Կամՙ կլինի՞ ՀՀ-ում բաժնետիրական հեղափոխություն
Հայաստանի Հանրապետությունում մի քանի տասնյակ հազար երիտասարդ, իսկ գուցե նաեւ հարյուր հազար մարդ երազում ու ցանկանում է պետական պաշտոնյա դառնալ, ասենք որեւէ նախարարության բաժնի վարիչ կամ վարչության պետ: Այդ դիրքում նա արդեն տեղում կուսումնասիրի իր հնարավորությունները, որոշակի դիրք ու հեղինակություն կստեղծի ու տեսար նոր պաշտոնի առաջարկ ստացավ, ասենք փոխնախարարի: Առաջարկն առաջարկ, բայցեւ հարկ է սեփական հնարավորությունները գնահատել, ուժերն ու ժամանակը հաշվարկել: Եթե համարժեք թեկնածուներ չկան, մեկ հարց է, եթե կանՙ գործընթացը մասամբ բարդանում է, քանզի կարող են ամենատարբեր խնդիրներ ծագել, որոնց հաղթահարումը շատ դեպքերում առավել բարդ խնդիրների է հանգեցնում, որոնց շրջանցելն էլ արդեն գերլարումների է հասցնում, անելանելի վիճակի առջեւ կանգնեցնում: Պարզ է չէ՞, որ այդ կառույցում հենց այնպես չեն գործի վերցրել, ընթացքում ստիպել են, երբեմն ինքն է ստիպված եղել հաշտվել զանազան տարօրինակությունների հետ: Ասենք չտեսնելու է տվել վարչության պետի զանցանքը, նա էլ իր հերթին քննարկման հարց չի դարձրել ենթակա բաժնի վարիչի գործողությունները: Հետո էլ, կյանք է, տեսար աշխատանքային ընկերների շրջապատում մեկն ավելին է ծախսում, թասիբ-պատվի խնդիր կա, ինքն ումից է պակաս, գումար ստեղծելու հնարավորություն ունի, առերեւույթ խանգարող էլ չկա, վարչության պետն էլ ակնարկ արել է… Արդյո՞ք կարելի է հույս տածել, որ պետական աշխատողի կամ ծառայողի, պաշտոնյայի թե ղեկավարի այս տեսակն է, որ պետք է կազմակերպի տնտեսական հեղափոխություն հռչակվածի որեւէ աստիճանը, տա մեկնարկը: Հարցը հնչեցվում է, քանզի գործընթացի վերաբերյալ ոչինչ պարզ չէ, բացի գլխավոր պատասխանատու դիտարկվող ՀՀ շարքային քաղաքացու, որն իրական կյանքում հռչակագրերով չէ որ գործարար նպատակներ է իրականացնում:
Ներկայացվածը մեր պետական կառավարման ոլորտում տիրող ընդհանուր միջավայրի այն համառոտ նկարագիրն է, որը բարձրագույն ղեկավարությունը հիմնականում բնորոշում է որպես հակահեղափոխության տարածք, ուր իր ձեռքն առայժմ չի հասնում: Ինչ-որ առումով տարօրինակ է, քանզի փոխնախարարին ու դատավորին հասնում է, գյուղապետին ու դպրոցի տնօրենին նույնպես, մաքսավորին ու պոլիկլինիկայի վարիչին առավել քան, իսկ ահա միջին օղակի պետական ծառայողինՙ ոչ: Իդեպ նրանցից ոմանք իրենց տեղն ու դերը յուրօրինակ ձեւերով արդարացնում են, ցանկալի վստահության հույս ներշնչում: Թերեւս ինչ-որ առումով այդտեղ ծնվեց 50 հազար նոր աշխատատեղերի մասին հաղորդումը: Նախարարությունների, այլ պետհաստատությունների բաժիններում ամենայն բծախնդրությամբ մոտեցան իրենց անմիջական պարտականություններին, հատ հատ հաշվեցին ու հաշվառեցին յուրաքանչյուր աշխատատեղը, դրանք ամփոփեցին փոխնախարարներն ու նախարարները եւ հպարտորեն դրեցին գործադիրի ղեկավարի աշխատասեղանին: Շատ հնարավոր է, որ դրանցում լինեն, ասենք ուղեւորատար տրանսպորտում նոր աշխատատեղերի մասին տվյալներ: Ոչ վարորդների, այլ ավտոմեքենաների ներքին ու արտաքին սանիտարական տեսքը պատշաճ պահելու կոչվածների, որոնց թիվը կարող է մի քանի տասնյակի հասնել: Զգում եք չէ՞, ինչ է սպասվում. հանկարծ ու ՀՀ վարչապետը Ռանչպարի ու մաքսատան օրինակով անակնկալ այց ձեռնարկի ավտոբուսա-տրոլեյբուսային որեւէ փոխադրամիջոց, որը վերջին անգամ մաքուր տեսք է ունեցել մի քանի տասնամյակ առաջ: Ասում եք կխղճա՞ քաղաքապետին. չեմ կարծում: Այնպես որ եթե իրոք ավտոբուսներն ու տրոլեյբուսները մաքրելու կոչված աշխատակիցներ կան, ինչ-ինչ ծախսեր են իրականացվում, ինչո՞ւ են դրանց տեսքերն այսչափ վանող, կեղտաշատ, եթե չասենք զզվելի:
Շաբաթներ առաջ քաղաքապետարանի զեյթունաբնակ մի պաշտոնյայի, որը մշտապես մասնակցում է յուրաքանչյուր երկուշաբթի ընթացող խորհրդակցություններին, խնդրանքի տեսքով առաջարկեցի բարձրացնել կանգառներում տեղադրված չվերթերի մասին հուշող վահանակներն ըստ պատկանելության ծառայեցնելու հարցը: Խոսքն այն մասին էր, որ ուղեւորատրանսպորտի ուղերթերի մասին հուշող ցուցանակների տեղեկատվությունը գրեթե ամբողջությամբ ծածկված է այլեւայլ հայտարարություններով, գովազդերով, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կոչերով: Դրանց հեղինակները հայտնի են, գիտեն որ կարգ են խախտել, որոնց դիմաց պատիժներ կան սահմանված, այնպես որ հարցի լուծումը բարդ չէ: Գիտե՞ք ինչ պատասխանեց պաշտոնյան. քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումներ է նախատեսել, այնպես որ անհանգստանալու կարիք չկա, դրանց շրջանակում խնդիրը կլուծվի: Մեր համաքաղաքացիներն անշուշտ տեղյակ են քաղաքապետի այն հայտարարությունից, որ հիշյալ գործընթացը կսկսվի 2-4 տարիների ընթացքում: Այնպես որ խնդիրն այսօր է պետք լուծել, անգամ մի քանի տարի անց այն վերանայելու պարագայում: Եթե ղեկավարել-պաշտոնավարելն այդքան դյուրին գործ լիներ, մենք վաղուց երազային Երեւանում ու երկրում կապրեինք, որը տարօրինակորեն թե ցավալիորեն չունենք:
Ինչո՞ւ. այս առումով հանրությունը որոշակի ակնկալիքներ է ունեցել իր բոլոր տարիների ղեկավարներից: Ասենք մեզանում հաճախ են հնչում հայաստանյան երբեմնի տնտեսությունն անվերադարձ քանդել-կործանելու ահազանգերը, մեղավորների փնտրտուքը, պատասխանատվության կանչելու հարցը: Տողերիս հեղինակը նման դեպքերում բերում է Երեւանի էլեկտրալամպերի ամբողջապես կանգուն գործարանի օրինակը: Էլեկտրական լամպն ինքնին բարդ սարք չէ, մեծ ծավալների ծախս չի պահանջում, արտադրանքը հարյուր հազարներով պահանջարկ ունի, այստեղ աշխատած շարքային մասնագետներից մինչեւ արտադրության կազմակերպիչներից շատերը ողջ-առողջ են: Ուրեմն ինչը կամ ովքեր են խոչընդոտում նման մի հզորությունը աշխատեցնելուն, որը հսկայական խնդիրներ կլուծի, մարդկանց աշխատանք կտա, երկրին էլ ֆինանսական միջոցներ: Արդյո՞ք սա կառավարության մտահոգությունների շրջանակի խնդիր չէ, լուծում պահանջող ու պարտադրող հարց: Ինչ ձեւով-ը եւ ինչ միջոցներով-ը մասնագիտական որոշելիք է, դրա բացակայությունըՙ այդ մտքի պակասի ապացույց: Նկատենք, որ տարիներ շարունակ յուրաքանչյուր նախարարափոխությունից հետո հնչում են կադրային ջարդ չիրականացնելու մասին հայտարարություններ, այն հիմնավորումներով, որ դրանցում առկա են որակյալ մասնագետներ ու կադրեր: Պակաս ոգեւորող չեն հայաստանցիների նախաձեռնելու եւ գործելու մասին հավաստիացումները, որոնք գործնականում հաստատվելու կարիք ունեն:
Պարզ մի հարց դիտարկենք: Իշխանության եկած կուսակցության հիմնական քարոզամիջոցներից մեկը 1+1+1= հաղթանակի կոչն էր, որը քաղաքական առումով իրեն արդարացրեց: Հետագա քայլը տնտեսական հեղափոխությունն է, ուր հիշյալ մոտեցումն առավել կիրառելի է: Խոսքը համաշխարհային տնտեսվարումում օգտագործվող բաժնետիրական ընկերությունների կազմավորմանն է ուղղված: Արդյո՞ք նպատակահարմար չէ իշխանության որեւէ կառույցում դիտարկել հենց թեկուզ նշված էլեկտրալամպերի գործարանի բազայի վրա բաժնետիրական ընկերություն հիմնելու խնդիրը: Առաջնահերթն այստեղ վստահության հարցն է, որն իշխանության ներկայացուցիչները նախորդ դեկտեմբերին զգալի պաշարով ստացել են: Մնում է իրենց կազմավորած կառավարության գործիմացությունն ու կազմակերպական հստակ քայլերը, անշուշտ կարեւորելով ապագա բաժնետերերի մոտ հուսալի միջավայրի ձեւավորումը: Որ մեր մարդիկ 1+1+1 մոտեցումով կանդամագրվեն համանման բաժնետիրական ընկերությունների, կարող եմ հաստատել ՀՀ քաղաքացուս շրջապատի, այդ թվում կենսաթոշակառուների պատրաստակամությամբ: 10 հազար դրամը նրանցից շատերի համար գուցեեւ փոքր գումար չէ, սակայն նրանք պատրաստ են ներդրումներ կատարել ի նպաստ տնտեսական հեղափոխության, հույս ունենալով, որ լավագույնս ու լրջագույնս հաշվարկված ծրագրի արդյունքում դրանք առաջիկայում շահաբաժին կապահովեն, իրենց հույսերն ու սպասումները կարդարացնեն:
Այսօրինակ գործընթացներից թերեւս միակ անվստահությունն առնչվում է թե ո՛վ կամ շահագրգիռ ո՛ր կառույցն է նախաձեռնելու եւ իրականացնելու ՀՀ-ում բաժնետիրական համակարգի հաստատումը: Մեզանում հայերիս տնտեսություն վարելու գերունակությունից մինչեւ տնտեսագիտության ոլորտում նվաճումների մասին հայտարարությունների պակաս չկա, որը գործնականում նշմարել կամ տեսնել չի հաջողվում: Ապացույցը հենց օրերս ՀՀ կառավարության նիստում քննարկված «խելացի անասնագոմեր» ծրագրի ընթացքում ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարի այն հայտարարությունն էր, որ գործընթացը նախաձեռնել է CARD կազմակերպությունը: Այս հապավման տակ գործում է ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի աջակցությամբ ստեղծված «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն»-ը, ԱԳԶԿ-ն, որը ՀՀ-ում հաստատվել է 2005 թվականին, թե ինչ արդյունավետությամբ, գնահատեք ինքներդ: Օրերս հեռարձակված մի հեռուստահաղորդման ընթացքում ԱԳԶԿ-ի երեւանյան գրասենյակի պատասխանատուն ներկայացվեց որպես Քարդ ընկերության հիմնադիր, որպիսի շփոթի ստեղծումը պարզապես տարօրինակ է:
Կա նաեւ երկրորդ օրինակը, երբ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրի մշակումը վստահեց անգլիական մի ընկերության, վճարելով 800 հազար դոլար: Այնպես որ եթե ՀՀ ֆինանսա-տնտեսվարական համակարգն իզորու չէ լրջագույնս հիմնավորված եւ վստահություն ներշնչող բաժնետիրական ընկերություններ հիմնելու ծրագրեր մշակել, բոլորովին անպատվաբեր չէ այլոց դիմել, ինչպես այլք են օգտվում մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայություններից:
Միանշանակ պետք չէ յուրօրինակ պահվածք դրսեւորել եւ այնպիսի տեսք ընդունել, թե մեզանում առկա խնդիրները չեն լուծվում ծրագրերի պակասի պատճառով: Նախաձեռնությունների պակասը իշխանության հոգսն է, որը փորձ է արվում բարդել շարքային քաղաքացուց սկսած մինչեւ համատիրության ղեկավարի ու համայնքապետի վրա: Մի առիթով արդեն գրել եմ, որ հիմնականում արտերկրների հարազատներից ստացվող ֆինանսական միջոցների շնորհիվ հայաստանաբնակների մի որոշակի հատված միայն հարաբերականորեն կարելի է աղքատ համարել, քանզի իրական աղքատ է 1 բնակչի հաշվով բյուջետային հազիվ 1000 դոլար ունեցող ՀՀ կառավարությունը, երբ այլոց մոտ սույն թիվը 10-50 հազար դոլար է: Այնպես որ մեզանում անգամ 40-50 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներն են պատրաստ վստահություն ներշնչող բաժնետիրական ընկերությունների պարագայում իրենց ամենամսյա ծախսերից մի 10 հազարական դրամ էլ հատկացնել նշված նպատակին: Տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, նման գործընթացը ֆինանսների գեներացիա է որակում, ասել է թեՙ երկրում շրջանառելու միջոց: Այնպես որ ասվածն ընդամենը տնտեսական հեղափոխություն իրականացնելու բազմաթիվ քայլերից մեկն է, որով է պայմանավորված խոսքից կոնկրետ քայլ կատարելու գործընթացը:
Լիահույս գտնվենք եւ ակնկալենք այս օրերին ՀՀ կառավարության նախաձեռնած «ՀՀ ներդրումային հետաքրքրությունների ֆոնդ» հերթական կառույցի արձագանքը: Ինչ մնում է շահագրգիռ հետաքրքրվածներին, թիվ 1 թեկնածուս պատրաստ է…
22.04.2019 թ. Երեւան