Իլհամը սայթաքել է՝ անուղղակի խոստովանելով, որ Ադրբեջանը, որպես պետություն, երբևիցե Հայաստանի հետ սահմաններ չի ունեցել
Սեպտեմբերի 21 – ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բերձորում էր, որը ադրբեջանցիներն անվանում են Լաչին։ Այստեղ Ալիևը ադրբեջանական դրոշ է բարձրացրել, շրջել փողոցներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները նրա այցը լուսաբանելիս միայն նախագահին են ցույց տվել և մեկ-երկու այլ անձանց։ Բոլոր կադրերում Բերձորն ամայի է երևում ու անշունչ։ Իր ուղերձներում Ալիևը նշել է «խաղաղության» քարտեզների մասին, որոնք առաջարկվել են հայկական կողմին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանները կիսելիս առաջնորդվել է՝ սկսած XIX դարի և ավելի վաղ գոյություն ունեցող բոլոր քարտեզներով և, ըստ դրանց, պատրաստ է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին։
Պնդելով, թե Ադրբեջանը չի խախտել Հայաստանի սահմաններն ու ռազմական գործողությունների դիմելով՝ չի մխրճվել հայկական սուվերեն տարածք, Ալիևն, այնուամենայնիվ, սպառնացել է նոր պատերազմով, եթե Հայաստանը սադրի Ադրբեջանին՝ չընդունելով սահմանների ադրբեջանական տարբերակն ու հրաժարվի գնալ «Խաղաղության պայմանագիր» կնքելու ճանապարհով։ Ընդ որում, իր հնչեցրած «Ադրբեջանի սահմաններ»-ը Մռավի լեռներից մինչև Արաքս են սփռվում, իսկ Արցախն ու Սյունիքը, որոնք իրենք Ղարաբաղ և Զանգեզուր տարբերակներով են նշում, ևս ադրբեջանական «պատմական» ծագում ունեն և ուրեմն՝ Ադրբեջանինն են՝ ըստ միջազգային իրավական փաստաթղթերի։
Ալիևը սրանով միջազգային հանրությանը ներկայացնում է ոչ միայն հերթական կեղծիքը, այլ նաև գրգռում է առնվազն երկու պետությունների նյարդերը, քանի որ իր նշած քարտեզներում Ադրբեջանը գոյություն չի ունեցել որպես պետություն, իսկ նշված տարածքները եղել են կա՛մ Պարսկաստանի, կա՛մ Ռուսաստանի կազմում։
Այսինքն՝ Ալիևի ասած որևէ քարտեզով Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ որևիցե տարածք կիսել՝ առանց Ռուսասատանի կամ Իրանի պատմական աշխարհագրական տիրապետությունները հաշվի առնելու, քանի որ միջազգային իրավական որևիցե փաստաթղթում Ադրբեջանն ու Հայաստանը, որպես առանձին պետություններ, չեն ունեցել իրար հետ առանձին սահմաններ։
Պատմաբան Բագրատ Մովսիսյանը, մեկնաբանելով Ալիևի հերթական սուտը, նշում է, որ լինելով մասնագիտությամբ պատմաբան՝ (Ալիևը ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը, ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան) անընդհատ կիրառում է պատմական իրողությունների աղավաղման հնարքներ՝ օգտագործելով պատմության մեջ եղած բացթողումները։ Եվ ուրեմն՝ Ալիևը հրաշալի գիտի, որ վարչատարածքային բաժանումները եղել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի և Երևանի գուբերնիաների, հայերեն ասած՝ նահանգների, այլ ոչ թե՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ եթե Ալիևն ասում է, թե Զանգեզուրը ադրբեջանական է, ապա բաց տեքստով ծիծաղում է աշխարհի վրա, քանի որ իր ասած Զանգեզուրը եղել է Ելիզավետպոլի նահանգի մեջ։ Բայց Ելիզավետպոլի նահանգը Ադրբեջան չէ և երբևիցե չի հիշատակվել որևիցե փաստաթղթի վրա որպես Ադրբեջան։
«Որպեսզի ճիշտ սահմանազատում կատարվի, պետք է օգտագործել Խորհրդային Միության այն քարտեզները, որոնք արտահայտում են ստատուս քվոն սովետացման և Անդրկովկասյան Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության տրոհման պրոցեսից և Խորհրդային Միության կազմ մտնելու գործընթացից անմիջապես հետո։ Նշենք, որ 1928 թվականին ռուսերեն հրատարակվեց Սովետական Միության առաջին Մեծ Հանրագիտարանը, որտեղ հստակ տրվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները։ Ըստ այդմ, որևէ ադրբեջանական անկլավ գոյութուն չուներ, և ներկայիս Տիգրանաշենը (ադրբեջանցիների տարբերակով՝ Քյարքին) եղել է Սովետական Հայաստանի անբաժան մասը, Արծվաշենը կապված է եղել Մայր Հայաստանի հետ, Շուռնուխն ամբողջությամբ եղել է հայկական, Գորիս-Կապան ճանապարհը ամբողջությամբ եղել է Հայաստանի տարածքում։ Ավելին, սահմանն անցել է հենց Բերձորով, իրենց ասած՝ Լաչինով։ Ստույգ այդ սահմանն անցել է գյուղի միջով, և հենց այդտեղից էլ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանը։ Այսինքն՝ Սովետական Հայաստանը կապված է եղել ԼՂԻՄ ի հետ։
1927 ից 1933 թթ. փորձեցին ստեղծել Սովետական Քուրդիստան շրջանը և սկսեցին ԼՂԻՄ և Հայկ.ԽՍՀ տարածքներից որոշ գոտիներ պոկել արոտավայրերի տեսքով, որպեսզի ստեղծեն այդ Սովետական Քուրդիստանը։ Այն ժամանակ Սովետական Հայաստանի Սյունիքի հատվածը սկսել է նեղանալ՝ կամաց-կամաց սահմանը հասցնելով մինչև Կապան քաղաքը։ Մինչ այդ՝ Կապանի շրջանի մեջ է եղել ավելի լայն տարածք՝ ներառյալ Կովսականի (ադրբեջանական տարբերակով՝ Զանգելան) կեսը (ըստ նշված 1928 թվականի քարտեզի)։ Մենք պետք է հիմք ընդունենք 1936 – 1942 թթ. բոլոր հրատարակված քարտեզները, քանի որ 1936 թվականին Անդրկովկասյան Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը կազմալուծվեց, իսկ երեք հանրապետությունները անկախացան, որից հետո անմիջապես մտան ԽՍՀՄ կազմ։ Այդ քարտեզներում ևս արտացոլված են բոլոր երեք հանրապետությունների ստատուս-քվո սահմանները, որտեղ Տիգրանաշենը, Արծվաշենը, Սյունիքում՝ Շուռնուխը, Գորիս-Կապան ճանապարհը և ամբողջն, ինչի մասին վերը նշեցինք, հայկական են։ Փոփոխությունները եղել են 1950-ականներից հետո՝ խրուշչովյան ժամանակաշրջանում, երբ սկսեցին այս կամ այն տոնակատարության և այլ առիթներով նվիրել այս կամ այն գյուղը։ Եվ այդ ժամանակ քարտեզներում պատահական հայտնվեց Տիգրանաշենը, որը, ինչպես պնդում են Ադրբեջանի իշխանությունները, նույնիսկ ադրբեջանաբնակ չի եղել։ Հենց այդ ժամանակ ներկայիս Տավուշի մարզում առաջացան 8 անկլավներ, իսկ Արծվաշենը դարձավ էքսկլավ՝ անջատվելով Մայր Հայաստանից։
Ի դեպ, 1918 թվականին, երբ Անդրկովկասյան Դեմակրատական Հանրապետությունը կազմալուծվեց, և ձևավարվեցին Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունն ու փաստացի ձևավորվեց Ադրբեջանի Դեմոկրատ Հանրապետությունը, պաշտոնական սահմանազատում չի եղել։ Սահմանազատումները պետք է կատարվեին Փարիզի Կոնֆերանսի շրջանակում։ Թե՛ Մեծ Բրիտանիան, թե՛ Ֆրանսիան այն ժամանակ չէին շտապում լուծել հարցը և փաստացի Նախիջևանի, Զանգեզուրի և Ղարաբաղի պատկանելության հարցը չէին շտապում հստակեցնել։ Ըստ փարիզյան Կոնֆերանսի, այդ տարածքները չեզոք գոտի էին համարվում։ Ադրբեջանը չի ճանաչվել նաև Ազգերի Լիգայի կողմից։ Հայաստանը ճանաչվել է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, քանի որ բոլոր հարևանների հետ ունեցել է վիճելի հարցեր, որոնց դեպքում Ազգերի Լիգան չէր ընդունում երկիրը, քանի որ նա ուներ տարածքային պահանջներ։ Բացի այդ, թե՛ Հայաստանի Առաջին Հանրապետության, թե՛ Ադրբեջանի ղեկավարությունը ունեին սահմանազատման հետ կապված խնդիրների մեծ փաթեթ։ Հայկական կողմը պնդում էր, որ սահմանազատումը պետք է կատարվեր միայն էթնիկ պատկանելության վրա, այսինքն, որը հայաբնակ էր, պետք է մնար Հայաստանի Հանրապետոիթյանը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պնդում էր, որ պետք է լինի ըստ վարչատարածքային բաժանման։ Այսինքն, եթե այն ժամանակ Զանգեզուրը պատկանում էր Ելիզավետպոլի նահանգին, ապա հայ-ադրբեջանական սահմանը պետք է այդ գծով անցներ։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը խախտում էր նույնիսկ այդ տարբերակը՝ պահանջելով Նախիջևանը ներգրավել Ադրբեջանի կազմ։ Բայց Նախիջևանը չի՛ եղել երբեք Ելիզավետպոլի նահանգում, այլ 1844 թվականից կազմել է Երևանի գուբերնիայի մի մասը»,- ասում է պատմաբանը։
Ըստ Բագրատ Մովսիսյանի, Ալիևի կողմից նշված XX, կամ XIX դարերի և ավելի վաղ որևէ քարտեզում Զանգեզուրը, Ղարաբաղը, անկլավները և այլ տարածքները, որոնք նա «պատմական ադրբեջանական տարածքներ» է հռչակում, չեն եղել Ադրբեջանի կազմում։ Մենք կարող ենք խոսել ցարական Ռուսաստանի վարչատարածքային բաժանման քարտեզի մասին, որը եղել է 1914 թվականից ոչ վաղ։ Այդ քարտեզում երևում են Բաքվի, Ելիզավետպոլի ու Երևանի նահանգները։ Որևէ ազգային պատկանելության քարտեզ չի եղել։ Եվ Ադրբեջան հասկացություն մինչ այդ եղել է միայն աշխարհագրական հյուսիսային Իրանի, այսինքն՝ Ատրպատականի դեպքում։
«Ի դեպ, ադրբեջանական կողմը կեղծում է նաև Երևանի անվանումը՝ հնչեցնելով «Իրիվան» տարբերակը, որը ոչ մի ժամանակաշրջանում, որևիցե տեղ չի՛ եղել գրանցված։ Պարզ խեղաթյուրում են և՛ պատմությունը, և՛ անվանումները»,- արձանագրեց Բագրատ Մովսիսյանը։
Պատրաստեց Նարինե Կիրակոսյան