ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄայիսի 9- ը Գերմանիայում աշխատանքային օր է: Պարտվածների երկրում հաղթանակած տնտեսությունն ու ռեալպոլիտիկը ներկա ժամանակ են, ուստի հեռուստառադիո լրատվությունն օրվա համայնապատկերում, ինչպես նախորդ տարիներին, պարզապես կներառի տնտեսական պատժամիջոցներից թուլացած հաղթողների երկրումՙ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող շքերթի մասին լրատվությունը: Կլոր տարեթիվ լինիՙ մի քիչ երկար կանդրադառնան: Ներկան սրբագրում է անցյալը, եւ ընկալելի է դառնում, որ պատերազմում իրական հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, բոլորը նույն «պիտակն» ունենՙ հետպատերազմական: Բոլորն են պարտված իրականում, քանի որ պատերազմը բանականության պարտությունն է: Բանականության հսկիչ ժամապահը հիշողությունն է: Զոհերին հարգանքի տուրք մատուցելով, նրանց պատմությունները հիշատակելով ուզում ենք ոչնչացնել պատերազմի բացիլը, որ մեզ համար անընդհատ օդում կախված է մնում: Մենքՙ ցեղասպանության զոհերի ժառանգներս հիշողության փոխանցողներն ենք: Մեզ համար կլոր տարեթվեր չկանՙ եթե ապրում ենք, ամեն օր հիշում ենք, բայցՙ ինչպե՞ս:2015- ինՙ Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցի առիթով գերմանական մամուլը, մտավորական, քաղաքական վերնախավը այնպիսի հզոր ձայնով էր արծարծում հարցը, այդուհետ 2016- ի հունիսի 2- ին Բունդեսթագի բանաձեւն այնքան տպավորիչՙ բաց քվեարկությամբ, գրեթե միաձայն ընթացավ, որ թվում էր, թե թերին լրացնելուՙ ԳԴՀ կառավարության ճանաչման խնդիրը դժվար ու երկարատեւ ճանապարհ չի անցնելու: Բայցՙ կլոր տարեթիվն անցավ, մենք երեւի հոգնեցինք, գերմանացիներին էլ «ազատեցինք» իրենց պատմության «անհաճո» թեմաների մասին բարձրաձայնելու դժվարությունից: Հանցակից, մեղսակից, համապատասխանատու…ծանր է կրել այս բառերի շղթան նաեւ այն մարդկանց համար, որոնք Բունդեսթագի բանաձեւի միջոցով կիսախոստովանել են, որոնք խուսափում են նյութական եւ բարոյական հատուցումից, թեպետ դրա մասին մշուշոտ ակնարկ եղել է: Մեր ամենօրյա հիշեցումն ու պահանջը չկա, հետեւաբար Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կառավարությանը հարց է ուղղում միայն ծայրահեղ աջՙ «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը, երբ Թուրքիայի մասին քննարկում է լինում ԳԴՀ օրենսդիրում: Ապրիլի 24- ին ընդառաջ Էրդողանի ուրացմանը Բունդեսթագից հակազդեցություն չեղավ, աջերն էլ լռեցին: Նրանց մտահոգող արդի նյութը երեւի այն վիճակագրությունն է, որ Բեռլինում յուրաքանչյուր երկրորդ բնակիչ Մուհամեդ անունն է կրում, եւ նաեւ այն դիմադրությունը, որ Բեռլինի ռեստորաններից մեկում խմբակցության, կուսակցության ղեկավար կազմին հրաժարվել են սպասարկելՙ այլատյացությունը նշանառելով: Մուհամեդների աճն այս երկրում դեռ շատ է քննարկվելու…Այս տարի այնպիսի տպավորություն ունեցանք, որ հայկական կազմակերպությունները նախորդ տարիների նման չէին ջանացել, որ ապրիլի 24- յան հուշահանդեսներին գերմանացիների խոսքը լսելի դառնար ամբիոնից: Բազմաթիվ քաղաքներում կազմակերպված հիշատակի երեկոների ծրագրերում նրանց ելույթների բացակայությունը միանգամից նկատելի էր դառնում: Մեր ընկալմամբ բացառություն պիտի լինեին Շտուտգարդումՙ երկրամասային խորհրդարանի պատգամավորի, տեղական իշխանության ներկայացուցչի ելույթները, որ կասեցվեցին եկեղեցում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգով: Մեր տեղեկությամբ, կատարվածի մասին մտահոգություն հայտնեցին գերմանացի հոգեւորականներ, նաեւՙ Չեմ Էոզդեմիրըՙ ֆեյսբուքում գրառում անելով: Այլ գրառում, արագ արձագանք չեղավ:Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում ապրիլի 27- ին հրավիրված հուշ երեկոյին մեծ սրահի դատարկ աթոռներն առավել տխուր ընդգծեցին այն իրողությունը, որ մեծ սիրով համախմբվում ենք ճաշի կամ խնջույքի սեղանի շուրջ: Դժվար է հավատալ այն վարկածին, թե Ֆրանկֆուրտի շրջակայքում բնակություն հաստատած մեր բազմաթիվ հայրենակիցներ պարզապես զգուշացել էին ներկա գտնվել հիշատակի երեկոյին, կանխավ տեղեկանալով, թե ֆրանսիական գաղտնի ծառայությունների զգուշացմանն ի հետեւանք, անվտանգության նկատառումներից ելնելով, ներկա չի լինելու գլխավոր բանախոսըՙ Ֆրանսահայ միությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Երեկոյի գլխավոր կազմակերպչիՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի համար Փափազյանի ելույթը նշանակալի էր նրանով, որ վերջինս պիտի խոսեր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների տարիների հաջող գործունեության մասին, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու, ապրիլի 24- ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու նախագահ Մակրոնի խոստումը պահելու, իրականացնելու մասին: Արդեն օրեր առաջ գերմանական ԶԼՄ- ները ներկայացրել էին Էրդողանիՙ Մակրոնին ուղղված քննադատությունն ամենայն մանրամասնությամբ, առանց սեփական մեկնաբանության: Էրդողանին ուղղված քննադատություն իհարկե կա գերմանական լրատվադաշտում, բայց դրա ակնկալելի մեծ չափը նկատելի նվազել է: Իսկ ապրիլի 24- ին ընդառաջ Թուրքիայի նախագահի Հայոց ցեղասպանությունն ուրանալու վերահաստատումը գերմանական մամուլում հակազդեցության չհանդիպեց: Բունդեսթագի պատգամավորներն էլ լռություն պահպանեցին: Հենց այս լռությունն էլ թուրքերին հուշեց, թե Գերմանիան առարկություն չունի, այնտեղ բնակվող, ուրացման իր քաղաքական գծին հավատարիմ զինվորների միջոցով հնարավորինս կարգելափակի հիշատակի արարողությունները: Այս եղելությունների խորապատկերին առավել ընդգծվեց սուրբ Պողոսի տաճարում ողջույնի խոսք հնչեցրած Մայնի Ֆրանկֆուրտի ավագանու անդամ Զիլվիա Վեբերիՙ երեկոյի կեսից դահլիճից հուշիկ հեռանալու իրողությունը: Նա զրկվեց Գյոթե համալսարանի դոկտ. պրոֆ. Սիբիլլե Շթայնբախերի գիտական ելույթն ուկնդրելու հարստությունից, որ համեմատում էր Գերմանիայի կառավարության համար «անհամեմատելին»ՙ Շոան եւ Հայոց ցեղասպանությունը, հղում անում Միհրան Դաբաղի եւ Քրիստին Պլատի կազմած, 2015- ին հրատարակած «Կորուստ եւ կտակ. Հայոց ցեղասպանության վերապրողները հիշում են» գրքին, լսելի դարձնում զոհերի ձայնը: Մի գիրք, որ դրվատանքի արժանացավ գերմանական ԶԼՄ- ում, մի գիրք, որը հայկական համայնքներում չներկայացվեց, բարձրաձայն ընթերցանության չարժանացավ, չքննարկվեց:Հիշատակի երեկոյի ավարտին մոտեցա դահլիճում գտնվող Բունդեսթագի նախորդ գումարման