ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահը
– Ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանն ընդունեց հայ ժողովրդին կարեկցանք հայտնելու մասին հայտարարությունՙ 1915 թվականի ցեղասպանության առիթով, որն ըստ էության առաջին դեպքն էր այդ երկրի պատմության մեջ: Ինչպե՞ս ստացվեց նման հայտարարության ընդունումը եւ ի՞նչ դեր կատարեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը: Ո՞րն էր այդ փաստաթղթի հիմնական պատգամը:
– Նախ ցանկանում եմ ողջունել Հանրապետության ասամբլեայի (խորհրդարան) այն 3 քաղաքական կուսակցությունների 18 պատգամավորներին, որոնք Ռուբինա Բերարդոյի նախաձեռնությամբ ներկայացրեցին այդ փաստաթուղթը, նաեւ 200-ից ավելի այն պատգամավորներին, որոնք կողմ քվեարկեցին այդ հայտարարությանը: Շնորհակալությունս եմ հայտնում նաեւ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության իմ գործընկերներին` իրենց աջակցության համար: Հատկապես շնորհակալ եմ իմ բարեկամ պորտուգալացի այն պատգամավորներին, ովքեր տարբեր ձեւաչափերով սատարեցին ինձ վերջին մի քանի տարիների ընթացքում` այդ հարցը Հանրապետության ասամբլեայի մակարդակով բարձրացնելու համար: Ապրիլի 26-ի նիստի օրակարգում այդ հարցը դրվել էր իբրեւ «Կարեկցանք հայտնելու քվեարկությունՙ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի»: Այս փաստաթուղթը մի քանի օր առաջ ներկայացվել էր պատգամավորների ուշադրությանը, իսկ այդ օրը պատգամավորներից մեկը կարդաց այդ տեքստը ամբիոնից, եւ ասամբլեայի նախագահը առաջարկեց անցնել քվեարկության: 230 պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց, 4-ը ձեռնպահ քվեարկեցին, ընդ որում` դրանցից երկուսը Պորտուգալիա-Թուրքիա պատգամավորական խմբի անդամներ էին, իսկ մնացածը կողմ քվեարկեցին: Քվեարկության ավարտից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը: Հայտարարության մեջ շատ կարեւոր ենք համարում, որ 4 անգամ հստակ կրկնվում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Սա իրոք պատմական նշանակություն ունի: Այս ամենն իրոք նպատակասլաց աշխատանքի արդյունք է:
– Իսկ ի՞նչ նշանակություն ունի փաստաթուղթը: Արդյո՞ք այն կարելի է համարել Հայոց ցեղասպանության ճանաչում, քանի որ տեքստում եզրույթն օգտագործվել է եւ խորհրդարանը կողմ է քվեարկել:
– Այս հայտարարության համար քվեարկել է պատգամավորների բացարձակ մեծամասնությունը, եւ տեսքտում էլ, այո՜, մի քանի անգամ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը նշվում է: Իրավաբանորեն մենք կարող ենք համարել, որ ստորագրողները համաձայնել են այդ փաստի հետ, եւ մեզ համար սա պատմական եւ նախադեպը չունեցող իրադարձություն էր, քանի որ Հանրապետության ասամբլեայի պատերից ներս առաջին անգամ էր նման հարց բարձրացվել: Մենք արժեւորում ենք ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության նկատմամբ արտահայտած դիրքորոշումը եւ երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար: Կարծում եմ միջազգային իրավաբանները շուտով իրենց գնահատականը կտանՙ նշելով այս որոշման իրավաբանական ուժն ու հետեւանքները:
– Պորտուգալական մամուլն ու քաղաքական գործիչները արձագանքե՞լ են այդ հայտարարությանը:
– Այո, նույն օրը երեկոյան պետական ազդեցիկ թերթըՙ Diario de Notucias-ը հրապարակեց մեծ հոդված, որի վերնագրում նշված էր խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերին կարեկցանք հայտնելու մասին հայտարարությունը: Իսկ մինչ այդ պատգամավոր Ռուբինա Բերարդոն իր ֆեյսբուքի էջում նույն գրառումն էր արել, մենք էլ մեր միության ֆեյսբուքյան էջում էինք տարածելՙ կցելով նաեւ հայերեն թարգմանությունը: Ավելի ուշ այդ երկու փաստաթուղթըՙ պորտուգալերեն բնօրինակը եւ հայերեն թարգմանությունը ուղարկեցինք Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին:
– Ձեր միությունն ընդամենը 2016թ. է ստեղծվել: Ինչպե՞ս ստացվեց, որ կարողացաք Հայաստանի մասին ճանաչելիությունն այն մակարդակի հասցնել, որ խորհրդարանում նման հարց քննարկվի:
– Իհարկե,այս ընթացքում խորհրդարանականների հետ հանդիպումներ ենք ունեցել,աջակցել ենք իրենց ուղեւորություններին Հայաստան եւ Արցախ, իրենց կողմից հոդվածներ են հրատարակվել տեղի մամուլում, բացի դրանից նաեւ մշակութային կարեւոր ձեռնարկներ ենք իրականացրել:
Լուսավորչական ձեռնարկներից պետք է նշեմ Ավեյրոի համալսարանում կազմակերպված սեմինարը, որը նվիրված էր հայ մեծ մաթեմատիկոս եւ աստղագետ Անանիա Շիրակացուն (վարեցին Վարդան Ադիբեկյանը եւ Հելմուտ Մալոնեկը): Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում կազմակերպել ենք «Հայոց այբուբեն եւ հայոց լեզու» բանախոսությունը (ներկայացրեց Լիա Խաչիկյանը):
2018-ից սեպտեմբերից Լիսաբոնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ՀՀ սփյուռքի նախարարության, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հետ համագործակցության շնորհիվ մեր միության անդամներից մեկը` Լիա Խաչիկյանը դասավանդում է «Հայոց լեզու եւ մշակույթ» դասընթացըՙ իբրեւ երկրորդ օտար լեզու: Նշենք, որ միության եւ ՀԲԸՄ Համացանցային համալսարանի հետ համագործակցության միջոցով մեր ուսանողները հնարավորություն ունեն գրանցվելու եւ առցանց ստուգելու իրենց գիտելիքները:
2019-ի հունվարի 6-ին Գյուլբենկյան հիմնարկության մեծ սրահում ղեկավարության եւ աշխատակիցների ներկայությամբ հիմնարկության պորտուգալացի աշխատակիցներից բաղկացած «Անիմատո» երգչախումբն առաջին անգամ Պորտուգալիայում ներկայացրեց Կոմիտասի «Հայրապետական մաղթերգը», որը ջերմ ընդունելության արժանացավ ներկաների կողմից: 2019-ի մարտի 23-ին առաջին անգամ Հայփոստի եւ Պորտուգալիայի ՍՏՏ Պորտուգալ փոստային ծառայության համատեղ նախագծով թողարկվեց Գալուստ Գյուլբենկյանի 150 ամյակին նվիրված նամականիշ: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էինք բերել դեռեւս երկու տարի առաջ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի հետ հանդիպման ընթացքում: Մարտի 23-ին նամականիշի մարումը տեղի ունեցավ Լիսաբոնումՙ Պորտուգալական փոստային ծառայության ներկայացուցչի, Հայրապետական պատվիրակ Խաժակ Սրբազանի, Գյուլբենկյանի ծոռ Մարտին Եսայանի եւ իբրեւ նախաձեռնող միության ներկայացուցիչՙ իմ մասնակցությամբ: Իսկ մարտի 26-ին նամականիշի մարումը տեղի ունեցավ Հայաստանումՙ ՀՀ արտգործնախարարությունում, որտեղ նաեւ միության ողջույնի խոսքը փոխանցվեց: Այդ օրերին կազմակերպեցինք նաեւ Պորտուգալիայում բնակվող եւ ուսանող հայության հանդիպումը Արեւմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Խաժակ արք. Պարսամյանի հետ: Ապրիլի 9-ին կազմակերպեցինք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցի շրջանակներում նրա հանդիպումը Պորտուգալիայում ապրող եւ ուսանող հայերի հետ, որը տեղի ունեցավ Գյուլբենկյան հիմնարկության սրահներից մեկում:
Այս տարիներին, ինչպես գիտեք, ստեղծվել է նաեւ մեր միության «Կոնսոնանսիա» հայ-պորտուգալական լարային նվագախումբը (ղեկավար Ելենա Ռյաբովա-Մխիթարյան), որը քանիցս հայ երաժշտությունը ներկայացրել է պորտուգալական հանդիսատեսին:
– Ապագայում ի՞նչ ձեռնարկներ եք նախատեսում:
– 2019 թվականի աշնանը Consonansia նվագախումբը կարեւոր համերգ է ունենալու նվիրված երկու նշանակալի հոբելյաններինՙ Կոմիտասի եւ Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակներին: Այս ձեռնարկին կաջակցի նույնպես Գյուլբենկյան հիմնարկությունը:
Ծրագրում ենք Հանրապետության ասամբլեայում Հայաստանին նվիրված սեմինար կազմակերպել,որը դեռեւս ծրագրված էր անցյալ տարի հոկտեմբերի 16-ին, բայց որոշ իրադարձություների պատճառով ստիպված եղանք տեղափոխել 2019 թվական: Կաթոլիկ համալսարանում միջոցառումների շարք է լինելուՙ նվիրված Հայ առաքելական եկեղեցուն (պատասխանատուներից է Անի Գրիգորյանը): Մոտ ապագայում նաեւ մեր միության բաժանմունքը կբացենք Պորտո քաղաքում:
Արդեն երկար ժամանակ աշխատում ենք, որ պորտուգալերենի դասավանդման դասընթաց սկսվի Երեւանի պետական համալսարանում: Հուսամ, մոտ ժամանակներում նաեւ հուշագիր կստորագրվի, եւ պատմության մեջ առաջին անգամ պորտուգալերենը պաշտոնապես կդասավանդեն Հայաստանում:
Նշեմ, որ աշխատանքներ են տարվում նաեւ առեւտրաարդյունաբերական պալատների համագործակցության ուղղությամբՙ երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: