Ռուսաստանը համաձայնություն է տվել Լին Թրեյսիին Մոսկվայում ԱՄՆ դեսպան նշանակելու առաջարկին. այսօր լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռյաբկովը նշել է, որ ամերիկյան կողմը Թրեյսիի թեկնածության վերաբերյալ վաղուց էր դիմել Ռուսասատանին։
«Մենք հաստատել էինք նրա թեկնածությունը, բայց ամերիկյան կողմը հիմա է հայտարարել նոր դեսպանի պաշտոնում առաջադրվելու մասին», – նշել է նա։
Պատասխանելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության աշխուժացման առնչությամբ Ռուսասատնի ակնկալիքների վերաբերյալ հարցերին՝ Ռյաբկովն առաջարկել է լրագրողներին սպասել Սենատում Թրեյսիի թեկնածության հաստատմանը։
«Մենք այնտեղի օրացույցը չգիտենք, առավել ևս, որ մոտենում են միջանկյալ ընտրությունները։ Ես չեմ կարող որևիցե օրակարգ կանխատեսել։ Բայց այդ ամենն իրենց խնդիրն է, ուրեմն թող իրենք էլ որոշեն», – հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Լին Թրեյսիի թեկնածությունը նշանակելու իր մտադրության մասին։ Լին Թրեյսին, ինչպես հայտնի է, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն է։
Այդ պաշտոնը Լին Թրեյսին ստանձնել էր 2019 թ. փետրվարի 19-ին։ Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը՝ զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում: 2017թ. արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգևի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար:
Թրեյսին գիտի ռուսերեն: