակել է նաեւ նոր թարգմանություններ կատարել երգչի թուրքերեն եւ վրացերեն ժառանգությունից (դարձյալ նախընտրելով թիֆլիսահայ բարբառը), ինչպես նաեւ համալրել հայերեն խաղերի բաժինը՝ առավել «ամբողջական Սայաթ-Նովա» ներկայացնելու համար:
Հաջորդ ժողովածուն լույս է տեսել 1959 թվականին՝ լրացված բնագրերով, թարգմանություններով, ծանոթագրություններով, բառարանով եւ երգչի կենսագրական ակնարկով: Ծանոթագրությունների վերջում Հասրաթյանը, որպես նմուշ, ներկայացրել է իր ջանքերով մասամբ գրականացրած չորս հայերեն խաղեր: Այս կապակցությամբ նա հայտնել է այն տեսակետը, թե «իհարկե, Սայաթ-Նովան ավելի լավ է ու գեղեցիկ իր սեփական տարազով, իր էպոխայի պատկերով: Սակայն ավելի զորավոր հանգամանքը՝ ռեալ իրականության պատկերը, թելադրում է ո՛չ միայն մտածել այդ մասին, այլեւ գործնական քայլերի դիմել՝ աննման Սայաթ-Նովային կրկնակի մատչելի դարձնել նրան սիրող մասսաներին»:
Իր հրատարակած նոր հատորը Հասրաթյանը համարել է «Սայաթ-Նովայից մեզ հասած ՀԱՅԵՐԵՆ ԵՐԿԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԼՐԻՎ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ»: Դրանով նաեւ հիմնականում ավարտվում է վրացերեն բաժնի թարգմանությունը: Իսկ թուրքերեն երգերի թարգմանությունները կազմում են «այդ լեզվով մնացած ժառանգության մոտ երկու երրորդը»: Ըստ այդմ ներկայացվում է Սայաթ-Նովայի թողած ժառանգության «ավելի որոշակի պատկերը»: Հիրավի, «տարիների այդ աշխատանքից հետո է, որ հնարավոր է դառնում դիմելու մեծ երգչի քիչ թե շատ հավաստի կենսագրությունը գրելուն, գրական ժառանգությունը գնահատելուն եւ, որ գլխավորն է, երկերի ակադեմիական հրատարակությունը պատրաստելուն»: Այն, ինչ վիճակված էր անել տողերիս հեղինակին:
Իր այս մեծարժեք ժողովածուն կազմելու ընթացքում Հասրաթյանը գրել էր երգչի կյանքին ու գործին նվիրված մի ուսումնասիրություն: Այդ անտիպ աշխատանքից մի հատված, որպես կենսագրական ակնարկ, նա զետեղել է հատորի վերջում: Այս կենսագրականը նա շարադրել է երգչի խաղերի, դրանց հեղինակային ծանուցումների, Սայաթ-Նովա-Ստեփանոսի ընդօրինակած ձեռագրի, այլեւ որոշ վրացական աղբյուրների հիման վրա, անշուշտ, նկատի ունենալով նաեւ նախորդ ուսումնասիրողների փորձը: Առկա տվյալներից Հասրաթյանը ձգտել է կատարել ամենահավանական եզրակացությունները՝ երգչի կյանքի տարբեր իրողությունների վերաբերյալ…
Ակնարկում սայաթնովագետը նաեւ արժեւորել է աշուղ-բանաստեղծի ժառանգությունը՝ բարձր գնահատելով հատկապես հայերեն խաղերը…
Հասրաթյանի հրատարակած ժողովածուին անդրադարձել է Պարույր Սեւակը «Նորացած Սայաթ-Նովան» գրախոսությամբ՝ արժանին մատուցելով Հասրաթյանի բազմամյա տքնաջան աշխատանքին…
1963 թվականին, երբ միջազգային մակարդակով նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250 ամյակը, երրորդ անգամ եւ դարձյալ էական համալրումներով լույս տեսավ Հասրաթյանի կազմած ժողովածուն: Հատորի ներածականում սայաթնովագետն անդրադարձել է այսօր էլ, ցավոք, արդիական մի երեւույթի: Սայաթ-Նովայի «գրական չարչարանքի» ենթարկված կենսագրությունը լուսաբանելու համար «նորանոր գյուտեր են արվում, երբեմն էլ հորինվում են մտացածին բաներ, իհարկե, տքնություն չսիրող եւ անիրազեկ մարդկանց կողմից: Վերջիններիս գրիչը շարժվում է ավելի հեշտ ու թեթեւ, ոչ միայն անվիճելին կրկնելով, այլեւ պակասն ու կասկածելին լրացնելու եւ պարզելու բուռն ցանկությամբ: Նրանք փորձում են նույնպես նոր խոսք ասել, սպառելով իրենց բանասիրական եռանդի վառոդը, հաճախ ավելի թանձրացնելով անհայտ հարցերի մշուշը»:
Հասրաթյանն ինքը առկա տվյալներին եւ հայտնված կարծիքներին վերաբերել է չափազանց զգուշավոր ու շրջահայացորեն, գրեթե ոչ մի անվերապահ ու անառարկելի կարծիք չի պնդել, հայտնելով իրեն ամենահավանական թվացող ենթադրությունը՝ տեղ է թողել նաեւ այլ կարծիքների համար: Նա համարել է, որ Գ. Ասատուրը «համարյա ապացուցել է», որ Սայաթ-Նովայի սիրած կինը եղել է Հերակլ II թագավորի քույր Աննան…
Աշուղ-բանաստեղծի կյանքի եւ եռալեզու ստեղծագործության խոր ուսումնասիրությունը Հասրաթյանին բերել է միանգամայն ընդունելի եզրահանգումների, որոնցից մեկի համաձայն, «Սայաթ-Նովան մի ամբողջ գլխով բարձր էր կանգնած իր շրջապատից, հանդիսանալով գաղափարական մեծ քարոզիչ ու մարտիկ, մի խոշոր մարդասեր՝ հումանիստ: Եվ այս ամենը նա արտահայտել է պարզ ու հասկանալի, մարդու զգացմունքն ու միտքը զվարթացնող, գեղեցիկ ու վարակիչ տողերով: Ահա թե որը պետք է համարել կախարդական ուժի տեր տաղանդավոր գուսանի դեպի դարերը նայող առաջավոր գաղափարները»:
1963 թվականին Հասրաթյանը տպագրել է նաեւ սայաթնովագիտական արժեքավոր հոդվածներ: Հիշատակելի են հատկապես երկուսը: Առաջինը երգչի կյանքի եւ գործի վերաբերյալ նրա կատարած դիտարկումների մի յուրօրինակ խտացվածքն է: Երկրորդը նվիրված է Սայաթ-Նովայի Դավթարին, որ, ըստ էության, բավական ծավալուն բնագրագիտական-բանասիրական ուսումնասիրություն է:
1965-1966 թվականներին Հասրաթյանը դասախոսել է Բեյրութի Հայկազյան համալսարանում եւ ՀԲԸՄիության Երվանդ Հյուսիսյան հայագիտական հիմնարկում, հանդես է եկել ինչպես հայոց պատմության եւ ճարտարապետական հին հուշարձաններին, այլեւ Սայաթ-Նովայի կյանքին ու գործին նվիրված բանախոսություններով: 1965-ին Բեյրութի «Էջեր գրականութեան եւ արուեստի» հանդեսում տպագրվել է նրա «Սայաթնովասիրութեան գաղտնիքը» ծավալուն հոդվածը: Այստեղ նրա նպատակադրումն է եղել պարզել, թե «Ո՞րն է Սայաթ-Նովայի գերող հմայքի գաղտնիքը»: Սայաթնովյան երգերի անմահության, «մեր զգացումների վրայ մշտական ներազդող ուժի» առաջնային պատճառն, ըստ նրա, այդ երգերի «ճշմարտացիութիւնն է, անկեղծութիւնը եւ պարզութիւնը, արտայայտած պատկերաւոր, կենդանի խօսքի ռիթմիկ, ներդաշնակ կազմակերպումով»:
Սայաթ-Նովայի «ստեղծագործութիւնների մնայունութիւնը» Հասրաթյանը տեսել է նաեւ դրանց «ժողովրդականութեան մէջ», ինչը նա փաստարկել է բազում օրինակներով: Կարեւորել է նաեւ աշուղ-բանաստեղծի սերտ ժառանգական ու հոգեկցական կապը իր մեծ նախորդների հետ՝ սկսած Գրիգոր Նարեկացուց մինչեւ Նաղաշ Հովնաթան:
Սայաթնովյան երգերի «չխունացող հմայքի» պատճառները սայաթնովագետը տեսել է նաեւ երգչի լեզվի, ոճի, ինքնատիպ բանաստեղծական արվեստի մեջ, նկատելով, որ «նրա խաղերի անբռնազբօսիկ սիմֆոնիան նոր էջ բացեց հայկական բանաստեղծութեան մէջ»:
Մի շարք փաստարկներով Հասրաթյանը ցույց է տվել Սայաթ-Նովային մեզ հարազատ դարձնող մարդասիրական գաղափարներն ու նրա ապրած ու ինքնատիպորեն արտահայտած զգացումները: Դրանք հաճախ բարդ ու հակասական են, եւ, ըստ սայաթնովագետի, «այդպիսի հակասությունների մի մեծ հիւսուածք է Սայաթ-Նովան եւ դրանով է մեծ ու անպարփակելի: Դրանով է նա իր դարաշրջանի մաքուր ու անկեղծ հայելին: Մի դարաշրջան, որ հազար թելերով, ոսկի լարերով Սայաթ-Նովային կապում է սերունդների հետ»:
1967 թվականին Հասրաթյանը հանդես է եկել որպես ընդդիմախոս Պ. Սեւակի «Սայաթ-Նովա» ատենախոսության: Նշելով ու նշավակելով հանդերձ հատկապես բանասիրական հարցերում Սեւակի որոշ թերացումները, Հասրաթյանը գիտնականի անաչառությամբ նկատել է նաեւ բանաստեղծ-գրականագետի լուրջ ներդրումը սայաթնովագիտության մեջ…
Մ. Հասրաթյանը Սայաթ-Նովայով զբաղվել է մինչեւ կյանքի վերջը: Մի առիթով նա ասել է. «Սայաթ-Նովան իր առաքինությամբ ու ազնվությամբ ավելի մեծ է, քան իր բազմաքանքար հանճարով: Ի դեպ, սրանից էլ պետք է այն եզրակացությանը հանգել, որ նրա մասին էլ իր ձեռքը գրիչ առնողը եւս պետք է Գ. Ախվերդյանի, Գ. Ասատուրի, Հ. Թումանյանի եւ մյուս հայտնի սայաթնովագետների զգացումներով մոտենա նրան»:
Այդպիսի զգացումներով է Հասրաթյանն ինքը մոտեցել Սայաթ-Նովային եւ գիտնականի ու մարդու իր առաքինությամբ ու ազնվությամբ նա, վստահաբար, կանգնած է իր նշած մեծերի կողքին:
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների դոկտոր