պատգամավոր Էրիկա Շթայնբախին, որի 2015- ի ապրիլի 24- ին Բունդեսթագի ամբիոնից հնչեցրած ելույթին անդրադարձել ենք ժամանակին: Սա մեր քաղաքականության մեծ բացական է, ասաց Շթայնբախը, երբ հարցրեցի, թե ինչու է գերմանական քաղաքական վերնախավն այս տարի այսքան անտարբեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ: Երբ ակնարկեցի, թե Շտուտգարդի հիշատակի արարողությունը խափանած ռումբի կեղծ ահազանգի առթիվ սոցցանցերում ինձ ծանոթ միակ գրառումը Էոզդեմիրինն է, Շթայնբախն ակնհայտ անակնկալի եկավ: Հաջորդ օրըՙ ապրիլի 28- ին թվիթերում կարդացի նրա հետեւյալ գրառումըՙ «Օսմանյան կայսրության հայերի եւ այլ արեւելյան քրիստոնյաների ցեղասպանության հիշողությունը վառ պահելն այսօր այնքան արդիական է, որքան 1915- ին, քանի որ Թուրքիան առաջվա պես ուրանում է այն», գրել էր Էրիկա Շթայնբախըՙ հաջորդիվ կցելով 2015- ի ապրիլի 24- ին Բունդեսթագում իր ելույթի տեսագրությունը:Երեկոյի ավարտին Սիբիլլե Շթայնբախերը, որ գիտնականի բարեխղճությամբ էր պատրաստել իր հուշաճառը, նկատելի հուզված էր: Նրան էլ մեր մտահոգությունը հայտնեցինքՙ Էրդողանի հրապարակային ուրացման հանդեպ նման լռությո՞ւն: Որպեսզի հասարակությունը անտարբեր չդառնա կարեւոր թեմաների հանդեպ, պիտի բարձրաձայնել դրանք անընդհատ: Դժբախտաբար շատ են ժամանցային, շեղող թեմաները, հուշեց Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանի պրոֆեսորը:Տարեսկզբին գերմանական հեռուստատեսությունը հետաքննական ֆիլմ էր պատրաստելՙ երկրում հակահրեականության ամենօրյա աճող չափաբաժնի մասին ահազանգելով: Հոլոքոսթը, Շոան եվրոպական հիշողության մաս է, քրեականացման օրենքի առկայության պայմաններում հրեաներն ամեն օր պայքարում են իրենց իրավունքների համար մի երկրում, որտեղ ապրիլի 25- ին հրապարակված վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր երկրորդը փախստականների դեմ կանխակալ կարծիք ունի, միջին շերտը հակված է ազգայնական գաղափարախոսության, յուրաքանչյուր երրորդը ոչ լիբերալ է, ժողովրդավարացման դեմ է տրամադրված, հավատում է դավադրությունների տեսությանը: Աջերի կազմակերպած ցույցերի ժամանակ, երբ հաճախ է մթագնվում հռետորների հիշողությունը, հրեական համայնքը փաստերը հավաքում, դրանք բարձրաձայնում է այնքան, մինչեւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը պատշաճ է համարում: Վերջերս մի նոր շարժում են սկսել ինտերնետումՙ հրապարակային ուրացման փորձերին հակազդում են Շոան վերապրողներըՙ պատմում են ականատեսի իրենց վկայություններըՙ հավատալով, որ Հոլոքոստն այլեւս չի կրկնվի:Երբ ծանոթ հրեաներից մեկին ասացի, թե հրեաներից դեռ շատ բան ունենք սովորելու, հակադարձեցՙ գլխավորըՙ պայքարելու, հետեւաբար ապրելու կամք ու հույս հայերից ենք սովորելՙ ճամբարում ամեն օր կարդում էինք «Մուսա լեռան 40 օրերը»:Թուրքիայի ուրացման նոր փուլը չենք հաղթահարի, եթե ականջալուր չլինենք մեր սակավաթիվ վերապրողների ձայնին, եթե զոհերի հիշատակը հարգելն աստիճանաբար անտեսենքՙ մեր փոքրաթիվ ներկայությամբ, եթե մեր ձայնի մեջ զոհերի լռեցված ձայնը լսելի չդարձնենք: Գերմանիան, այնտեղ ապրող հրեաների փորձառությունը մեր բաց գիրքն են: Առանց ծուլանալու կարդանք եւ սովորենք: |